Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-249-24.03.2004-ՖՎ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր29-րդ մասով.

«29) առնվազն 60%- ով հաշմանդամներից բաղկացած կազմակերպությունների կատարած աշխատանքները, մատուցած ծառայությունները եւ արտադրած արտադրանքի իրացումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005թ. հունվարի 1-ից։


«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Համաձայն 1998թ. ապրիլի 2-ի «Հաշմանդամների հիմանահարցերի վերաբերյալ 1997թ. տարեկան զեկուցագրի մասին» ՀՀ կառավարության թիվ 220 որոշման, 1998թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվվում էր շուրջ 100 հազար հաշմանդամ, որը կազմել է բնակչության ընդհանուր թվի 3%-ը։

Հաշմանդամին կյանքի կոչելու միջոցներից մեկը հաշմանդամի աշխատանքային թերապիան է, որի իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան աշխատատեղեր։ Այս խնդիրը առավել հրատապ է երիտասարդ տարիքի հաշմանդամների համար, քանի որ II-րդ եւ III-րդ խմբերի հաշմանդամների շուրջ 90%-ը մինչեւ 40 տարեկան են։

Այսօր հաշմանդամներին աշխատատեղերով ապահովելու խնդրի լուծման արդյունավետ միջոցներից մեկը հաշմանդամների աշխատուժն օգտագործող կազմակերպություններին հարկային արտոնություններ տրամադրելն է։

Նշենք, որ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնք մասնակցում են հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրականացմանը (հաշմանդամներին ցույց տրվող սոցիալական օգնության միջոցառումների ֆինանսավորում, հաշմանդամների համար նախատեսված տեխնիկական եւ այլ միջոցների արտադրություն, ծառայությունների տրամադրում, հաշմանդամներին սպասարկող ենթակառուցվածքի օբյեկտների շինարարություն եւ սպասարկում, գերազանցապես հաշմանդամների աշխատանքն օգտագործող արտադրությունների կազմակերպում եւ այլն), Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են հարկային եւ այլ արտոնություններից ։

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածին համապատասխան՝ հաշմանդամների հասարակական կազմակերպությունների այն ուսումնաարտադրական եւ մյուս ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպություններ, որոնցում աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 50 տոկոսը կազմում են հաշմանդամները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. օգտվում են հարկային արտոնություններից։

Հարկային արտոնությունների տեսակները սահմանված են «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում, համաձայն որի ՝

«հարկային օրենսդրությամբ կարող են սահմանվել հարկային արտոնությունների հետեւյալ տեսակները՝

հարկվող օբյեկտի նվազեցումը.

հարկի դրույքաչափի նվազեցում.

հարկի նվազեցում.

հարկի հաշվարկային ժամկետի հետաձգում.

հարկի վճարման ժամկետի հետաձգում.

հարկային օրենսդրությունը եւ ՀՀ հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերից եւ տուգանքներից ազատում, նվազեցում, վճարման ժամկետի հետաձգում։

Հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով հարկ վճարողներին փոխհատուցվում է վճարված (գանձված) հարկի գումարը։

Հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ։»։

Օրինակ. ՀՀ կառավարությունը հիմք ընդունելով «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածը իր 25-ը հունիսի 1996թ. թիվ 193 որոշմամբ որոշել է՝

Հայաստանի Հանրապետության հաշմանդամների հասարակական կազմակերպությունների այն ձեռնարկություններն, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնցում աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 50 տոկոսը հաշմանդամներ են եւ որոնք մինչեւ սույն որոշման ընդունումը չեն վճարել ավելացված արժեքի հարկը, ազատվում են այդ հարկը չվճարելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված տույժերից եւ տուգանքներից։

Ակնհայտ է, որ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով հաշմանդամների կազմակերպությունների համար սահմանված հարկային արտոնությունները լիարժեքորեն չի կարող իրացվել, եթե դա կանոնակարգված չէ օրենքով, որը ի դեպ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջն է՝ «հարկային արտոնությունները սահմանվում են օրենքով, եթե առանձին հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ։»

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ «Հավատք», «Փյունիկ», «Հույսի կամուրջ», «Լուսաստղ», «Կամք եւ կորով», «Փարոս» եւ «Փրկություն» հաշմանդամների հասարակակական կազմակերպությունների խնդրանքը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Առաջարկվող օրինագիծը ոչ միայն նորովի է լուծում վերոհիշյալ խնդիրները, այլեւ էականորեն բարձրացնում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության վիճակը։