Հոդված 1. «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) հոդված 1-ի 4-րդ մասի «համապատասխանության գնահատման ընթացակարգերի» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման գործընթացի» բառերով:
Հոդված 2 . Օրենքի հոդված 2-ի 1-ին մասի 13)-րդ եւ 19)-րդ կետերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`
1.«13) համապատասխանության գնահատում` գործընթաց, որով հավաստվում է արտադրանքին, գործընթացին, համակարգին, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների իրականացումը` փորձարկման եւ/կամ սերտիֆիկացման եւ/կամ հայտարարագրման եւ/կամ տրամաչափարկման եւ/կամ տեխնիկական հսկողության իրականացման միջոցով.»
«19) համապատասխանության գնահատման գործընթաց` գործընթաց, որն իրականացվում է որոշելու համար համապատասխան տեխնիկական կանոնակարգերում եւ/կամ միջազգային եւ/կամ ազգային ստանդարտներում սահմանված պահանջների կատարման ապահովումը:»
2.17-րդ կետի «համապատասխանության գնահատման սխեմա» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման ընթացակարգ» բառերով:
Հոդված 3 . Օրենքի հոդված 7-ի 3-րդ մասի «եւ կանոնակարգվող ոլորտների» բառերը հանել:
Հոդված 4. Օրենքի հոդված 20-ը լրացնել 8.1 մասով`
«8.1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները վճարում են պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համաձայն:»
Հոդված 5. Օրենքի հոդված 30-ի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1. Անհրաժեշտությունը
«Ստանդարտացման մասին» եւ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ինչպես նաեւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2012թ. փետրվարի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված եւ 2012թ. մարտի 24-ին ուժի մեջ մտած «Ստանդարտացման մասին» ՀՕ-21-Ն, «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՕ-19-Ն, «Հավատարմագրման մասին» ՀՕ-20-Ն եւ «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՕ-22-Ն ՀՀ օրենքներով, իսկ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պահանջներով, ինչպես նաեւ հինգ օրենքներում տեղ գտած որոշ անճշտությունների շտկմամբ: «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 20-ի 3-րդ մասով ուժը կորցրած է ճանաչվել «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքը եւ «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում անդրադարձ է կատարվել տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգիչների հաստատմանը: «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30 հոդվածի 1 մասը ուժը կորցրած է ճանաչվել, քանի որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պետությունը նշանակման համար պարտադիր ապահովման պատասխանատվություն չպետք է վերցնի, ինչպես նաեւ օրենքում անդրադարձ է կատարվել պետական տուրքի վճարումների մասին` համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հավատարմագրման ազգային մարմնի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար համապատասխանության գնահատման մարմնի կողմից իրականացվող վճարները եւ տարեկան անդամավճարի չափը պետք է սահմանի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը։
Հարկ է նշել, որ վերոգրյալ օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել եւ հավանության է արժանացել ս/թ հունվարի 23-ին տեղի ունեցած որակի եւ տեխնիկական կանոնակարգման ազգային խորհրդի առաջին նիստի ժամանակ, որի անհատական կազմը ձեւավորվել է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն 2012 թվականի հոկտեմբերի 18-ի «Որակի եւ տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը, կանոնադրությունը եւ գործունեության կարգը հաստատելու մասին» N 1317-Ն որոշման N1 հավելվածի:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Հայաստանում տեխնիկական կանոնակարգերը, դասակարգիչները, ազգային ստանդարտները, կազմակերպության ստանդարտները եւ ստանդարտացման նորմատիվ այլ փաստաթղթերը գործում էին համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-18 օրենքի, մասնավորապես` 15-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետի համաձայն` ՀՀ էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատվում էին դասակարգիչները, իսկ 8-րդ հոդվածով` տեխնիկական կանոնակարգերի դրույթները(չնայած նույնիսկ այն հանգամանքին, որ տեխնիկական կանոնակարգերին վերաբերող հոդվածը եւ հիմնական դրույթները տեղափոխվել են առանձնացված երկրորդ գլխով նոր` 2012թ. մարտի 24-ին ուժի մեջ մտած «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՕ-19-Ն ՀՀ օրենքի մեջ):
Քանի որ, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի «Իրավական ակտի գործողության դադարեցման հետ միաժամանակ համապատասխանաբար գործողությունը դադարեցված են ճանաչվում նաեւ այդ իրավական ակտի համաձայն կամ ի կատարումն դրանց ընդունված նորմատիվ իրավական ակտերը կամ իրավական նորմերը, եթե իրավական ակտի գործողությունը դադարեցնելու մասին իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:», ուստի դե-յուրե դադարում են գործել դասակարգիչները, տեխնիկական կանոնակարգերը, ազգային ստանդարտները, կազմակերպության ստանդարտները եւ ստանդարտացման նորմատիվ այլ փաստաթղթերը: Բացի վերոգրյալից, անհրաժեշտ է նշել նաեւ, որ 2012 թվականի օգոստոսի 9-ի ՀՀ կառավարության N1015-Ն որոշմամբ արդեն իսկ հաստատվել է «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման պլանավորման ծրագիրը», ինչին պետք է նախորդեր բոլոր տեխնիկական կանոնակարգերի գործողության իրավական հիմքերի ապահովումը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունը ամբողջովին նպատակաուղղված է որակի ենթակառուցվածքի բաղկացոցիչ մաս հանդիսացող` ստանդարտներին եւ տեխնիկական կանոնակարգերի վերահաստատմանը` հիմք ընդունելով ոլորտի կանոնակարգման նոր օրենսդրության պահանջները, որոնք համահունչ են ԱՏԽ դրույթներին եւ դրանց մոտարկմանը ԵՄ օրենսդրությանը, որն իր հերթին մասն է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ԽՀԱԱՀ-ի շուրջ բանակցությունների մեկնարկի համար պահանջվող աշխատանքների:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին եւ տեխնիկական կանոնակարգերին վերաբերող օրենսդրական փոփոխության նպատակը Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին անհամապատասխանությունների վերացումն է եւ դրանց գործողության ապահովումը, իսկ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում որոշ հասկացություններ առավել խորը մոտարկել ԵՄ նմանատիպ հասկացություններին, ինչպես նաեւ նախատեսել պետական տուրքի գանձում, որը իրականցնելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Իրավական ակտերի նախագծերի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
6. Ակնկալվող արդյունքը
«Ստանդարտացման մասին» եւ «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ինչպես նաեւ «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հավատարմագրման մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման արդյունքում կկանոնակարգվեն ստանդարտացման նորմատիվային փաստաթղթերի եւ տեխնիկական կանոնակարգերի գործողության իրավական հիմքերը:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Չկան: