Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-176-11.12.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ՝ օրենք) 45-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասը «վիրավորական արտահայտություններ են անում,» բառերից հետո լրացնել «գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորների փոխարեն,» բառերով:

2. 3-րդ մասը լրացնել նոր զ) կետով հետեւյալ բովանդակությամբ.

«զ) օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Սույն օրենքում առաջարկվող լրացումը նպատակ ունի առավել բաց եւ թափանցիկ դարձնելու Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքները:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Պատգամավորը գրանցվում է անձամբ:», իսկ նույն օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ «պատգամավորը քվեարկում է անձամբ` կողմ, դեմ, ձեռնպահ»: Սակայն օրենքում ամրագրված չէ, թե անձամբ չգրանցվելու եւ/կամ չքվեարկելու դեպքում ինչ կարող է հետեւել դրան:

Նման նորմի բացակայությունը վկայում է այն մասին, որ բացակա պատգամավորի փոխարեն կարող է գրանցվել եւ/կամ քվեարկել նիստին ներկա որեւէ այլ պատգամավոր:

Առաջարկվող լրացմամբ բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող եւ/կամ քվեարկող պատգամավորը համարվում է կարգազանց պատգամավոր, որի նկատմամբ նիստը վարողը պետք է ձեռնարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգապահական միջոցները:

Իսկ քանի որ 45-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգապահական միջոցները ունեն բավականին մեղմ բնույթ, այդ պատճառով էլ առաջարկվում է 3-րդ մասը լրացնել նոր կետով, ըստ որի բացական պատգամավորի փոխարեն գրանցվող եւ/կամ քվեարկող պատգամավորի նկատմամբ սահմանվում է առավել խիստ կարգապահական միջոց, քանի որ նման արարքը համարվում է պաշտոնական կեղծիք: