Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «տարիքի հասնելը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով.
2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «գ» կետով.
«գ) եթե ամուսնացող անձը 16 կամ 17 տարեկան է, ապա ամուսնացող անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի՝ նոտարական կարգով հաստատված կամ ՔԿԱԳ մարմնում տրված գրավոր համաձայնությունը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
2. Սույն օրենքը չի տարածվում այն ամուսնությունների վրա, որոնց պետական գրանցման համար ներկայացված դիմումները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ստացվել են մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿՏԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց եւ կանանց միջեւ գենդերային հավասարությունը ապահովելու եւ անչափահասների շահերը պաշտպանելու համար:
Մասնավորապես.
1. «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» ՄԱԿ-ի 1979թ. դեկտեմբերի 18-ի կոնվենցիայի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները՝ վերացնելու կանանց նկատմամբ խտրականությունն ամուսնությանն ու ընտանեկան հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերում եւ, մասնավորապես, տղամարդկանց ու կանանց հավասարության հիման վրա ապահովում են. (ա) ամուսնության միեւնույն իրավունքը»: Բացի այդ, նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Երեխայի նշանադրությունն ու ամուսնությունն իրավաբանական ուժ չունեն, եւ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ, ներառյալ՝ օրենսդրական, միջոցներն ամուսնական նվազագույն տարիք սահմանելու եւ ամուսնությունների գրանցումը պաշտոնական գրանցամատյաններում պարտադիր դարձնելու նպատակով:»:
2. «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989թ. նոյեմբերի 20-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն. «Սույն Կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ:».
3. «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն. «Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:»:
4. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչեւ տասնութ տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:»:
5. ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանված տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ:
Նշված կոնվենցիաների եւ օրենսդրական ակտերի համալիր մեկնաբանությունը ցույց է տալիս, որ՝
1) օրենքով պետք է նախատեսվի ամուսնության նվազագույն տարիք.
2) այդ տարիքը, որպես կանոն, պետք է լինի 18 կամ բարձր.
3) ամուսնական նվազագույն տարիքը տղամարդու եւ կնոջ համար պետք է նույնը լինի.
4) օրենքով կարող է սահմանվել երեխայի չափահասության վրա հասնելու այլ տարիք, որի հիմք կարող է դիտվել նաեւ ամուսնությունը, սակայն այդ տարիքը չի կարող 16-ից ցածր լինել:
Ուսումնասիրվել է նաեւ միջազգային պրակտիկան: Այսպես, որոշ երկրներում ամուսնական նվազագույն տարիքը 18-ն է՝ առանց բացառությունների (Բելառուս, Կիպրոս, Ֆրանսիա, Ուկրաինա): Որոշ երկրներում ամուսնական տարիք սահմանված է 18-ը, սակայն ծնողների կամ դատարանի համաձայնությամբ այդ տարիքը կարող է ավելի ցածր լինել (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Հունաստան, Իտալիա, Լատվիա, Նորվեգիա, Սերբիա):
2. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ներկայումս ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկան տարիքի հասնելը: Վերը նշվածից բացառություններ օրենքով նախատեսված չեն:
3. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Սույն նախագծերի փաթեթով կարգավորվում է գենդերային հավասարության խնդիրը` այսինքն` եւ կանանց, եւ տղամարդկանց համար սահմանվում է միեւնույն ամուսնական տարիքը: Միաժամանակ, նախագծով հավասարապես եւ կնոջ, եւ տղամարդու համար սահմանվում են ամուսնական տարիքի բացառություններ, մասնավորապես, նախատեսվում է, որ անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է վերջինիս ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Ամուսնությունը 16 տարեկանում եւս թույլատրվում է, եթե կա անչափահասի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը եւ ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
4. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Ներկայացված նախագծով կվերացվի, ամուսնության կնքման համար, կանանց եւ տղամարդկանց համար սահմանված տարիքային տարբերությունը: Բացի այդ նախագծով հավասարապես եւ կնոջ, եւ տղամարդու համար կսահմանվեն ամուսնական տարիքի բացառություններ, մասնավորապես, կսահմանվի, որ անձը կարող է ամուսնանալ նաեւ 17 տարեկանում, եթե առկա է վերջինիս ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Ամուսնությունը 16 տարեկանում ամուսնացողի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ եւս հնարավոր կլինի, եթե ամուսնացող մյուս անձի 18 տարին լրացած լինի: