Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-197-25.01.2013-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (ասյուհետ` Օրենք) 11.1-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «կառուցվածքային հաստիքացուցակը» բառերը փոխարինել «կառուցվածքը եւ հաստիքացուցակը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի Գ խմբի «գլխավոր օպերլիազոր», Դ խմբի «ավագ օպերլիազոր» եւ «օպերլիազոր» բառերից առաջ լրացնել «տարածքային բաժնի» բառերը:

Հոդված 3 . Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Հարկային ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովը

1. Uույն oրենքով uահմանված կարգով մրցույթներ եւ ատեuտավորումներ անցկացնելու նպատակով Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ uտեղծվում է մրցութային եւ ատեuտավորման հանձնաժողով (այuուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները, կազմը, աշխատակարգը եւ անդամների թվաքանակը սահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը, իսկ Հանձնաժողովի անհատական կազմը վերադաս հարկային մարմնի ղեկավարը:

2.Հանձնաժողովի նախագահը եւ անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած պաշտոնների հետ:»:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) 8-րդ մասի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Ատեստավորումն անցկացվում է հետեւյալ եղանակներով`

1) փաստաթղթային.

2) թեստավորման եւ հարցազրույցի միջոցով, իսկ վերադաս հարկային մարմնի oպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաեւ ֆիզիկական պատրաստվածության, զենքի եւ հատուկ միջոցների տիրապետման գծով` ատեստավորման հանձնաժողովի սահմանած կարգով:»:

3) Լրացնել հետեւյալ բովանդակության նոր 9.1-րդ մասով.

«9.1 Այն հարկային ծառայողները, որոնք ծառայողական դրական բնութագրի եւ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանկահատվածում վերապատրաստման (ուսուցման) արդյունքների ընդանուր գումարով հավաքում են 80 եւ ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման: Միավորների հաշվարկն իրականացվում է վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված կարգով:

Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրի դրույթների շրջանակներում` նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

Հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքի հիման վրա կայացնում է հետեւյալ եզրակացություններից մեկը.

1) շնորհել ավելի բարձր դաuային կամ հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) ենթակա է ատեստավորման թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:

Հանձնաժողովը փաստաթղթային  ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում վերադաս հարկային մարմնի ղեկավարին է ներկայացնում կայացված համապատասխան եզրակացությունը:»:

4)  Լրացնել հետեւյալ բովանդակության նոր 9.2-րդ մասով.

«9.2. Թեստավորման եւ հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն հարկային ծառայողները`

 1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.

 2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9.1-րդ մասի երրորդ պարբերության 3-րդ կետում նշված եզրակացությունը:

Թեuտերը կազմում, հարցազրույց անցկացնում եւ արդյունքները գնահատում է Հանձնաժողովը` uույն oրենքի 18-րդ հոդվածով uահմանված կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր տարի հարկային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա են պարտադիր վերապատրաստման:

2. Հարկային ծառայողի վերապատրաստումն իրականացվում է հարկային մարմնի կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով հարկային ծառայողին դասային կոչման ներկայացնելը չի կարող հետաձգվել հարկային ծառայության անցնելուց կամ հերթական (արտահերթ) դասային կոչումն ստանալուց հետո.

1) հարկային ծառայության գլխավոր կոչումների համար՝ ավելի քան 3 տարի,

2) հարկային ծառայության ավագ կոչումների համար՝ ավելի քան 2 տարի:»:

Հոդված 7. Օրենքի 23.1-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Հարկային ծառայության առաջատար  մյուս   պաշտոններից    վերադաս հարկային մարմնի ավագ հարկային տեսուչի, վերադաս հարկային մարմնի ավագ օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի առաջատար մասնագետի, քննիչի, հետաքննիչի, տարածքային հարկային տեսչության գլխավոր հարկային տեսուչի,  տարածքային հարկային տեսչության գլխավոր մասնագետի, տարածքային բաժնի գլխավոր օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը  հարկային ծառայության 1-ին դասի խորհրդականի կամ հարկային ծառայության կապիտանի կոչումն է:

7. Հարկային ծառայության վերադաս հարկային մարմնի հարկային տեսուչի, վերադաս հարկային մարմնի օպերլիազորի, վերադաս հարկային մարմնի 1-ին կարգի մասնագետի, տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչի, տարածքային հարկային տեսչության առաջատար  մասնագետի, տարածքային բաժնի ավագ օպերլիազորի պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին սահմանը հարկային ծառայության 2-րդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումն է:»:

Հոդված 8. Օրենքի 23.1-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակության նոր 8-րդ մասով`

«8. Հարկային ծառայության կրտսեր մյուս պաշտոններին համապատասխանող հարկային ծառայության կոչումների վերին  սահմանը հարկային  ծառայության 3-րդ դասի խորհրդականի կամ հարկային ծառայության լեյտենանտի կոչումն է:»:

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) հատուկ  եւ /կամ/ դասային կոչման արտահերթ շնորհում,»:

Հոդված 10.   Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման միջոցով» բառերը:

Հոդված 11. Օրենքի 43.1-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում «աշխատակարգը,» բառից հետո լրացնել «անհատական կազմը,» բառերով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հարկային բարեփոխումների ընթացքում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում ներդրվել է հարկային ծառայողների կանոնավոր վերապատրաստման համակարգ: Մասնավորապես, որպես թիրախ է սահմանված, որ յուրաքանչյուր տարի հարկային ծառայողների առնվազն 1/3-ն պարտադիր անցնում են վերապատրաստում:

Հարկային ծառայողների վերապատրաստումը նախատեսված է 2002թ. հուլիսի 3-ի «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-407-Ն) 21-րդ հոդվածով, սակայն  վերջինս չի սահմանում խթաններ վերապատրաստված հարկային ծառայողների համար, որի անհրաժեշտությունը առկա է ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով:

Միաժամանակ, ներկայիս գործող «Հարկային ծառայության մասին»  եւ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքներով սահմանված են տարբեր մոտեցումներ հարկային եւ մաքսային ծառայողների ատեստավորման եւ մի շարք այլ հարցերում, որոնք ունեն ներդաշնակեցման կարիք:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրինագծի կարգավորման առարկան է՝ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով հարկային ծառայողների վերապատրաստման, ատեստավորման, կոչումների դասակարգման խնդիրները: Մասնավորապես նախագծով առաջարկվում է.

ա) սահմանել հարկային ծառայողների վերապատրաստման պարտադիր բնույթը,

բ) նախատեսել վերապատրաստման արդյունքների իրացման մեխանիզմ, որը հնարավորություն կտա վերապատրաստման լավ արդյունքներ արձանագրած հարկային ծառայողներին ատեստավորվել փաստաթղթային եղանակով,

գ) ներդնել հարկային ծառայողների փաստաթղթային ատեստավորման եղանակ մաքսային ծառայողների ատեստավորման կարգին համապատասխան,

դ) կարգավորել հարկային ծառայողների դասային կոչումների շնորհման (պարբերականություն, վերին սահման) հետ կապված խնդիրները,

ե) շտկել հարկային մարմնի մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովի հետ կապված, ինչպես նաեւ օրենքում առկա տերմինաբանական անհամապատասխանություններ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից եւ ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից սահմանված գործադիր իշխանության հանրապետական իրավասու մարմիններին` բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական, հակակոռուպցիոն, բյուջետային բնագավառներում պարտադիր կարգավորման ազդեցությունը գնահատելու նպատակով:

Օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն` պետական փորձագիտական եզրակացության նպատակով: Բոլոր ներկայացված առաջարկությունները ամփոփովել են (ամփոփոգիրը կցվում է):

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ օրինագծի ընդունման արդյունքում խթանվելու է հարկային ծառայողների վերապատրաստումը, ինչպես նաեւ կկիրառվեն նույնանման մոտեցումներ հարկային եւ մաքսային ծառայողների ատեստավորման, կոչումների շնորհման եւ մի շարք այլ հարցերում: