Հոդված 1.
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՀՕ-9-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր՝ 831
հոդված՝
«Հոդված 831
Փաստաբանական հարցումները
1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը պարտավոր է սույն հոդվածով նախատեսված կարգով եւ ժամկետում պատասխանել փաստաբանի կողմից ներկայացված հարցմանը (փաստաբանական հարցմանը), եթե հարցման մեջ փաստաբանը նշել է այն վստահորդի անունը, ազգանունը (անվանումը), որին իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությունից ելնելով է հարցումը կատարել: Հարցմանը կցվում է նաեւ փաստաբանի արտոնագրի պատճենը: Այլ փաստաթղթեր եւ տեղեկություններ փաստաբանից չեն կարող պահանջվել:
2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաբանական հարցումը ստանալու պահից տասնօրյա ժամկետում հարցում կատարող փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ որդեգրման հետ կապված տեղեկություններից:
3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից փաստաբանական հարցմանը մերժելու հիմք չի կարող լինել փաստաբանի կամ նրա վստահորդի տեղեկատվության հայցման շահագրգիռ անձ չլինելը:
4. Փաստաբանն իրավունք ունի սույն հոդվածով նախատեսված տեղեկություններն օգտագործել միայն հարցման մեջ նշված վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է դատաիրավական բարեփոխումների համատեքստում փաստաբանության՝ որպես արդարադատության իրականացմանը նպաստող ինստիտուտի դերակատարման բարձրացման հրամայականով եւ այդ առումով փաստաբանության սահմանադրական կարգավիճակից բխող համապատասխան միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ եւ նպատակաուղղված է անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի եւ այդ նպատակով գործող փաստաբանության ինստիտուտի պատշաճ գործառման օրենսդրական երաշիքների ստեղծմանը: Այդպիսով նաեւ հուսալի երաշխիքներ են ստեղծվում դատարանում զենքերի հավասարության սկզբունքի արդյունավետ իրականացման եւ, ըստ այդմ, գործի բազմակողմանի քննության ու պատճառաբանված դատական ակտի կայացման համար:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման եւ փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են օրենքով:
Սահմանադիրը վերոնշյալ իրավադրույթի միջոցով փաստաբանությանը վերապահում է սահմանադրաիրավական կարգավիճակ՝ փաստաբանության ինստիտուտը դիտարկելով որպես անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի ապահովման՝ պետության պոզիտիվ պարտականության հիմնական կառուցակարգ:
Ավելին՝ ՀՀ Սահմանադրական դատարանն իր 05.04.2016թ. թիվ 1263 որոշմամբ հստակորեն արձանագրել է, որ. «2015թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածը, որը վերաբերում է դիտարկվող իրավունքին, պարունակում է 2-րդ մաս...: Դրանով իսկ պետությունն ընդլայնել է որակյալ իրավաբանական օգնություն ցուցաբերելու իր պոզիտիվ պարտականության շրջանակները՝ սահմանադրական մակարդակի բարձրացնելով փաստաբանության՝ որպես որակյալ իրավաբանական օգնություն տրամադրող ինստիտուտի դերը:»: Այսինքն՝ Սահմանադրական դատարանն իր նշված իրավամեկնաբանությամբ ընդլայնել է փաստաբանության ինստիտուտի իրավական նշանակությունը որպես ոչ միայն իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման ապահովմանն ուղղված հատուկ սահմանադրական ինստիտուտ, այլեւ փաստաբանության առջեւ փաստացի դրել է պարտականություն՝ այդ իրավաբանական օգնությունն իրականացնել որակյալ կերպով:
Նշվածի համատեքստում շատ կարեւոր է փաստաբանական հարցման ինստիտուտի արդյունավետության բարձրացման օրենսդրական հիմքերի ձեւավորումը: Փաստաբանական հարցումը, այն է՝ փաստաբանի կողմից իր վստահորդի գործով պետական, տեղական ինքնակառավարման մարմիններից եւ մասնավոր կազմակերպություններից տեղեկատվություն պահանջելու իրավունքը փաստաբանի սահմանադրական կարգավիճակի գործնական իրացման անօտարելի տարրերից է, առանց որի արդյունավետ գործառման՝ փաստաբանական գործունեության եւ, համապատասխանաբար, անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի իրացման արդյունավետությունը նկատելիորեն ընկնում է: Մասնավորապես,
«Փաստաբանության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ փաստաբանն իրավունք ունի դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին եւ իրավաբանական անձանց (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ)` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր եւ պատճառաբանված: Սույն կետում նշված դեպքում փաստաբանից կարող է գանձվել փաստաթղթերի (տեղեկությունների) կամ դրանց պատճենների տրամադրման համար վճար, որը չի կարող գերազանցել դրա պատրաստման ծախսերը, եթե օրենսդրությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ:
Փաստաբանի վերոնշյալ լիազորությունը, սակայն, չունի իրացման ապահովման հուսալի իրավական երաշխիք. չի գործում փաստաբանական հարցման հասցեատերերի կողմից փաստաբանական հարցման չպատասխանելու կամ օրենքով սահմանված վերոնշյալ ժամկետի խախտմամբ պատասխանելու դեպքում նրանց պատասխանատվության կանչելու բավարար չափով որոշակի իրավական մեխանիզմ՝ պետական մարմինների հստակ պարտականության եւ վերջինիս չկատարելու դեպքում իրավական պատասխանատվության միջոցի տեսքով: Արդյունքում պրակտիկայում փաստաբանների հարցումները պետական ինստիտուտների կողմից հաճախ թողնվում են անպատասխան, կամ պատասխանները լինում են թերի եւ չպատճառաբանված: Հատկապես օրախնդիր է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների եւ պետական ռեգիստրի գործակալության, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմինների կողմից փաստաբանական հարցումներին ոչ պատշաճ վերաբերմունքի հարցը, քանի որ փաստաբաններից ստացվող բողոքները հիմնականում վերաբերում են նշյալ մարմինների կողմից փաստաբանների հետ հարաբերություններում ոչ պատշաճ կոմունիկացիային:
Հետեւաբար առաջարկվում է «Քաղաքացիական կացության ակտերի մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների հիմնարկների եվ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» եւ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում կատարել լրացումներ՝ սահմանելով նշյալ մարմինների կողմից փաստաբանական հարցումներին պատասխանելու պարտականությունը, նախատեսելով փաստաբանական հարցումներին պատասխանելու հստակ ժամկետները եւ մերժման հիմքերը:
Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվում է սահմանել որակյալ զանցակազմ, որը վարչական պատասխանատվություն կնախատեսի պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ նրանց մասնակցությամբ հիմնարկների եւ կազմակերպությունների կողմից փաստաբանական հարցմանն ապօրինաբար չպատասխանելու համար:
Գործող իրավակարգավորմամբ, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով, տեղեկատվության չտրամադրումը որպես վարչական զանցանք չի տարբերակվում ըստ զանցառուի սուբյեկտի եւ տարածվում է օրենսդրությամբ հանրային մարմիններից տեղեկատվություն հայցող բոլոր անձանց կողմից տեղեկությունների ստացման դիմումներն ապօրինի մերժելու դեպքերի վրա, մինչդեռ, նման մոտեցումը չի համապատասխանում փաստաբանական հարցման հանրային նշանակությանը եւ փաստաբանության ինստիտուտի հանրային-իրավական կարգավիճակի իրացման առանձնահատկություններին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ սույն նախագծով առաջարկվում է փաստաբանական հարցմանն ապօրինաբար չպատասխանելը սահմանել որպես որակյալ զանցակազմ՝ սահմանելով տուգանքի ավելի բարձր սահմանաչափ: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխությամբ կբարձրանա փաստաբանական հարցման ինստիտոիտի արդյունավետությունը՝ հարցման հասցեատերերի իրավական կարգապահության բարձրացման եւ իրավակական պատասխանատվության կառուցակարգի հստակեցման միջոցով:
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանված կարգավորումը անհարկի խոչընդոտներ է ստեղծում գործակալության պաշտոնական կայքէջից ստացված էլեկտրոնային փաստաթղթի արտատպման հետագա՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման համար:
Մասնավորապես, Օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Դիմողի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում առանց վճարման անձին տրվում է էլեկտրոնային փաստաթղթի արտատպումը (պատճենը): Այս դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:
Նշվածից հետեւում է, որ անձը վճարելով համապատասխան վճարը հնարավորություն է ստանում առցանց ստանալ համապատասխան փաստաթուղթը, սակայն այն չի կարող օգտագործել ըստ իր նպատակային նշանակության, օրինակ ներկայացնել դատարան, քանի որ այն չի որակվի որպես վավեր փաստաթուղթ, նունիսկ այն պայմաններում, երբ էլեկտրոնային եղանակով բեռնված փաստաթղթի վրա առկա է գործակալության կնիքը: Որպես այդպիսին որակվելու համար անձը նաեւ պարտավոր է այն ներկայացնել գործակալություն, որպեսզի վերջինիս համապատասխան աշխատակիցը այն ստորագրի: Այսինքն իմաստազրկվում է էլեկտրոնային եղնակով տեղեկություն ստանալու իմաստը, որը ինչպես ենթադրվում է, ներդրվել էր թե պահանջվող տեղեկությունը առավել դյուրին ընթացակարգով ստանալու, եւ թե գործակալության աշխատանքային ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառման մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.
1. Օրենքների նախագծերի փաթեթը,
2. Օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,
3. Գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցողն է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Առդիր` 13 թերթ:
Հարգանքով` | Վլադիմիր Վարդանյան Արթուր Դավթյան Նիկոլայ Բաղդասարյան |