Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-218-26.02.2013-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1 մասը լրացնել նոր 7.1) կետով հետեւյալ բովանդակությամբ`

7.1) կազմակերպության ստանդարտ` իրավաբանական անձանց եւ/կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ընդունված ստանդարտ:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1 մասը լրացնել նոր 4-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ`

«4) հաստատում եւ պետական գրանցման է ներկայացնում տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչներն ու դրանց փոփոխությունները.»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1 մասը լրացնել նոր 5) եւ 6) կետերով հետեւյալ բովանդակությամբ`

«5) Տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչները,

6) Կազմակերպության ստանդարտները»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածից հետո լրացնել նոր «15.1» եւ «15.2» հոդվածներ հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 15.1. Տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչները

1. Տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչների մշակումը, հաստատումը, վարումը եւ կիրառումն իրականացվում է ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան:

2. Միջազգային, միջպետական կամ այլ պետությունների դասակարգիչները կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետությունում` ստանդարտացման ազգային համակարգի պահանջներին համապատասխան:

3. Տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչներն ու դրանց փոփոխությունները ենթակա են լիազորված պետական մարմնի կողմից հաստատման եւ պետական գրանցման:

Հոդված 15.2. Կազմակերպության ստանդարտները

1. Կազմակերպության ստանդարտները մշակում, ընդունում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ հայտարարում եւ հաշվառում են իրավաբանական անձինք եւ/կամ անհատ ձեռնարկատերերը: Կազմակերպության ստանդարտները մշակվում են արտադրանքի տեխնիկական պահանջների եւ նորմերի սահմանման, ինչպես նաեւ արտադրության կազմակերպման եւ կատարելագործման նպատակով:

2. Կազմակերպության ստանդարտները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին»:

Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել նոր 2.1 մասով հետեւյալ բովանդակությամբ`

«2.1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքի համաձայն կամ ի կատարումն դրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին եւ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: