Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2561-29.03.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, դրա մասնակիցների իրավասությունները եւ պատասխանատվությունը, կարգավորում է հասարակական հարաբերությունները չափումների միասնականության ապահովման բնագավառում եւ ուղղված է քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ տնտեսության մեջ չափումների հավաստիության ապահովմանը։

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) չափագիտություն - գիտություն չափումների մասին,

2) օրենսդրական չափագիտություն - չափումների միասնականության ապահովմանն ուղղված չափագիտության մաս, որն իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմեր, կանոններ եւ պահանջներ, որոնք կանոնակարգվում եւ հսկվում են պետության կողմից,

3) չափումների միասնականություն - չափումների այնպիսի մակարդակ, որի արդյունքները արտահայտված են մեծությունների օրինականացված միավորներով, իսկ չափումների սխալանքը հայտնի հավանականությամբ դուրս չի գալիս սահմանված տիրույթից,

4) չափման միջոց, չափիչ սարք - տեխնիկական միջոց, որը նախատեսված է չափում կատարելու համար, ինքը՝ կամ այլ լրացուցիչ սարքի հետ,որը ունի նորմավորված չափագիտական բնութագրեր,

5) մեծության միավորի էտալոն - չափ, չափման միջոց, ստանդարտ նմուշ կամ չափողական համակարգ, որը նախատեսված է մեկ կամ մի քանի արժեքների կամ միավորի վերարտադրման, սահմանման, պահպանման եւ կիրառման համար,

6) ազգային էտալոն - էտալոն, որը չափագիտության ազգային մարմնի որոշմամբ ճանաչվել է որպես ելակետային Հայաստանի Հանրապետության համար,

7) աշխատանքային էտալոն -էտալոն, որը նախատեսված է աշխատանքային չափման միջոցներին չափի փոխանցման համար,

8) Չափագիտության ազգային մարմին – կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է չափումների միասնականության ապահովման պետական կառավարումը,

9) չափման միջոցների ստուգաչափում - գործողությունների ամբողջություն, որը նպատակ ունի որոշել եւ հավաստել պետական չափագիտական հսկողության եւ վերահսկողության ոլորտներում կիրառվող չափման միջոցների չափագիտական բնութագրերի համապատասխանությունը չափումների միասնականության ապահովման համակարգի ազգային ստանդարտներով սահմանված պահանջներին,

10) չափման միջոցների ստուգաճշտում (կալիբրավորում) - գործողությունների ամբողջություն, որը տրված պայմաններում որոշում է չափման միջոցով, չափողական համակարգով, չափով կամ ստանդարտ նմուշով ստացված մեծությունների արժեքների եւ էտալոններով վերարտադրված համապատասխան արժեքների հարաբերակցությունը,

11) չափման միջոցների տեսակի հաստատման սերտիֆիկատ -չափագիտության ազգային մարմնի կողմից տրված փաստաթուղթ,որը հավաստում է, որ տվյալ չափման միջոցի տեսակը հաստատված է եւ համապատասխանում է նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին,

12) չափումների կատարման մեթոդիկա - գործողությունների եւ կանոնների ամբողջություն, որոնց կատարումը ապահովում է երաշխավորված ճշտությամբ չափման արդյունքների ստացումը ընդունված մեթոդի համաձայն։

13) չափման միջոցների չափագիտական վկայագրում - եզակի օրինակով արտադրվող (կամ ներմուծվող) չափման միջոցները կիրառման համար օրինականացված ճանաչելը։

14) հավատարմագրում – ընթացակարգ, որի միջոցով իրավասու մարմինը ճանաչում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավասությունը` կատարել ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում:

15) հավատարմագրված անձ` սույն օրենքին համապատասխան հավատարմագրված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր:

Հոդված 3. Չափումների միասնականության ապահովման բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

1. Հայաստանի Հանրապետությունում չափագիտության եւ չափումների միասնականության ապահովման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով։

2. Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության ոլորտում չափումների միասնականության ապահովման գործունեության առանձնահատկությունները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից։

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, գործում են միջազգային պայմանագրերի նորմերը։ 
 

ԳԼՈՒԽ 2

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 5. Չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի կառուցվածքը

1. Չափումների միասնականության ապահովման ազգային համակարգը (այսուհետեւ՝ ՉՄԱԱՀ) բաղկացած է հետեւյալ իրար հետ փոխհամագործակցող ենթահամակարգերից.

1) իրավական ենթահամակարգ,

2) կազմակերպական ենթահամակարգ,

3) տեխնիկական ենթահամակարգ։

2. ՉՄԱԱՀ-ի իրավական ենթահամակարգը իրենից ներկայացնում է իրավական ակտերի համալիր, որով սահմանվումվում են չափագիտական ընդհանուր կանոնները եւ նորմերը, պետական ստուգաչափական սխեմաները, ստուգաչափման մեթոդիկաները եւ չափումների կատարման մեթոդիկաները։

3. ՉՄԱԱՀ-ի կազմակերպական ենթահամակարգը ընդգրկում է`

1) Չափագիտության ազգային մարմինը,

2) Չափագիտության ազգային ինստիտուտը,

3) չափագիտության ոլորտում գործունեություն իրականացնող պետական կառավարման մարմինները, իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

4. ՉՄԱԱՀ-ի տեխնիկական ենթահամակարգը ընդգրկում է՝

1) մեծությունների միավորների ազգային էտալոնները, աշխատանքային էտալոնները,

2) բարձր ճշտության սարքավորումները,

3) ստանդարտ նմուշները,

4) փորձարկման սարքավորումները, որոնք անհրաժեշտ են պետական չափագիտական հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելու համար։

ԳԼՈՒԽ 3

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ԷՏԱԼՈՆՆԵՐԸ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ ԵՎ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 6. Մեծությունների միավորները եւ չափումների սանդղակները

1. Հայաստանի Հանրապետությունում չափումների ժամանակ կիրառվում են չափի եւ կշռի միջազգային Գլխավոր համաժողովի կողմից ընդունված եւ օրենսդրական չափագիտության Միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների Միջազգային համակարգի մեծությունների միավորները եւ չափումների սանդղակները։

2. Մեծությունների միավորների, չափումների սանդղակների անվանումը, նշագրումը, գրելաձեւը, դրանց կիրառման կանոնները սահմանում է Հայատանի Հանրապետության կառավարությունը։

3. Մեծությունների միավորների միջազգային համակարգի մեծությունների միավորներին համահավասար կարող են կիրառվել ՀՀ կառավարության կողմից թույլատրված մեծությունների արտահամակարգային միավորները՝ հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ։

4. Արտաքին առեւտրում Միջազգային պայմանագրերի համաձայն կարող են կիրառվել մեծությունների այլ համակարգի միավորներ։

5. Արտահանվող արտադրանքի, այդ թվում չափողական տեխնիկայի եւ ծառայությունների բնութագրերը եւ ցուցանիշները կարող են արտահայտվել պատվիրատուի կողմից սահմանված միավորներով։

Հոդված 7. Մեծությունների միավորների էտալոնները

Չափումների միասնականության ազգային համակարգի տեխնիկական հիմքը կազմում են մեծությունների միավորների ազգային էտալոնները, աշխատանքային էտալոնները, որոնք հանդիսանում են ելակետային Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նախատեսված են մեծությունների միավորների չափերի վերարտադրման եւ պահպանման համար, ինչպես նաեւ տվյալ մեծությունների աշխատանքային չափման միջոցներին իրենց չափերի փոխանցման համար։

Էտալոնները ստեղծվում, պահպանվում եւ կիրառվում են չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի սատանդարտներով։

Ազգային էտալոնները պետության սեփականությունն են եւ հաստատվում են չափագիտության ազգային մարմնի կողմից։

Հոդված 8. Չափման միջոցները

Չափման միջոցները օգտագործվում են կիրառման թույլատրված միավորներով արտահայտված մեծությունների արժեքը որոշելու համար եւ պետք է համապատաս-խանեն դրանց շահագործման պայմաններին եւ չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի սատանդարտների պահանջներին։

Հոդված 9. Չափումների կատարման մեթոդիկաները

1. Չափումների կատարման մեթոդիկան սահմանում է չափման մեթոդը, տեխնիկական միջոցները, չափումների կատարման նախապատրաստման կանոնները, ինչպես նաեւ չափման արդյունքի մշակման եւ հաշվարկման կարգը։

2. Սույն օրենքի 13 հոդվածով սահմանված պետական չափագիտական հսկողության եւ վերահսկողության ենթակա ոլորտներում կիրառվող մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման։

3. Չափումների կատարման մեթոդիկաների մշակման եւ չափագիտական վկայագրման կարգը սահմանվում է չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի սատանդարտներով:

Հոդված 10. Ստանդարտ նմուշները

Ստանդարտ նմուշը չափ է, որը օգտագործվում է չափման միջոցների ստուգաչափման, ճշգրտության գնահատման, ինչպես նաեւ նյութերի բաղադրության, հատկությունների տեխնիկական բնութագրերը բնորոշող մեծությունների արժեքների որոշման ժամանակ։ Ստանդարտ նմուշների տեսակը հաստատված է համարվում տեսակը հաստատված ստանդարտ նմուշների պետական գրանցամատյանում գրանցման պահից։

ԳԼՈՒԽ 4

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 11. Չափումների միասնականության ապահովման պետական կառավարումը

1. Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը։

2. Չափագիտության ազգային մարմինը՝

1) մշակում եւ իրականացնում է պետական քաղաքականությունը չափումների միասնականության ապահովման բնագավառում,

2) Հայաստանի Հանրապետության Կառավարություն առաջարկություններ է ներկայացնում կիրառման թույլատրվելիք մեծությունների միավորների վերաբերյալ,

3) համակարգում է Չափագիտության ազգային ինստիտուտի գործունեությունը չափումների միասնականության ապահովման բնագավառում,

4) լիցենզավորում է տնտեսավարող սուբյեկտների չափման միջոցների արտադրության, նորոգման գործունեությունը,

5) իրականացնում է պետական չափագիտական վերահսկողություն,

6) հաս տատում է ստանդարտ նմուշների, պետական փորձարկումներ անցած չափման միջոցների տեսակը, վարում է տեսակը հաստատված չափման միջոցների եւ ստանդարտ նմուշների պետական գրանցամատյանը։

Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանը,

7) վարում է հավատարմագրված իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի գրանցամատյանը,

8) որոշումներ է կայացնում չափման միջոցների տեսակի հաստատման սերտիֆիկատների, պետական փորձարկումների, ստուգաչափման արդյունքների ճանաչման մասին՝ միջպետական եւ միջկառավարական պայմանագրերի համաձայն,

9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ,

10) հավատարմագրում:

Հոդված 12. Չափագիտության ազգային ինստիտուտը

1. Չափագիտության ազգային ինստիտուտը ազգային մարմնի ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպություն է , որի նպատակն է իրեն վերապահված իրավավասությունների շրջանակներում իրականացնել չափագիտության բնագավառում պետական քաղաքականություն,

2. Չափագիտության ազգային ինստիտուտը`

1) ստեղծում, կատարելագործում, պահպանում եւ կիրառում է մեծությունների միավորների էտալոններ, ստեղծում է մեծությունների միավորների չափերի փոխանցման համակարգը,

2) իրականացնում է չափագիտության բնագավառում գիտական հետազոտություններ,

3) պահում, պահպանում է ազգային էտալոններ,

4) ապահովում է ազգային էտալոնների միջպետական եւ միջազգային էտալոնների հետ բաղդատումը,

5) ապահովում է Հայաստանի Հանրապետությունում ժամանակի եւ հաճախականության չափումների միասնականությունը,

6) իրականացում է չափման միջոցների պետական փորձարկումներ եւ հաստատված տեսակին համապատասխանության փորձարկումներ,

7) տալիս է չափման միջոցի տեսակի հաստատման հնարավորության եւ (կամ) մերժման մասին եզրակացություն

8) կազմակերպում եւ իրականացնում է պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափման միջոցների ստուգաճշտում, չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի աշխտանքները,

9) իրականացնում է չափման միջոցների ստուգաչափում, չափագիտական վկայագրում,

10) մասնակցում է չափումների միասնականության ապահովման հարցերով միջպետական, միջազգային կազմակերպությունների աշխատանքներին,

12) կազմակերպում է չափագիտության բնագավառում տեղեկատվության եւ դրանց վերաբերյալ նյութերի հրապարակումը։

13) իրականացնում է օրենքով եւ իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

Հոդված13.Պետական չափագիտական հսկողության եւ վերահսկողության տարածման vոլորտները

1.Պետական չափագիտական հսկողությունը եւ վերահսկողությունը տարածվում է այն չափումների վրա, որոնց արդյունքները օգտագործվում են.

1) քաղաքացիների կյանքի պահպանման, առողջության, ախտորոշման աշխատանքների ժամանակ,

2) արտադրանքի եւ ծառայությունների որակի եւ անվտանգության հսկողության եւ փորձարկումների ժամանակ,

3) շրջակա միջավայրի վիճակի հսկողության ժամանակ,

4) աշխատանքի պայմանների անվտանգության հսկողության ժամանակ,

5) առեւտրային-կոմերցիոն գործողությունների, գնորդի ու վաճառողի, արտադրողի եւ իրացնողի միջեւ հաշվարկների ժամանակ,

6) բանկային, հարկային եւ մաքսային գործարքների ժամանակ,

7) էներգետիկ եւ բոլոր տեսակի նյութական պաշարների (էլեկտրական եւ ջերմային էներգիայի, գազի, ջրի, նավթամթերքների եւ այլն) հաշվառման ժամանակ,

8) արտադրանքի, ծառայությունների համապատասխանության հսկողության ժամանակ,

9) հատուկ կարեւորության օբյեկտներում իրականացվող աշխատանքների ժամանակ,

10) տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ախտորոշման ժամանակ։
 

ԳԼՈՒԽ 5

Հոդված 14. Պետական չափագիտական հսկողության տեսակները

1. Պետական չափագիտական հսկողությունը ներառում է.

1) չափման միջոցների պետական փորձարկումները, տեսակի հաստատումը, հաստատված տեսակին համապատասխանության փորձարկումները,

2) չափման միջոցների ստուգաչափումը եւ չափագիտական վկայագրումը,

3) չափման միջոցների արտադրության, նորոգման գործունեության լիցենզավորումը,

4) չափման միջոցների ստուգաճշտում, չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրումը,

Հոդված 15. Չափման միջոցների տեսակի հաստատումը

1.Հայաստանի Հանրապետությունում արգելվում է պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում տեսակը չհաստատված չափման միջոցների շահագործումը եւ իրացումը:

2. Չափման միջոցների տեսակի հաստատման մասին որոշումը ընդունում է չափագիտության ազգային մարմինը՝ չափագիտության ազգային ինստիտուտի կողմից տրված տեսակի հաստատման հնարավորության կամ մերժման մասին եզրակացության հիման վրա ։

3. Տեսակը հաստատված չափման միջոցները գրանցվում են Հայաստանի Հանրապետության չափման միջոցների պետական գրանցամատյանում։

4. Տեսակը հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի ձեւը եւ գործողության ժամկետը սահմանում է Չափագիտության ազգային մարմինը։

5. Չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի գործողության առավելագույն ժամկետը սահմանվում է մինչեւ 5 տարի:

6. Եզակի օրինակով արտադրված կամ ներմուծված պետական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները ենթակա են չափագիտական վկայագրման, տեսակի հաստատման եւ պետական գրանցման:

Հոդված 16. Չափման միջոցների տեսակի հաստատման նպատակով պետական փորձարկումների իրականացման կարգը

1. Տեսակի հաստատման նպատակով իրականացվող չափման միջոցների պետական փորձարկումները կատարվում են հայտատուի կողմից ներկայացված հայտի հիման վրա:

2. Հայտին կից ներկայացվում են՝

1) փորձարկման ենթակա չափման միջոցի երեք նմուշ,

2) տվյալ չափման միջոցի վերաբերյալ տեխնիկական պահանջներ սահմանող նորմատիվ փաստաթուղթ կամ դրա վերաբերյալ սպառիչ տեղեկություն,

3) շահագործման պահանջները սահմանող փաստաթղթերը,

4) ստուգաչափման մեթոդիկան,

5) չափման միջոցի տեսակի նկարագիրը։

3. Հայտի ներկայացման օրվանից 10 օրյա ժամկետում ներկայացված փաստաթղթերի փորձաքննության, չափման միջոցների փորձարկումների կամ չափագիտական վկայագրման արդյունքների հիման վրա Չափագիտության ազգային ինստիտուտը կազմում է տեսակի հաստատման հնարավորության կամ տեսակի հաստատման մերժման մասին եզրակացություն:

4. Դրական եզրակացության դեպքում չափագիտության ազգային ինստիտուտը հաստատում է չափման միջոցի տեսակի նկարագիրը եւ հայտին կից փաստաթղթերի, փորձաքննության եւ փորձարկման արդյունքների եւ իր եզրակացության հետ միասին ներկայացնում է չափագիտության ազգաին մարմնին:

5. Չափագիտության ազգային մարմինը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում ընդունում է որոշում չափման միջոցի տեսակը հաստատելու կամ տեսակի հաստատումը մերժելու մասին, որի մասին հայտատուն տեղեկացվում է՝ նշելով մերժման հիմքերը :

6. Աննպատակահարմարության պատճառով չափման միջոցի տեսակի հաստատման մերժումն արգելվում է:

7. Չափման միջոցի տեսակը հասատատելու մասին որոշումն ընդունվելուց եւ հայտատուի կողմից օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորագիրը ներկայացնելուց հետո երկու օրվա ընթացքում չափագիտության ազգային մարմինը տեսակը հաստատված չափման միջոցը գրանցում է տեսակը հաստատված չափման միջոցների եւ ստանդարտ նմուշների պետական գրանցամատյանում, ձեւակերպում եւ հայատատուին է հանձնում չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատը կամ չափման միջոցի չափագիտական վկայագրման մասին վկայականը :

8. Չափման միջոցի տեսակը հաստատված է համարվում տեսակը հաստատված չափման միջոցների եւ ստանդարտ նմուշների պետական գրանցամատյանում գրանցման պահից:

9. Չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի եւ չափագիտական վկայագրման մասին վկայականի ձեւերը եւ գործողության ժամկետը սահմանում է չափագիտության ազգային մարմինը։

Հոդված 17. Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգը

1. Հայաստանի Հանրապետություն կարող են ներմուծվել այն չափման միջոցները, որոնց տեսակը հաստատված է:

2. Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք առանց տեսակի հաստատման սերտիֆիկատի կարող են ներմուծվել այն չափման միջոցները, որոնք՝

1) նախատեսված են օտարերկրյա պետությունների, միջազգային եւ միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների օգտագործման համար,

2) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծված մինչեւ տաս միավոր այն չափման միջոցները, որոնք նախատեսված են երկարության, ջերմաստիճանի, ճնշման, լարման, հոսանքի մեծությունների չափման համար,

3) ներմուծվում են ֆիզիկական անձանց կողմից եւ նախատեսված չեն փոխադարձ հաշվարկների, առեւտրային գործունեության համար,

4) ներմուծվում են ՀՀ տարածք ցուցահանդեսներում ցուցադրելու համար:

5) որոնց փորձարկումները կարող են իրականացվել միայն շահագործման կամ տեղադրման վայրում

3. Հայաստանի Հանրապետություն չափման միջոցներ ներմուծող իրավա- բանական անձը կամ անհատ ձեռնարկատերը` հայտատուն, պարտավոր է չափագիտության ազգային ինստիտուտ ներկայացնել հայտ, որում նշվում է ներմուծման ենթակա չափման միջոցի քանակը եւ տեսակը։

4. Այն չափման միջոցների ներմուծումը, որոնց փորձարկումները կարող են իրականացվել միայն շահագործման կամ տեղադրման վայրում ներմուծումը թույլատրվում է "ժամանակավոր ներմուծում" մաքսային ռեժիմով, այնուհետեւ` մեկամսյա ժամկետում այդ չափման միջոցները այլ մաքսային ռեժիմով ձեւակերպելու պայմանով:

5. Մաքսային հսկողության տակ գտնվող չափման միջոցների փորձարկումների համար մաքսային մարմինների եւ ներմուծող հայտատուի ներկայությամբ Չափագիտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչը կատարում է նմուշառում: Նմուշների ընտրությունը ձեւակերպվում է նմուշառման ակտով:

6. Նախկինում տեսակը հաստատված չափման միջոցների ներմուծման համար կատարվում է նույնականացում եւ տրվում է տեղեկանք՝ չափման միջոցի տեսակը հաստատված լինելու կամ տեղադրման վայրում տեսակի հաստատման մասին:

7. Եթե չափման միջոցի տեսակը հաստատված չէ, Չափագիտության ազգային ինստիտուտը երկօրյա ժամկետում իրականացնում է չափման միջոցների տեսակի հաստատման պետական փորձարկումներ սույն օրենքով սահմանված կարգով։

Հոդված 18. Չափման միջոցների ստուգաչափումը

1.Չափման միջոցները, որոնց վրա տարածվում է պետական չափագիտական հսկողությունը` արտադրությունից, նորոգումից հետո, շահագործման ժամանակ ենթակա են ստուգաչափման՝ Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից։

2. Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք արտադրում, նորոգում, վաճառում եւ կիրառում են չափման միջոցներ,սույն օրենքի 13 հոդվածով սահմանված ոլորտներում չափումներ կատարելու համար, պարտավոր են դրանք ներկայացնել ստուգաչափման` սահմանված միջստուգաչափական ժամանակամիջոցում:

3. Չափման միջոցների ստուգաչափման պարբերականությունը սահմանում է Չափագիտության ազգային մարմինը:

4. Առանձին դեպքերում համապատասխան ազգային էտալոններ եւ մասնագիտացում ունեցող կադրերի, ինչպես նաեւ աշխատանքային անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում իրավաբանական անձին ստուգաչափման իրավունք տալիս է ՀՀ կառավարությունը` չափագիտության ազգային մարմնի ներկայացմամբ:

5. Չափման միջոցների ստուգաչափման (չափագիտական վկայագրման) դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա եւ (կամ) անձնագրի վրա, եւ (կամ) տրվում է ստուգաչափման մասին վկայական։

6. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը եւ տալիս է ծանուցագիր չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին։

7. Չափման միջոցների ստուգաչափման դրոշմի, ստուգաչափման մասին վկայականի եւ ծանուցագրի ձեւը սահմանում է չափագիտության ազգային մարմինը։

8. Չափման միջոցների ստուգաչափումը իրականացվում է չափումների միասնականության ապահովման համակարգի ստանդարտներով։

Հոդված 19. Չափման միջոցների ստուգաճշտումը ( կալիբրավորում )

1.Չափման միջոցների ստուգաճշտումը իրականացնում է սույն օրենքով սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձը,

2.Չափման միջոցների ստուգաճշտման դրոշմի, ստուգաճշտման մասին վկայականի եւ ծանուցագրի ձեւը սահմանում է չափագիտության ազգային մարմինը։

Հոդված 20. Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց չափման միջոցներ արտադրելու, նորոգելու գործունեության լիցենզավորումը

1. Չափման միջոցների արտադրության, նորոգման լիցենզավորումը իրականացվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Հոդված 21. Չափման միջոցների ստուգաճշտում, չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրումը

1. Չափման միջոցների ստուգաճշտում, չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում կարող են իրականացնել միայն սույն օրենքին համապատասխան հավատարմագրված իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:

2. Հավատարմագրումն իրականացնում է չափագիտության ազգային մարմինը սույն օրենքին եւ չափումների միասնականության ապահովման համակարգի ստանդարտների պահանջներին համապատասխան (այսուհետեւ` հավատարմագրման չափանիշներին):

3. Հավատարմագրումն իրականացվում է կամավորության սկզբունքով:

4. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հավատարմագրված լինելը հավաստվում է չափագիտության ազգային մարմնի կողմից տրված հավատարմագրման վկայագրով:

5. Հավատարմագրման վկայագրի ձեւը եւ գործողության ժամկետը սահմանում է չափագիտության ազգային մարմինը:

6. Հավատարմագրման վկայագրի առավելագույն ժամկետը սահմանվում է երկու տարի:

7. Հավատարմագրման նպատակով հայտատուն չափագիտության ազգային մարմին է ներկայացնում հայտ:

8. Հայտին կից երկու օրինակից ներկայացվում է`

1) հավատարմագրման ոլորտի նախագիծը,

2) հայտատուի տեխնիկական հագեցվածության, անձնակազմի , տարածքի, ինչպես նաեւ հայտատուի ցանկությամբ այլ տեղեկություններ,

3) հայտատուի պետական գրանցման վկայականի եւ կանոնադրության (եթե հայատաուն իրավաբանական անձ է) պատճեները:

9. Հայտն ընդունելուց հետո այն գրանցվում եւ դրան կից փաստաթղթերի հետ տաս օրվա ընթացքում ենթարկվում է փորձաքննության:

10. Եթե ներկայացված փաստաթղթերի փորձաքննության արդյունքում պարզվում է, որ դրանք չեն համապատասխանում սույն օրենքի պահանջներին, հայտը մերժվում է:

11. Եթե ներկայացված փաստաթղթերի փորձաքննության արդյունքում պարզվում է, որ դրանք համապատասխանում են սույն օրենքի պահանջներին, չափագիտության ազգային ինստիտուտը ստեղծում է փորձագետներից եւ մասնագետներից կազմված հանձնաժողով հայտատուի հավտարմագրման չափանիշներին համապատասխանության գնահատում իրականացնելու համար` ըստ հայտատուի գտնվելու վայրի:

12. Գնահատման հանձնաժողովից գնահատման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում չափագիտության ազգային ինստիտուտը ամփոփում է փաստաթղթերի փորձաքննության արդյունքներն ու գնահատման հանձնաժողովի հաշվետվությունը եւ ազգային մարմնին է ներկայացնում եզրակացություն հայտատուին հավատարմագրելու կամ հայտը մերժելու մասին:

13. Հայտատուին հավատարմագրելու եւ (կամ) հայտը մերժելու մասին որոշումն ընդունում է չափագիտության ազգային մարմինը: Հայտատուի կողմից օրենքով նախատեսված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում չափագիտության ազային մարմինը ձեւակերպում, գրանցում է հավատարմագրման վկայագիրը` հավատարմագրված անձանց գրանցամատյանում եւ հանձնում հավատարմագրված իրավաբանական անձին:

14. Հայտատուն հավատարմագրված է համարվում հավատարմագրման վկայագրի գրանցման պահից:

15. Հավատարմագրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով:

Պետական տուրքը չվճարելը եւ դրա վճարման անդորրագիրը չներկայացնելը հիմք է հավատարմագրման վկայագրի գրանցումը մերժելու համար:

16. Հավատարմագրման վկայագրի հետ միասին հավատարմագրված անձին է հանձնվում հավատարմագրման նպատակով նրա ներկայացրած փաստաթղթերի մեկ օրինակ:

Հոդված 22. Հավատարմագրման վերաբերյալ ընդունված որոշումների բողոքարկումը

Հայտատուն կամ հավատարմագրված անձը կարող է հավատարմագրման վերաբերյալ չափագիտության ազգային մարմնի ընդունած որոշումները բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 

ԳԼՈՒԽ 6

ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Հոդված 23. Պետական չափագիտական վերահսկողության նպատակները, խնդիրները եւ տեսակները

1. Պետական չափագիտական վերահսկողության նպատակն է՝ չափումների միասնականության ապահովման բնագավառում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների բացահայտումը ու դրանց կանխարգելումը:

2. Պետական չափագիտական վերահսկողությունը տարածվում է սույն օրենքի 13 հոդվածով սահմանված ոլորտների վրա:

3. Պետական չափագիտական վերահսկողության խնդիրներն են՝

1) հաստատված տեսակին թողարկվող չափման միջոցների համապատասխանության որոշումը,

2) չափման միջոցների ստուգաչափման համար կիրառվող չափման միջոցների, այդ թվում՝ էտալոնների եւ աշխատանքային չափման միջոցների վիճակի ու կիրառման ճշտության որոշումը,

3) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայությունը,

4) չափումների միասնականության ապահովման բնագավառում ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին համապատասխան չափագիտական կանոնների եւ նորմերի պահպանումը:

4. Պետական չափագիտական վերահսկողությունը ներառում է ՝

1) չափման միջոցների թողարկման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների եւ աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման եւ չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման վերահսկողությունը,

2) օտարվող ապրանքների քանակը որոշող չափումների կատարման ճշտության նկատմամբ վերակսկողությունը:

Հոդված24. Պետական չափագիտական վերահսկողություն իրականացնող մարմինը

1.Պետական չափագիտական վերահսկողությունն իրականացնում է

չափագիտության ազգային մարմինը` իր կազմում գործող համապատասխան տեսչության (այսուհետ` Տեսչություն) միջոցով, որի ղեկավարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության Գլխավոր պետական տեսուչ (այսուհետ՝ Գլխավոր պետական տեսուչ) :

2. Գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների կողմից արձակվող կարգադրագրերի ձեւերը հաստատում է Ազգային մարմինը:

Հոդված 25. Գլխավոր պետական տեսուչի իրավասություններ

1. Գլխավոր պետական տեսուչը

1) քննում է վարչական իրավախախտումների մասին գործերը եւ իր իրավասության սահմաններում ընդունել համապատասխան որոշում,

2) չափագիտության ազգային մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ չափման միջոցների արտադրման, նորոգման լիցենզիաների գործողության դադարեցման վերաբերյալ, լիցենզավորված անձանց կողմից չափագիտական կանոնների ու նորմերի խախտման դեպքում,

3) կարգադրագրով արգելում է չափման միջոցների արտադրությունը եւ իրացումը, եթե դրանց տեսակը հաստատված չէ կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին կամ չափագիտական կանոններին ու նորմերին,

4) օրենqով նախատեսված դեպքերում վերահսկողության արդյունքների վերաբերյալ նյութերը ուղարկել իրավապահ մարմիններին կամ դատարան Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցներ կիրառելու համար,

5) կարգադրագրով արգելում է չափման միջոցների օգտագործումը, եթե դրանք չեն անցել ստուգաչափում, չափագիտական վկայագրում կամ դրանց տեսակը հաստատված չէ,

6)կարգադրագրով արգելում է ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի շահագործումը, եթե չափման միջոցը ոչ ճիշտ ցուցմունք է տալիս,

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություներ։

Հոդված 26. Պետական տեսուչի իրավասությունները

1. Պետական տեսուչը

1) արձակում է կարգադրագիր բացահայտված խախտումների վերացման վրաբերյալ` սահմանելով խախտումների վերացման ժամկետը,

2) չափագիտական կանոններին ու նորմերին ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատասխանության ստուգման նպատակով հրավիրել չափագիտության ազգային ինստիտուտի ներկայացուցիչ,

3) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող խմբաքանակի առաքումը եւ իրացումը,

4) գլխավոր պետական տեսուչին ներկայացնում է առաջարկություններ` վերջինիս իրավասության հարցերով,

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություներ։

Հոդված 27. Գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների պատասխանատվությունը

1. Գլխավոր պետական տեսուչը եւ պետական տեսուչները իրենց պարտականությունները չկատարելու, անպատշաճ կատարելու, իրենց լիազորությունները վերազանցելու, պետական եւ /կամ/ ծառայողական գաղտնիքները հրապարակելու դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

2. Պետական տեսուչների անօրինական գործողությունների հետեւանքով տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

3. Պետական տեսուչների գործողությունները կարող են բողոքարկվել Գլխավոր պետական տեսուչին կամ դատարան:

4. Գլխավոր պետական տեսուչի գործողությունները կարող են բողոքարկվել ազգային մարմնի ղեկավարին կամ դատարան:

5. Գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների արձակած կարգադրագրերի բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը:

Հոդված 28. Չափագիտական կանոնների եւ նորմերի խախտման դեպքում կիրառվող կարգադրագրերը

1. Կարգադրագիրը Գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների կողմից իրենց իրավասության սահմաններում ընդունված իրավական ակտ է, ուղղված.

1) տեսակը չհաստատված կամ հաստատված տեսակին կամ չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների արտադրության կամ իրացման արգելմանը՝ մինչեւ հայտնաբերված խախտումների վերացումը:

2) չափման միջոցների շահագործման արգելմանը, եթե դրանք չեն անցել ստուգաչափում կամ չափագիտական վկայագրում կամ դրանց տեսակը հաստատված չէ կամ դրանք չեն համապատասխանում հաստատված տեսակներին,

3) ստուգաչափված կամ վկայագրված չափման միջոցի շահագործման արգելմանը, եթե չափման միջոցը ոչ ճիշտ ցուցմունք է տալիս,

4) չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատասխանող չափման միջոցների խմբաքանակի առաքման, իրացման արգելմանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգադրագրով սահմանվում է հայտնաբերված անհամապատասխանությունը տնտեսվարող սուբյեկտի կողմից պարտադիր վերացման՝ նրա հետ համաձայնեցված ժամկետ:

3. Տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է կարգադրագրով սահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մասին տեղյակ պահել Տեսչությանը:

4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում Տեսչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

5. Կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացվում են Գլխավոր պետական տեսուչի կողմից տնտեսվարող սուբյեկտի դիմումով կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:


ԳԼՈՒԽ 7

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 29. Չափումների միասնականության ապահովման աշխատանքների ֆինանսավորումը

1. Պետական բյուջեի միջոցների հաշվին ենթակա են ֆինանսավորման հետեւյալ չափագիտական աշխատանքները՝

1) ազգային էտալոնների ստեղծումը (ձեռք բերումը), կատարելագործումը, պահպանումը, սպասարկումը, միջպետական կամ միջազգային էտալոնների հետ բաղդատումը,

2) չափագիտության բնագավառում հետազոտական աշխատանքների կատարումը,

3) չափագիտության բնագավառի նորմատիվ, իրավական փաստաթղթերի մշակումը,

4) միասնական ժամանակի եւ հաճախականության ապահովման եւ ստանդարտ նմուշների մշակման հետ կապված աշխատանքները,

5) չափագիտության բնագավառի պետական, գիտա-տեխնիկական ծրագրերի կատարման հետ կապված աշխատանքները,

6) պետական չափագիտական վերահսկողության աշխատանքները։

Հոդված 30. Չափագիտական աշխատանքների եւ մատուցվածծառայությունների համար վճարումը

1. Չափագիտության ազգային ինստիտուտի կողմից իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին մատուցվող ծառայությունների համար վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով։

2. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման ըստ սակագների, որոնց հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3.Պատվիրատուն փոխհատուցում է կատարողին չափագիտական աշխատանքների հետ կապված աշխատակիցների գործուղման, ստուգաչափման միջոցների մինչեւ աշխատանքների կատարման վայրը փոխադրման ծախսերը։
 


ԳԼՈՒԽ 8

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 32. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

Իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաեւ պետական մարմինները սույն օրենքի դրույթները խախտելու համար կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով։

ԳԼՈՒԽ 9

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից տասն օր հետո։

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1997թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունուն չափումների միասնականության ապահովման մասին» ՀՕ-112 Հայաստանի Հանրապետության օրենքը:

Հիմնավորում

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ նոր օրենքի մշակման անհրաժեշտությունը բխում է «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծի ընդունումից: Ինչպես նաեւ տնտեսության զարգացման ներկայիս պահանջներից, ստանդարտացման, չափագիտության եւ համապատասխանության հավաստման բնագավառներում կառուցվածքային փոփոխություններից, Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությունից հետո նրա պահանջների կատարումից: Անհրաժեշտություն էր առաջացել նաեւ առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերաբերյալ համաձայնագրի պահանջների համապատասխան դրույթների ամրագրումը այդ օրենքներում, ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով որոշ դրույթների ամրագրումը ՀՀ օրենքներում:

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծում տարանջատված եւ ամրագրված են ստուգաչափում եւ ստուգաճշտում գործընթացները: Ստուգաչափումը որպես պետական ֆունկցիա կարող է իրականացվել Ազգային մարմնի կողմից, իսկ ստուգաճշտումը` Ազգային մարմնի կողմից հավատարմագրված սուբյեկտները: Օրենքով նախատեսված է չափագիտության ազգային ինստիտուտ ոչ առեւտրային կազմակերպության ստեղծելու անհրաժեշտությունը: Ամրագրված է չափագիտության գլխավոր պետական տեսուչի պարտականությունները: Օրենքով հստակ տարանջատված է չափումների միասնականության ապահովման բնագավառի լիազորված մարմնի բացառիկ իրավասությունները պետական այլ մարմինների եւ տնտեսվարող սուբյեկտների չափագիտական ծառայությունների կողմից իրականացվող գործառույթներից: