Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի`
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
Անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողություններ | ||
ա) 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար | ||
բ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար | ||
գ) 16 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար | ||
դ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար | ||
ե) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը մինչեւ երկու տարի ժամկետով երկարաձգելու համար | ||
զ) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար | ||
է) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի վավերականության ընդհանուր ժամկետը եւ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար | ||
ը) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար՝ անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ | ||
թ) ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար | ||
ժ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար | ||
ժա) հյուպատոսական հաշվառման վերցնելու համար | ||
ժբ) հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար |
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ կետում՝ «քաղաքացու անձնագիր» բառերից հետո լրացնել «(բացառությամբ կենսաչափական)» բառերը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օերնքի նախագծի ընդունման մասին
Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ էլեկտրոնային անձնագրեր պետք է տրամադրեն նաեւ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանությունները եւ հյուպատոսական հիմնարկները: Քանի որ վերջիններիս կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների եւ կատարվող գործողությունների դրույքաչափերը սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով, հետեւաբար անհրաժեշտ է այդ հոդվածում սահմանել նոր ծառայության տեսակը եւ նախատեսել համապատասխան դրույքաչափ:
Բացի այդ հոդվածում առկա են ոչ արդիական կետեր, ենթակետեր, որոնք անհրաժեշտ է վերացնել կամ փոփոխել՝ համապատասխանեցնելով ՀՀ օրենսդրությանը, սահմանված կարգերին:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Գործող օրենքի 15-րդ հոդվածում էլեկտրոնային անձնագրեր տրամադրելու համար պետական տուրքի դրույքաչափ սահմանված չէ:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Նախագծով առաջարկվում է հյուպատոսական հաշվառման կանգնելու կամ հաշվառումից դուրս գալու համար պետական տուրքը սահմանել 0 դրամ:
Այս հարցում վարվող պետական քաղաքականությունն այն է, որ ՀՀ օրենսդրության մեջ անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք կապահովեն հյուպատոսական հաշվառման երկու կարեւորագույն սկզբունք
ա) անվճար լինելը, ինչը հնարավորություն կտա մարդկանց հյուպատոսական հաշվառման կանգնել հեռակա՝ փոստային եւ էլեկտրոնային միջոցներով:
բ) կամավոր լինելը, ինչը դեռեւս ենթակա է բազմակողմանի եւ խորը քննարկման: Մանրամասները տես հաջորդ բաժնում:
Կարգավորման նպատակը եւ բնույթը
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու համար, պետական տուրքը 65,000 ՀՀ դրամ
Հիմնավորում: ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսական հիմնարկներում ՀՀ քաղաքացու օտարերկրյա պետություններում 5 տարով վավերական սովորական անձնագրի (այսուհետ՝ սովորական անձնագիր) պետական տուրքը գործող օրենքով սահմանված է 65,000 ՀՀ դրամ, այն դեպքում երբ նույն անձնագիրը ՀՀ տարածքում տրամադրելու դեպքում պետական տուրքը կազմում է 1,000 ՀՀ դրամ գումարած 5 տարվա վավերականությունը՝ 5,000 ՀՀ դրամ, ընդամենը՝ 6,000 ՀՀ դրամ:
ՀՀ տարածքում կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր (այսուհետ՝ էլեկտրոնային անձնագիր) տալու համար պետական տուրքը սահմանվել է 25,000 ՀՀ դրամ (տես՝ ՀՀ օրենք 30.11.2011 ՀՕ-302-Ն):
Սույն նախագծով առաջարկվում է էլեկտրոնային անձնագրերի համար նույնպես պահպանել 65,000 դրամ դրույքաչափը:
Առաջարկվող դրույքաչափի տրամաբանությունը կայանում է հետեւյալում.
1. Էլեկտրոնային անձնագրի նոր դրույքաչափը սովորական անձնագրի դրույքաչափի համեմատ կլինի առավել հիմնավորված եւ արդարացված, քանի որ այն ունի ավելի բարձր ինքնարժեք եւ, միաժամանակ, անձնագրի տիրոջը տալիս է մի շարք երկրներում հեշտացված վիզային ռեժիմներից օգտվելու հնարավորություն:
2. Սովորական եւ էլեկտրոնային անձնագրերի համար միեւնույն դրույքաչափը սահմանելով քաղաքացիներն առավել մոտիվացված կլինեն ձեռք բերել էլեկտրոնային անձնագրեր, ինչն էլ կնպաստի էլեկտրոնային անձնագրերի ներդրման գործընթացի արագացմանը:
3. Առաջարկվող դրույքաչափը չի տարբերվում սովորական անձնագրի դրույքաչափից, հետեւաբար էլեկտրոնային անձնագիր ձեռք բերել ցանկացողների համար նոր ֆինանսական բեռ չի ստեղծվում:
բ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու
կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տալու համար, պետական տուրքը 30,000 ՀՀ դրամ
Հիմնավորում: Առաջարկվում է 16 տարին չլրացած քաղաքացիների համար էլեկտրոնային անձնագրի դրույքաչափը սահմանել ավելի պակաս՝ 30,000 ՀՀ դրամ, քանի որ, վերջիններիս էլեկտրոնային անձնագրերը տրամադրվելու են 3 տարի ժամկետով՝ ի տարբերություն 16 տարին լրացած քաղաքացիների, որոնց էլեկտրոնային անձնագրերը տրամադրվելու են 5 տարի ժամկետով: Բացի այդ, այսպիսով փոքր ինչ կթեթեւանա անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների ֆինանսական բեռն էլեկտրոնային անձնագրեր ձեռք բերելու դեպքում:
գ) օտարերկրյա պետություններում վավերական Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար, պետական տուրքը 65,000 ՀՀ դրամ
Հիմնավորում: Ձեւակերպումից հանվել է «կամ փոխանակելու» արտահայտությունը, քանի որ «անձնագիր տալը» արտահայտությունը նշանակում է նաեւ փոխանակելու արդյունքում տալ, բացի այդ, օրենքի 14-րդ հոդվածում նույնպես նշված է առաջարկվող ձեւակերպումը:
դ) 16 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տալու համար, պետական տուրքը 30,000 ՀՀ դրամ
Հիմնավորում: Գործող օրենքում նշված է «անձնագիրը փոխանակելու» համար, ինչը նշանակում է, որ 16 տարին չլրացած քաղաքացու դեպքում առաջին անգամ անձնագիր ստանալիս կիրառվում է բարձր՝ 65,000 ՀՀ դրամ դրույքաչափը, իսկ հետագա փոխանակումների ժամանակ՝ 25,000 ՀՀ դրամ:
Նախագծով առաջարկվում է նոր ձեւակերպում՝ «անձնագիր տալու համար», ասյինքն 16 տարին չլրացած քաղաքացիներին անձնագրավորելիս չտարանջատել առաջին անգամ ստացողներին եւ փոխանակողներին, այլ սահմանել մեկ միասնական դրույքաչափ՝ 30,000 ՀՀ դրամ:
Գործող հոդվածում «գ» եւ «դ» ենթակետեր՝
- «Կորցրածի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տալու համար», պետական տուրքը 75,000 ՀՀ դրամ
- «Այլ դեպքերում կորցրածի փոխարեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար», 35,000 ՀՀ դրամ
Հիմնավորում: Նախագծով առաջարկվում է ընդհանրապես վերացնել այս երկու ենթակետերը, այսինքն բոլոր դեպքերում կիրառել միեւնույն դրույքաչափը՝ դա չկապելով նոր անձնագիր ստանալու անհրաժեշտության պատճառի հետ: Այսինքն դրույքաչափի սահմանման առումով տարանջատում չդնել, թե քաղաքացին ինչու է դիմում անձնագիր ստանալու համար՝ կորցնելու արդյունքում, անձնագիրը ֆիզիկապես մաշվելու, թե ուղղակի՝ իր ցանկությամբ:
Նշենք նաեւ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում անձնագիր ստանալու համար պետական տուրքը բոլոր դեպքերում նույնն է (տես՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված), հետեւաբար նախագծի ընդունումով կապահովվի նաեւ միասնական կոնոններ կիրառելու սկզբունքը՝ անկախ ՀՀ քաղաքացու գտնվելու եւ նույն տեսակի ծառայության համար դիմելու վայրից:
է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար՝ անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ, պետական տուրքը 30,000 ՀՀ դրամ
Հիմնավորում: Առաջարկվում է «..., եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով» ձեւակերպումը փոխարինել. «...՝ անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ» ձեւակերպմամբ:
Որպեսզի պարզվի, թե արդյոք անձնագրի տիրոջ մեղքով է անձնագիրը կորել, թե ոչ դիմողը պետք է ներկայացնի իր մեղքը բացառող հիմնավոր փաստարկ՝ փաստաթուղթ կամ անհերքելի փաստ այն մասին, որ ինքը հանդիսանում է արտակարգ իրավիճակի (բնական կամ տեխնածին աղետ, պատերազմ), դժբախտ պատահարի (հրդեհ, ճանապարհա-տրանսպորտային պատահար) կամ հանցագործության (կողոպուտ, ավազակային հարձակում, գողություն) զոհ:
Հաշվի առնելով «ը» ենթակետի առկայությունը՝ առաջարկվում է վերացնել «մեղքի որոշման» դրույթը, քանի որ ՀՀ ԱԳՆ նպատակահարմար չի գտնում քաղաքացու անձնագրի կորստյան համար մեղավոր լինել-չլինելու հարցի որոշման լիազորությունը թողնել պաշտոնատար անձանց վրա կամ դա պայմանավորել այս կամ այն տեղեկանքի առկայությամբ:
Պետական տուրքի մասով առաջարկվում է դրույքաչափը բարձրացնել 30,000 ՀՀ դրամ՝ գործող 25,000 ՀՀ դրամի փոխարեն: Անձնագրի կորստով ՀՀ վերադարձի վկայական ստանալու համար դիմելու ճնշող մեծամասնությունը այն դեպքերն են, երբ քաղաքացիները դիտավորյալ չեն ներկայացնում իրենց անձնագրերը, քանի որ այնտեղ առկա են սահմանված կարգի խախտմամբ կատարված նշումներ (օրինակ՝ վավերականության երկարաձգում) կամ բացահայտում են այլ պետությունների միգրացիոն կամ վիզային ռեժիմների խախտման փաստեր:
Օբյեկտիվ պատճառներով անձնագիրը կորցնելու դեպքերը խիստ սակավաթիվ են:
«եթե առկա չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ» ձեւակերպման նպատակն է սույն ենթակետը առավել համահունչ դարձնել հաջորդ՝ «ը» ենթակետի հետ:
ը) ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար, պետական տուրքը 10,000 ՀՀ դրամ
Հիմնավորում: Ավելացվել է «կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի» արտահայտությունը, քանի որ համաձայն «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի նույնականացման քարտը նույնպես հանդիսանում է ՀՀ քաղաքացու ինքնությունը եւ ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ: Այդպիսի փաստաթուղթ կարող է հանդիսանալ նաեւ ՀՀ քաղաքացու զինվորական գրքույկը: Այս դեպքի համար ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող փաստաթղթերի սպառիչ ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության 24.03.2011թ. ? 297-Ն որոշմամբ:
թ) միջազգային պայմանագրերով նախատեսված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար, պետական տուրքը 0 ՀՀ դրամ
Հիմնավորում: «թ» կետում ավելացվել է «միջազգային պայմանագրերով նախատեսված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» ձեւակերպումը, որի նպատակն է ամրագրել, որ այն դեպքերում, երբ տվյալ պետության հետ Հայաստանի Հանրապետությունը կնքել է ռեադմիսիայի կամ իրավական փոխօգնության մասին պայմանագիր, ապա այդ պայմանագրերի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է անվճար:
Բացի այդ, անհրաժեշտ է ՀՀ կառավարության 24.03.2011թ. ? 297-Ն որոշման մեջ կատարել ավելացում եւ հստակ սահմանել նախատեսվող բոլոր դեպքերը: Օրինակ, մինչեւ 16 տարեկան այն ՀՀ քաղաքացիները, որոնք սահմանված կարգով չեն անձնագրավորվել, սակայն ՀՀ վերադառնալու անհետաձգելի պահանջ է առաջացել: Այդպիսի դեպքեր կարող են համարվել նաեւ օտարերկրյա պետության կալանավայրերից ազատված ՀՀ քաղաքացիները, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան:
ժ) հյուպատոսական հաշվառման վերցնելու համար, պետական տուրքը 0 ՀՀ դրամ
ժա) հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար, պետական տուրքը 0 ՀՀ դրամ
Հիմնավորում: Հյուպատոսական հաշվառման կանգնելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կողմից մշակվում է համապատասխան օրենսդրական բարեփոխումների փաթեթ: Բարեփոխումների հիմնական եւ գլխավոր սկզբունքն այն է, որ քաղաքացիների կողմից հյուպատոսական հաշվառման կանգնելը պետք է լինի անվճար:
ՀՀ ԱԳՆ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կամավորության եւ անվճարության սկզբունքով են առաջնորդվում աշխարհի գրեթե բոլոր առաջադեմ պետությունները:
Անվճար լինելը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել հյուպատոսական հաշվառման գործընթացը՝ քաղաքացիներին հնարավորություն ընձեռելով հաշվառման կանգնել հեռակա՝ համապատասխան էլեկտրոնային համակարգերի միջոցով: Այդպիսի էլեկտրոնային համակարգը, որը կոչվելու է «Էլեկտրոնային հյուպատոսարան» այժմ գտնվում է մշակման փուլում:
Անվճար եւ առավել հասանելի լինելը խիստ կարեւոր պայման է եւ միայն դրա շնորհիվ հնարավոր կլինի խրախուսել ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման՝ ապահովելով ՀՀ բնակչության պետական ռեգիստրի ամբողջականությունն ու միասնականությունը:
Ըստ էության, դրույքաչափը առաջարկելով 0, կարելի էր ընդհանրապես այս գործողությունը չներառել օրենքում, սակայն գտնում ենք, որ դրանց առկայությունը օրենքում կարեւոր է քանակական հաշվառում վարելու, հաշվետվություններում արտացոլելու եւ մյուս հյուպատոսական ծառայությունների եւ գործողությունների հետ միասին ուսումնասիրություններ, վերլուծություններ եւ համապատասխան եզրահանգումներ կատարելու առումով:
2. Միջնորդագրերի ձեւակերպում
ա) օտարերկրյա պետություններում մշտական բնակության թույլտվություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջնորդագրերը ձեւակերպելու համար
Նախագծով առաջարկվում է ընդհանրապես հանել այս կետը, քանի որ որեւէ իրավական ակտով նման գործառույթի իրականացում նախատեսված չէ:
26 հոդվածի 3-րդ կետ՝ արտոնությունների սահմանում.
Հիմնավորում: Նախագծով առաջարկվում է 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստանալու համար արտոնությունը տարածել միայն սովորական անձնագրերի վրա՝ սահմանելով բացառություն կենսաչափական անձնագրերի համար: Գործող օրենքում այս դեպքի համար արտոնության առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետությունը կարեւորում է ՀՀ քաղաքացու առաջին անգամ անձնագիր ստանալու պահը, որն էլ արտահայտվել է անվճար տրամադրումով: Քանի որ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքով կենսաչափական անձնագիրը քաղաքացին ստանում է կամավոր՝ անկախ տարիքից եւ ամենակարեւորը այն չի հանդիսանում ՀՀ քաղաքացու անձը հաստատող հիմնական եւ անհրաժեշտ միակ փաստաթուղթ, ինչպես սովորական անձնագիրն էր, այլ անհրաժեշտ է միայն ճամփորդելու համար, այս փաստաթղթի դերն ու նշանակությունը լրիվ այլ է: Հետեւաբար, արտոնություն սահմանելու վերը նշված մոտեցումը այս դեպքում արդիական չէ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ ԱԳՆ կողմից
Ակնկալվող արդյունքը
1. Պետական տուրքի համապատասխան դրույքաչափերի սահմանում
2. Հյուպատոսական հաշվառման խնդիրը կանոնակարգելու համար իրավական հիմքի ստեղծում
3. Օրենքի ոչ արդիական դրույթների վերացում