Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ կետով.
«10) տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 10.1-ին հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 10.1. Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը
Սույն օրենքի իմաստով համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին եւ ուղղակի կամ անուղղակի ներգործություն են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա։ Համայնքում տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունք ունի համապատասխան համայնքի տասնվեց տարին լրացած յուրաքանչյուր բնակիչ:
Տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ սույն օրենքով սահմանված` տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակներում, նրանց գործունեության բնագավառներում։ Համայնքի բնակիչների, նրանց խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների փոխհարաբերությունները, մասնակցության ձեւերը, ընթացակարգերը սահմանվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ինչպես նաեւ ավագանու ընդունած` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգով:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.
«Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաեւ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան չորս տոկոսը: Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը ստորագրում են համայնքի՝ դրան կողմ բնակիչները եւ ներկայացնում են համայնքի ղեկավարին։ Համայնքի բնակիչների նախաձեռնությունը պարտադիր կարգով ներկայացվում եւ քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում։ Նույն նախաձեռնությունը ավագանու քննարկմանը կրկին անգամ կարող է ներկայացվել եւ սույն հոդվածով սահմանված կարգով ընդգրկվել օրակարգում՝ դրա հերթական (նաեւ առաջին) քննարկումից առնվազն վեց ամիս հետո: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ավագանու նիստում ներկայացնում է նախաձեռնող բնակիչների կողմից ընտրված ներկայացուցիչը` որպես հեղինակ, իսկ դրա քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետից հետո լրացնել նոր 33-րդ եւ 34-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«33) քննարկում եւ որոշում է կայացնում համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.
34) քննարկում եւ որոշում է կայացնում համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձեւավորման կարգը հաստատելու վերաբերյալ:»:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1-ին կետով հետեւյալ բովանդակությամբ.
«3.1) կատարելու համայնքի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ ու քննարկումներ.»:
Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1-ին եւ 3.2-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«3.1) ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել ավագանու որեւէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.
3.2) օժանդակել համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությանը.»:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «քվեարկությունների» բառից հետո լրացնել «կամ մշտական հանձնաժողովի նիստերի» բառերով:
Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածում.
1) վերնագիրը լրացնել «եւ գործունեության երաշխիքները» բառերով,
2) լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ.
«Համայնքի ղեկավարը համայնքի բնակիչների ընդունելության, ինչպես նաեւ հանրային հանդիպումներ եւ քննարկումներ կազմակերպելու համար յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ օր կահավորված սենյակ կամ դահլիճ է հատկացնում համայնքի ավագանու անդամին:»
Հոդված 9. Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետից հետո լրացնել նոր 6.1-ին կետով հետեւյալ բովանդակությամբ.
«6.1) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին եւ կազմակերպում վերջիններիս մասնակցությամբ միջոցառումներ` սահմանված սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ավագանու կողմից հաստատված համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգով.»:
Հոդված 10. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետից հետո լրացնել նոր 10.1-ին եւ 10.2-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«10.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.
10.2) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձեւավորման կարգը հաստատելու վերաբերյալ.»:
Հոդված 11. Օրենքը լրացնել նոր 33.1-ին հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 33.1. Համայնքի ղեկավարի գործունեությունը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում
Համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության բնագավառում իրականացնում է հետեւյալ պարտադիր լիազորությունները.
1) համայնքի բնակիչների համար ստեղծում է բավարար պայմաններ՝ իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին եւ մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը, այդ նպատակով օգտագործելով համայնքում հասանելի որեւէ ձեւ կամ միջոց (այդ թվում` տեղեկատվության եւ հեռահաղորդակցության).
2) ապահովում է համայնքի բնակիչների իրազեկման եւ մասնակցության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը բնակիչներին մատչելի եւ հարմար վայրերում, ինչպես նաեւ ստեղծում է համապատասխան անհրաժեշտ պայմաններ՝ այդ միջոցոցառումներին մասնակցելու ցանկություն հայտնած համայնքի հաշմանդամների եւ սակավաշարժուն խմբերի համար.
3) կազմակերպում է տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական եւ ենթաօրենսդրական կարեւորագույն նախաձեռնությունների եւ նախագծերի, մասնավորապես` համայնքի զարգացման ծրագրերի եւ տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու եւ ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը եւ ներկայացումը նախաձեռնությունների եւ նախագծերի հեղինակներին.
4) համայնքի բնակիչներին, հասարակության ներկայացուցիչներին իրազեկում եւ (կամ) ներգրավում է համայնքի տարածքում կազմակերպվող ուսուցման եւ վերապատրաստման ծրագրերում:»
Հոդված 12. Օրենքը լրացնել նոր 54.1-ին հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 54.1. Համայնքի զարգացման ծրագրի եւ բյուջեի կառավարման գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունը
Համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ/կամ տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) եւ վերահսկման) գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար` համայնքի ղեկավարի առաջարկությամբ եւ համայնքի ավագանու որոշմամբ, ձեւավորվում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին` աշխատակազմի եւ համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաեւ համայնքի ավագանու մեկից մինչեւ երեք անդամների, բնակիչների, փորձագետների եւ այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ (վերջիններիս համաձայնությամբ):
Համայնքի ղեկավարը, մինչեւ համայնքի զարգացման քառամյա ծրագրի եւ (կամ) տարեկան բյուջեի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը, կազմակերպում եւ անցկացնում է հանրային բաց լսումներ եւ (կամ) քննարկումներ` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված եւ ընդունված դիտողությունների եւ առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:
Խորհրդակցական մարմնի գործունեության կարգը, հանրային բաց լսումների կազմակերպման, անցկացման եւ դրանց վերաբերյալ ավագանուն տեղեկատվության տրամադրման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կողմից:»:
Հոդված 13. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.
«Համայնքի ղեկավարը, մինչեւ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը, կազմակերպում եւ անցկացնում է հանրային բաց լսումներ եւ (կամ) քննարկումներ` «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված եւ ընդունված դիտողությունների եւ առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:»:
Հոդված 14. Սույն օրենքի կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների ծախսերի ավելացումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:
Հոդված 15.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Անհրաժեշտությունը
Տեղական ինքնակառավարման իրական համակարգի կարեւոր բաղադրիչներից է քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը: «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը, բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը:
2. Ընթացիկ վիճակը եւ խնդիրները
Ներկա ժամանակաշրջանում պատշաճ ժողովրդավարական կառավարումը պահանջ է հանրային կառավարման բոլոր մակարդակների համար: Սակայն այն առավել կարեւորվում է տեղական մակարդակում, քանի որ ՏԻՄ-երն ավելի մոտ են քաղաքացիներին. եւ նրանց մատուցում են հանրային ծառայություններ, եւ ավելի հասանելի են ու արագորեն են արձագանքում ծագող հիմնախնդիրներին:
ժողովրդավարական հասարակության կարեւոր բաղադրիչը քաղաքացիների մասնակցությունն է հասարակական կյանքին: Ժողովրդավարությունը հնարավոր չէ պատկերացնել առանց հասարակական գործընթացներին այն մարդկանց ներգրավվածության, որոնք հանրային քաղաքականությունների եւ որոշումների գլխավոր շահառուներն են: Տեղական ժողովրդավարության հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ քաղաքացիները պետք է իրավունք ունենան ազդելու իրենց համայնքի ներկայացուցչական մարմինների որոշումների վրա, որոնք վերաբերում են նրանց կյանքին, կենցաղին եւ համայնքին` ամբողջությամբ: Շատ համայնքներում մասնակցային կառավարումը կարող է լրացնել տեղական իշխանությունների կարողությունների պակասը` նրանց եւ խորհրդատվական կազմակերպությունների միջեւ սերտ կապերի զարգացման միջոցով, որի համար նախ եւ առաջ անհրաժեշտ է որոշակի պայմանների ապահովում: Ընդ որում, այդ պայմանների ապահովման հարցում յուրաքանչյուր կողմին ներկայացվում են համապատասխան պահանջներ:
Մասնակցային կառավարման մեջ, որպես առանձնահատուկ դեր ունեցող կողմ, հանդես է գալիս պետությունը` ի դեմս կենտրոնական իշխանության: Վերջինս պետք է օրենսդրության մեջ ներառի այնպիսի դրույթներ, որոնք հնարավորություն կստեղծեն եւ կպարտադրեն ՏԻՄ-երին որոշումներ ընդունելիս մասնակից դարձնել տարբեր սուբյեկտների ու նրանց հետ քննարկել խնդիրների իրականացման, ինչպես նաեւ հիմնախնդիրների լուծման այլընտրանքային տարբերակները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության մասին, որպես ժողովրդավարական սկզբունք, նշված է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի ներածությունում եւ հոդված 3-ում: Ի լրումն, 2009թ. ընդունվել է նաեւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրությունը «Տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին» (հավելված III), որում ամրագրված են տեղական իշխանության գործերին բնակչության մասնակցության իրավունքի բացատրությունը եւ այդ իրավունքի իրականացնամ համար անհրաժեշտ ընթացակարգերի օրենքով սահմանման անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագրի 72-րդ կետով նախատեսված է հետեւյալ ռազմավարական դրույթը. «Բարձրացնել ՏԻՄ-երի գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը»:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, ինչպես նաեւ օրենսդրորեն ամրապնդել քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպություն:
6. Ակնկալվող արդյունք
Տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացում` վերջիններիս եւ բնակչության տարբեր խմբերի կապերի սերտացման միջոցով, մասնակցային համայնքային ինստիտուտների զարգացում, Ժողովրդավարական կառավարման մշակույթի ձեւավորում՝ որպես հանրային կառավարման առանձին մակարդակի:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է Եվրոպական երկրների փորձը, մասնավորապես, Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրությունը ստորագրած պետությունների (տես՝ կցվող նյութը):