Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 332.1 հոդվածով`
«Հոդված 332.1. Դատավորների որակավորման քննության կամ մասնագիտական պատրաստման քննությունների հարցատոմսերի գաղտնիությունը խախտելը
1. Դատավորների որակավորման քննության հարցատոմսերի գաղտնիությունը խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
2. Արդարադատության ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում հանձնվող քննությունների հարցատոմսերի գաղտնիությունը խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված արարքը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնում է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: