Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-Ն 209 օրենքի (այսուհետ ՝ Օրենք) N 8 հավելվածի 9-րդ կետի աղյուսակում ՝
1) ատամնաբուժական գործունեություն տողում՝
ա) «բազկաթոռ մինչեւ երեքը ներառյալ» բառերը փոխարինել «ատամնաբույժ» բառով,
բ) «յուրաքանչյուր բազկաթոռի համար» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ատամնաբույժի հաշվով» բառերով,
գ) «80000», «57000», «57000», «28500», «14000» թվերը համապատասխանաբար փոխարինել «30000», «21300», «21300», «10700», «5300» թվերով.
2) ատամնատեխնիկական գործունեություն տողում՝
ա) «աշխատատեղ մինչեւ երեքը ներառյալ» բառերը փոխարինել «ատամնատեխնիկ» բառով,
բ) «յուրաքանչյուր աշխատատեղի համար» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ատամնատեխնիկի հաշվով» բառերով,
գ) «80000», «57000», «57000», «28500», «14000» թվերը համապատասխանաբար փոխարինել «30000», «21300», «21300», «10700», «5300» թվերով.
3) հանել «ատամնաբուժական գործունեություն» եւ «ատամնատեխնիկական գործունեություն» տողերին հաջորդող տողերը:
Հոդված 2. Օրենքի N 8 հավելվածի 13-րդ կետում՝
ա) 11-րդ ենթակետում «ատամնաբուժական ծառայությունների մատացման համար նախատեսված բազկաթոռների թիվը» բառերը փոխարինել «ատամնաբույժների թիվը, բացառությամբ կլինիկական օրդինատորների եւ բժիշկ-ինտերների» բառերով.
բ) 12-րդ ենթակետում «ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման աշխատատեղերի» բառերը փոխարինել «ատամնատեխնիկների» բառով:
Հոդված 3. Օրենքի N 8 հավելվածի 14-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.2 ենթակետով.
«3.2 Ատամնաբուժական ոլորտում մասնագիտական գործունեության համար՝
մանկական ստոմատոլոգի համար՝ 0.5
թերապեւտիկ ստոմատոլոգի, վիրաբուժական ստոմատոլոգի եւ օրթոդոնտի համար՝ 1
օրթոպեդիկ ստոմատոլոգի համար՝ 1.2
ընդհանուր ստոմատոլոգի (առանց իմպլանտոլոգիայի) համար՝ 1.3
իմպլանտոլոգի համար՝ 1.5.»
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Օրինագծի նպատակն է կանխել 2012թ. դեկտեմբերի 19-ին ընդունված «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների եւ լրացումների բացասական դրսեւորումները ստոմատոլոգիական ծառայությունների ոլորտում: Փոփոխությունների ուղղակի բացասական ազդեցությունը կարող է արտահայտվել ոլորտում զբաղված շուրջ 36.000 մարդկանց զգալի մասի աշխատատեղերի փակմամբ: Անուղղակի բացասական ազդեցությունը կդրսեւորվի դենտալ տուրիզմի ծավալների կրճատմամբ, ստոմատալոգիական ծառայությունների ոլորտում գների կտրուկ աճով, հնարավոր հաճախորդների թվի նվազման հետ կապված բյուջետային մուտքերի կրճատմամբ:
Մյուս կողմից կարեւոր է, որ արտոնագրային վճարների համար հիմք հանդիսանա ոչ թե բազկաթոռների կամ աշխատանքային սեղանների քանակը, այլ բժիշկ-մասնագետների ու ատամնատեխնիկների թիվը:
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով մինչեւ երեք բազկաթոռ եւ մինչեւ երեք աշխատատեղ ունեցող ատամնաբուժական եւ ատամնատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար սահմանվել է ավելի բարձր արտոնագրային վճարների դրույքաչափ քան երեքից ավել բազկաթոռ եւ աշխատատեղ ունեցող կլինիկաների համար: Նշված հանգամանքը խոչընդոտում է ՓՄՁ-ների զարգացմանը, մեծացնում է դրանց գործունեության դադարեցման ռիսկերը եւ առավել շահավետ է դարձնում խոշոր տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը:
Հարկման արդարության, ոլորտի հետագա զարգացման, բնակչության ստոմատոլագիական առողջության պահպանման ապահովման, ինչպես նաեւ ՓՄՁ-ների գործունեության եւ զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով նախագծով առաջարկվում է վերացնել նշված տարանջատումը, կիրառել հարկման առանձնահատկությունների գործադրում՝ ըստ մասնագիտական ծառայությունների՝ ազատելով հարկից երիտասարդ-ուսանող մասնագետներին: