Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-182-20.12.2012-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի փետրվարի 19-ի ՀՕ-33 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի առաջին պարբերությունում.

1) «աշխատավարձի» բառից հետո լրացնել «եւ զրո ամբողջ իննը տասնորդական գործակցի արտադրյալի» բառերով.

2) պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի չափը բարձրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի կենսաթոշակը համամասնորեն վերահաշվարկվում է:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1?ին:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով:

Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: 

Տեղեկանք-հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելով:

1.1. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Դատախազության մասին», «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների, վարչապետի, կառավարության անդամների, սահմանադրական դատարանի անդամների, վերահսկիչ պալատի նախագահի եւ դատավորների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու կամ աշխատունակությունը լրիվ կորցնելու դեպքում նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին», «Սահմանադրական դատարանի մասին», «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքներով կարգավորվում են առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակ նշանակելուն եւ վճարելուն առնչվող հարաբերությունները:

Համաձայն վերը նշված օրենքների՝ այդ կատեգորիաների անձանց կենսաթոշակները հաշվարկվում են աշխատավարձից:

2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը, որով վերանում է պարտադիր սոցիալական ապահովության վճարը:

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մտնելուց հետո, ի կատարումն օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի, պետք է բարձրանան նաեւ վերը նշված անձանց աշխատավարձերը (դրույքաչափերը): Արդյունքում, մեխանիկորեն կաճեն նաեւ այդ անձանց նշանակված կենսաթոշակների չափերը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակները չեն հարկվում:

1.2. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները

Կենսաթոշակների (հավելավճարի) չափերի մեխանիկական աճ թույլ չտալու նպատակով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ կենսաթոշակային օրենսդրության մեջ:

2. Նախագծի կարգավորման առարկան

Ներկայացվող նախագծերով սահմանվում է, որ առանձին կատեգորիաների անձանց կենսաթոշակները հաշվարկելու համար հիմք է հանդիսանում աշխատավարձի եւ զրո ամբողջ իննը տասնորդական գործակցի արտադրյալի չափը:

Կարգավորվում է նաեւ նախկինում նշանակված կենսաթոշակների (հավելավճարի) վերահաշվարկմանն առնչվող հարաբերությունները, ինչի շրջանակներում աստիճանաբար կվերանան նախկինում նշանակված եւ նոր նշանակվող կենսաթոշակների չափերի միջեւ առկա տարբերությունները:

Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած առաջարկությունները՝ ուժը կորցրած են ճանաչվում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի՝ կենսաթոշակին վերաբերող դրույթները, դրանք արտացոլելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում առանձին կատեգորիաների անձանց նշանակվող կենսաթոշակների հաշվարկման կարգը կհամապատասխանեցվի կենսաթոշակային բարեփոխումների սկզբունքներին:

ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը ընդունելու դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ համապատասխան ենթաօրենսդրական ակտերում: