Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թ. նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի 21-րդ հոդվածում՝
1) երկրորդ պարբերությունից հետո լրացնել շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր երրորդ եւ չորրորդ պարբերություններով.
«Սույն հոդվածի իմաստով բացառիկ դեպք է համարվում հուշարձանի ոչնչացման սպառնալիքը:
Հանրապետական կամ տեղական նշանակության հուշարձանները փոփոխելուց կամ տեղափոխելուց առաջ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կազմակերպում է տեղական հանրաքվե: Հանրապետական կամ տեղական նշանակության հուշարձանների փոքր բեկորների տեղափոխումից կամ փոփոխումից առաջ Հանրապետության կառավարությունը կազմակերպում է հանրային լսումներ՝ ներգրավելով անկախ մասնագետների, շահագրգիռ անձանց եւ հուշարձանի գտնվելու վայրի համայնքի բնակիչներին:»
2) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Հուշարձանների տեղափոխման եւ փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության եւ հանրաքվեի արդյունքների հիման վրա:»
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1.1 Իրավական ակտի անհրաժեշտությունը. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակն է կարգավորել ոլորտում առկա բացը, այն է՝ հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխման, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխման բացառիկ դեպքի, ինչպես նաեւ այդ հուշարձանները տեղափոխելու կամ փոփոխելու դեպքում հուշարձանի՝ իր սկզբնական գտնվելու վայրի համայնքի բնակչության կամքը հաշվի առնելու՝ լիազոր մարմնի պարտականության սահմանման բացակայությունը:
1.2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունել է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ 1169-Ա որոշումը: Ըստ այդ որոշման` հանրապետության տարբեր մարզերից Երեւան պետք է տեղափոխվեն պատմության եւ մշակույթի 63 անշարժ հուշարձաններ: Թվով 51 հուշարձաններ արդեն իսկ տեղափոխվել են Երեւան:
Կառավարության նշված որոշումը գիտական շրջանակներում, մասնագետների եւ քաղաքացիների շրջանում առաջացրել է լուրջ դժգոհություն գրեթե բոլոր այն տեղերում, որտեղից պետք է տեղափոխվեին կամ արդեն տեղափոխվել են պատմամշակույթային հուշարձանները:
Մշակույթի ոլորտի պատասխանատուները պնդում են, որ նախ, դրանք հուշարձաններ չեն, այլ «բեկորներ» եւ երկրորդ, որ դրանք տեղափոխվել են վերանորոգման եւ վերականգնման համար: Օրեր առաջ կազմակերպվել էր մամուլի ասուլիս, որի ժամանակ տեղեկացանք, որ խոսքը բեկորների մասին չի գնում, այլ ամբողջական հուշարձանների, որանց վրա որեւէ նորոգման կարիք իրականում չկա:
Փաստ է նաեւ այն, որ պատմամշակութային հուշարձանն էապես կորցնում է իր գիտական, մշակութային եւ հոգեւոր նշանակությունը, երբ իր գտնվելու վայրից տեղափոխվում է այլ վայր:
1.3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Կառավարության վերոնշյալ որոշումը ոչ մի կերպ չի նպաստում տարածքային համաչափ զարգացմանը, Երեւան քաղաքի բեռնաթափմանը, ինչպես նաեւ Երեւանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովմանը, քանի որ կառավարության նախաձեռնությամբ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման դեպքում կնվազի տուրիստների հոսքը դեպի մարզեր, որոնք այցելում էին պատմական վայրեր` նպատակ ունենալով տեսնել պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները իրենց գտնվելու պատմական վայրերում: Մյուս կողմից, մարդիկ, ովքեր ավանդույթի ուժով ուխտի են գնացել մարզերում գտնվող պատմական վայրեր, այլեւս չեն կարող գնալ այնտեղ, որտեղից բացակայում են ուխտատեղի հիմնական սրբությունները:
Սույն նախագծով սահմանվում է հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխման, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխման բացառիկ դեպքերի հասկացությունը եւ նախատեսվում է լիազոր մարմնի՝ հուշարձանները տեղափոխելու կամ դրանք փոփոխելու դեպքում տեղական հանրաքվե անցկացնելու, իսկ այդ հուշարձանների համեմատաբար փոքր բեկորների տեղափոխման կամ փոփոխման դեպքում՝ հանրային լսումներ կազմակերպելու պարտականությունը:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան են հանդիսանում հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանների տեղափոխման, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխման հետ կապված իրավահարաբերությունները:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդումնան արդյունքում գործելու է լիազոր մարմնի կողմից հանրապետական եւ տեղական նշանակության հուշարձանները տեղափոխելու կամ դրանք փոփոխելու ժամանակ հասարակական կարծիքը հաշվի առնելու մեխանիզմ, ինչի արդյունքում կբացառվեն հետագա տարընթերցումները, անհամաձայնությունները եւ բախումները: