Armenian ARMSCII Armenian
Կ-181-20.12.2012,29.01.2013-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերություններում  «40» թիվը փոխարինել «50» թվով:

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածում`

1)  7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) անձն ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք:».

2) 8-րդ մասը «կարգը» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում` նաեւ կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի եւ դրա իրականացման կարգի վերաբերյալ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ եւ հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:

Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».

2) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9. Կենսաթոշակը նաեւ վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված եւ նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը եւ լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-14-րդ մասերով.

«10. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է նաեւ տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:

11. Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

12. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:

13. Կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում:

14. Կենսաթոշակ վճարելը լիազորագրով դադարեցվում է (լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում)`

1) սույն հոդվածի 11-րդ եւ 12-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալու դեպում.

2) կենսաթոշակառուի գրավոր դիմելու դեպքում:»:

Հոդված 4.   Օրենքի 36-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի վճարվում, բացառությամբ անձի (կենսաթոշակառուի)՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի:».

2) 5-րդ մասի «Չվճարված կենսաթոշակի գումարը» բառերը փոխարինել «Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը» բառերով:

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետի «(վերահաշվարկելուց)» բառը փոխարինել «(կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց)» բառերով, իսկ 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչեւ կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչեւ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.».

2) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուuուցմամբ uովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) անձին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում:».

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «ամսվա 1-ից» բառերից հետո լրացնել   «, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով.

3) 1-ին մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Սույն մասի 2-րդ կետում նշված դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետով սահմանված հիմքով` հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամ ծնողներ կամ զավակներ ունենալու հետեւանքով, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է հաշմանդամության ժամկետը լրանալու օրվանից:».

4) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1?ին կետով.

«2.1) եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով (ներկայացվել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում.».

5) 2-րդ մասի 3-րդ կետի «փաստաթուղթ չներկայացնելու կամ հայտարարություն չտալու» բառերը փոխարինել «հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու)» բառերով.

6) 4-րդ մասի 1-ին կետի «2-րդ կետի» բառերը փոխարինել «2-րդ եւ 2.1-ին կետերի» բառերով, եւ նույն կետը «դիմելու» բառից հետո լրացնել «(անհրաժեշտ փաստաթղթերը եւ տեղեկատվությունն ստացվելու)» բառերով.

7) 4-րդ մասի 3-րդ կետի «փաստաթուղթը ներկայացնելու կամ հայտարարությունը տալու» բառերը փոխարինել «հայտարարությունն ստորագրելու (բանկ ներկայանալու)» բառերով:

Հոդված 7. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) վերնագիրը «կատարելը» բառից հետո լրացնել «, ավել վճարված կենսաթոշակի գումարը բռնագանձելը» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաեւ կենսաթոշակառուի` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետեւանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման եւ կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:».

3) 2-րդ մասի «վճարվելիք» բառը փոխարինել «վճարվող» բառով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.

«4. Կենսաթոշակառուի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը գերազանցում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափը, ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով` լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացրած հայցի հիման վրա:

5. Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:»:

Հոդված 8. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում «մահվան վկայականը տվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը» բառերը փոխարինել «կենսաթոշակառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով կայացրած որոշման հիման վրա կենսաթոշակից պահումները կատարելը:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում ավել վճարված կենսաթոշակի գումարները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա պահվել չեն կարող: Այդ գումարները կարող են բռնագանձվել միայն դատական կարգով` անկախ ավել վճարված գումարի չափից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից վերահաշվարկվում են կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները: