Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 1999թ. ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ.
«Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված տեղեկություններն առանց համապատասխան համաձայնության կարող են տրամադրվել նաեւ փաստաբաններին` իրավաբանական օգնություն ցույց տալու համար»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Փաստաբանական պալատի փաստաբանները զրկված են ստանալու իրենց վստահորդների շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով համապատասխան տեղեկություններ գույքային իրավունքների, դրանց ձեռքբերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ, ինչը փաստաբանական գործունեություն իրականացնելիս անհարկի խոչընդոտներ եւ բարդություններ է առաջացնում:
Համաձայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ «Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը եւ ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների եւ շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով եւ եղանակներով»:
Նույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «փաստաբանը իրավունք ունի՝ դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին, անհատ ձեռնարկատերերին եւ իրավաբանական անձանց (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ)` իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են տասնօրյա ժամկետում փաստաբանին տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ, երբ այդ մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով այլ բան է նախատեսված, կամ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր եւ պատճառաբանված: Սույն կետում նշված դեպքում փաստաբանից կարող է գանձվել փաստաթղթերի (տեղեկությունների) կամ դրանց պատճենների տրամադրման համար վճար, որը չի կարող գերազանցել դրա պատրաստման ծախսերը, եթե օրենսդրությամբ վճարման այլ չափ նախատեսված չէ»:
Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին»ՀՀ օրենքի 9-րդ հոդված 7-րդ մասի՝ «յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը»:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «գրանցումն իրականացնող լիազոր մարմինը մերժում է տեղեկատվության տրամադրումը միայն այն դեպքերում, եթե՝
1) տեղեկատվությունը պարունակում է օրենքով սահմանված կարգով պետական, ծառայողական գաղտնիք համարվող տեղեկություն,
2) տեղեկատվությունը պարունակում է սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով եւ կարգով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն»:
Նույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը սահմանում է. « իրավական կադաստրի տեղեկատվության կազմից սույն հոդվածի 3-րդ մասում չնշված այլ տեղեկությունները կարող են (այդ թվում` փաստաթղթերի պատճենների կամ քաղվածքների ձեւով) տրամադրվել գույքային իրավունքների, դրանց ձեռքբերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ տեղեկությունները՝ այդ իրավունքների իրավատերերին, գրանցված իրավունքի սուբյեկտներին, սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված մարմիններին»: Իր հերթին, օրենքի նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «սույն հոդվածով նախատեսված տեղեկություններն առանց համապատասխան համաձայնության կարող են տրամադրվել դատարաններին, քրեական հետապնդում իրականացնող մարմիններին, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց կողմից այդ տեղեկությունների հրապարակման կամ դրանց գաղտնիության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով եւ համապատասխան մարմինների գործառույթները կարգավորող այլ իրավական ակտերով»:
Այսպիսով, օրենքի նախագծի 1-ին հոդվածը միտված է լրացնելու այս բացը:
Հարկ ենք համարում նաեւ նշել, որ դատական պրակտիկայում դատարանների վճիռներով լիազոր մարմնի կողմից վերոնշյալ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ մերժման գրությունները բազմիցս ճանաչվել է անվավեր, եւ բավարարվել են հայցվոր կողմի պահանջները: