Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2221-11.03.2013-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքում լրացնել նոր 4.1-րդ բաժին հետեւյալ բովանդակությամբ.

«ԲԱԺԻՆ 4.1.

ԱՐՏԱԳՆԱ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

ԳԼՈՒԽ 22.1

ԱՐՏԱԳՆԱ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

Հոդված 132.1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշումը

1. Հասարակական կարգի, քրեակատարողական հիմնարկում անվտանգության ապահովման, դատավարության մասնակիցների անձնական կյանքի եւ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով դատարանը կարող է որոշում կայացնել արտագնա դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին:

2.Քրեակատարողական հիմնարկում դատական նիստն անցկացվում է այն նշանակելու մասին որոշում կայացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:

Հոդված 132.2 . Քրեակատարողական հիմնարկում անցկացվող նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը

1.Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին մասնակցել ցանկացող անձինք մինչեւ նիստի անցկացմանը նախորդող երրորդ օրը սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով դատական նիստին մասնակցելու համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով դիմում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումում նշելով իրենց հեռախոսահամարը, ինչպես նաեւ էլելտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում:

2.Դիմումը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում է կայացնում քրեակատարողական հիմնարկում անցկացվող արտագնա դատական նիստին մասնակցելու համար դիմած անձանց մասնակցությունը թույլատրելու կամ մերժելու մասին` դրա վերաբերյալ կայացնելով գրավոր որոշում, որն ուղարկվում է դիմում ներկայացրած անձանց հասցեով, իսկ դիմումում էլեկտրոնային փոստի հասցե եւ հեռախոսահամար նշված լինելու դեպքում, նաեւ ուղարկում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ ծանուցում հեռախոսահամարով:

3.Ներկայացված դիմումը մերժվում է, եթե դատական նիստին այդ անձանց մասնակցությունը հնարավոր չէ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու պայմանների պատճառով կամ դա կվտանգի քրեակատարողական հիմնարկի անվտանգությունը

4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում դատավարության մասնակիցների վրա, իսկ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է ապահովել դատական նիստի մասնակիցների անվտանգությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: