Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-179-13.12.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 25-ի ՀՕ-205 (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին կետի «երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձը`» բառերը փոխարինել «երեխային կամ երեխաներին խնամող» բառերով:

Հոդված 2. Օրենքը 23-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:

2. Երեխայի կամ երեխաների խնամքի նպաստի իրավունքը ծագում է աշխատող ծնողի համար նրա` մինչեւ երեք տարեկան երեխայի կամ երեխաների խնամքի արձակուրդում գտնվելու մասին համապատասխան գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսից, իսկ չաշխատող ծնողի համար` երեխայի կամ երեխաների ծննդյան օրվանից երկու ամիս առաջ: Երեխայի խնամքի նպաստի իրավունքը պահպանվում է մինչեւ նրա երկու տարեկանը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը, իսկ զույգ եւ ավելի ծնված երեխաներինը, մինչեւ նրանց 2 տարի 6 ամիսը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ը:

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ կետից «անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից» բառերը հանել, իսկ «2 տարեկան» բառերը փոխարինել «2 տարեկան 6 ամսեկան» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ կետում «վերջակետը» փոխարինել «ստորակետով» եւ ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ «իսկ զույգ եւ ավելի ծնված երեխաների համար մինչեւ 2 տարի 6 ամսեկանը»:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:

5. «Երեխայի խնամքի նպաստ նշանակելուց հետո` 15 օրվա ընթացքում, տարածքային մարմինն այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է համապատասխան գործատուին, եթե ծնողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:

Հիմնավորում

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է «Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ»-ի ծրագիր: Ծրագիրը կազմված է 6 հազար ընտանիքների հաշվարկով, եւ կազմում է 1մրդ 296մլն դրամ: Հաշվարկների հիմքում դրված է նվազագույն ամսական աշխատավարձի 60%-ը` 18 հազար դրամ:

Նշյալ ծրագիրը, մարդու իրավունքների տեսակետից, անհավասար պայմաններ է առաջացնում աշխատող եւ չաշխատող ծնողների ընտանիքների համար:

Այդ անհավասարությունը վերացնելու նպատակով առաջարկում ենք մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր երեխաներին` անկախ ծնողների աշխատող լինելու հանգամանքից, ավելին զույգ եւ ավելի երեխաների ծննդյան դեպքում առաջարկում ենք նպաստը նշանակել մինչեւ երեխայի 2 տարեկան 6 ամսեկան հասակը, նկատի ունենալով, որ զույգ եւ ավելի ծնված երեխաների խնամքը համեմատաբար ավելի դժվար է:

Առաջարկվող փոփոխություններով երեխայի խնամքի նպաստը կլինի առավել հասցեական եւ նորածին երեխաներին կցուցաբերվի հավասար մոտեցում, անկախ իրենց խնամողների աշխատելու կամ չաշխատելու հանգամանքից: