Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1831-20.12.2012-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքի 3-րդ հոդվածում լրացնել իններորդ, տասներորդ, տասնմեկերորդ տասներկուերորդ եւ տասներեքերորդ մասեր հետեւյալ բովանդակությամբ.

«Դատվածություն չունեցած համարել 2002 թվականի ապրիլի 26-ից մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով 1961 թվականի մարտի 7-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով կամ 2003 թվականի ապրիլի 18-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար դատապարտված անձանց: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները:

Դատվածություն չունեցած համարել 2004 թվականի հուլիսի 1-ից հետո կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.2-րդ, 327.3-րդ եւ 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար դատապարտված անձանց, եթե նրանց դատվածությունը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանվել կամ մարվել է: Այդ անձանց նկատմամբ կիրառելի չեն ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մասով կամ դատվածությամբ պայմանավորված` այլ օրենքով կամ իրավական ակտով նախատեսված սահմանափակումները:

2004 թվականի հուլիսի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.2-րդ, 327.3-րդ եւ 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով կատարելու համար դատապարտված եւ պատիժը կրած կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց կամ այն անձանց դիմումի հիման վրա, ում նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ այն չներկայացվելու դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով ներկայացված դատախազի միջնորդությամբ դատարանը վերանայում այդ անձանց  նկատմամբ կայացված դատավճռիը` կարճելով քրեական գործի վարույթը, եթե նրանց դատվածությունը դատարան դիմելու օրվա դրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.2-րդ, 327.3-րդ եւ 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով կատարած եւ դրա համար պատիժ կրող անձանց դիմումի հիման վրա, իսկ այն չներկայացվելու դեպքում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով ներկայացված դատախազի միջնորդությամբ դատարանը վերանայում է այդ անձանց  նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը եւ նրանց ազատելով պատժի հետագա կրումից,  եթե նրանք մինչեւ 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ եւ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

Կարճել դատարանների, նախաքննության եւ հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը եւ դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.2-րդ, 327.3-րդ եւ 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչեւ 2013 թվականի օգոստոսի 1-ը դիմում են ներկայացրել այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ եւ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում է կայացրել նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին»: 

Հոդված 2. Անցումային դրույթներ

1.Սույն օրենքի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում լրացվող տասներկուերորդ եւ տասներեքերորդ մասերը տարածվում են այն անձանց վրա, որոնք մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.2-րդ, 327.3-րդ եւ 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքները կամ դրանց կատարման համար դատապարտվել են:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

Օրենքների ընդունման անհրաժեշտությունն առաջին հերթին բխում է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից:

Մասնավորապես, 2000թ. հունիսի 28-ին ԵԽԽՎ-ն ընդունեց թիվ 221 կարծիքը, որով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին հանձնարարական տրվեց հրավեր ուղարկել Հայաստանի Հանրապետությանը դառնալու Խորհրդի անդամ այն պայմանով, որ մի շարք պարտավորություններ կիրականանան սահմանված ժամկետներում: Այդ կարծիքի 13-րդ կետում նշվեց, որ Հայաստանի Հանրապետությունը որպես իր պարտականություն ստանձնում է ընդունել այլընտրանքային ծառայության մասին եվրոպական չափանիշներին համապատասխան օրենք եւ միեւնույն ժամանակ ներում շնորհել համոզմունքների հիմնավորմամբ զինվորական ծառայությունը մերժելու պատճառով ազատազրկված կամ ուղղիչ աշխատանքի դատապարտված անձանց` նրանց հնարավորություն ընձեռելով ընտրություն կատարել չզինված ռազմական կամ այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջեւ «Այլընտրանքային ծառայության մասին» համապատասխան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

Ի կատարումն ստանձնած պարտավորության` Հայաստանի Հանրապետությունում 17.12.2003թ. ընդունվեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ մտավ 01.07.2004թ.: Սակայն նշված օրենքում տեղ գտան մի շարք թերություններ, որոնք թույլ չտվեցին իրավական պետության պահանջներին համապատասխան կարգավորել այլընտրանքային ծառայության անցնելու կարգը եւ այն կատարելու պայմանները:

Այդ փաստը հաստատվեց ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներում (մասնավորապես` «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 23459/03 գործով 2011թ. հուլիսի 7-ի վճիռ, «Բուխարատյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 37821/03 գործով 2012թ. հունվարի 10-ի վճիռ, «Ծատուրյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 37821/03 գործով 2012թ. հունվարի 10-ի վճիռ), այնպես էլ «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 2011թ. դեկտեմբերի 16-17 Վենետիկյան հանձնաժողովի եզրակացությունում: Նշված ակտերում ոչ միայն սահմանվեցին «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում առկա թերությունները, այլ նաեւ նշվեցին դրանց վերացման համար համապատասխան ուղղությունները:

Մասնավորապես, օրենքի էական թերություններից է այն, որ այլընտրանքային ծառայողների նկատմամբ սահմանվում է զինվորական վերահսկողություն, ինչը հակասում է այլընտրանքային ծառայության համար դիմող բազմաթիվ անձանց կրոնական համոզմունքներին: Ընդ որում, զինվորական վերահսկողություն է սահմանվում ոչ միայն այլընտրանքային զինվորական ծառայության դեպքում, այլ նաեւ այլընտրանքային աշխատանքային ծառայության դեպքում: Դրանով պարտադիր զինվորական ծառայության այլընտրանքի հնարավորությունից զրկվում են այն անձինք, որոնց կրոնական համոզմունքները հակասում են ոչ միայն զենք կրելուն, պահելուն կամ գործածելուն, այլ ընդհանրապես զինվորական ենթակայության ներքո ծառայություն անցնելուն:

Բացի այդ, այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կազմը ներկայումս հիմնականում բաղկացած է զինվորականներից, ինչը հակասում է այս ոլորտում առկա միջազգային չափանիշներին: Ընդ որում, բարեփոխման անհրաժեշտություն ունի ոչ միայն հանրապետական հանձնաժողովի կազմը, այլ նաեւ հանձնաժողովին դիմելու ընթացակարգը, հանձնաժողովի նիստերի հրավիրման եւ որոշումների կայացման կարգը եւ այլ ընթացակարգային խնդիրներ:

Օրենքում առկա են նաեւ մի շարք այլ խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն (այլընտրանքային ծառայության ժամկետները եւ այլն):

Միաժամանակ խնդրահարույց է նաեւ կրոնական համոզմունքների կամ հայացքների հիմքով ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը կատարած անձանց դատվածության հիմնախնդիրը: Մասնավորապես, մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը այլընտրանքային ծառայություն անցնելու հնարավորություն ՀՀ օրենքներով սահմանված չէր, ինչի արդյունքում կրոնական համոզմունքների կամ հայացքների պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափող անձինք ենթարկվել են քրեական պատասխանատվության:

Բացի այդ, ելնելով «Այլընտրանքային ծառայության մասին» գործող օրենքի առկա թերություններից՝ օրենքով սահմանված այլընտրանքային ծառայությունը չի համապատասխանում այդ ոլորտում առկա միջազգային չափանիշներին եւ օրենքի ընդունումից հետո դրանց կատարման համար քրեական պատասխանատվության ենթարկված անձինք պետք է հնարավորություն ունենան համարվելու դատվածություն չունեցող, եթե լիազոր մարմինը հաստատի վերջիններիս կողմից քրեական օրենքով նախատեսված արարքների կատարումը կրոնական համոզմունքների կամ հայացքների պատճառով: Միաժամանակ այն անձինք, ովքեր նշված օրենքի ուժի մեջ մտնելու ժամանակ համապատասխան հանցագործությունների կատարման համար դեռեւս պատիժ են կրում, կամ ում նկատմամբ դեռեւս չի կայացվել մեղադրական դատավճիռ, պետք է հնարավորություն ունենան անցնելու այլընտրանքային ծառայություն:

Առաջարկվող լուծումները

Նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ նախատեսելով հետեւյալ սկբունքային կարգավորումները՝

1. Նախատեսվում է հստակորեն տարանջատել այլընտրանքային զինվորական ծառայության եւ այլընտրանքային աշխատանքային ծառայության հիմքերը՝ որպես չափանիշ դիտարկելով այն, թե անձի կրոնական դավանանքը կամ հայացքները հակասում են ընդհանրապես ռազմական ստորաբաժանումներում զինվորական ծառայություն անցնելուն, թե միայն զենք կրելուն, պահելուն, պահպանելուն կամ օգտագործելուն:

2. Նախատեսվում է որոշակիորեն կրճատել այլընտրանքային ծառայության ժամկետները՝ այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետ սահմանելով 30 ամիսը, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետ՝ 36 ամիսը:

3.Նախագծով նախատեսվում է սահմանել այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի ներկայացուցչական կազմը դրանում ներառելով տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, ոստիկանության եւ պաշտպանության,  բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանման մեկական ներկայացուցիչների:

4.Նախագծով նախատեսվում է ավելի մանրամասն կարգավորել եւ հստակեցնել այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից դիմումները քննարկելու, դրանց վերաբերյալ որոշումներ ընդունելու, դրանք բողոքարկելու ընթացակարգերը:

Միաժամանակ նախատեսվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, այն անձինք, ովքեր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են կրոնական համոզմունքների կամ հայացքների պատճառով Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան միջազգային պարտավորությունները ստանձնելու պահից մինչեւ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի ընդունումը, պետք է օրենքի ուժով ճանաչվեն դատվածություն չունեցող:

Բացի այդ, այն անձինք, ովքեր «Այլընտրանքային ծառայություն անցնելու մասին» ՀՀ գործող օրենքի ընդունումից հետո դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցագործությունների կատարման համար, լիազոր մարմնի եզրակացության հիման վրա պետք է ճանաչվեն դատվածություն չունեցող, իսկ նրանք, ովքեր սույն օրենքի օրինական ուժի մեջ մտնելու պահին դեռեւս շարունակում են պատիժ կրել, պետք է հնարավորություն ունենան անցնելու այլընտրանքային ծառայության: Ընդ որում, այս դեպքերում նրանց այլընտրանքային ծառայության ժամկետը նվազեցվում է քրեական պատիժ կրելու կամ քրեական հետապնդման ենթարկվելու արդյունքում անազատության մեջ գտնվելու ժամկետով: Նույնանման կարգավորում է սահմանվում նաեւ այն անձանց վերաբերյալ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են վերոնշյալ արարքների կատարման համար:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ունենալ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանող օրենք, որը գործնականում հնարավորություն կտա այլընտրանքային ծառայության անցնել այն անձանց, ում կրոնական հայացքները կամ համոզմունքները հակասում են պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմաններին: