Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-212-08.02.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի  «Քրեական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի «տասնութ» բառը փոխարինել «քսանմեկով».

Ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս քսանմեկ տարին չլրացած անձինք, հանցանք կատարելու կամ դատավճիռ կայացնելու պահին հղի վիճակում գտնվող կանայք:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ  է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
  
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երիտասարդների /18-21 տարեկանների/ նկատմամբ ցմահ ազատազարկումը չի երաշխավորվում որեւէ հանգամանքով: Սա եւս պայմանավորված է նրանով, որ երիտասարդ տարիքում հանցագործություն կատարած անձանց հիմնականում պակասում է կենսափորձը, մտավոր լիակատար հասունությունը, անձը դեռեւս լիարժեք ձեւավորված չէ:

Ներկայումս Հայաստանի 103 ցմահ դատապարտյալներից 22-ը դատապարտվել են մինչեւ 21 տարին լրանալը, որոնցից 15-ը զինվորական  ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար` 18- 20 տարեկանում: Եվ սա այն պարագայում, երբ տարբեր ընտանիքներից զինծառայության են գալիս տարբեր աստիճանի դաստիարակության եւ սովորույթներով երիտասարդներ` առանց բավարար փորձի եւ սոցիալ-հոգեբանական կազմավորման:

Հաշվի է առնվել նաեւ Եվրոպական երկրների փորձը. օրինակ, Ավստրիայում եւ Շվեդիայում անձը համարվում է չափահաս 18 տարեկանը լրանալուն պես, այնուհանդերձ եթե հանցանքը  կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան ցմահ դատապարտել, քանի որ համարվում է, որ անձը լիարժեք ձեւավորված չէ: Գերմանիայում եւս գործում է նմանատիպ օրենք` որոշ սահմանափակումներով, այն է` հանցանք կատարելու պահին 21 տարին չլրացած անձը օրենքով չի կարող ցմահ դատապարտվել, եթե ապացուցվում է, որ նա հոգեպես հասուն չէ: 18-21 տարեկանների համար ցմահ բանտարկություն սահմանելուց առաջ հատուկ բժշկա-հոգեբանական փորձաքննություն են անցկացնում՝ արդյոք նրա ֆիզիոլոգիական տարիքը համապատասխանում է հոգեբանական եւ մտավոր տարիքին:

Հոգեբանների մեծամասնությունը դեմ է անձին ցմահ դատապարտելուն, եթե արարքը կատարելու պահին նա եղել է 20-21 տարեկան կամ ավելի փոքր, առավել եւս` եթե դա նրա առաջին դատվածությունն է: Համաձայն հիշյալ մասնագետների, կարելի է նշանակել թեկուզ տարիների տեսքով պատժի ամենաբարձր շեմը, բայց ոչ ցմահ եւ նրան մեկուսացնել հասարակությունից: Նրանց խոսքով, մինչեւ 24 տարեկանը անձի ուղեղը դեռ զարգացման փուլում է: Չափահասության ու անչափահասության սահմանը խիստ հարաբերական է: Ի վերջո, անձի անատոմիական, արտաքին հասունությունը դեռեւս չի կարող վկայել նրա լիակատար հասունության մասին:

Այսպիսով, օրենքի նախագծի 1-ին հոդվածը միտված է լուծելու վերը նշված խնդիրները: