Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Միավորված Ազգերի Կազմակերպության Հազարամյակի հռչակագրով սահմանված Հազարամյակի մարտահրավերների 8 նպատակներից 1-ը վերաբերում է մանկական մահացության նվազեցմանը: Հայաստանի ստանձնած պարտավորությունը` այն է նվազեցնել մանկական մահացությունը 2/3-ով, առկա ռեսուրսների պայմաններում գնահատվել է դժվար հասանելի, իսկ գործուն միջոցառումների բացակայության դեպքում այն կարող է գնահատվել նույնիսկ անհասանելի:
Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ կրծքով սնուցման տարածումը կարող է աշխարհում տարեկան միլիոնավոր մանուկների կյանք փրկել: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի գնահատականներով մինչեւ 6 ամսական տարիքը բացարձակ կրծքով սնուցում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխա: Կրծքի կաթը գերադասելի է երեխային տրվող ցանկացած այլ սննդից, այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութերը` լավագույն փոխհարաբերությամբ, ինպես նաեւ գործոններ, որոնք պաշտպանում են մանկանը հիվանդություններից: Հետազոտությունները ցույց են տվել, որ շշով սնվող մանուկները ավելի հաճախ են ծանր տարափոխիկ հիվանդություններով վարակվում եւ հիվանդանում: Կրծքով սնվող երեխաները շշով սնվողների համեմատությամբ 25 անգամ ավելի փոքր հավանականություն ունեն կյանքի առաջին երկու ամիսների ընթացքում փորլուծությունից մահանալու: Ալերգիաները, մաշկային հիվանդությունները, ասթման եւ շատ այլ հիվանդություններ ավելի քիչ են հանդիպում կրծքով սնվող երեխաների շրջանում: Բոլոր փաստերը վկայում են, որ մանուկները պետք է սնվեն կրծքով, սակայն 20 -րդ դարում կրծքով սնուցումն անկում է ապրել:
Կրծքով սնուցման խրախուսման նախաձեռնությունը Հայաստանում սկսվել է դեռեւս 1993թ-ին: Ծրագիրը, որը 1994թ-ին հաստատվել էր ՀՀ ԱՆ կողմից, ենթադրում էր կրծքով սնուցման խրախուսման եւ աջակցման գործելակերպի խթանում բուժաշխատողների ու ծնողների շրջանում եւ հիմնարար կազմակերպա-կառուցվածքային փոփոխությունների իրականացում ծննդօգնության հաստատությունների մակարդակով: Ծրագրի առաջընթացը ակնհայտ էր, սակայն 2000թ.-ին հաջորդող տարիների ցուցանիշի աճի տեմպերը զգալիորեն նվազել են, իսկ 2006թ. նկարագրվել է նույնիսկ որոշակի իջեցում: Մանկական սնունդ արտադրողները եւ բաշխողները, մանկական սննդի պահանջարկը մեծացնելու նպատակով, ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում, օգտվելով օրենսդրության անկատարությունից կիրառում են խրախուսման եւ վաճառահանման այնպիսի եղանակներ, որոնք բացասաբար են ազդում կրծքով սնուցման ցուցանիշների վրա:
1981 թ. ԱՀԿ-ն եւ ՅՈւՆԻՍԵՖ-ն ընդունել են «Կրծքի կաթի փոխարինողների վաճառահանման միջազգային օրենսգիրքը», որը խորհրդատվական եւ ոչ պարտավորեցնող բնույթ ունի, բայց կառավարությունները եւ կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները ստորագրել են այն: Օրենսգիրքը պարտադրում է, որ բոլոր մայրերը ճշգրիտ տեղեկատվություն ստանան կրծքով սնուցման առավելությունների եւ արհեստական սնուցումից բխող հնարավոր հիվանդությունների եւ բարդությունների մասին: Սույն օրենսգիրքը ադապտացրել եւ իրենց ազգային օրենսդրության մեջ են ներառել եվրոպական տարածաշրջանի երկրներից մեծամասնությունը:
Հայաստանը նույնպես միացել է «Կրծքի կաթի փոխարինողների վաճառահանման միջազգային օրենսգրքին», սակայն միայն որոշ դրույթներ են ընդունվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, եւ որեւէ այլ ազգային օրենսդրություն, որը կապահովեր օրենսգրքի իրականացման անհրաժեշտ վերահսկում, դեռեւս չի ընդունվել:
«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի ընդունումը նպատակ է հետապնդում կարգավորել երեխաների կրծքով սնուցման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության հետ կապված հարաբերությունները: Օրենքի ընդունմամբ նաեւ կկարգավորվեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի եւ որեւէ այլ ձեւով խրախուսման, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:
ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի երեխայի սնուցման ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը եւ այն գործոնների վերացմանը, որոնք խոչընդոտում են կրծքով սնուցման խրախուսումը` օրենսդրորեն ամրագրելով այդ բնագավառին առնչվող միջազգային փորձն ու պահանջները: