Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1703-30.11.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (4 հունիսի 2002 թվականի, ՀՕ-373) 33-րդ հոդվածի 5-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ստանալու նպատակով դիմած անձանց ջրօգտագործման թույլտվությունները տրվում են 1 տարի ժամկետով, որը համարվում է երկարաձգված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի ժամանակահատվածին հավասար, բայց ոչ ավել քան 20 տարին: Ջրավազանային կառավարման պլանների ընդունումից եւ ուժի մեջ մտնելուց հետո տրամադրված ջրօգտագործման թույլտվությունների ջրօգտագործման պայմանները կարող են վերանայվել»:

Հոդված 2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման կամ վերականգնման լիցենզիա ունեցող անձանց տրված ջրօգտագործման թույլտվությունները համարվում են երկարաձգված փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի ժամանակահատվածին հավասար, բայց ոչ ավել քան 20 տարին:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Էներգետիկայի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ին 2012թ.-ի ընթացքում ուսումնասիրել մի շարք ոլորտների կարգավորումները եւ ներկայացնել առաջարկությունններ համապատասխան ոլորտի կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար մեխանիզմների կրճատման:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Աշխատակազմի կողմից ի թիվս սահմանված այլ ոլորտների ուսումնասիրվել են էներգետիկայի ոլորտի կարգավորումները եւ մասնավորապես արձանագրվել է, որ գործող կարգավորումների համաձայն այդ ոլորտում չի թույլատրվում գործունեություն իրականացնել առանց համապատասխան լիցենզիայի ստացման: «Լիցենզավորման մասին» եւ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքների համաձայն սահմանված են «էլեկտրական կայանների կառուցում կամ վերականգնում», «էլեկտրաէներգիայի արտադրություն», «ջերմային էներգիայի արտադրություն», « էլեկտրական կամ ջերմային, բնական գազի հաղորդման կամ բաշխման», «էլեկտրական կամ ջերմային, բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցի կառուցման » բարդ լիցենզիաները, որոնք տրամադրվում են Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից: ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը 30.01.2002թ.-ին ընդունել է նաեւ «ՀՀ-ում էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N4-Ն որոշումը (այսուհետ՝ Կարգ), որը սահմանում է էներգետիկայի ոլորտում գործունեության լիցենզիայի տրման ընթացակարգը:

Կարգում բացահայտվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ անհիմն փաստաթղթային պահանջներ եւ մերժման հիմքեր, որոնք վերաբերում են բոլոր լիցենզիաների տեսակներին: Համաձայն ընթացակարգի էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող անձը նախեւառաջ պետք է ստանա կայանների կառուցման կամ վերականգնման լիցենզիա, որի կառուցման ավարտից հետո եւս մեկ անգամ դիմի Հանձնաժողով էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրության գործունեության լիցենզիա ստանալու նպատակով եւ անցնի նույն ընթացակարգը: Էներգետիկայի ոլորտում գործունեության բոլոր լիցենզիաների դեպքում էլ, համաձայն Կարգի, անձից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր եւ հիմնավորումներ, որոնք էներգետիկայի ոլորտում գործունեութայն լիցենզիա ստանալու համար պահանջվող փաստաթղթերի ցանկում չկան: Մերժման հիմքերը բոլոր լիցենզիաների դեպքում էլ նույնն են: Միաժամանակ սահմանվում է, որ գործունեության լիցենզիայի հայտի ուսումնասիրությունը տեւում է 50 աշխատանքային օր:

2012թ. հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում առկա են

- էլեկտրական կայանների կառուցման եւ վերականգնման գոծունեության լիցենզիա ունեցող 74 կազմակերպություններ, որից՝ 73-ը փոքր ՀԷԿ-երի եւ 1-ը՝ հողմային էլեկտրակայանի կառուցման,

- էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության լիցենզիա ունեցող 140 կազմակերպություն, որից 10-ը՝ խոշոր կազմակերպություններ, 128՝ փոքր Հէկ-եր, 1՝ կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայան, 1՝ հողմային կայան,

- էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող 1 կազմակերպություն,

- էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցի եւ բաշխման ցանցի կառուցման գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպություններ չկան,

- ջերմային էներգիայի կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող 1 կազմակերպություն,

- ջերմային էներգիայի արտադրության գործունեության լիցենզիա ունեցող 2 կազմակերպություն,

- ջերմային էներգիայի հաղորդման (փոխադրման) գործունեության լիցենզիա ունեցող 2 կազմակերպություն,

- ջերմային էներգիայի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող 2 կազմակերպություն,

- ջերմային էներգիայի հաղորդման ցանցի կառուցման գործունեության լիցենզիա ունեցող 1 կազմակերպություն,

- ջերմային էներգիայի բաշխման ցանցի կառուցման գործունեության լիցենզիա ունեցող 1 կազմակերպություն,

- բնական գազի փոխադրման գործունեության լիցենզիա ունեցող 1 կազմակերպություն,

- բնական գազի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող 1 կազմակերպություն,

- բնական գազի հաղորդման եւ բաշխման ցանցի կառուցման գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպություններ չկան,

- էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման գործունեության լիցենզիա ունեցող 1 կազմակերպություն,

- գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման գործունեության լիցենզիա ունեցող 1 կազմակերպություն,

- էներգետիկական շուկային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող 1 կազմակերպություն:

Լիցենզիաների պետ.տուրքը կազմում են՝

- Էներգետիկայի ոլորտում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիայի համար տարեկան 100 000 ՀՀ դրամ,

- էլեկտրաէներգիայի արտադրության գործունեության իրականացման լիցենզիայի համար՝ կախված էլեկտրակայանի դրվածքային հզորությունից. մինչեւ 6 մՎտ՝ տարեկան 100 000 ՀՀ դրամ, 6-15 մՎտ՝ տարեկան 1 000 000 ՀՀ դրամ, 15-25 մՎտ տարեկան՝ 2 500 000 ՀՀ դրամ, 25-50 մՎտ՝ տարեկան 5 000 000 ՀՀ դրամ, 50 մՎտ՝ տարեկան 15 000 000 ՀՀ դրամ,

- ջերմային էներգիայի արտադրության համար՝ տարեկան 100 000 ՀՀ դրամ :

Արտադրական հզորությունների կառուցման եւ վերականգնման եւ էլեկտրաէներգիայի արտադրության գծով 2011թ.-ի ընթացքում պետական բյուջե մուտքերը կազմել են՝ Էներգետիկայի ոլորտում արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիայի մասով մոտավորապես 11 մլն դրամ, էլեկտրաէներգիայի արտադրության գործունեության լիցենզիայի մասով 13,9 մլն դրամ, ջերմային էներգիայի արտադրության գործունեության լիցենզիայի մասով 300 000 ՀՀ դրամ, ջերմային էներգիայի փոխադրման ցանցի կառուցման գործունեության լիցենզիայի մասով 100 000 ՀՀ դրամ, ջերմային էներգիայի բաշխման ցանցի կառուցման մասով 100 000 ՀՀ դրամ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն եւ այդ համատեքստում անհրաժեշտ է իրականացնել տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության որոշակի փոփոխություն:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Հիմք ընդունելով Խորհրդի հանձնարարականը, նպատակ ունենալով բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման ու վերանայման միջոցով, հաշվի առնելով ուսումնասիրությամբ արձանագրված վիճակը եւ վերը թվարկված խնդիրները, ինչպես նաեւ նկատի ունենալով ուսումնասիրված այլ երկրների փորձը (Արգենտինա, Բելգիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա), որոնց կարգավորումները տարբեր գնահատականների համաձայն համարվում են բարենպաստ տվյալ ոլորտի զարգացման եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների տեսանկյունից՝ առաջարկվում է.

Փոփոխություններ եւ լրացումներ կատարելով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում», «Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում սահմանել, որ ջրի ազգային խորհրդի դրական եզրակացության դեպքում ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ստանալու նպատակով դիմած անձանց ջրօգտագործման թույլտվությունները տրվում են 1 տարի ժամկետով՝ հիդրոէլեկտրակայանների կառուցման ժամանակահատվածի համար, որը համարվում է երկարաձգված հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի գործողության ժամանակահատվածին հավասար, բայց ոչ ավել քան 20 տարին: Արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչել՝ սահմանելով, որ էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության գործունեության լիցենզիայով անձին տրվում է նաեւ էլեկտրական կամ ջերմային կայանների կառուցման իրավասություն: Սահմանել, որ Էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձը կայանի կառուցման ավարտից հետո Հանձնաժողովին ներկայացնում է սակագնի հաստատման կամ վերանայման հայտ:

Էլեկտրական կամ ջերմային էներգիայի եւ բնական գազի բաշխման կամ հաղորդման (փոխադրման) ցանցերի կառուցման գործունեության լիցենզիաները հանել, սահմանելով, որ Էլեկտրական կամ ջերմային էներգիայի եւ բնական գազի բաշխման կամ հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող անձիք, լիցենզիայով սահմանված աշխարհագրական տարածքում, իրավասու են Էլեկտրական կամ ջերմային էներգիայի, կամ բնական գազի բաշխման կամ հաղորդման ցանցի կառուցման գործունեություն իրականացնել:

Սահմանել, որ կարգավորման ենթակա չեն բացառապես սեփական կարիքների համար ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման եւ բաշխման գործունեությունները, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման եւ բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8ՄՎտ, մինչեւ 150 կՎտ (ներառյալ) հզորությամբ արեւային էլեկտրակայանների արտադրության գործունեության կառուցման ժամանակահատվածը:

Սահմանել, որ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակացված արտադրության) գործունեությունը կարգավորման ենթակա է միայն կայանի կառուցման ժամանակահատվածով:

Lիցենզիաների տրամադրման, ինչես նաեւ սակագների հաստատման եւ վերանայման համար ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եւ դրանց վերաբերյալ որոշման կայացման համար օրենքով սահմանված ժամկետը տարանջատել եւ սահմանել՝ 80 աշխատանքային օրը խոշոր կազմակերպությունների եւ 25 աշխատանքային օրը փոքր հիդրոէլեկտրակայանների եւ էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների համար:

Էներգետիկայի ոլորտում Լիցենզավորված անձի կողմից մեկ այլ լիցենզավորված անձի 25 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու, 25 տոկոս եւ ավել բաժնետոմսերը վաճառելու, լիցենզավորված անձանց միավորվելու, լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքը (շենքեր, շինություններ, կառույցներ, արտադրական հզորություններ, գործող էներգատեղակայանքներ եւ գծեր), վաճառելու կամ գույքի նկատմամբ իրավունքը որեւէ այլ կերպ փոխանցելու համար պահանջը փոքր հիդրոէլեկտրակայանների կամ էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց համար փոխել եւ սահմանել, որ այդ մասին փոքր հիդրոէլեկտրակայաններում կամ էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձիք գործարքի օրվանից 15 օր առաջ այդ մասին գրավոր տեղեկացնում են Հանձնաժողովին:

Էներգետիկայի ոլորտում լիցենզավորված անձանց միջեւ կնքվող պայմանագրերը Հանձնաժողովում գրանցվելու եւ գրանցվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պայմանգիրը ուժի մեջ մտնելու կամ պայմանագրի գրանցումը մերժելու պահանջը փոքր հիդրոէլեկտրակայանների եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ գործող կայանների եւ էներգետիկայի բնագավառում լիցենզավորված այլ անձանց միջեւ կնքվող պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը սահմանել 5 աշխատանքային օր:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք. Առաջարկը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից եւ մշակման գործընթացում այլ ինստիտուտներ եւ անձիք չեն ներգրավվել: Առաջարկի մշակման ընթացքում ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը էներգետիկայի կարգավորման ոլորտում, մասնավորապես՝ Արգենտինայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ այլ երկրների փորձը, որոնց կարգավորումները տարբեր գնահատականների համաձայն համարվում են հաջողված:

6. Ակնկալվող արդյունքը. Առաջարկների ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի ոլորտի կարգավորման եւ բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավումը եւ առկա խնդիրների վերացումը, միաժամանակ փոփոխելով համապատասխան կարգավորումները այնպես, որ ՀԾԿՀ-ն տիրապետի անհրաժեշտ տեղեկատվությանը ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իր կարգավորողի գործառույթները իրականացնելու համար:

Վերացնելով նշված գործունեությունների լիցենզիաների պահանջը իրականում կրճատվում է 8 բիզնես գործընթաց՝ կապված լիցենզիաների տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման, կրկնօրինակի ստացման հետ, որոնց կապակցությամբ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարող սուբյեկտները պետք է անցնեն պետական մարմնի կողմից կիրառվող բիզնես գործընթացով, կպակասեն նրանց ծախսերը պայմանավորված շուկա մուտք գործելու ավելի կարճ ժամկետների, հաշվետվական եւ այլ տարբեր պահանջների կրճատման հետ: Էականորեն կկրճատվեն լիցենզիաների տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի քանակը, կպակասեցվեն մերժման հիմքերը, զգալիորեն կկրճատվեն որոշումների կայացման համար նախատեսված ժամկետները եւ այլն:

Միաժամանակ նախատեսվում է, որ բարելավմանը ուղղված փոփոխությունների կենթարկվեն՝ 1 ՀՀ օրենսգիրք, 3 ՀՀ օրենքներ եւ Հանձնաժողովի 9 որոշումներ:

Արդյունքում ընդամենը փոփոխությունների կենթարկվեն 13 իրավական ակտեր: