Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-124-Ն Աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 107.1-րդ հոդվածով.
«Հոդված 107.1. Աշխատողի լիազորությունների կասեցման իրավական հետեւանքները
1. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման պահից մինչեւ կասեցման վերաբերյալ որոշման վերացումը կամ կալանավորումը որպես խափանման միջոց փոխելու կամ վերացնելու վերաբերյալ որոշման կայացումը աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում վճարվում է նաեւ ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը՝ մնացած վճարումը կատարվելով գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում:
2. Կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցման ընթացքում աշխատողը չի կարող օգտվել իր ամենամյա արձակուրդի իրավունքից:
3. Լիազորությունների կասեցումը արգելք չէ աշխատանքային պայմանագիրը լուծելու համար, եթե կասեցման ժամանակահատվածում առաջացել է աշխատանքային պայմանագիրը լուծելու օրենքով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:
4. Հանրային ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է, եթե ոլորտային օրենքներով այլ բան նախատեսված չէ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ կետը «մասամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու այն ժամանակահատվածների, երբ գործի ավարտի դեպքում կայացվել է մեղադրական դատավճիռ կամ գործը կարճվել է ոչ արդարացնող հիմքով» բառերով:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված` կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման դեպքում հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու վերաբերյալ կարգավորումը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիազորությունների կասեցման դեպքերի նկատմամբ: