Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-215-14.02.2013-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման քաղաքականության հիմնադրույթները:

Հոդված 2. Բազմազավակ ընտանիք հասկացությունը

1. Բազմազավակ է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն ընտանիքը, որն իր կազմում ունի ծնողների խնամքի տակ գտնվող երեք եւ ավելի երեխա՝ մինչեւ նրանց 18 տարին լրանալը, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունում առկա (ստացիոնար) ձեւով սովորելու դեպքում` մինչեւ նրանց ուսման ավարտը:

Հոդված 3. Բազմազավակ մայր հասկացությունը

1. Բազմազավակ մայր է համարվում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն կինը, որն ունի իր խնամքի տակ գտնվող չորս եւ ավելի երեխա՝ մինչեւ նրանց 18 տարին լրանալը:

Հոդված 4. Բազմազավակ ընտանիքների եւ բազմազավակ մայրերի աջակցության պետական քաղաքականության իրականացումը

1. Բազմազավակ ընտանիքների ու բազմազավակ մայրերի համար սույն օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված սոցիալական աջակցության տրամադրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը (այսուհետ` լիազորված մարմին) պետական նպատակային եւ հասցեագրված ծրագրերի իրականացման միջոցով:

Հոդված 5. Բազմազավակ ընտանիքներին հաշվառումը եւ կարգավիճակը

1. Բազմազավակ ընտանիքների հաշվառման ժամանակ նրանց կազմի մեջ են ներառվում ծնողների երեխաները, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված կարգով ծնողների խնամակալության տակ գտնվող երեխաները:

2. Հաշվառման ժամանակ բազմազավակ ընտանիքի կազմում չեն հաշվառվում այն երեխաները`

1) որոնց նկատմամբ ընտանիքի ծնողը զրկված է ծնողական իրավունքից:

2) որոնք դաստիարակչական, բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններում գտնվում են պետության լրիվ խնամքի տակ:

3. Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով բազմազավակ ընտանիքներին տալիս է իրենց կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:

Հոդված 6. Բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցությունը

1. Բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցությունն իրականացվում է սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով, սահմանված կարգով:

2. Բազմազավակ ընտանիքները չեն հաշվառվում ընտանեկան նպաստի համակարգում:

3. Բազմազավակ ընտանիքներին տրամադրվում է ամենամսյա դրամական օգնություն` յուրաքանչյուր երեխայի համար մինչեւ 18 տարին լրանալը օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, իսկ չորրորդ եւ ավելի յուրաքանչյուր երեխայի համար օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

4. Բազմազավակ ընտանիքներին ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազի, էլեկտրաէներգիայի, հեռախոսի, աղբահանության վարձերը վճարելու համար տրվում է ամենամյա օգնություն` օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով:

5. Բազմազավակ ընտանիքների մինչեւ 7 տարեկան երեխաների համար բժիշկների դեղատոմսերով դեղերը տրամադրվում են անվճար:

6. Բազմազավակ ընտանիքների երեխաներին տրվում է մանկապարտեզ ընդունվելու եւ անվճար հաճախելու առաջնահերթ իրավունք:

7. Բազմազավակ ընտանիքների մինչեւ 18 տարեկան եւ առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող 18-23 տարեկան զավակներն իրավունք ունեն պետական պատվերի շրջանակում ստանալու անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում, իսկ ծնողների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է անվճար:

Հոդված 7. Բազմազավակ ընտանիքներին բնակելի պայմանները բարելավելու եւ բնակարաններով ապահովելու համար պետական աջակցությունը

1. Բնակարան չունեցող այն բազմազավակ ընտանիքները, որոնք ունեն 4 եւ ավելի երեխա եւհամապատասխան մարմիններ դիմելու պահին նախորդող 5 տարվա ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածք, տրամադրվում է բնակարան` 20 տարի չօտարելու պայմանով:

2. Գյուղական համայնքներում բնակվող բազմազավակ ընտանիքներին տրամադրվում է 0,15 հա-ից ոչ պակաս գյուղատնտեսական նշանակության հողատարածք, իսկ բնակարանային պայմանները բարելավելու կամ նոր բնակարան կառուցելու համար տրամադրվում են ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկեր:

3. Բնակարանների կառուցման կամ բնակարանների գնման նպատակով տրամադրված վարկերը բազմազավակ ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի հաշվարկով սուբսիդավորվում է առաջին երեխայի դեպքում 20%-ի, երկրորդի դեպքում` 40%-ի,իսկ երրորդ եւ ավելի երեխայի դեպքում` 50%-ի չափով:

4. Գյուղական համայնքներում բնակվող բազմազավակ ընտանիքներին ֆերմերային տնտեսություն ստեղծելու, տեխնիկա ձեռք բերելու եւ գյուղատնտեսական արտադրություն վարելու համար արտոնյալ պայմաններով հատկացվում է հողատարածքներ եւ տրամադրվում վարկեր:

5. Սույն հոդվածով սահմանված բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու, բնակարաններ տրամադրելու, ինչպես նաեւ արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու եւ դրանք սուբսիդավորելու կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 8. Բազմազավակ մայրերի պետական խրախուսումը

1. Բազմազավակ մայրերին խրախուսելու նպատակով շնորհվում են հետեւյալ կոչումները՝

1) 10 եւ ավելի երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «Հայաստանի պատվավոր մայր» պատվավոր կոչումը` «Հայաստանի պատվավոր մայր» մեդալի պարգեւատրումով.

2) 8-9 երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «Մայրական սխրանք առաջին աստիճանի» պատվավոր կոչումը` «Մայրական սխրանք առաջին աստիճանի» շնորհագրի եւ կրծքանշանի պարգեւատրումով,

3) 6-7 երեխա ծնած «Մայրական սխրանք երկրորդ աստիճանի» կոչումը`

«Մայրական սխրանք երկրորդ աստիճանի» շնորհագրի եւ կրծքանշանի պարգեւատրումով.

4) 4-5 երեխա ծնած եւ (կամ) որդեգրած մայրերին շնորհվում է «Մայրական սխրանք երրորդ աստիճանի» կոչումը` «Մայրական սխրանք երրորդ աստիճանի» շնորհագրի եւ կրծքանշանի պարգեւատրումով.

2. Սույն օրենքով սահմանված պատվավոր կոչումները սահմանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 9. Բազմազավակ ընտանիքների պետական աջակցություն ցուցաբերելու ֆինանսավորման աղբյուրները :

1. Սույն օրենքով սահմանված ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Հոդված 10. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՄԱՅՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ

Օրենքի նախագծի ընդունումը միտված է պետական հասցեագրված աջակցության եւ խրախուսման միջոցով նպաստել բազմազավակ ընտանիքների ամրապնդմանը, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, ծնելիության մակարդակի աճին եւ մայրության ու մանկության պաշտպանությանը:

Նկատի ունենալով, որ ընտանիքը ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչներն են, ուստի անհրաժեշտ է պետական հասարակական, ժողովրդագրական ակտիվ քաղաքականություն իրականացնելով բարելավել ընտանիքների կենսապայմանները` բարձրացնելով երեխայի ծննդաբերության միանվագ նպաստների չափը, ավելացնել մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի համար տրամադրվող նպաստների շրջանակը եւ ներկայացնել երեխաների ծննդաբերության հաջորդականությամբ պայմանավորված բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի խրախուսման ամբողջական համակարգ:

Ըստ վիճակագրության` 1987-88թթ-ին Հայաստանի Հանրապետությունում ծնվել է շուրջ 89 հազար երեխաներ, 1989-2001թթ-ի ընթացքում միջինը Հայաստանի Հանրապետությունում ծնվել է տարեկան 32 հազար երեխա. ակնհայտ է, որ ծնելիությունը նվազել է շուրջ 2,8 անգամ: Սկսած 2003թ-ից մինչեւ 2012թ-ը ծնելիությունը սկսեց տարեց տարի ավելանալ. 2011-12թթ-ին Հայաստանի Հանրապետությունում ծնվել է շուրջ 46 հազար երեխա:

Այս տվյալները հիմք են տալիս արձանագրելու, որ վերջին տարիներին ծնելիության աճը պայմանավորված էր մի շարք բարեփոխումներով, մասնավորապես` անվճար ծննդօգնության եւ երեխայի ծնունդով պայմանավորված միանվագ նպաստի տրամադրման համակարգերի ներդրումով: Համոզված էնք, որ ծնելիության էական ավելացման միակ ուղին դա պետության կողմից հետեւողական եւ նպատակային աջակցությունն է ընտանիքներին, մասնավորապես` բազմազավակ ընտանիքներին: Ընտանիքը պետության ու հասարակության հիմնական բջիջն է, որին պետք է աջակցել եւ օժանդակել: Երեխաները պետության եւ ընտանիքի առաջնահերթություններն են, եւ ունեն արժանավայել ապրելու, սովորելու, ծնողների ու պետության կողմից խնամքի, պաշտպանություն եւ աջակցություն ստանալու իրավունք:

Նախագծով առաջարկվում է լրացուցիչ ֆինանսական աջակցություն բազմազավակ ընտանիքներին, ինչը հնարավորություն կտա էապես ավելացնել ծննդաբերությունը` կանգնեցնելով բնական աճի անկումը: