Հոդված 1. «Ազգային Ժողովի «կանոնակարգ օրենքի 26 հոդվածի 1.1 կետը» ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 26 հոդվածի 1 կետից հանել «սույն հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված կարգով» բառերը, իսկ «վերջակետից» հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ`
«Մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կողմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ փոխհամաձայնությամբ բաշխվում է այնպես, որ յուրաքանչյուր խմբակցության համար առնվազն ապահովվի մեկ հանձնաժողովի նախագահի եւ մեկ տեղակալի պաշտոն»:
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հաջորդ (6-րդ) գումարման Ազգային Ժողովի առաջին նիստի օրվանից:
Հիմնավորում
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 2-րդ հոդվածի` Ազգային ժողովի մարմիններն են Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները, պատգամավորները եւ հանձնաժողովները: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում իրականացված փոփոխությունները, համաձայն որոնց մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոններում պատգամավորների կողմից թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջեւ բաշխվում է ըստ բանաձեւի եւ կախված է խմբակցության պատգամավորների թվից: 5-րդ գումարման Ազգային ժողովի 6 խմբակցություններից 4-ը նշված բանաձեւի կիրառման արդյունքում զրկվեցին մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքից: Փաստորեն, վերը նշվածի հետեւանքով մի շարք խմբակցություններ հնարավորություն չունեցան Ազգային Ժողովի մարմիններից` հանձնաժողովներից, գոնե մեկում ունենալ հանձնաժողովի նախագահի պաշտոն: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովը գործում է ըստ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների, եւ որպես օրենսդիր իշխանությունն իրականացնող մարմին ԱԺ գործունեությունը հիմնվում է քաղաքական բազմակարծության, հարցերի ազատ քննարկման եւ կոլեկտիվ լուծման սկզբունքների վրա, ուստի հանձնաժողովների նախագահների պաշտոնում թեկնածուների առաջադրման իրավունք պետք է ունենան բոլոր խմբակցությունները, որպեսզի իրականացվի վերոգրյալ երեք կարեւորագույն սկզբունքները: Ուսումնասիրելով եվրոպական եւ ԱՊՀ երկրների փորձը` չենք հանդիպել մի երկրի, որտեղ Օրենսդիր մարմնում խմբակցությունների մի մասը Օրենքով սահմանված կարգով զրկված լինեն տարբեր պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքից, ավելին, Ռուսաստանի Դաշնությունում պառլամենտի փոխխոսնակների թիվը հավասար է խմբակցությունների թվին, այսինքն` բոլոր խմբակցությունները ունեն փոխխոսնակի պաշտոն:
Ներկայացված նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի ապագա խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին` խմբակցություններին, մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոններում առաջադրելու իրենց թեկնածուին: Ավելին` բոլոր խմբակցությունները, անկախ նրանից փոքրամասնություն են, թե մեծամասնություն, կարող են ունենալ նվազագույնը մեկ նախագահի եւ տեղակալի պաշտոն հանձնաժողովներից որեւէ մեկում: