Հոդված 1. «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-142 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. « Հոդված 25. Համայնապատկերի ազատություն
Առանց հեղինակի համաձայնության եւ հեղինակային վարձատրության վճարման թույլատրվում է փողոցներում, զբոսայգիներում, հրապարակներում եւ այցելության համար բաց այլ վայրերում մշտապես տեղադրված ստեղծագործությունների ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով եւ ձեւերով վերարտադրումը, հեռարձակումը, վերարտադրված օրինակների տարածումը, այդ թվում՝ համացանցի միջոցով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում առավել հստակեցնել այցելության համար բաց վայրերում տեղադրված ստեղծագործությունների օգտագործման կարգը՝ հաշվի առնելով ինչպես հեղինակների, այնպես էլ հանրության լայն շրջանակների շահերի զուգակցումը: Այս նախագծի շրջանակներում ոչ միայն առավել հստակեցվել է «Հեղինակային իրավունքների եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի բովանդակությունը, այլ նաեւ փոփոխվել է հոդվածի վերտառությունը՝ ստանալով «Համայնապատկերի ազատություն» վերտառությունը: Այս հանգամանքը պայմանավորված է միջազգային պրակտիկայում լայն տարածում ունեցող «համայնապատկերի ազատություն» (freedom of panorama) եզրութի առկայությամբ, որը կիրառվում է այցելության համար բաց վայրերում տեղադրված ստեղծագործությունների վերարտադրման, տարածման հարաբերությունները կարգավորելիս: