Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 112-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 112. Դատական նիստը
1. Գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստերի միջոցով` դատա-րանի շենքում դրա համար հատուկ նախատեսված վայրում (այսուհետ՝ դատական նիստերի դահլիճ), որի մասին պարտադիր կարգով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք եւ դատավարության այլ մասնակիցները:
2. Դատարանի որոշմամբ դատական նիստը կարող է անցկացվել արտագնա` դատական նիստերի դահլիճիս դուրս, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 112.1.-րդ հոդվածով`
«Հոդված 112.1. Արտագնա դատակա նիստը
1.Դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է որոշում կայացնել արտագնա դատական նիստ անցկացնելու մասին:
2.Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշումը կայացվում է առանձին ակտի ձեւով, որում սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները:
3.Արտագնա դատական նիստն անցկացվում է դատական նիստի անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան»:
Հոդված 3. Օրենսգրքի 144-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Դատական քննության ընթացքում լուծում պահանջող հարցերով կայացված այն որոշումները, որոնք ենթակա չեն բողոքարկման, դա՟տա՟րանի հայեցողությամբ կարող են ընդունվել առանձին ակտի ձեւով, կամ առանց առանձին ակտի ձեւով այն ձեւակերպելու: Առանձին ակտի ձեւով չձեւակերպված որոշումը հրապարակվում է բանավոր եւ ներառվում դատական նիստի արձանագրության մեջ»:
Հոդված 4
.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները
ՀՀ գործող քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի սահմանում արտագնա դատական նիստերի անցկացման հիմքերը, կարգը, արտական դատական նիստ նշանակելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները: Դրանով պայմանավորված իրավակիրառ պրակտիկայում պարզ, թե ինչ ինչ հիմքերի պայմաններում եւ ինչ կարգով դատարանը պետք է դատական նիստն անցկացնի դատական նիստերի դահլիճից դուրս: Այդ խնդրի վերացման նպատակով «Իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությունը նախատեսում է սահմանել արտագնա դատական նիստերի անցկացման հստակ հիմքերը, կանոնակարգել դրանց ընթացակարգը: Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածով ներկայումս նախատեսված է գործի՝ արտագնա դատաքննության անցկացման հնարավորություն, սակայն օրենսգրքով կամ որեւէ այլ ակտով կարգավորված չեն արտագնա դատական նիստերի անցկացման ընթացակարգերը:
Առաջարկվող լուծումները
Առաջարկվում է քաղաքացիական դատավարությունում որպես արտագնա դատական նիստի անցկացման հիմք սահմանել դատական նիստերի դահլիճում ապացույցի հետազոտումը կատարելու անհնարինությունը կամ գործով ապացույցների հետազոտման էական դժվարությունների առաջացման հանգամանքը: Այսինքն, դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ որոշում է կայացնում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին, եթե համապատասխան ապացույցի հետազոտումը հնարավոր չէ կատարել դատական նիստերի դահլիճում կամ եթե գործով ապացույցների հետազոտումը կարող է առաջացնել էական դժվարություններ: Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին դատարանը պետք է կայացնի որոշում առանձին ակտի ձեւով, որում պետք է սահմանվեն արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, դրա ընթացքում հետազոտման ենթակա ապացույցը, եւ որը պատշաճ ձեւով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Արտագնա դատական նիստի ընթացակարգի կանոնակարգման նպատակով անհրաժեշտ է սահմանել, որ արտագնա դատական նիստն անցկացվում է դատական նիստի անցկացման համար սահմանված կանոններով, ինչպես նաեւ սահմանել, որ արտագնա դատական նիստի ընթացքում դատարանը բացառությամբ արտագնա դատական նիստ նշանակելու մասին որոշմամբ սահմանված ապացույցի հետազոտումից գործի քննությանն ուղղված այլ դատավարական գործողություն չի կատարում: Վերջին դրույթն ուղղված է ապահովելուն, որպեսզի դատարանը արտագնա դատական նիստի ընթացքում չքննարկի եւ չլուծի գործին մասնակցող անձանց այլ միջնորդությունները եւ դիմումները, չանդրադառնա գործը լուծելու համար անհրաժեշտ այլ հանգամանքների պարզաբանմանը:
Միաժամանակ հաշվի առնելով, որ ՀՀ Նախագահի վերոհիշյալ կարգադրության միջոցառումների ցանկի 5.5.1-րդ եւ 5.5.2-րդ կետերով նախատեսվում է օրենքով սահմանել արտագնա դատական նիստերի անցկացման բացառիկ դեպքերը եւ կանոնակարգել դրանց ընթացակարգը եւ սահմանափակել փակ եւ կիսափակ տիպի քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման հնարավորությունը` նախատեսելով արդար դատաքննության իրավունքի ապահովմանն ուղղված լրացուցիչ երաշխիքներ, առաջարկվում է լրացում կատարել նաեւ ՀՀ քրեակատարողական օրենսգրգում՝ սահմանելով քրեակատարողական հիմնարկներում արտագնա դատական նիստերի անցկացման ընթացակարգերը, քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները եւ քրեակատարողական հիմնարկում անցկացվող նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցության հետ կապված հարաբերությունները:
Ակնկալվող արդյունքը
Այս առաջարկությունն ընդունվելու դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կսահմանվեն արտագնա դատական նիստերի անցկացման հիմքերը, կարգը, արտական դատական նիստ նշանակելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները, իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում կատարվող լրացման միջոցով կկարգավորվեն քրեակատարողական հիմնարկներում դատական նիստերի անցկացման հետ կապված հարաբերությունները: