Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7291-11.09.2020-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից կամ անցկացվող վարժական հավաքից խուսափելը` այդ զորակոչից տարկետում ստանալու կամ ծառայությունից կամ վարժական հավաքից ազատվելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում`
պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը վեց տարի ժամկետով:».

2) 2-րդ մասում «մեկից հինգ» բառերը փոխարինել «երեքից յոթ» բառերով.

3) 3-րդ մասում`

ա. «դրության» բառից հետո  «,» կետադրական նշանը հանել եւ լրացնել նոր «կամ» բառը,

բ. «ժամանակ» բառից հետո հանել «կամ մարտի պարագաներում» բառերը.

4) լրացնել նոր 4-րդ մաս.

«4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափած քսանյոթ (պահեստազորի սպաները` երեսունհինգ) տարին չլրացած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, իսկ քսանյոթ (պահեստազորի սպաները` երեսունհինգ) տարին լրացած անձը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է  շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի եւ հավելավճարների չափով գումարը:

Վարժական հավաքից խուսափած անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով վճարել է սահմանված գումարը:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:                                      

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ




10  սեպտեմբերի  2020թ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,  «ՀՀ Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.

1. Օրենքի նախագիծը,

2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
Հարգանքով`  Անդրանիկ Քոչարյան
Մխիթար Հայրապետյան
Արման Բաբաջանյան