Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-155-27.11.2012,30.01.2013-ԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ԹԵՂՈՒՏԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ  Է.

1.Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով(այսուհետ` հանձնաժողով) Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության օրինականության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու միջոցով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար:

2.Հանձնաժողովի խնդիրներն են`

1) ՀՀ կառավարության կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության համար ՀՀ օրենքներին հակասող որոշումների ընդունման  ուսումնասիրությունը,

2) ՀՀ կառավարության կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման թույլտվության հետեւանքով շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին կոնվենցիայի /Օրհուսի կոնվենցիա/  ձախողման ուսումնասիրությունը,

3) ՀՀ դատական իշխանության կողմից թույլ տրված անգործության, արդարադատաության անմատչելիության վերաբերյալ ուսումնասիրությունը:

3. Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի`

1) Հանձնաժողովի որոշմամբ ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից  10-օրյա ժամկետում պահանջել եւ ստանալ Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր, տեղեկատվություն,

2) Հանձնաժողովի որոշմամբ ցանկացած պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց, ոչ ուշ, քան երեք օր առաջ, գրավոր տեղեկացնելով հանձնաժողովի կողմից բարձրացրած հարցի քննարկման մասին, պահանջել ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, տալ բացատրություններ հանձնաժողովի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ եւ պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին,

3) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ առնչություն ունեցող անձանց` ազդակիր համայնքի ներկայացուցիչների, փորձագետների, մասնագետների եւ այլոց, լսել նրանց բացատրությունները,

4) իր աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների եւ փորձագետների:

4. Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ունենալ արտագնա աշխատանքային հանդիպում-ընդունելություն ազդակիր համայնքում:

5. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական պատգամավոր Ազգային ժողովի խմբակցություններից, եւ մեկ պատգամավոր խմբակցությունների կազմում չընդգրկված պատգամավորներից:

6. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի(քարտուղարի) ներկայացմամբ:

7. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված  պատգամավորների թեկնածուներին Ազգային ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, ով բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:

8. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ եւ տեղակալ: Հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին: Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ոչ ընդդիմադիր խմբակցություններին:

9. Ազգային Ժողովի աշխատակազմը Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:

10. Հանձնաժողովի լիազորությունները դադարում են  2013 թվականի մարտի 31-ին:

11. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչեւ 2013 թվականի ապրիլի 15-ը զեկուցում է Ազգային   ժողովի նիստում` ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է եզրակացությանը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 «ԹԵՂՈՒՏԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության /այսուհետ նաեւ՝ ՀՀ/ Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ առաջին գլխի առաջին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ ՀՀ Սահմանադրության  երկրորդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Նույն հոդվածի համաձայն՝ ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Վերը նշվածից հետեւում է, որ հայ ժողովուրդը, ի դեմս,  Հայաստանի Հանրապետության, որպես ինքնիշխան եւ իրավական պետություն,   համաձայն  ՀՀ  Սահմանադրության 5-րդ հոդվածի՝ պետական իշխանությունն իրականացնում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա:

ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում  օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային Ժողովը: Նույն հոդվածի համաձայն՝  Ազգային ժողովի գործունեության, նրա մարմինների ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ եւ Ազգային ժողովի կանոնակարգով:

Վերը նշված հոդվածների բովանդակությամբ սահմանվում է, որ  ՀՀ  Ազգային Ժողովն է Հայաստանի Հանրապետությունում իրականացնում օրենսդիր իշխանությունը  եւ  այն՝ որպես պետական իշխանության թեւերից մեկը, օժտված Է մյուս երկու՝ գործադիր եւ դատական իշխանություններին զսպելու եւ հակակշռելու լծակներով:

Նման լծակներից մեկն ամրագրված է Սահմանադրության 73-րդ հոդվածով,   համաձայն որի, անհրաժեշտության  դեպքում Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ՝ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային Ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

Մեր կարծիքով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու փաստարկն է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ օրենքների, Շրջակա միջավայրի հարցերի առընչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության եւ արդարադատության  մատչելիության մասին կոնվենցիայի /Օրհուսի կոնվենցիա/ եւ այլ իրավական ակտերի պահանջների շրջանցումը ՀՀ կառավարության կողմից:

Այսպես՝

1974-1976 թվականներին, Լոռու մարզի նախկին Թումանյանի շրջանում` Ալավերդի քաղաքից 29 կիլոմետր հեռավորության վրա դեպի հարավ-արեւմուտք իրականացված երկրաբանական-հետախուզական աշխատանքների արդյունքում, բացահայտվել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը: Հանքավայրը գտնվում է Թեղուտ եւ Շնող գյուղերից համապատասխանաբար 4 եւ 6 կիլոմետր հեռավորության վրա: Հանքավայրի պաշարները հաստատվել են ԽՍՀՄ ՊՊՀ-ի կողմից 1991 թվականի հունիսի 19-ի թիվ 11074 եւ B+C1 կարգերի համար կազմում են 453.8 մլն. տոննա հանքաքար, իսկ C2 կարգով` 5.4 մլն. տոննա: 2001 թվականի փետրվարի 8-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը (այդ ժամանակ` «Մանես եւ Վալլեքս» ՓԲԸ) 25 տարով տրվել է Թեղուտի հանքի շահագործման թիվ ՀՎ-ՄՇ-13/33  լիցենզիան: Ըստ Կառավարության պաշտոնական դիրքորոշման՝ այդ լիցենզիան տրված է եղել մրցույթի արդյունքում: 23.03.2004 թվականին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը տրվել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հանքարդյունահանման թիվ ՀՎ-Լ-14/90 հատուկ լիցենզիան, որի գործողության ժամկետ է սահմանվել 08.02.2001 թ-ից մինչեւ 08.02.2026թ: «Արմենիան  Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության մի կողմից եւ մյուս կողմից` ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ու ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ 08.10.2007 թվականին կնքվել է թիվ 316 hանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային պայմանագիրը: Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 9 ամսվա ընթացքում պետք է ապահովված լիներ հանքավայրի պաշարների վերահաշվարկը եւ այդ նյութերը ներկայացված լինեին պետական ընդերքաբանական փորձաքննությանը, որից հետո` 9 ամսվա ընթացքում պետք է համապատասխան փոփոխություններ կատարվեին հանքավայրի շահագործման նախագծում եւ պայմանագրում: 2005 թվականի դեկտեմբերի 29-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը տրվել է «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության» թիվ 21 հատուկ լիցենզիան: Որպես ուսումնասիրության աշխատանքների նախագծային փաստաթուղթ՝ լիցենզիայում նշվել է Լոռու մարզի Թեղուտի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախագիծը: 2006 թվականի մայիսի 04-ին ՀՀ Բնապահպանության նախարարության եւ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ միջեւ կնքվել է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության» թիվ 140 լիցենզային պայմանագիրը: «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կողմից 2005 թվականի հունվարին հաստատվել է «Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շինարարության տեխնիկա-տնտեսական հիմնավորում»-ը (ՏՏՀ): «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության հանձնարարությամբ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից իրականացվել է Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ): ՇՄԱԳ-ը կազմված է գրավոր, 149 էջի վրա. այն ստորագրված է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Ս. Արզումանյանի եւ նույն ընկերության Շրջակա միջավայրի պահպանության բաժնի վարիչ, աշխատանքների ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու Հ. Նիկողոսյանի կողմից: ՇՄԱԳ-ի փաստաթղթերը ներկայացվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: ՀՀ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից տրվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ ԲՓ-31 դրական եզրակացությունը: Եզրակացությունը 03.04.2006 թվականին հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարի կողմից:     Եզրակացության եզրափակիչ մասում ասված է. «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն, վերը նշված դիտողությունները եւ առաջարկությունները՝  Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի եւ հանքահարստացուցիչ կոմբինատի նախագծի նախագծման փուլում հաշվի առնելու պարտադիր պայմանով: «Դիտողությունները եւ առաջարկությունները» բերված էին եզրակացության «Փորձաքննական պահանջներ» հատվածում եւ կայանում էին հետեւյալում`

«1. Անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով փորձաքննության ներկայացնել  Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի եւ հանքահարստացուցիչ կոմբինատի աշխատանքային նախագիծը` «Շրջակա միջավայրի պահպանության գնահատման» բաժնով, որում ներկայացված գնահատումները պետք է լինեն առավել մանրամասն եւ ունենան հստակ հիմնավորումներ:

2.Տարածքում նախատեսվող բոլոր գործունեությունների համար (ներառյալ հանգստի գոտին) բաժինը պետք է ներառի նաեւ՝

- անհրաժեշտ տարածքի չափը, էներգիայի, ջրի եւ հումքի վերաբերյալ պահանջները (ջրամատակարարում, ջրհեռացում, ջերմամատակարարում եւ այլն),

- տեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումները,

- շրջակա միջավայրի առանձին բաղադրիչների վրա հնարավոր ազդեցության եւ վտանգավորության աստիճանը` շինարարության եւ շահագործման փուլերում (քանակական եւ որակական),

- շրջակա միջավայրի վրա ազդեցության (օդ, ջուր, հող, աղմուկ եւ այլն) նվազեցմանն ուղղված միջոցառումներ (շինարարության եւ շահագործման փուլերում, ինչպես նաեւ արտակարգ եւ վթարային իրավիճակներում) դրանց հիմնավորումը, բավարարությունը եւ արդյունավետությունը (ծախսերը, փոխհատուցումները եւ այլն): Ներկայացնել նաեւ համապատասխան հիմնավորում կեղտաջրերի մաքրման կայանում առաջացած տիղմի տեղափոխման, թափման կամ օգտագործման վերաբերյալ,

- նախատեսվող գործողությունների այլընտրանքային լուծումները,  դրանց համեմատական վերլուծությունը, ընտրված տարբերակի հիմնավորումը,

- համապատասխան համաձայնություններ եւ թույլտվություններ(ներառյալ ՀՀ կառավարության որոշում հողերի  գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ, ՀՀ Առողջապահության նախարարության, Արտակարգ  իրավիճակների վարչության, Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության համաձայնությունները, ինչպես նաեւ ջրօգտագործման թույլտվությունը եւ այլն):

3. Անհրաժեշտ է հաշվի առնել ծանուցման փուլում հասարակայնության, շահագրգիռ մարմինների (համաձայն միջգերատեսչական հանձնաժողովի 2005 թվականի սեպտեմբերի 30-ի նիստի արձանագրության) ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները»:

«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից կազմվել է «Աշխատանքային նախագիծ», որը 2006 թվականի սեպտեմբերի 18-ին ստորագրվել է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ս. Արզումանյանի, գլխավոր ճարտարագետ Լ. Գյուլբուդաղյանի, նախագծի գլխավոր ճարտարագետ Հ. Չախոյանի եւ Շրջակա միջավայրի պահպանության բաժնի վարիչ  Հ. Նիկողոսյանի կողմից:

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից 07.11.2006 թվականին տրվել է «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ կողմից ներկայացված Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի եւ պղնձամոլիբդենային հանքավայրի I-ին հերթի(8 տարի) շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ թիվ ԲՓ-135 դրական եզրակացությունը: Նույն օրը եզրակացությունը հաստատվել է ՀՀ բնապահպանության նախարարի կողմից:

Եզրակացության եզրափակիչ մասում ասված է.

«ՀՀ Բնապահպանության նախարարությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական իրավասության հավաստագիր տվող եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը հաստատող հանձնաժողովի» որոշմամբ «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ կողմից ներկայացված Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի եւ պղնձամոլիբդենային հանքավայրի I-ին հերթի(8 տարի) շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն` վերը նշված պահանջների պարտադիր կատարման պայմանով»:

Վերը նշված պահանջները բերված են նույն եզրակացության «Փորձաքննական պահանջներ»  հատվածում եւ կայանում են հետեւյալում`

«1. Մինչեւ գործունեության իրականացումը անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ համապատասխան համաձայնությունները եւ թույլտվությունները(ներառյալ ՀՀ կառավարության որոշումը` հողերի գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ):

2. Անհրաժեշտ է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել.

- հանքավայրի սահմաններում տեղակայված Թեղուտի փիրուզի հանքարդյունահանման ծրագիրը,

- ենթակառուցվածքների եւ Թեղուտ գյուղի տարածքում հանգստյան գոտու(արհեստական լճակ, քոթեջներ եւ այլն) նախագծային փաստաթղթերը,

- հանքավայրի երկրորդ հերթի շահագործման նախագծային փաստաթղթերը,

- տարածքի(հանքավայր, լցակույտ, պոչամբար եւ այլն) ռեկուլտիվացիայի եւ կոնսերվացման նախագծային փաստաթղթերը:

3. Անհրաժեշտ է կազմել եւ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնել անտառի վերականգնմանն ու փոխհատուցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը:

4. Անտառահատումները իրականացնել աստիճանաբար` լեռնային աշխատանքների զարգացման ծրագրին համընթաց:

5. Գործունեության ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել շրջակա միջավայրի բաղադրիչների(ջուր, օդ, հող եւ այլն) մոնիթորինգ, կազմել հետնախագծային միջոցառումների իրականացման եւ վերլուծության հաշվետվություն, ինչը պետք է հասանելի լինի պետական շահագրգիռ մարմիններին եւ հասարակությանը»:

ՀՀ Կառավարության 11.06.2005 թվականի թիվ 128-Ա որոշմամբ ստեղծվել է Թեղուտի հանքավայրի զարգացման ծրագրի աջակցման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որին հանձնարարվել է`

ա) 15-օրյա ժամկետում քննարկել եւ հաստատել Թեղուտի հանքավայրի զարգացման ծրագրի աջակցման աշխատանքների ցանկը` ներգրավելով «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը,

բ) աշխատանքները համակարգել Թեղուտի հանքավայրի զար•ացման ծրագրի աջակցման աշխատանքների ցանկին համապատասխան,

գ) աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Թեղուտի հանքավայրի զարգացման ծրագրի աջակցման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 30.09.2005 թվականի նիստում ընդունվել է Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հայեցակարգը: Հայեցակարգը չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:  23.03.2006 թվականին Ալավերդի քաղաքում տեղի են ունեցել Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի եւ Թեղուտի լեռնամետալուրգիական կոմբինատի ՇՄԱԳ-ի վերաբերյալ ազդակիր համայնքների, հասարակական միավորումների, քաղաքացիների ու համապատասխան պետական մարմինների կարծիքների հասարակական լսումներ: Լսումները նվիրված են եղել Լոռու մարզի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման հեռանկարների լուսաբանմանը ու այդ նպատակով Թեղուտի լեռնահարստացման կոմբինատի՝ ՇՄԱԳ-ի քննարկմանը: 12.10.2006 թվականին Լոռու մարզի Թեղուտ գյուղում տեղի են ունեցել Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի շինարարության եւ շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ: Լսումները նվիրված են եղել Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի շինարարության եւ շահագործման աշխատանքային նախագծի քննարկմանը: ՀՀ Կառավարությունը 01.11.2007 թվականին ընդունել է «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու եւ հողամասեր տրամադրելու մասին» թիվ 1278-Ն որոշումը: Նշված որոշումը վերաբերում է Շնողի եւ Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերին, ինչպես նաեւ Շնողի եւ Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող հողերին, որոնք բերված են համապատասխան հավելվածներում: Որոշմամբ միաժամանակ թույլատրվել է այդ տարածքում շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթի հատումը, ինչպես նաեւ կառուցվելիք բացահանքի տակ ընկնող 200,900 հեկտարը` վարձակալության իրավունքով, իսկ հարuտացուցիչ ֆաբրիկայի եւ oժանդակ այլ կառույցների տակ ընկնող  274,526 հեկտարը` կառուցապատման իրավունքով, 50 տարի ժամկետով, առանց մրցույթի, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավաuարեցված վճարով տրամադրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը: Նույն օրը` 01.11.2007 թվականին, Կառավարությունն ընդունել է որոշում` «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի եւ Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում՝ որոշ տարածքներում, բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին»:  Որոշմամբ, հիմք ընդունելով Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագիծն ու դրա հիման վրա հանքահարստացուցիչ համալիրի կառուցման ու գործարկման հեռանկարները, որոշման հավելվածներով սահմանված` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 81, 483 հեկտար հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Որոշմամբ՝ վերը նշված տարածքների ձեռք բերող է ճանաչվել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը, նախատեսվել է, որ նշված հողերից մի մասը փոխադրվում է արդյունաբերության, ընդերքի oգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, մյուս մասը` էներգետիկայի, տրանuպորտի, կապի եւ կոմունալ ենթակառուցվածքների oբյեկտների՝ հողերի կատեգորիա: Որոշումը, բացառությամբ 4-րդ եւ 5-րդ կետերի, ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը, իսկ 4-րդ եւ 5-րդ կետերը` որոշմամբ uահմանված տարածքները ձեռք բերողի uեփականությանն անցնելու պահից:«Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը 2008 թվականի ապրիլ ամսից անտառահատումներ է իրականացնում Կառավարության որոշումներով իրեն հատկացված տարածքներում՝ խախտելով ներքոթվարկված օրենքները՝

- ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածը, 6-րդ հոդվածի 4-րդ մասը, 10-րդ հոդվածը, 33.2-րդ հոդվածը,

-  ՀՀ միջազգային պայմանագրեր, այդ թվում` «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (Օրհուսի կոնվենցիա),

-«Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության •նահատման մասին» կոնվենցիան,

-  ՀՀ հողային օրենսգրքի  46-րդ հոդվածը, 48-րդ հոդվածը, 48.1 հոդվածը, 76-րդ հոդվածը, 98-րդ հոդվածը,

-  ՀՀ ջրային օրենսգրքի 103-րդ հոդվածը,

-  ՀՀ ընդերքի մասին օրենս•րքի 11-րդ հոդվածը, 28-րդ հոդվածը, 40-րդ հոդվածը,

-«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 3-րդ հոդվածը, 5-րդ հոդվածը, 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածը, 11-րդ հոդվածը, 14-րդ հոդվածը, 15-րդ հոդվածը,

- «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման տրամադրելու (կոնցեսիայի) մասին»  ՀՀ օրենքի (այսուհետ նաեւ`«Կոնցեսիայի մասին»  ՀՀ օրենք) 13-րդ հոդվածը, 14-րդ հոդվածը, 59-րդ հոդվածը, 60-րդ հոդվածը, 76-րդ հոդվածը,

- «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը,

- «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը:

ՀՀ բնապահպանության նախարարության արտոնագրով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությանը թույլատրվել է ուսումնասիրել եւ ապա շահագործել Լոռվա մարզի Թումանյանի շրջանի անտառներում գտնվող «Թեղուտ» պղնձամոլիբդենային հանքավայրը: Ընկերությանը տրամադրվել է 1970 հա, որից 1589,6-ը՝ անտառային ֆոնդի, իսկ 380,4-ը համայնքային հողեր են:

Հանքարդյունաբերության համար հատկացված տարածքի ռելիեֆը բարդ է, կտրտված չորս կիրճով, որոնցով հոսում են Շնող գետը եւ նրա երեք վտակները՝ Կռունկ, Խառատաձոր, Դուքանաձոր լեռնային գետակները:

Նշված տարածքի անտառը Հայաստանի Հանրապետության ամենահարուստ կենսաբազմազանություն ունեցող հատվածն է: Ըստ Ընկերության ներկայացրած Նախագծի, այդտեղ առկա են սողունների 10, երկկենցաղների 4, թռչունների 86(ըստ մասնագետների՝ այս վայրում հայտնի է 208 թռչնատեսակ, որից 28-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում), ձկների 5, կաթնասունների 55 տեսակներ: Այդ կենդանիներից շատերը գրանցված են Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային Կարմիր գրքերում:

Տարածքում կան հնագույն եւ այլ ժամանակաշրջանների հնագիտական ու պատմամշակութային բազում հուշարձաններ:

Թեղուտ եւ Շնող գյուղերի խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման աղբյուրը Շնող գետն է, որի վտակները սնվում են հանքահանման համար նախատեսվող տարածքներից. Կռունկի եւ Դուքանաձորի հուներում լցվելու են մակաշերտը եւ դատարկ ապարները, իսկ Խառատանոցի հունում՝ պոչանքները:

Հանքավայրի շահագործման դեպքում, ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» փաստաթղթի, 25 տարվա ընթացքում վերամշակվելու է 175 մլն տոննա պղինձ-մոլիբդենային հանքաքար(պղնձի պարունակությունը՝ 0,355, իսկ մոլիբդենինը՝ 0,0215 տոկոս է): Կորզվելու է պղնձի 85,78, իսկ մոլիբդենի՝ 70,05 տոկոսը: Ձեռնարկության շինարարության ժամանակ(3,5 տարի) ստեղծվելու է 1100, իսկ շահագործման ընթացքում 900(ըստ «Աշխատանքային նախագծի»՝ 1432) աշխատատեղ: 28,5 տարվա ընթացքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրվելիք շահութահարկը կանխատեսվում է 101,7 մլն դոլար, իսկ Ընկերությունը մաքուր շահույթը՝ 406,2 մլն դոլար:

Թեղուտի հանքավայրի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» (ՇՄԱԳ) եւ «Աշխատանքային նախագիծը» (Նախագիծ) կազմվել են ՀՀ օրենքների խախտումներով, ինչպես նաեւ իրականացվելիք ծրագիրը կիսատ է, այդտեղ առկա են թերհաշվարկներ, կոծկումներ, կեղծիքներ:

Նշենք դրանցից մի քանիսը.

1. Թեղուտի հանքավայրի ՇՄԱԳ-ում եւ Նախագծում հանքաքարի, մակաբացման ապարների, արտադրական ու կենցաղային թափոնների, ծախսվելիք ջրի, վառելիքի, կորզվելիք մետաղների ծավալները հաշվարկված են 25 տարվա համար, մինչդեռ հողերին, ջրային համակարգերին, բուսական ու կենդանական աշխարհին հասցվելիք վնասները հաշվարկված են միայն 8 տարվա համար: Օրինակ՝ այդտեղ բաց հանքի մակերեսը 240 հեկտար է, սակայն տնտեսական վնասը հաշվարկված է միայն 65 հեկտարի, իսկ պոչամբարի համար նախատեսված 214 հեկտարից վնասը հաշվարկված է 54 հեկտարի համար(Նախագիծ, հատոր 7, էջ 72):

2. ՇՄԱԳ-ում եւ Նախագծում Հայաստանի Հանրապետության տնտեսությանը հասցվելիք վնասի գնահատումը կատարվել է խիստ նվազեցված հաշվարկներով: Օրինակ՝ պոչամբարի համար հատկացված անտառային տարածքի 1 քառակուսի մետրը(քմ) գնահատված է 22,4 դրամ(0,056 $): Հազարավոր տարիներ շարունակ բուսակենդանական աշխարհին մեծ վտանգ սպառնացող պոչանքը լցվելու է Խառատանոց գետի հուն-կիրճ: Այս տարածքում այժմ առկա են նաեւ բազմաթիվ պտղատու ծառեր(ընկույզի, սալորի, բալի, կեռասի, ծիրանի, նշի, տանձի, խնձորի, սալորի, հոնի եւ այլ), թփեր, ինչպես նաեւ մշակովի հողեր, պատմամշակութային հուշարձաններ: Եվ այսպիսի տարածքի 17 քմ-ը գնահատվել է ընդամենը 1 դոլար:

3. Լցակույտերի՝ մակաշերտի եւ ծանր մետաղներ պարունակող «դատարկ» ապարների տակ մնալիք անտառային տարածքի 1 քմ-ը գնահատված է 7,4 դրամ (0,018 $) (54 քմ-ին հասցվելիք վնասը՝ 1 դոլար): Նշված թափոնները լցվելու են Կռունկ եւ Դուքանաձոր գետերի հուներ-կիրճերը: Ինչպես Խառատանոցի կիրճում, այս կիրճերում նույնպես մեծ բազմություն են կազմում նաեւ պտղատու ծառերն ու թփերը:

4. Բաց հանքի համար հատկացված տարածքի 1 քմ-ը գնահատված է 2,8 դրամ(0,007 $) այն դեպքում, երբ անտառածածկ այդ տարածքը, հանքավայրը շահագործելուց հետո, դառնալու է ավելի քան 600 մետր խորության մի խոռոչ... Ինչպիսի~ արտոնություն, ընդամենը 1 դոլար գնահատելով՝ տիրանալ ու հիմնովին ոչնչացնել 143 քառակուսի մետր անտառային տարածք:

5. Հանքաքարի վերամշակման գործարանի եւ անհրաժեշտ այլ օբյեկտների կառուցման համար հատկացված անտառային տարածքի 1 քմ-ը գնահատված է 1,2 դրամ(0,003 $, 333 քմ-ին հասցվելիք վնասը՝ 1 դոլար):

6. Արհեստական լճակի համար հատկացված անտառային տարածքի 1 քմ-ը գնահատված է 0,8 դրամ (0,002 $, 500 քմ-ին հասցվելիք վնասը՝ 1 դոլար):

7. ՇՄԱԳ-ի «Հաշվեկշռային պաշարների բնութագիրը» աղյուսակում բերված է տարբեր մակարդակներով ուսումնասիրված հանքաքարերի երեք զանգված(էջ 23): Առաջին զանգվածի 5,448 մլն տոննա հանքաքարում արծաթի պարունակությունը յուրաքանչյուր մեկ տոննայում 31,7 գրամ է, քանակը՝ 303,8 կգ, ռենիումինը՝ 5,6 գրամ, քանակը՝ 44,8 կգ այն դեպքում, երբ հենց նույն աղյուսակում բերված տվյալների հիման վրա, մեր հաշվարկներով, այդտեղ առկա է 172701 կգ արծաթ, 30509 կգ ռենիում, այսինքն՝ արծաթի պարունակությունը 568, իսկ ռենիումինը 681 անգամ փոքր են ներկայացրել: Նշված աղյուսակը բացարձակորեն նույն սխալներով առկա է ՇՄԱԳ-ից մեկ տարի հետո կազմած Նախագծում:

8. ՇՄԱԳ-ում եւ Նախագծում, «Վնասակար նյութերի արտանետման քանակը ճանապարհներից եւ բեռնատարներից՝ հանքաքարը եւ դատարկ ապարը մեքենաներով տեղափոխելու ընթացքում» հաշվարկի բանաձեւում մթնոլորտ մուտք գործող փոշու բաժնեմասը արտահայտող գործակիցը բացատրականում 0,1 է, բանաձեւում՝ 0,001, այսինքն՝ 100 անգամ փոքր:

9. Ըստ ՇՄԱԳ-ի տեքստի՝ հատվելու է 127 000 ծառ այն դեպքում, երբ այդ նույն փաստաթղթի աղյուսակների հաշվարկները ցույց են տալիս, որ այդտեղ առկա է 170883 ծառ: Հատվելիք 43883 ծառ կոծկել են, դրանց հաշվով տնտեսական վնասը չեն ներկայացրել թե՛ ՇՄԱԳ-ում, թե՛ Նախագծում:

10. ՇՄԱԳ-ի համապատասխան աղյուսակներում չկան 53333 խնձորենու(սրա 43333-ը 26 սմ տրամագծով կոճղ ունեցող) նախատեսված հատումից գոյանալիք բնափայտը: Նշված 43333 խնձորենու հատումից առաջանալիք տնտեսական վնասը ներկայացված է 584,995 մլն դրամ այն դեպքում, երբ վնասը, նույն հաշվարկային գործակցով կկազմի 866,66 մլն դրամ, այսինքն՝ 281,665 միլիոնով պակաս է ներկայացվել:

11. Տնտեսական վնասի գնահատում չի կատարված հարյուր հազարավոր պտղատու եւ այլ կարգի թփերի համար, ինչպես նաեւ ուտելի եւ դեղաբույսերի համար:

12. Ըստ ՇՄԱԳ-ի՝ խախտվող եւ ոչնչացվող տարածքներում առկա է ավելի քան 2 մլն մատաղատի ծառ: Միայն սրանց հաշվով հասցվելիք տնտեսական վնասը վերը բերված հաշվարկային գործակցով կկազմի 9 մլրդ դրամ, ինչը չի արտացոլվել ՇՄԱԳ-ում եւ Նախագծում:

13. 36 սմ տրամագծով կոճղ ունեցող տանձենին գնահատվել է ընդամենը 1 հազար դրամ(2,5 $):

14. ՇՄԱԳ-ի եւ Նախագծի մեջ բերված 260 տեսակի միջատները վերաբերում են ոչ թե Լոռվա մարզի Թեղուտի հանքավայրի անտառներին, այլ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի (Դիլիջան քաղաքի հարեւանությամբ) մոտակայքի անտառներին:

15. Հանքահանման-հանքավերամշակման հետեւանքով խախտվելիք-ավերվելիք-ոչնչանալիք տարածքների կենդանական աշխարհին հասցվելիք վնասը ներկայացված է ընդամենը 175 հազար դրամ(437 $), այն էլ միայն մեկ տարվա ընթացքում որսացող ձկների համար, իսկ մյուս կենդանիներին հասցվելիք վնասն անտեսված է: Ձկնաշխարհին հասցվելիք վնասը սխալ մեթոդով է հաշվված: Ըստ ՇՄԱԳ-ի եւ Նախագծի՝ Շնող գետում եւ նրա վտակներում տարեկան որսվում են 130 կգ տարբեր ձկնատեսակներ, որոնց շուկայական արժեքը(կիլոգրամի հաշվով) կազմում է 175 հազար դրամ: Այն դեպքում, երբ օրենսդրությունը այլ բան է սահմանում, օրինակ՝ «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին օրենքը»: Այս օրենքը, որով հաշվարկվել է ծառատեսակներին հասցվելիք վնասը, սահմանում է, որ կենդանատեսակների ապօրինի որսի եւ (կամ) ոչնչացման դեպքում յուրաքանչյուր միավորի(անկախ տարիքից) համար սակագներն են՝ կարմրախայտ 5000, այլ տեսակի ձկներ 1000 դրամ: Հաշվարկները ցույց են տալիս, որ Նախագծում նշված քանակի ձկնատեսակների սակագինը կազմում է 6,3 մլրդ դրամ՝ նկատի ունենալով այն, որ յուրաքանչյուր հասուն ձկան հաշվով պետք է որ առկա լինի նվազագույնը 2000 մանրաձուկ:

16. Նախագծում ասվում է, որ 25 տարվա ընթացքում հանվելու է 175 մլն տոննա հանքաքար(մակաբացման գործակիցը՝ 0,664 մ3), արդյունքում առաջանալու են 116,25 մլն մ3 «դատարկ» ապարներ, խտությունը ընդունելով 2,5՝ կստացվեն 290 մլն տոննա «դատարկ» ապարներ: 175 մլն տոննա հանքաքարի վերամշակման դեպքում առաջանալու է 172,8 մլն տոննա պոչանք(պոչանքը փոշի դարձրած հանքաքարն է, որից կորզել են հիմնական օգտակար տարրերը):

Ծանր մետաղներ եւ այլ վտանգավոր նյութեր պարունակող պոչանքը եւ «դատարկ» ապարները որպես թափոն արտացոլված չեն «Թափոնների մասին» ՀՀ օրենքում: Նպատակը պարզ է, որպեսզի հանքարդյունաբերությամբ զբաղվողներն այդ թափոնների համար հարկ չվճարեն: Հանքավայրերի շահագործման նախագծերում պոչանքներից ու «դատարկ» ապարներից հասցվելիք վնասը չի հաշվարկվում, երբ այդպիսի մոտեցումը կտրուկ կփոխի օգուտ-վնասների պատկերը: Այս գործելակերպի պատճառով է, որ հանքարդյունաբերությունը չի ենթարկվում երկրի տնտեսության կանոններին եւ դարձել է Հայաստանի Հանրապետության համար խիստ վնասաբեր, հեռահար անլուծելի խնդիրներ առաջացնող մի ոլորտ:

Կասկածից վեր է, որ պոչանքը առաջին, իսկ «դատարկ» ապարները երկրորդ կամ երրորդ դասի վտանգավորության թափոններ են: Ըստ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքի՝ առաջին դասի թափոնի յուրաքանչյուր տոննան շրջակա միջավայրում տեղադրելու սակագինը 48000 դրամ(120 $) է, երկրորդինը՝ 24000 դրամ(60 $), իսկ երրորդինը՝ 4800 դրամ(12 $):

Հետեւաբար, 172,8 մլն տոննա պոչանքը շրջակա միջավայրում տեղադրելու դիմաց պետությանը պետք է վճարվի 8,294 տրիլիոն դրամ, իսկ 290 մլն տոննա «դատարկ» ապարներինի դիմաց, եթե դրանք համարենք անգամ երրորդ դասի վտանգավորության թափոններ՝ 1,392 տրիլիոն դրամ: Այսինքն՝ նշված երկու թափոնների համար «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը պետք է որ պետական գանձարան մուծի ավելի քան 9,686 տրիլիոն դրամ(24,2 մլրդ $): Սակայն հանքարդյունաբերությամբ զբաղվողներն օրենսդրորեն արտոնված են նշված թափոնների համար ընդհանրապես հարկ չվճարել:

17. ՇՄԱԳ-ի մեջ գրված է. «Շրջակա միջավայրին հասցվող գումարային վնասը Վ = Վմ + Վջ + Վհ + Վհօ + Վը = 6465,4 + 366,9 + 21917,25 + 2475425 + 3709,5 = 2,508 մլրդ դրամ»(Վ-ընդհանուր հասցվելիք վնասը, Վմ - վնասակար նյութեր մթնոլորտ արտանետումներից հասցվելիք տարեկան վնասը, Վջ - ջրավազաններ թափվող վնասակար նյութերից հասցվելիք տարեկան վնասը, Վհ - հողերի խախտումից ու աղտոտումից հասցվելիք տարեկան վնասը, Վհօ - հողերի օտարումից հասցվելիք տարեկան վնասը, Վը - ընդերքի խախտումից սպասվելիք տարեկան վնասը): Սա ցույց է տալիս, որ մեկ տարվա եւ 28,5 տարում սպասվելիք վնասները միավորել են մեկ գումարում: Նաեւ ինչպես տեսնում ենք, առաջանալիք հանքարդյունաբերական  թափոններից հասցվելիք վնասի մասին որեւէ խոսք չկա թե՛ ՇՄԱԳ-ում, թե՛ Նախագծում:

Ահա այսպիսի կողմակալ հաշվարկների արդյունքում է, որ Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք աներեւակայելի մեծ վնասը չի երեւում:

Ըստ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կազմած ՇՄԱԳ-ի՝ Թեղուտի հանքավայրի շահագործումը Հայաստանի Հանրապետությանը իբր կհասցնի ընդամենը 2,508 մլրդ դրամի(6,27 մլն $) վնաս: Նախագծում այդ չնչին գումարն էլ շատ են համարել՝ իջեցնելով մինչեւ 2,07 մլրդ դրամ (5,17 մլն $): Պետք է ասվի, որ այս գումարը նույնպես չի մուծվելու պետական գանձարան, սակայն մեզ համար դեռեւս պարզված չէ, թե հանքարդյունաբերությամբ զբաղվողների այս արտոնությունը ՀՀ ո՞ր օրենքից է բխում, կամ, ընդհանրապես, արդյոք կա՞ այդպիսի իրավական նորմ, թե՞ դա արվում է բանավոր կարգադրությամբ:

ՀՀ Նախագահին եւ վարչապետին հղած դիմումներում, հրապարակումներում ցույց է տրվել, որ ՀՀ Բնապահպանության նախարարությունը Թեղուտի հանքավայրի ՇՄԱԳ-ի եւ Նախագծի փորձագիտական ուսումնասիրություններ չի կատարել, սակայն տվել է դրական եզրակացություն: Դժբախտաբար, ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով իրավական հիմքերից զուրկ այս դրական եզրակացությունը, փոխել է 1572,284 հեկտար հողերի կարգավիճակը եւ 50 տարի ժամկետով տրամադրվել է «Վալլեքս գրուպ»-ի մեջ ընդգրկված «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը՝ թույլատրելով հատել շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթ եւ շահագործել Թեղուտի հանքավայրը(01.11.2007 թվականի որոշում N1278-Ն): Իսկ N1279-Ն որոշումով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության 81,483 հա հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ՝ գերակա հանրային շահ:

Բացի նրանից, որ Կառավարության որոշումները օրինական հիմնավորում չունեն, դրանց մեջ նաեւ անհասկանալի շատ բաներ կան: Օրինակ՝ կառուցվելիք բաց հանքի տակ ընկնող տարածքը 50 տարի ժամկետով վարձակալության է տրվում, երբ ակնառու է, որ անտառածածկ այդ տարածքը մոտ 600 մետր խորության փոսի է վերածվելու, կամ պոչամբարի եւ «դատարկ» ապարների տակ ընկնող, նույն ժամկետով վարձակալությամբ տրվող տարածքները ընդհանրապես հնարավոր չէ վերադարձնել իրենց նախնական նշանակությանը, քանզի այդ տարածքներում լցվելու են թունավոր թափոններ:

Այսինքն՝ պետականորեն ձեւակերպվում է, որ այդ տարածքները 50 տարով վարձակալության են տրվում, երբ իրականում դրանց մի մասն ընդհանրապես ոչնչանալու է, իսկ մյուս մասը հավերժորեն ծածկվելու է միլիոնավոր տոննաների ծայրաստիճան վտանգավոր թափոններով: Կամ՝ ինչո՞ւ է ասվում, թե հատվելու է շուրջ 357 հեկտար անտառ, երբ հատվելիք անտառի տարածքը անհամեմատ մեծ է:

Օրինակ՝ Նախագծում գրված է, որ միայն բացհանքի(240 հա), պոչամբարի (214 հա) եւ լցակույտերի (107,4 հա) համար հատկացված տարածքը 561,4 հեկտար է: Այդ տարածքները անտառածածկ են եւ ամբողջովին հատվելու են: Հատվելու են նաեւ արտադրական ձեռնարկությունների, ճանապարհների եւ այլ կառույցների համար հատկացված անտառածածկ տարածքները: Նաեւ լուրջ հիմքեր կան ասելու, որ, օրինակ, պոչամբարի եւ լցակույտերի տակ մնալու է ավելի մեծ տարածք, քան ներկայացված է Նախագծում եւ Կառավարության որոշման մեջ:

Թե ինչքան խախուտ է Թեղուտի ծրագիրը, բերենք եւս մի օրինակ. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ կայացած, Թեղուտի հանքավայրի շահագործման խնդիրների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում, երբ հիմնավորվեց, որ Թեղուտի հանքավայրի ՇՄԱԳ-ը եւ Նախագիծը, թերհաշվարկներ ու կեղծիքներ պարունակելուց զատ, նաեւ թերի են՝ 25 տարվա փոխարեն 8 տարվա հաշվով են կազմված, վարչապետի գլխավորությամբ որոշվեց կազմել Թեղուտի հանքավայրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը(ՇՄԱԳ)՝ 25 տարվա հաշվով:

Արձանագրության գ) կետում ասվում է. «Տեղական եւ անհրաժեշտության դեպքում նաեւ միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացնել հանքարդյունահանման նախագծի ՇՄԱԳ-ի փորձաքննություն հանքավայրի շահագործման 25 տարիների համար»: Սա էլ իր հերթին է հիմնավորում, որ Թեղուտի հանքավայրի շահագործման՝ ՀՀ կառավարության որոշման հիմք հանդիսացող նախկին ՇՄԱԳ-ն ու Նախագիծն այլեւս իրավական փաստաթղթեր չեն: Խորհրդակցության ընթացքում «Վալլեքս գրուպ»-ի ներկայացուցիչները ՀՀ վարչապետին հավաստեցին, որ Թեղուտի հանքավայրի 25 տարվա համար ՇՄԱԳ-ը պատրաստ կլինի 2008թ. դեկտեմբերին... Սակայն մինչ այսօր այդ փաստաթուղթը չի կազմվել:

Այս ամենից ելնելով՝ կարելի է ասել, որ իրավական հիմքերից զուրկ է նաեւ Շնող եւ Թեղուտ գյուղերի իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու ՀՀ կառավարության որոշումը: Այս որոշման հետեւանքով Շնող եւ Թեղուտ գյուղերի բնակիչներից շատերը կորցրել են իրենց սեփական հողերը՝  իրենց ապրուստի հիմնական միջոցը:

Ընկերությունը նրանցից 107-ի գործը մտցրել է  դատարան եւ շահել` հիմք ընդունելով այդ հողերի նկատմամբ ՀՀ կառավարության բացառիկ՝ հանրային գերակա շահ համարելու որոշումը, բոլոր հայցերը լուծել է հօգուտ «Վալլեքս գրուպ»-ի, որն էլ այդ հողերի համար վճարելիք գումարները փոխանցել է տեղի նոտարային ծառայություններին եւ տիրացել նշված գյուղացիների հողերին:

Այգիների մեկ քառակուսի մետրի արժեքը գնահատվել է միջինը 72 դրամ(0,18 $), վարելահողինը՝ 50 դրամ (0,13 $), խոտհարքինը՝ 36 դրամ (0,09 $): Պետք է նկատի ունենալ, որ այս հողերը մնալու են պոչամբարի եւ «դատարկ» ապարների տակ, այսինքն՝ գյուղացիներն այս հողերը կորցնում են մշտապես: Սա ուղղակի կողոպուտ է: Կողոպտվում է թե՛ պետական, թե՛ սեփականատիրոջ ունեցվածքը:

ՀՀ կառավարության N1279-Ն որոշման մեջ ասվում է՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա հանրային շահ՝ այն հիմնավորումներով, որ Թեղուտի հանքավայրի ծրագիրն ունի համապետական կարեւոր նշանակություն, որի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը եւ լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար:

Սակայն այս ծրագիրը ուսումնասիրողները հեշտությամբ կհամոզվեն, որ այս Ծրագրում գերակա շահը վերաբերում է հանքավայրը շահագործողին: Եվ ապա, համապետական նշանակություն ունի «Թեղուտ» հանքավայրի երկրաբանական կառուցվածքի, լեռնային գետերի, ջրագոյացման ու ջրամատակարարման համակարգերի, անտառների, պատմամշակութային հուշարձանների, վարելահողերի, այգիների, արոտավայրերի եւ ընդհանրապես բնական համակարգերի պահպանությունն ու այսօրվա վիճակում դրանց բանական օգտագործումը, այլ ոչ թե հանքավայրի շահագործումը:

Ինչ վերաբերում է այն հավաստմանը, թե իբր ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը, ապա սա նույնպես հիմնավորված չէ: Ավելի քան 3000 գյուղատնտեսական կայուն աշխատատեղին կորուստ պատճառելով, բնակության կենարար միջավայրն ավերելով, աղտոտելով, ոչնչացնելով, բարեբեր տարածքներն ապրելու համար ոչ պիտանի դարձնելով, ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելով, բնական պաշարներն արագընթաց սպառման տանելով՝ ոչ միայն հնարավոր չէ երկրի տնտեսական անվտանգությունն ամրապնդել, այլեւ այդպիսի գործելակերպը ակնհայտորեն բերելու է տնտեսության քայքայման:

Հիմնավորված չէ նաեւ Որոշման այն դրույթը, թե իբր ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Կցանկանայինք իմանալ՝ այդ ո՞ր բնակավայրերն են, որոնց սոցիալական վիճակը բարելավվել է իրենց տարածքներում կամ հարեւանությամբ գտնվող հանքավայրերի շահագործման հետեւանքով:

Չնայած այն բանի, որ Թեղուտի հանքավայրի նախագիծը դեռեւս գոյություն չունի, սակայն «Վալեքս գրուպ»-ը հանքավայրում անտառահատումներ է կատարում, մեծ ավերածություններ պատճառելով՝ փոխել է լեռնային գետերի հուները...

Ամփոփելով կարելի է ասել, որ եթե մանրազնին ու անկողմնակալ հաշվարկվեն Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասները՝ բոլոր հնարավոր բաղադրամասերով, եւ օգտագործվեն իրականությունն արտացոլող մեթոդներ ու սակագներ, ապա կարելի է ենթադրել, որ վնասները միլիարդավոր անգամներ կգերազանցեն Նախագծում բերված 28,5 տարվա հաշվով 900-1432 ժամանակավոր աշխատատեղի տարեկան միջին աշխատավարձը՝ 2400 ԱՄՆ դոլար, ստեղծման եւ պետական գանձարան մուծվելիք 101,7 մլն դոլար շահութահարկի, այսպես կոչված, օգուտներին:

Թեղուտի հանքավայրին վերաբերող նյութերի ուսումնասիրողները հեշտությամբ կհամոզվեն, որ թե՛ Նախագիծ կազմողները, թե՛ դրան դրական եզրակացություն տվողները, թե խնդրին վերաբերող Կառավարության որոշում կայացնողները անտեսել են բնության, ժողովրդի, պետության շահերը: