Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-175-11.12.2012-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ՍՆՈՒՑՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I
ԸՆՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքով կարգավորվում են երեխաներին կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության, արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի, խրախուսման, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքի նպատակը

1. Սույն օրենքի նպատակն է ապահովել մանուկների եւ վաղ տարիքի երեխաների առողջ եւ անվտանգ սնուցումը` կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության կարգավորման միջոցով:

Հոդված 3. Օրենքի խնդիրները

1. Սույն օրենքի խնդիրներն են`

1) խրախուսել, պաշտպանել եւ աջակցել կրծքով սնուցումը` որպես օպտիմալ եւ այլընտրանք չունեցող միջոց մանուկների եւ վաղ տարիքի երեխաների անվտանգ եւ համապատասխան (ադեկվատ) սնուցում ապահովելու համար.

2) խրախուսել, պաշտպանել եւ աջակցել կրծքով սնուցումը` որպես մանուկների սնուցման միջոց.

3) խրախուսել եւ աջակցել ժամանակին եւ համապատասխան հավելյալ սնուցման ապահովումը.

4) իրազեկել հանրությանը, ներառյալ հղիներին, նրանց ընտանիքներին, երեխաներին խնամողներին եւ դայակներին կրծքով սնուցման առավելությունների, արհեստական կաթնախառնուրդների օգտագործման եւ ոչ ճիշտ օգտագործման վտանգների վերաբերյալ` տրամադրելով համապատասխան, ճշգրիտ եւ հասանելի տեղեկատվություն.

5) խրախուսել եւ աջակցել մայրերի, մանուկների եւ վաղ տարիքի երեխաների համար բարյացակամ միջավայրի ապահովումը առողջապահական հաստատություններում, հասարակական վայրերում եւ աշխատավայրերում.

6) միջազգային չափանիշներին համապատասխանեցնել կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության հետ կապված օրենսդրությունը.

7) խրախուսել, պաշտպանել եւ աջակցել կրծքով սնուցումը` որպես աղքատության հաղթահարման արդյունավետ միջոց:

Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

1) կրծքով սնուցման խրախուսում` միջոցառումներ ուղղված մանուկներին եւ վաղ տարիքի երեխաներին մայրական կաթով սնուցման իրականացմանը.

2) մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառություն` մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրություն, պիտակավորում, վաճառք, բաշխում, գովազդ եւ որեւէ այլ ձեւով խրախուսում, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածում.

3) մանկական կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կաթի նման արտադրանք, որը նախատեսված է մանուկների սնուցման համար` սկսած ծննդյան պահից մինչեւ 6 ամսական տարիքը.

4) վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդ` արդյունաբերական եղանակով մշակված, կենդանական կամ բուսական ծագում ունեցող կաթ կամ կաթի նման արտադրանք, որը նախատեսված է 6 ամսականից բարձր տարիքի մանուկների եւ վաղ տարիքի երեխաների սնուցման համար.

5) հավելյալ սնունդ` 6 ամսականից բարձր մանուկների եւ վաղ տարիքի երեխաների սնունդ, նախատեսված ի հավելումն կրծքի կաթի եւ մանկական կաթնախառնուրդների օգտագործմանը.

6) լրացուցիչ սնունդ` բժշկական ցուցումներով մայրական կաթի անբավարարության դեպքում մանուկների եւ վաղ տարիքի երեխաների կաթ կամ արհեստական կաթնախառնուրդներ.

7) մանկական սնունդ` մանուկների եւ վաղ տարիքի երեխաների համար նախատեսված սնունդ, որը ներառում է մանկական կաթնախառնուրդը, վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդը եւ հավելյալ սնունդը.

8) հարակից ապրանքներ` մանկական սնունդը սպառողին հասցնելու եւ (կամ) երեխային սնուցելու համար նախատեսված տարաներ, այդ թվում կերակրման շշեր, ինչպես նաեւ երեխաներին սնուցելու եւ հանգստացնելու նպատակով օգտագործվող արհեստական ծծակներ.

9) մանուկ` մինչեւ 12 ամսական երեխա.

10) վաղ տարիքի երեխա` 12 ամսականից մինչեւ 3 տարեկան (36 ամսական) երեխա.

11) մանկական սննդի եւ հարակից ապրանքների տարա` փաթեթավորման ցանկացած ձեւ, որն իրենից ներկայացնում է մանրածախ վաճառքի մեկ միավոր, ներառյալ թղթե փաթեթները.

12) արտադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը զբաղվում է մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրությամբ.

13) բաշխող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը զբաղվում է մանկական սննդի եւ հարակից ապրանքների մեծածախ ու մանրածախ վաճառքով եւ բաշխմամբ, եւ դրանց սպառման խրախուսմամբ.

14) մանկական սննդի եւ հարակից ապրանքների խրախուսում` մանկական սննդի եւ հարակից ապրանքների սպառման ուղղակի կամ անուղղակի նպատակաուղղված գործունեություն.

15) մանկական սննդի եւ հարակից ապրանքների նմուշ` խրախուսման նպատակով մանկական սննդի եւ հարակից ապրանքների անվճար տրամադրվող մեկ միավոր կամ փոքր քանակություն.

16) մանկական սննդի եւ հարակից ապրանքների պիտակ` նշանակում է պիտակ, նշան, պատկերավոր կամ այլ նկարագրական նյութ` գրված, տպված, զարդանախշված, տրաֆարետով ներկված, դրոշմված, քանդակադրոշմված, որը փակցված է կամ այլ ձեւով հանդես է գալիս մանկական սննդի եւ հարակից ապրանքների վրա.

17) նորածիններին բարյացակամ ծառայություններ` բժշկական հաստատություններում հղի կանանց, մայրերի եւ մանուկների խնամքի զարգացմանը եւ կրծքով սնուցման աջակցությանն ուղղված միջոցառումներ:

ԳԼՈՒԽ II

ԿՐԾՔՈՎ ՍՆՈՒՑՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 5. Կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

1. Կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.

2) սույն ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման համար միջոցների ձեռնարկումը.

3) կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում միջգերատեսչական համագործակցության ապահովումը.

4) մանկական եւ վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդներից նմուշ վերցնելու, փորձաքննություն անցկանելու եւ կաթնախառնուրդների գրանցման կարգի հաստատումը.

5) սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված մայրերին անվճար կամ արտոնյալ պայմաններով մանկական սննդի եւ հարակից ապրանքների տրամադրման կարգի հաստատումը:

Հոդված 6. Կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում լիազոր մարմնի իրավասությունները

1. Կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում լիազոր մարմնի իրավասություններն են`

1) կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.

2) կրծքով սնուցման խրախուսման ազգային ծրագրի եւ այլ ծրագրերի մշակումը եւ իրականացումը.

3) կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենսդրության կատարման նկատմամբ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում վերահսկողությունը եւ մշտադիտարկումը.

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության հետ կապված նորմատիվ իրավական ակտերի ընդունումը.

5) կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պատասխանատվության կիրառումը.

6) մանկական եւ վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցումը:

Հոդված 7. Մանկական սննդի եւ հարակից ապրանքների համապատասխանության հավաստումը

1. Մանկական սնունդը ու հարակից ապրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման` «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

ԳԼՈՒԽ III

ԿՐԾՔՈՎ ՍՆՈՒՑՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 8. Կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողությունը

1. Կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են լիազոր մարմինները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 9. Կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց իրավունքները

1. Կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն.

1) վերահսկողության նպատակով, ռիսկերի գնահատման եւ իրավիճակային վերլուծության արդյունքում, առանց նախապես զգուշացման մուտք գործելու մանկական սննդի եւ հարակից ապրանքների ներմուծման, արտադրության, պահեստավորման, վաճառքի, գովազդի, խրախուսման գործունեություն իրականացնող ցանկացած տնտեսվարող սուբյեկտի տարածքները.

2) պահանջելու փաստաթղթեր.

3) զննելու համապատասխան ապրանքները, դրանց պիտակները.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով վերցնելու նմուշներ եւ ներկայացնելու դրանք փորձաքննության համար.

5) քննարկելու սույն օրենքի խախտումները.

6) իրավասու մարմիններին ներկայացնելու առաջարկություններ սույն օրենքի եւ դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների խախտումները վերացնելու եւ համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառելու համար:

2. Կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքով:

ԳԼՈՒԽ IV

ԿՐԾՔՈՎ ՍՆՈՒՑՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ

Հոդված 10. Կրծքով սնուցման խրախուսման Ազգային ծրագիրը

1. Մանուկներին եւ վաղ տարիքի երեխաներին անվտանգ եւ համապատասխան (ադեկվատ) սնուցում ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է կրծքով սնուցման խրախուսման ազգային ծրագիրը:

2. Կրծքով սնուցման խրախուսման ազգային ծրագրով սահմանվում են`

1) կրծքով սնուցման քարոզչությանն ուղղված միջոցառումները.

2) կրծքով սնուցման տեղեկատվության հավաքագրումը եւ վերլուծությունը.

3) կրծքով սնուցման խրախուսման վերաբերյալ բուժաշխատողների կրթությանն ուղղված միջոցառումները.

4) բժշկական հաստատություններում նորածիններին բարյացակամ ծառայությունների տրամադրումը.

5) կերակրող մայրերի եւ նրանց երեխաների համար նախատեսված նպաստավոր պայմանների ստեղծումը.

6) հանրային իրազեկվածության բարձրացումը, ներառյալ հղիներին եւ նրանց ընտանիքներին.

7) միջգերատեսչական համագործակցությունը:

Հոդված 11. Կրծքով սնուցման երեխայի իրավունքը

1. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի`

1) ստանալու կրծքով սնուցում որպես օպտիմալ եւ այլընտրանք չունեցող միջոց անվտանգ եւ համապատասխան (ադեկվատ) սնուցում ստանալու համար.

2) զերծ մնալու կծքով սնուցումից բժշկական հակացուցումների առկայության դեպքում, որոնց ցանկը հաստատվում է առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից.

3) ֆիզիոլոգիական պահանջներից ելնելով 6 ամսականից ստանալու հավելյալ սնունդ, իսկ բժշկական ցուցումներով` լրացուցիչ սնունդ: Հավելյալ եւ լրացուցիչ սնունդ ստանալու մեթոդական ուղեցույցները հաստատվում են լիազոր մարմնի կողմից:

4) պետությունը միջոցներ է ձեռնարկում կրծքով սնուցումը խրախուսելու, կրծքով սնուցում իրականացնող կանանց եւ երեխաների իրավունքները պաշտպանելու համար:

Հոդված 12. Կրծքով սնուցում իրականացնող կանանց իրավունքները

1. Կրծքով սնուցում իրականացնող կինը իրավունք ունի`

1) կրծքով սնուցելու իր երեխային.

2) ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական, բժշկական հաստատություններում եւ այլ հասարակական վայրերում կրծքով սնուցում իրականացնելու համար.

3) ստանալու տեղեկատվություն կրծքով սնուցման առավելությունների, ինչպես նաեւ մանուկների եւ վաղ տարիքի երեխաների առողջ եւ անվտանգ սնուցման վերաբերյալ.

4) ստանալու կրծքով սնուցման ապահովման հետ կապված բժշկական խորհրդատվություն եւ բժշկական օգնություն:

ԳԼՈՒԽ V

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 13. Մանկական սննդի եւ հարակից ապրանքների վաճառքը

1. Արգելվում է`

1) մանկական սննդի եւ հարակից ապրանքների վաճառքը բժշկական հաստատություններում կամ հաստատությունների կողմից.

2) համապատասխանության պարտադիր հավաստում չանցած կամ պիտանելիության ժամկետը անց մանկական սննդի եւ հարակից ապրանքների վաճառքը.

3) մինչեւ 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի վաճառքը.

4) մանկական սննդի եւ հարակից ապրանքների պահպանման համար համապատասխան պայմաններ չունեցող առեւտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, շրջիկ առեւտրի կետի, առեւտրի կենտրոնի կողմից դրանց վաճառքը:

2.Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների խախտումը առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Հոդված 14. Մանկական սննդի եւ հարակից ապրանքների գովազդը եւ խրախուսումը

1. Մանկական եւ վաղ տարիքի երեխաների համար նախատեսված կաթնախառնուրդների, հարակից ապրանքների եւ մինչեւ 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքի գովազդը եւ խրախուսումը արգելվում է:

2. Խրախուսման արգելված ձեւերն ընդգրկում են `

1) գովազդը.

2) զեղչային հնարքները, ինչպիսիք են` հատուկ ցուցահանդես-վաճառքները, շնորհանդեսները, շահումները, հատուկ վաճառքները, պարգեւների, մրցանակների, նվերների շնորհումը, զեղչերը եւ զեղչի կտրոնների կիրառումը, իջեցված գներով վաճառքը` բացառությամբ այն դեպքերի, երբ իջեցված գներով վաճառքը բխում է արտադրողի կամ բաշխողի գնային քաղաքականությունից եւ ուղղված է գների երկարատեւ (ոչ պակաս քան վեց ամիս) իջեցմանը եւ սպառման ավելացմանն ուղղված խրախուսման ցանկացած այլ հնարք.

3) մանկական սննդի եւ հարակից ապրանքների նմուշների տրամադրումը:

Հոդված 15. Արտադրողների եւ բաշխողների կողմից խրախուսման արգելքը

1. Մանկական սննդի եւ հարակից ապրանքների խրախուսումը արտադրողների եւ (կամ) բաշխողների կողմից արգելվում է:

2. Արգելվում է արտադրողի եւ (կամ) բաշխողի կողմից հետեւյալ խրախուսման եղանակները`

1) բուժաշխատողներին կամ առողջապահական կազմակերպություններին մանկական սնունդ եւ հարակից ապրանքներ նվիրելը կամ դրանք տրամադրելը հայտարարված մեծածախ գնից կամ մեծածախ գնի բացակայության դեպքում, մանրածախ գնի ութսուն տոկոսից ցածր գնով, բացառությամբ սույն օրենքի հոդված 17-ի 1-ին մասում սահմանված դրույթների.

2) մանկական սննդի եւ հարակից ապրանքների օգտագործման խրախուսման նպատակով առողջապահական կազմակերպությանը անվճար սարքավորումներ, պարագաներ տրամադրելը կամ ծառայություններ մատուցելը.

3) բուժաշխատողներին եւ առողջապահական կազմակերպություններին նվերներ` այդ թվում գրիչներ, օրացույցեր, պաստառներ, հուշատետրեր, նոթատետրեր, հասակաչափեր, մանկան աճի կամ զարգացման գրաֆիկներ, խաղալիքներ տրամադրելը.

4) բուժաշխատողներին կամ բուժաշխատողների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպություններին կամ արհեստակցական միություններին դրամական հատկացումներ տրամադրելը կամ առաջարկելը (նվիրատվություններ, հոնորարներ մատուցված ծառայությունների համար, գիտահետազոտական աշխատանքների անցկացման դիմաց հատուցումներ, հետազոտական դրամաշնորհներ կամ հանդիպումների, սեմինարների, շարունակական ուսուցողական դասընթացների կամ գիտաժողովների հետ կապված դրամային հատկացումներ, եւ այլն).

5) հղի կանանց կամ կերակրող մայրերի, մանուկների եւ վաղ տարիքի երեխաների ծնողների կամ նրանց ընտանիքների անդամների համար ծնելիության, հղիության, երեխայի ծննդի, կրծքի եւ վաղ տարիքի երեխաների սնուցման եւ հարակից խնդիրների հետ առնչվող իրադարձություններ, միջոցառումներ, մրցույթներ, խորհրդակցման հեռախոսագծերի գործունեություն կամ արշավներ հովանավորելը.

6) մանուկների եւ վաղ տարիքի երեխաների սնուցման հետ առնչվող տեղեկատվական կամ ուսուցողական նյութերի տրամադրումը, տարածումը, ուսուցողական գործունեության ծավալումը` բացառությամբ այն դեպքերի, երբ արտադրողները եւ բաշխողները լիազոր մարմնի հետ համաձայնեցված մանկական սննդի եւ հարակից ապրանքների մասին տեղեկատվություն են տրամադրում բուժաշխատողներին, եթե այդ տեղեկատվությունը սահմանափակվում է գիտական եւ փաստացի նյութերով, որոնք վերաբերում են մանկական սննդի եւ հարակից ապրանքների հատկանիշերի գիտական ասպեկտներին, օգտագործման եղանակներին:

Հոդված 16. Բուժաշխատողների կողմից մանկական սննդի վաճառքի եւ խրախուսման արգելքը

1. Արգելվում է մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողների կողմից`

1) մանկական սննդի եւ հարակից ապրանքների վաճառքով, իրացման, գովազդի կամ խրախուսման այլ ձեւերով զբաղվելը.

2) արտադրողից եւ (կամ) բաշխողից, կամ նրանց անունից հանդես եկող այլ կազմակերպությունից որեւէ նվեր, շնորհ կամ պարգեւ` դրամական կամ որեւէ այլ տեսքով ընդունելը.

3) մանկական սննդի եւ հարակից ապրանքների նմուշներ ընդունելը կամ տրամադրելը.

4) մանկական սննդի օգտագործման ցուցադրելը, բացառությամբ առանձին մայրերին կամ նրանց ընտանիքների անդամներին ցուցադրելը այն դեպքում, երբ մանկական կաթնախառնուրդով կերակրելը անհրաժեշտ է ելնելով բժշկական ցուցումներից կամ եթե մայրը ընտրել է մանկական սնունդով սնուցումը: Բուժաշխատողը պարտավոր է մայրերին տրամադրել տեղեկատվություն մանկական սննդի օգտագործման հետեւանքով հնարավոր վնասների վերաբերյալ:

Հոդված 17. Մանկական սննդի եւ հարակից ապրանքների անվճար կամ ցածր գներով տրամադրումը

1. Մանկական սնունդը եւ հարակից ապրանքները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով` անվճար կամ ցածր գներով կարող են տրամադրվել`

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար.

2) բժշկական ցուցումներով հատուկ սնուցողական պահանջներ ունեցող երեխաների համար.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կողմից հաստատված սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված մայրերին` մայրական կաթի բացակայության դեպքում.

4) մայրական կաթով սնուցման բժշկական հակացուցումների դեպքում:

ԳԼՈՒԽ VI

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԻՏԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 18. Մանկական սննդի պիտակներին ներկայացվող պահանջները

1. Մանկական սննդի պիտակները պետք է հայերենով եւ ընթեռնելի տառաչափով պարունակեն հետեւյալ տեղեկատվությունը.

1) պատրաստման եւ օգտագործման հրահանգներ` բառերով եւ պատկերներով.

2) երեխաների տարիքային խումբը թվանշաններով, որոնց համար նախատեսված է մանկական սնունդը, ընդ որում հավելյալ սնուցման համար նախատեսված դեպքերում նշված տարիքը չպետք է փոքր լինի 6 ամսականից.

3) նախազգուշացում ոչ ճիշտ պատրաստման եւ այլ տարիքի երեխայի սնուցման հետ կապված հնարավոր առողջական վտանգների մասին.

4) բաղադրությունը եւ կաթի կամ փոխարինիչի ծագումը.

5) պահպանման պայմանները նախքան բացելը եւ դրանից հետո.

6) խմբաքանակի համարը, արտադրման ամսաթիվը եւ պիտանելիության ժամկետը.

7) արտադրողի եւ (կամ) բաշխողի անվանումը, գտնվելու վայրը եւ կապի միջոցները.

8) կաթնախառնուրդների պիտակները պետք է պարունակեն լիազոր մարմնի կողմից սահմանված ոչ ճիշտ օգտագործման վերաբերյալ նախազգուշացման տեքստ.

9) վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդնրի պիտակները պետք է պարունակեն նախազգուշացում այն մասին, որ կաթնախառնուրդը չպետք է օգտագործվի 6 ամսականից փոքր մանուկների համար.

10) կաթնախառնուրդների պիտակները պետք է պարունակեն «ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ» բառերը` մեծատառերով եւ ստորեւ հետեւյալ տեքստը. «ԿՐԾՔՈՎ ՍՆՈՒՑՈՒՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է: ԿՐԾՔԻ ԿԱԹԸ ԿԱՏԱՐՅԱԼ ՍՆՈՒՆԴ Է ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՃԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ: ԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»:

2. Արգելվում է`

1) մանկական կաթնախառնուրդների պիտակների վրա տեղադրել կրծքով սնուցումը նսեմացնող կամ արհեստական սնուցումը գովաբանող բովանդակությամբ որեւէ տեքստ.

2) մանկական կաթնախառնուրդների պիտակների վրա տեղադրել «մայրականացված», «մարդկայնացված» կամ կրծքի կաթի հետ այլ՝ արտաքին տեսքի եւ (կամ) ձեւավորման նմանականացում ենթադրող կամ համեմատող արտահայտություններ.

3) մանկական սննդի պիտակների վրա տեղադրել երեխայի նկարներ.

4) մանկական սննդի պիտակների վրա տեղադրել դրանց պատրաստման եղանակների լուսաբանման հետ առնչություն չունեցող լուսանկարներ, նկարներ կամ այլ գրաֆիկական պատկերներ.

5) մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող մթերքի պիտակների արտաքին տեսքի եւ (կամ) ձեւավորման նմանացումը մանկական կաթնախառնուրդների պիտակներին.

6) սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող պիտակավորմամբ մանկական սննդի վաճառքը կամ այլ կերպ իրացումը:

3. Սույն օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մանկական սննդի պիտակներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ:

Հոդված 19. Հարակից ապրանքների պիտակներին ներկայացվող պահանջները

1. Հարակից ապրանքների պիտակները պետք է հայերենով եւ ընթեռնելի տառաչափով պարունակեն հետեւյալ տեղեկատվությունը`

1) « ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ » բառերը` մեծատառերով եւ հետեւյալ բովանդակությամբ տեքստը. «ԿՐԾՔՈՎ ՍՆՈՒՑՈՒՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է: ԿՐԾՔԻ ԿԱԹԸ ԿԱՏԱՐՅԱԼ ՍՆՈՒՆԴ Է ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՃԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ: ԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ».

2) լիազոր մարմնի կողմից սահմանված ոչ ճիշտ օգտագործման վերաբերյալ նախազգուշացման տեքստեր.

3) լվացման եւ ախտահանման հրահանգներ` բառերով եւ պատկերներով.

4) արտադրողի եւ բաշխողի անվանումը, գտնվելու վայրը եւ կապի միջոցները:

2. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող պիտակավորմամբ հարակից ապրանքների վաճառքը կամ այլ կերպ իրացումն արգելվում է:

3. Սույն օրենքի հիման վրա կառավարությունը սահմանում է հարակից ապրանքներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ:

ԳԼՈՒԽ VII

ԿՐԾՔՈՎ ՍՆՈՒՑՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 20. Բժշկական հաստատությունների պարտականությունները

1. Բժշկական հաստատությունները պարտավոր են ապահովելու կրծքով սնուցման համար բարյացակամ միջավայր բժշկական հաստատություններում, այդ թվում`

1) խրախուսել եւ աջակցել կրծքով սնուցումը` որպես օպտիմալ եւ այլընտրանք չունեցող միջոց մանուկների եւ վաղ տարիքի երեխաների անվտանգ եւ համապատասխան (ադեկվատ) սնուցում ապահովելու համար.

2) խրախուսել եւ աջակցել ժամանակին եւ համապատասխան հավելյալ սնուցման կազմակերպումը.

3) պահպանել սույն օրենքով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրծքով սնուցման կանոնները եւ պարբերաբար իրազեկել նշված կանոնների վերաբերյալ բժշկական անձնակազմին.

4) իրազեկել հանրությանը, ներառյալ հղիներին, նրանց ընտանիքներին, երեխաներին խնամողներին եւ դայակներին կրծքով սնուցման առավելությունների եւ գործնական հմտությունների, արհեստական կաթնախառնուրդների օգտագործման եւ ոչ ճիշտ օգտագործման վտանգների վերաբերյալ` տրամադրելով համապատասխան, ճշգրիտ եւ հասանելի տեղեկատվություն.

5) իրականացնել կրծքով սնուցման համար անհրաժեշտ գործնական հմտությունների դասընթաց բուժանձնակազմի համար.

6) մանկական սննդի արտադրողներին եւ բաշխողներին չտրամադրել հղիների եւ կերակրող մայրերի կոնտակտային տվյալներ:

7) Մանկական սնունդ արտադրողների եւ (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) կամ սույն օրենքի նորմերի այլ խախտումների դեպքում բժշկական հաստատությունը պարտավոր է տեղեկացնել լիազոր մարմնին:

Հոդված 21. Բուժաշխատողների պարտականությունները

1. Բուժաշխատողներ պարտավոր են`

1) հղիների, ծննդկանների եւ նրանց հարազատների հետ հանդիպումների ժամանակ խրախուսել կրծքով սնուցումը` որպես օպտիմալ եւ այլընտրանք չունեցող միջոց` մանուկների եւ վաղ տարիքի երեխաների անվտանգ եւ համապատասխան (ադեկվատ) սնուցում ապահովելու համար.

2) ժամանակին գնահատել եւ աջակցել համապատասխան հավելյալ սնուցման կազմակերպումը.

3) պահպանել սույն օրենքով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրծքով սնուցման կանոնները եւ պարբերաբար իրազեկել նշված կանոնների մասին կրծքով սնուցող մայրերին.

4) նորածիններին չտրամադրել ոչ մի տեսակի սնունդ կամ հեղուկ բացի կրծքի կաթից` բացառությամբ հոդված 17-ի 1-ին մասում թվարկված դեպքերի.

5) մանկական սնունդ արտադրողներին եւ բաշխողներին չտրամադրել հղիների եւ կերակրող մայրերի կոնտակտային տվյալներ.

6) մանկական սնունդ արտադրողների եւ (կամ) բաշխողների կողմից ցանկացած առաջարկի դեպքում (նմուշ, նվեր կամ այլ շնորհ) կամ սույն օրենքի նորմերի այլ խախտումների դեպքում բուժաշխատողը պարտավոր է տեղեկացնել բժշկական հաստատության ղեկավարությանը:

ԳԼՈՒԽ VIII

ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 22. Տեղեկատվական եւ ուսուցողական նյութեր մանկական սնուցման վերաբերյալ

1. Մանուկների եւ վաղ տարիքի երեխաների սնուցման վերաբերյալ գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական եւ ուսուցողական նյութերը պետք է`

1) լինեն հայերենով, անհրաժեշտության դեպքում նաեւ այլ լեզուներով,

2) պարունակեն ճշգրիտ եւ արդի տեղեկատվություն եւ չպետք է օգտագործեն որեւէ նկար կամ տեքստ, որը խրախուսում է մանկական սննդի եւ հարակից ապրանքների օգտագործումը, շշով սնուցումը կամ չի նպաստում կրծքով սնուցմանը.

3) չներկայացնեն, թե մանկական սննդով սնուցելը կամ հարակից ապրանքներ օգտագործելը համարժեք է, համեմատելի է կամ գերազանցում է կրծքի կաթին կամ կրծքով սնուցմանը.

4) չպարունակեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների ֆիրմային անվանումներ, ապրանքային նշաններ, կամ արտադրողի եւ (կամ) բաշխողի անվանումը` բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվությունը տրամադրվում է բուժաշխատողներին.

5) հստակ ներկայացնեն հետեւյալ տեղեկատվությունը.

ա. կրծքով սնուցման անհրաժեշտությունն ու առավելությունները,

բ. 6 ամիս բացառապես եւ դրան հետեւող շարունակական (երկու տարի եւ ավելի) կրծքով սնուցման կարեւորությունը,

գ. ինչպես սկսել եւ պահպանել բացառապես եւ շարունակական կրծքով սնուցումը, ներառյալ թե ինչու է դժվար փոխել կրծքով չկերակրելու որոշումը,

դ. 6 ամսականից սկսած հավելյալ սննդի տրամադրման կարեւորությունը,

ե. ինչու է շշով սնուցման կամ հավելյալ սննդի վաղ տրամադրումը բացասաբար ազդում կրծքով սնուցման վրա,

զ. տնային պայմաններում հավելյալ սննդի պատրաստումը:

2. Մանկական սնուցման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների մասին տեղեկատվական եւ ուսուցողական նյութերը հրապարակվում են լիազոր մարմնի կողմից լիազորված կազմակերպությունների կողմից՝ նյութերը նախապես լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո: Լիազորման եւ նյութերի համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Լիազոր մարմինն իրավունք ունի արգելելու սույն օրենքի հոդված 21-ի 1-ին մասի պահանջներին չհամապատասխանող մանկական սնուցման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների մասին տեղեկատվական եւ ուսուցողական նյութերի հրապարակումը եւ տարածումը:

Հոդված 23. Տեղեկատվական եւ ուսուցողական նյութեր` մանկական սննդի եւ հարակից ապրանքների մասին

1. Մանկական սննդով սնուցման մասին գրավոր, ձայնային կամ տեսողական տեղեկատվական եւ ուսուցողական նյութերը բացի 12-րդ հոդվածով սահմանված տեղեկատվությունից, պետք է ընդգրկեն նաեւ հետեւյալ տեղեկատվությունը.

1) հրահանգներ մանկական սննդի պատշաճ պատրաստման եւ օգտագործման վերաբերյալ, ներառյալ հարակից ապրանքների լվացումն ու ախտահանումը.

2) ինչպես կերակրել մանկանը կերակրման բաժակով.

3) շշով կերակրման եւ մանկական սննդի ոչ ճիշտ պատրաստման հնարավոր առողջական վտանգները:

Հոդված 24. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար

Uույն oրենքի պահանջների խախտումը առաջացնում է Հայաստանի Հանրապետության oրենքով uահմանված պատաuխանատվություն:

Հոդած 25. Անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության

Միավորված Ազգերի Կազմակերպության Հազարամյակի հռչակագրով սահմանված Հազարամյակի մարտահրավերների 8 նպատակներից 1-ը վերաբերում է մանկական մահացության նվազեցմանը: Հայաստանի ստանձնած պարտավորությունը` այն է նվազեցնել մանկական մահացությունը 2/3-ով, առկա ռեսուրսների պայմաններում գնահատվել է դժվար հասանելի, իսկ գործուն միջոցառումների բացակայության դեպքում այն կարող է գնահատվել նույնիսկ անհասանելի:

Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ կրծքով սնուցման տարածումը կարող է աշխարհում տարեկան միլիոնավոր մանուկների կյանք փրկել: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի գնահատականներով մինչեւ 6 ամսական տարիքը բացարձակ կրծքով սնուցում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխա: Կրծքի կաթը գերադասելի է երեխային տրվող ցանկացած այլ սննդից, այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութերը` լավագույն փոխհարաբերությամբ, ինպես նաեւ գործոններ, որոնք պաշտպանում են մանկանը հիվանդություններից: Հետազոտությունները ցույց են տվել, որ շշով սնվող մանուկները ավելի հաճախ են ծանր տարափոխիկ հիվանդություններով վարակվում եւ հիվանդանում: Կրծքով սնվող երեխաները շշով սնվողների համեմատությամբ 25 անգամ ավելի փոքր հավանականություն ունեն կյանքի առաջին երկու ամիսների ընթացքում փորլուծությունից մահանալու: Ալերգիաները, մաշկային հիվանդությունները, ասթման եւ շատ այլ հիվանդություններ ավելի քիչ են հանդիպում կրծքով սնվող երեխաների շրջանում: Բոլոր փաստերը վկայում են, որ մանուկները պետք է սնվեն կրծքով, սակայն 20 -րդ դարում կրծքով սնուցումն անկում է ապրել:

Կրծքով սնուցման խրախուսման նախաձեռնությունը Հայաստանում սկսվել է դեռեւս 1993թ-ին: Ծրագիրը, որը 1994թ-ին հաստատվել էր ՀՀ ԱՆ կողմից, ենթադրում էր կրծքով սնուցման խրախուսման եւ աջակցման գործելակերպի խթանում բուժաշխատողների ու ծնողների շրջանում եւ հիմնարար կազմակերպա-կառուցվածքային փոփոխությունների իրականացում ծննդօգնության հաստատությունների մակարդակով: Ծրագրի առաջընթացը ակնհայտ էր, սակայն 2000թ.-ին հաջորդող տարիների ցուցանիշի աճի տեմպերը զգալիորեն նվազել են, իսկ 2006թ. նկարագրվել է նույնիսկ որոշակի իջեցում: Մանկական սնունդ արտադրողները եւ բաշխողները, մանկական սննդի պահանջարկը մեծացնելու նպատակով, ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում, օգտվելով օրենսդրության անկատարությունից կիրառում են խրախուսման եւ վաճառահանման այնպիսի եղանակներ, որոնք բացասաբար են ազդում կրծքով սնուցման ցուցանիշների վրա:

1981 թ. ԱՀԿ-ն եւ ՅՈւՆԻՍԵՖ-ն ընդունել են «Կրծքի կաթի փոխարինողների վաճառահանման միջազգային օրենսգիրքը», որը խորհրդատվական եւ ոչ պարտավորեցնող բնույթ ունի, բայց կառավարությունները եւ կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները ստորագրել են այն: Օրենսգիրքը պարտադրում է, որ բոլոր մայրերը ճշգրիտ տեղեկատվություն ստանան կրծքով սնուցման առավելությունների եւ արհեստական սնուցումից բխող հնարավոր հիվանդությունների եւ բարդությունների մասին: Սույն օրենսգիրքը ադապտացրել եւ իրենց ազգային օրենսդրության մեջ են ներառել եվրոպական տարածաշրջանի երկրներից մեծամասնությունը:

Հայաստանը նույնպես միացել է «Կրծքի կաթի փոխարինողների վաճառահանման միջազգային օրենսգրքին», սակայն միայն որոշ դրույթներ են ընդունվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, եւ որեւէ այլ ազգային օրենսդրություն, որը կապահովեր օրենսգրքի իրականացման անհրաժեշտ վերահսկում, դեռեւս չի ընդունվել:

«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի ընդունումը նպատակ է հետապնդում կարգավորել երեխաների կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության հետ կապված հարաբերությունները: Օրենքի ընդունմամբ նաեւ կկարգավորվեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի եւ որեւէ այլ ձեւով խրախուսման, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:

ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի երեխայի սնուցման ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը եւ այն գործոնների վերացմանը, որոնք խոչընդոտում են կրծքով սնուցման խրախուսումը` օրենսդրորեն ամրագրելով այդ բնագավառին առնչվող միջազգային փորձն ու պահանջները: