Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-190-28.12.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ, 197-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 158. Հեղինակային  իրավունքը եւ հարակից իրավունքները խախտելը

1. Ուրիշի ստեղծագործությունից հատվածներ քաղելը, առանց դրանց ստեղծագործական վերամշակման եւ առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման եւ որպես իրենը ներկայացնելը կամ ուրիշի ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը, եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով`

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանքով `  առավելագույնը մեկ ամիu ժամկետով:

2. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտը շահույթ ստանալու նպատակով ապօրինի օգտագործելը, ինչպես նաեւ իրացնելու նպատակով հնչյունագրերի, տեսալսողական կամ այլ ստեղծագործությունների  կեղծ  կամ նմանակված օրինակներ ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, եթե այդ արարքը  կատարվել է զգալի  չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) պաշտպանության տեխնիկական միջոցների շրջանցմամբ,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) օրենքով սահմանված կարգով ստացված դրոշմապիտակները դրանց օգտագործման համար չնախատեսված ստեղծագործությունների կրիչների վրա փակցնելով,

4) խոշոր չափերով,

5) ինտերնետ կամ հեռահաղորդակցության այլ ցանցերում`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքը համարվում է կատարված զգալի չափերով, եթե այդ հնչյունագրերի, տեսալսողական կամ այլ ստեղծագործությունների  օրինակների, հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի ընդհանուր արժեքը (գինը) հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) կազմում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկը:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը համարվում է կատարված խոշոր չափերով, եթե այդ հնչյունագրերի, տեսալսողական կամ այլ ստեղծագործությունների  օրինակների, հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության պայմանագրի ընդհանուր արժեքը (գինը) հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) գերազանցում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի  երկուհայրուրապատիկը:

Հոդված 197. Ապրանքային նշանը, սպասարկման նշանը,  աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը, ապօրինի օգտագործելը

1. Ապրանքային նշանը, սպասարկման նշանը, աշխարհագրական նշումը, ծագման տեղանունը, ապօրինի օգտագործելը կամ դրանց շփոթելու աստիճան նման նշաններ, անուններ, անվանումներ ապօրինի օգտագործելը, ինչպես նաեւ իրացնելու նպատակով դրանցով մակնշված կեղծ ապրանքներ ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը, եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համարվում է զգալի չափերով կատարված, եթե այդ ապրանքների կամ օգտագործելու թույլտվության իրավունքի ընդհանուր արժեքը (գինը) իրավատիրոջ մոտ նշված գներով (չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) կազմում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը համարվում է կատարված խոշոր չափերով, եթե այդ ապրանքների կամ օգտագործելու թույլտվության իրավունքի ընդհանուր արժեքը (գինը) իրավատիրոջ մոտ նշված գներով (չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) գերազանցում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհայրուրապատիկը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 192-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «197-րդ,» թիվը:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ Նախագահի 06.05.09թ. ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատված եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ միջոցառումների ցանկի 110-րդ տողի «Դ» խմբի 20-րդ միջոցառման կատարումն ապահովելու նպատակով: Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է նաեւ մտավոր սեփականության ոլորտում մի շարք միջազգային պայմանագրերի պահանջներից: Կեղծարարության եւ հենության համար համարժեք պատժամիջոցների սահմանումը եւ կիրառումը նախատեսված են ՀՀ վարչապետի 10.08.2011թ. թիվ 763-Ա որոշմամբ հաստատված ՀՀ եւ ԵՄ միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի Համաձայնագրի բանակցությունների մեկնարկի ապահովման նպատակով իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ռազմավարությամբ եւ Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության իրավունքների համակարգի բարեփոխումների գործողությունների ծրագրով: Նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրի 48-րդ կետի պահանջով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վերջին տարիների պրակտիկայի, ինչպես նաեւ միջազգային փորձի եւ եվրոպական ու ԱՊՀ մի շարք երկրների համապատասխան ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրությունները վկայում են, որ գործող ՀՀ քրեական օրենսգիրքը մտավոր սեփականության ոլորտում առկա եւ կատարվող ոչ բոլոր հանցազմերի համար է նախատեսում անհրաժեշտ պատասխանատվություն, իսկ շատ դեպքերում` նախատեսված պատժաչափերը անհամաչափ են կատարված հանցագործությունների բնույթին:

Ներկայումս մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ արտադրված ապրանքների անօրինական շրջանառությունը գնալով նոր թափ է ստանում, եւ դրա հանրորեն բարձր վտանգավորությունը պայմանավորված է նրանով, որ.

խախտվում են ստեղծագործողների եւ կատարողների սահմանադրական հեղինակային եւ հարակից իրավունքները,
խախտվում են օգտագործողների (օրինական հիմունքներով արտադրող եւ ներմուծող կազմակերպություններ) իրավունքները, որոնք վճարել են մտավոր սեփականության իրավունքի թույլտվություն ստանալու համար,
առկա է ստվերային չհաշվառվող ֆինանսական միջոցների շրջանառություն, որի պատճառով պետությունը կորուստներ է կրում չվճարվող հարկերի մասով:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Օրենքների ընդունման արդյունքում գործող քաղաքականության մեջ, ըստ էության, փոփոխություններ չեն ակնկալվում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Հաշվի առնելով վերը նշվածը եւ ելնելով մտավոր սեփականության իրավատերերի շահերից` ներկայացված նախագծով ՀՀ քրեական օրենսքրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում հստակեցվել է հեղինակությունը յուրացնելու հասկացությունը` այն սահմանելով որպես գրագողություն, որի բնորոշումը տրված է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 4-րդ մասում, իսկ հեղինակային կամ հարակից իրավունքի oբյեկտն ապoրինի oգտագործելը նախատեսվել է հոդվածի 2-րդ մասով: Նման տարանջատման արդյունքում գրագողության դեպքերով քրեական գործերը կհարուցվեն տուժողի բողոքի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի  համաձայն, իսկ ապօրինի օգտագործման դեպքերով քրեական գործերը` ընդհանուր ընթացակարգով, ինչով կլուծվի նաեւ ՀՀ ոստիկանությանը ի պաշտոնե գործողություններ իրականացնելու լիազորությունների (ex-officio) տրամադրման հարցը:

Առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը շահույթ ստանալու նպատակով տեսաձայնային մագնիսական կրիչի վրա ձայնագրելը, տարածելը եւ (կամ) վաճառելը առաջարկվել է հանել, քանի որ ապօրինի օգտագործելու հասկացությունը համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 13-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների արդեն իսկ  ներառում է ձայնագրելը (վերարտադրելը), տարածելը, վաճառելը, իսկ շահույթ ստանալու նպատակը, որպես դիտավորության ֆակուլտատիվ հատկանիշ, չի հանդիսանում ծանրացնող հանգամանք: Ինչ վերաբերում է մագնիսկան կրիչ հասկացությանը, ապա այն առհասարակ ժամանակավրեպ է. դրան ներկայումս փոխարինելու են եկել թվային, օպտիկական, էլեկտրոնային կրիչները:

Իրացնելու նպատակով հնչյունագրերի, տեսալսողական կամ այլ ստեղծագործությունների կեղծ (կոնտրաֆակտ) օրինակներ ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար  պատասխանատվության նախատեսումը հանդիսանում է հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների ապօրինի օգտագործման արդյունքում ստեղծված կեղծ ապրանքների շրջանառության դեմ արդյունավետ պայքարի լուրջ քրեաիրավական լծակ: Նախագծում շեշտը դրվել է ոչ թե կրիչի տեսակի, այլ բովանդակության վրա, եւ կարեւորելով հնչյունագրերն ու տեսագրությունները` չեն անտեսվել նաեւ հեղինակային իրավունքի մյուս օբյեկտները, որոնք ունեն օբյեկտիվ արտահայտված ձեւ, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձեւը` համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին»  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի:

Որպես հանցանքը ծանրացնող նոր հանգամանք է նախատեսվել է նաեւ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը ինտերնետ կամ հեռահաղորդակցության այլ ցանցերում կատարելը:

Հաշվի առնելով, որ գործող խմբագրությունում 158-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված արաքի չափի որոշման մեխանիզմները վերաբերում են բացառապես տեսաձայնային մագնիսական կրիչների օրինակներին եւ չեն տարածվում հեղինակային եւ հարակից իրավունքի մյուս օբյեկտների վրա, նախագծով առաջարկվել է հստակեցնել հաշվարկման մեխանիզմը եւ այն տարածել նաեւ այլ ստեղծագործությունների օրինակների վրա` տարանջատելով օրինակների արժեքը (գինը) եւ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի ընդհանուր արժեքը (գինը):

Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածում ընդլայնվել է մտավոր սեփականության օբյեկտների շրջանակը, որոնց ապօրինի օգտագործման համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Առաջարկվող փոփոխությամբ պատասխանատվություն է նախատեսվել ոչ միան նույնական այլ նաեւ շփոթելու աստիճան նման նշաններ, անուններ, անվանումներ օգտագործելու համար, ինչը բխում է «Ապրանքային նշանների մասին», «Ֆիրմային անվանումների մասին», «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքների պահանջներից:

Նախագծով նախատեսվել են նաեւ արարքը որակյալ դարձնող հանգամանքներ, հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսվել են արարքի զգալի եւ խոշոր չափերը հաշվարկելու հստակ մեխանիզմներ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ իրավաբանական վարչության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կուժեղացվի հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից: Բացի այդ, ՀՀ-ում հենության (պիրատության) աստիճանը նվազեցնելու կարեւորագույն օրենսդրական հիմքը ՀՀ քրեական օրենսգրքում պատասխանատվություն նախատեսող հոդվածների առկայությունն է, առանց որոնց մտավոր սեփականության պաշտպանությունը միայն քաղաքացիաիրավական ընթացակարգերով կլինի թերի:

ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որպես բարեփոխումներ, կնպաստեն նաեւ ՀՀ-ԵՄ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրի կնքման ուղղությամբ բանակցությունների արդյունավետությանը: