Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-196-22.01.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ (այսուհետ՝ Օրենսգիրք) հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «վարչական ակտը» բառերից հետո լրացնել «վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում «միայն նյութական իրավունքի խախտման հիմքով» բառերը փոխարինել «նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հիմքով» բառերով:

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1.1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Սույն իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ու 141-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

1.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք։» 19-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաեւ իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ եւ անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք»: Սահմանադրության այս երկու հոդվածները հանդիսանում են անձի՝ դատական պաշտպանության իրավունքի իրականացման երաշխիքներ: Այնուամենայնիվ, ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը նախատեսելով այլեւս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու հնարավորություն, չի նախատեսում վարչական մարմնի գործողությունը եւ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու հնարավորություն, եւ այդ մասով, համաձայն ՀՀ Սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 22-ի ՍԴՈ-942 որոշման, 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը ճանաչվել է Սահմանադրության 18 եւ 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:

Նույն կերպ 2011 թվականի փետրվարի 08-ի ՍԴՈ-936 որոշմամբ Սահմանադրական դատարանը ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ եւ 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր է ճանաչել օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասը՝ այն մասով, որով արգելափակվում է անձի իրավունքը` դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով բողոքարկելու նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտը:

1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Սույն նախագծով առաջարկվում է նախատեսել վարչական դատարանի՝ վարչական մարմնի գործողությունը եւ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու հնարավորություն, ինչպես նաեւ անձի՝ նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտի բողոքարկման հնարավորություն թե՛ նյութական, թե՛ դատավարական իրավունքի խախտման հիմքով:

2. Կարգավորման առարկան. Օրինագծի կարգավորման առարկան են անձի դատական պաշտպանության իրավունքի հետ կապված իրավահարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Սույն նախագծի ընդունման արդյունքում ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ու 141-րդ հոդվածի 1-ին մասը կհամապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը: