Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-210-08.02.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-142 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Առանց հեղինակի համաձայնության եւ հեղինակային վարձատրության վճարման թույլատրվում է փողոցներում, զբոսայգիներում, հրապարակներում կամ այցելության համար բաց այլ վայրերում տեղադրված ճարտարապետական, կերպարվեստի, լուսանկարչական կամ այլ ստեղծագործությունների ոչ առեւտրային նպատակով ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով եւ ձեւով վերարտադրումը, հեռարձակումը, ինչպես նաեւ վերարտադրված օրինակների տարածումը, այդ թվում` համացանցի միջոցով: Աշխատանքներն, որոնք ցուցադրված են հասարակության համար բաց հանրային հավաքածուներում, այն է` թանգարաններում, պատկերասրահներում եւ ցուցասրահներում կարող են վերարտադրվել միայն կատալոգների եւ տպագիր հրատարակությունների միջոցով, ինչպես նաեւ մամուլում, հեռուստատեսությամբ եւ համացանցում տեղեկատվության տրամադրման նպատակի սահմաններում: »

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում առավել հստակեցնել «Հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված հանրային այցելության համար բաց վայրերում տեղադրված ստեղծագործությունների օգտագործման կարգը՝ հաշվի առնելով ինչպես հեղինակների, այնպես էլ հանրության լայն շրջանակների շահերի զուգակցումը: