Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-0391-17.08.2012,25.02.2013-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` օրենսգիրք) 32-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի առանձնահատկությունները սահմանվում են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Օրենuգրքի 129.1-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 3. Օրենuգրքի 129.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1292. Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, առանց տվյալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելը, ինչպես նաեւ առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը

Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տեւել է ավելի քան տասն օր`

առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ պայմանագրի ներկայացումը (ԱՊՊԱ պայմանագիր ունենալը) տրանսպորտային միջոցի հաշվառման (տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու)` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է`

առաջացնում է տուգանքի նշանակում` համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4 . Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ին:


ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելու, թափանցիկ դարձնելու, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրներին իրավական լուծում տալու եւ հակասությունները վերացնելու հանգամանքով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, յուրաքանչյուր անձ պետք է մշտապեu ունենա uեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանuական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) եւ Հայաuտանի Հանրապետությունում հաշվառված յուրաքանչյուր ավտոտրանuպորտային միջոցի համար կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր: Ինչպես նաեւ, նույն հոդվածի համաձայն, արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու ավտոտրանuպորտային միջոցների պետական հաշվառում անցկացնելը կամ ավտոտրանuպորտային միջոցների նկատմամբ uեփականության իրավունքի գրանցում իրականացնելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվություն է սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալու համար, որը տեւել է ավելի քան տասն օր:

Հետեւաբար, տրանսպորտային միջոցի պետական հաշվառում կամ գրանցում իրականացնելիս ԱՊՊԱ պայմանագրի ստուգման եւ դրա բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն ենթարկելու գործընթացը պահանջում է բավականին ժամանակ, որը եւ էականորեն ազդում է տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա` վերջիններիս ծանրաբեռնելով ավելորդ գործառութային պարտականություններով եւ հաշվառման գործողությունների կազմակերպման առումով քաղաքացիների համար առաջացնելով զգալի բարդություններ:

Բացի այդ, սեփականատերը պարտավոր է ԱՊՊԱ կտրոնը փակցնել տրանսպորտային միջոցի դիմապակուն, եւ դրա ժամկետը լրանալուց հետո այն փոխարինել գործող ԱՊՊԱ կտրոնով, իսկ նշված կարգը խախտելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն:

3.Կարգավորման նպատակը եւ բնույթը:

Նշված խնդիրներին իրավական լուծում տալու նպատակով նախատեսվում է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան վերը նշված ոլորտի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ: Միաժամանակ, հանվում են նաեւ ԱՊՊԱ կտրոն հատկացնելու մասին դրույթները:

Արդյունքում, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու է հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները: Իսկ նշված ոլորտում իրավախախտումները հայտնաբերվելու են տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից: Ինչ վերաբերում է ԱՊՊԱ կտրոնին, ապա օրենքն ուժի մեջ մտնելուց հետո այն այլեւս չի հատկացվելու:

Նշված խնդրին լուծում տալու նպատակով նախատեսվում է նաեւ լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածում, համաձայն որի, 129.2-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի առանձնահատկությունները սահմանվելու են «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել ԱՊՊԱ կտրոնի օգտագործման կարգը խախտելու համար պատասխանատվություն սահմանող 129.1-րդ հոդվածը եւ համապատասխան փոփոխություն կատարել 129.2-րդ հոդվածում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը նախապատրաստվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կպարզեցվի տրանսպորտային միջոցի պետական գրանցման եւ հաշվառման կարգը, ոլորտը կդարձվի առավել թափանցիկ, առավելագույնս կապահովվի քաղաքացիների իրավունքները եւ օրինական շահերը: