ՀՈԴՎԱԾ 1 . «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության 2004թ. մայիսի 25-ի ՀՕ-80 օրենքի (այսուհետ` օրենք), 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «5» մասով.
«5. Իրավական օժանդակությունը տրամադրվում է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա ՀՀ Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված փաստաբանի կողմից: Իրավական օժանդակության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014թ. հունվարի 1-ից:
«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների` մասնավորապես պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները հստակեցնելու անհրաժեշությամբ: «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում նշված է, որ հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձինք իրավունք ունեն ստանալու իրավաբանական օգնություն, սակայն այդ օգնության տրամադրման կարգը օրենքում հստակեցված չէ: Միաժամանակ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության 2004թ. դեկտեմբերի 14-ի ՀՕ-29 օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված են սոցիալական այն խմբերը, որոնց պետությունը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն:
Այլ պետությունների օրենսդրության ուսումնասիրությունը փաստում է, որ մի շարք ԱՊՀ երկրներում այս հարցը հստակ կանոնակարգված է: Օրինակ` Ռուսաստանի Դաշնության «Հոգեբուժական օգնության եւ դրա տրամադրման ընթացքում քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշված է, որ պետությունը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնության տրամադրումը պետական իրավաբանական գրասենյակի կողմից` համաձայն «Ռուսաստանի Դաշնությունում անվճար իրավաբանական օգնության մասին» Ռուսաստանի Դաշնության օրենքի (հոդված 20): «Պետության կողմից երաշխավորված իրավաբանական օգնության մասին» Ղրղզստանի օրենքը նույնպես կարգավորում է այս հիմնախնդիրը: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովի թիվ 46/119 հանձնարարականի (ընդունված 1991թ. դեկտեմբերի 17-ին) 18-րդ սկզբունքի 1 կետում նոյնպես նշված է, որ պացիենտը իրավունք ունի անվճար իրավանական խորհրդատվություն ստանալու:
Հաշվի առնելով հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ հոգեբուժական օգնության իրականացման բարելավման անհրաժեշտությունը, առաջարկում ենք կատարել համապատասխան լրացումներ «Հոգեկան օգնության մասին» եւ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: