Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին բաժնով.
Հոդված 132.1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշումը
1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին դատարանը կայացնում է առանձին ակտի ձեւով որոշում, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու ժամանակը, վայրը, արտագնա դատական նիստ անցկացնելու պատճառները, արտագնա դատական նիստը դռնբաց կամ դռնփակ անցկացնելու վերաբերյալ դատարանի դիրքորոշումը:
2. Հասարակական կարգի, քրեակատարողական հիմնարկում անվտանգության ապահովման, դատավարության մասնակիցների անձնական կյանքի եւ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով դատարանը կարող է որոշում կայացնել արտագնա դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին:
3. Քրեակատարողական հիմնարկում դատական նիստն անցկացվում է այն նշանակելու մասին որոշում կայացնելուց ոչ շուտ, քան 7 օր հետո:
Հոդված 132.2. Քրեակատարողական հիմնարկում անցկացվող նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը
1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին մասնակցել ցանկացող անձինք մինչեւ նիստի անցկացմանը նախորդող երրորդ օրը սույն օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով դատական նիստին մասնակցելու համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով դիմում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումում նշելով իրենց հեռախոսահամարը, ինչպես նաեւ էլելտրոնային փոստի հասցեն՝ առկայության դեպքում:
2. Դիմումը ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում է կայացնում քրեակատարողական հիմնարկում անցկացվող արտագնա դատական նիստին մասնակցելու համար դիմած անձանց մասնակցությունը թույլատրելու կամ մերժելու մասին` դրա վերաբերյալ կայացնելով գրավոր որոշում, որն ուղարկվում է դիմում ներկայացրած անձանց հասցեով, իսկ դիմումում էլեկտրոնային փոստի հասցե եւ հեռախոսահամար նշված լինելու դեպքում նաեւ ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ ծանուցվում հեռախոսահամարով:
3. Ներկայացված դիմումը մերժվում է, եթե դատական նիստին այդ անձանց մասնակցությունը հնարավոր չէ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու պայմանների պատճառով, կամ դա կվտանգի քրեակատարողական հիմնարկի անվտանգությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: