Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-223-11.03.2013-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 նոյեմբերի 1997 թվականի, ՀՕ-163, այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1) հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգության ապահովումը.»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) իրականացնել պարեկապահակետային ծառայություն հասարակական վայրերում.».

2) 1.1-ին մասում «պահպանության ապահովմանը մասնակցելիս» բառերը փոխարինել «պահպանությունն ապահովելիս» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Անհրաժեշտությունը

«Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողների կազմի եւ նրանց պատրաստվածության մակարդակի էական փոփոխությամբ: Մասնավորապես` համաձայն «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ի մասի 1-ի կետի` ոստիկանության զինծառայողները հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման ստորաբաժանումների հետ համատեղ մասնակցում են պարեկապահակային ծառայությանը: Նշված դրույթը օրենքում ներառվել է այն տրամաբանությամբ, որ ոստիկանության զորքերում ծառայում են ժամկետային զինծառայողներ, որոնք փորձառու չեն եւ ծառայության ընթացքում անհրաժեշտ է նրանց ղեկավարել:

Ներկայումս փոխվել է ոստիկանության զորքերի զինծառայողների կազմը եւ ոստիկանության զորքերում  ծառայության են անցնում պայմանագրային զինծառայողները, հետեւաբար` վերջիններս կարող են հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման գործառույթն իրականացնել ինքնուրույն: Բացի դրանից, անհրաժեշտ է հաշվի առնել այն  հանգամանքը, որ ոստիկանության զորքերը Երեւան քաղաքում ունեն առանձին մշակված հետիոտն երթուղիներ, եւ ՊՊԾ գնդի ստորաբաժանումների հետ համատեղ ծառայություն իրականացնելու դեպքում առաջանում են որոշակի խնդիրներ կապված երթուղիների եւ հերթափոխերի հետ, մասնավորապես` ոստիկանության զորքերը իրենց երթուղիներում ծառայությունը կազմակերպում են մեկ հերթափոխով, մինչդեռ ոստիկանության ՊՊԾ գունդը իր կողմից սպասարկվող երթուղիներում ծառայությունը կազմակերպում է երեք հերթափոխով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի կարգավորման նպատակն է առավել արդյունավետ դարձնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հասարակական կարգի պահպանությանն եւ հասարակական անվտանգության ապահովման ուղղված միջոցառումները, բարձրացնել ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահության մակարդակը, հնարավորինս ճիշտ օգտագործել ոստիկանության ուժերն ու միջոցները, ինչպես նաեւ` վերացնել ոստիկանության զորքերի զինծառայողների եւ ՊՊԾ գնդի ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ ծառայության ընթացքում առաջացող մի շարք կազմակերպչական եւ այլ բնույթի խոչնդոտները` կապված երթուղիների, հերթափոխի գրաֆիկների եւ այլնի հետ: 
  
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները,  անձիք եւ նրանց դիրքորոշումները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության Հասարակական կարգի ապահովման եւ Իրավաբանական վարչությունների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի Երեւան քաղաքում հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման մակարդակը, կավելանա երթուղիների քանակը եւ հասարակական վայրերի ավելի մեծ հատվածներ կվերահսկվեն ոստիկանական վերակարգերի կողմից: