Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-041-21.08.2012,12.03.2013-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքը (այսուհետ` Օրենք) 1.1-ին հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.2-րդ հոդվածով`

«Հոդված 1.2. Սահմանումներ եւ հասկացություններ

Սույն օրենքի իմաստով`

1. Բյուջետային եկամուտներն են` օրենսդրությանը համապատասխան պետական եւ համայնքների բյուջեներ մուտքագրվող` համապատասխանաբար պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող դրամական միջոցները (բացառությամբ` սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցների եւ սույն օրենքով բյուջեների դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրներին դասվող միջոցների):

2. Բյուջետային ծախսերն են` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին օրենսդրությամբ վերապահված գործառույթների ֆինանսական ապահովման նպատակով (բացառությամբ` վարկերի եւ փոխատվությունների տրամադրման, ներգրաված փոխառու միջոցների մարումների, ինչպես նաեւ բաժնետոմսերի եւ կապիտալում մասնակցության եւ այլ արժեթղթերի ձեռքբերման դեպքերի) համապատասխան բյուջեներից ուղղվող դրամական միջոցները:

3. Կապիտալ կամ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն են` պետական եւ համայնքային նշանակության ծրագրերի շրջանակներում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են սույն հոդվածի 7-րդ մասում թվարկված ոչ ֆինանսական ակտիվների ստեղծմանը (ձեռքբերմանը)  կամ դրանց արժեքի ավելացմանը:

4. Ընթացիկ ծախսերն են այն ծախսերը, որոնք ընդգրկված չեն կապիտալ ծախսերում:

5. Փոխառու միջոցներն են` պետության կամ համայնքի կողմից թողարկված արժեթղթերի տեղաբաշխումից, ինչպես նաեւ վարկերի եւ բյուջետային փոխատվությունների տեսքով բյուջեներ ստացվող միջոցները:

6. Ֆինանսական ակտիվներն են` պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող իրավաբանական անձանց բաժնետոմսերը, կապիտալում այլ մասնակցությունը եւ այլ արժեթղթերը, բյուջեներից տրամադրված բյուջետային վարկերը եւ փոխատվությունները, ինչպես նաեւ բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը:

7. Ոչ ֆինանսական ակտիվներն են` պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հիմնական միջոցները (հիմնական ֆոնդերը), բարձրարժեք ակտիվները, չարտադրված ակտիվները, պետական ռազմավարական եւ համայնքային նշանակության պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքները:

8. Բյուջետային մուտքերն են` պետական կամ համայնքների բյուջեներ ստացվող դրամական միջոցները: Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեին oրենքով ամրագրած բյուջետային եկամուտները, բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, բյուջեից տրամադրված բյուջետային վարկերի եւ փոխատվությունների գումարների վերադարձից, ոչ դրամային տեսքով այլ ֆինանսական ակտիվների եւ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող, ինչպեu նաեւ ներգրավված փոխառու եւ  այլ դրամական միջոցները:

9. Բյուջետային ելքերն են` Սահմանադրությամբ եւ օրենքներով պետական եւ համայնքների բյուջեներից պետությանը եւ տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունների իրականացմանն ուղղվող դրամական միջոցները: Բյուջետային ելքերը ներառում են բյուջետային ծախuերը, ինչպեu նաեւ ֆինանսական ակտիվների (բացառությամբ` բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը) ձեռքբերումները եւ ներգրաված փոխառու միջոցների մարումները:

10. Բյուջետային հատկացումներն են` բյուջեն հաստատող իրավական ակտով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գծով նախատեսված միջոցները:

11. Բյուջեն հաստատող իրավական ակտն է` պետական բյուջեի մասով Ազգային ժողովի ընդունած տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքը, իսկ համայնքի բյուջեի մասով` համայնքի ավագանու ընդունած համայնքի բյուջեի մասին որոշումը: Բյուջեն հաստատող իրավական ակտը սահմանում է համապատասխան բյուջեի տվյալ տարվա մուտքերը եւ ելքերը, բյուջետային հատկացումների բաշխումն ըստ դրանց գլխավոր կարգադրիչների, ինչպես նաեւ այլ նորմատիվ դրույթներ, որոնք գործում են միայն այն ժամանակահատվածում, որի համար ընդունվել է բյուջեն (եթե այլ բան չի նախատեսվում բյուջեն հաստատող իրավական ակտով):

12. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներն են` պետական բյուջեով նախատեսվող հատկացումների գծով տվյալ տարվա պետական բյուջեի ելքերի գերատեսչական կառուցվածքում նշված պետական մարմինները եւ (կամ) պետական հիմնարկները` իրենց գծով սահմանված հատկացումների մասով, իսկ համայնքի բյուջեով նախատեսվող հատկացումների գծով` համայնքի ղեկավարը: Բյուջեներով նախատեսվող ծրագրերի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այդ ծրագրերի գծով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի լիազորություններն օրենքով կամ կառավարության որոշմամբ (այդ ծրագրերը պետական բյուջեում նախատեսված լինելու դեպքում) կամ համայնքի ավագանու որոշմամբ (այդ ծրագրերը համայնքի բյուջեում նախատեսված լինելու դեպքում) կարող են վերապահվել համապատասխանաբար պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանմանը, այլ հիմնարկին: Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավասությունները եւ պարտականությունները սահմանվում են օրենսդրությամբ:

13. Պետական լիազորված մարմինն է` պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը:

14. Նպատակային բյուջետային մուտքերն են`

ա. օրենքով իրեն վերապահված իրավասության շրջանակներում, կառավարության (կամ համայնքի) եւ վերջիններիս միջոցներ հատկացնողի միջեւ կնքված գործարքով նախատեսված որոշակի բյուջետային ելքերի կատարման նպատակով կառավարությանը (կամ համայնքին) նվիրաբերվող կամ վարկի տեսքով տրամադրվող (կամ նվիրաբերվող կամ վարկի տեսքով տրամադրվող ապրանքների դրամայնացումից) պետական (կամ համայնքի) բյուջե մուտքագրվող գումարները,

բ. առանձին բյուջետային ելքերի ֆինանսավորման նպատակով օրենքով սահմանված պարտադիր վճարների գծով պետական կամ համայնքի բյուջե մուտքագրվող գումարները:

15. Նպատակային բյուջետային ֆոնդը` համապատասխան բյուջեին օրենսդրությամբ ամրագրված բյուջետային մուտքերի կազմից օրենքով կամ կառավարության կամ համայնքի ավագանու որոշումներով առանձնացվող մուտքերի որոշ տեսակների (կամ դրանց հստակ սահմանված մասի) եւ բացառապես դրանց հաշվին ֆինանսավորվող բյուջետային ելքերի ամբողջությունն է: Նպատակային բյուջետային ֆոնդը հանդիսանում է համապատասխան բյուջեի բաղկացուցիչ մաս:

16. Արտաբյուջետային (այդ թվում` ավանդային) հաշիվներն են պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ գանձապետական միասնական հաշվում` պետական բյուջեի միջոցների եւ համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող ենթահաշիվները, ինչպես նաեւ բանկային համակարգում գործող հաշիվները: Արտաբյուջետային հաշիվները բացվում են եւ նախատեսված են.

ա) առանձին դեպքերում նպատակային բյուջետային մուտքերի եւ դրանց հաշվին կատարվող ելքերի (ներառյալ նպատակային բյուջետային ֆոնդերի մուտքերի եւ ելքերի) կատարման եւ առանձնացված հաշվառման համար,

բ) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը ապրանքային տեսքով տրամադրված վարկերի եւ դրամաշնորհների դրամայնացումից առաջացող միջոցների կուտակման համար,

գ) դատական, նախաքննական եւ դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների անվամբ դատավարական եւ կատարողական վարույթի նորմերի հիմքերով իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից բռնագանձվող, բռնագրավվող, առգրավվող, ի պահ վերցվող կամ գրավադրվող դրամական (նաեւ արտարժութային) միջոցների ստացման եւ դրանք օրենքի հիման վրա որոշված ստացողներին հետագա փոխանցումն ապահովելու համար,

դ) պետական լիազորված մարմնի անվամբ` բյուջեների ժամանակավորապես ազատ միջոցների ավանդադրման, առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) առաջացող միջոցների հավաքագրման եւ ավանդադրման համար,

ե) պետական կամ համայնքային հիմնարկի անվամբ` սակարկությունների կազմակերպման հետ կապված նախավճարների գանձումը եւ վերադարձն ապահովելու համար,

զ) պետական հիմնարկների անվամբ` իրավաբանական անձանց վճարահաշվարկային սպասարկման համար,

է) պետական մարմինների անվամբ` որոշակի ոլորտներում առանձին տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացվող տնտեսական գործունեության արդյունքում առաջացող բացասական հետեւանքների վերացման եւ ռիսկերի կառավարման հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով այդ սուբյեկտների կողմից կատարվող վճարների կամ մասհանումների տեսքով ստացվող միջոցների կուտակման համար,

ը) պետական եւ համայնքային հիմնարկների անվամբ` օրենքով կամ կառավարության (համայնքի ավագանու) որոշմամբ նախատեսված աղբյուրներից այլ նպատակներով միջոցների կուտակման համար:

17. Ծրագիրը` միեւնույն վերջնական արդյունքի հասնելուն ուղղված քաղաքականության իրագործման միջոցառումների (այսուհետ` ծրագրի միջոցառումների) տրամաբանական խմբավորումն է:

18. Ծրագրի միջոցառումը` պետության միջամտությունն է, որը կարող է հանդես գալ պետական մարմինների, պետական կամ այլ կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման, ապրանքների կամ տրանսֆերտների տրամադրման, կապիտալ (ոչ ֆինանսական) եւ ֆինանսական ակտիվների ստեղծման (ձեռքբերման) կամ օտարման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանած այլ ձեւերով:

19. Վերջնական արդյունքները` այն սոցիալական, տնտեսական եւ շրջակա միջավայրի փոփոխություններն են, որոնց ձգտում է հասնել պետությունը հանրության համար ծրագրերի միջոցառումների տեսքով սահմանված միջամտությունների միջոցով:

20. Տրանսֆերտները` բյուջետային հիմնարկի կարգավիճակ չունեցող շահառուներին կամ բյուջետային համակարգի այլ մակարդակի բյուջեներին անհատույց եւ անվերադարձ տրամադրվող ֆինանսական եւ ոչ ֆինանսական միջոցներն են:

21. Սույն հոդվածի 17-20-րդ մասերում բերված սահմանումները վերաբերում են բացառապես սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետով նախատեսված` բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթղթերի կազմման գործընթացին:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «եւ Երեւան քաղաքի բյուջեին» բառերը, իսկ 2-րդ մասում «ինչպես նաեւ Երեւան քաղաքի բյուջեին» բառերը` հանել:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասում «պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի (այսուհետ` պետական լիազորված մարմին)» բառերը, 11.1-ին հոդվածի 2-րդ մասի «պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի» բառերը փոխարինել «պետական լիազորված մարմնի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասության «ստացվող փոխառու միջոցների» բառերը փոխարինել «ստացվող փոխառու զուտ միջոցների» բառերով:

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի

1) 4-րդ մասի «ե» կետի «սեկվեստորի» բառը փոխարինել «բյուջետային հատկացումների կրճատման» բառերով.

2) 9-րդ մասի երկրորդ նախադասությունում «հատուկ ծրագրերի իրականացման նպատակով» բառերը հանել, իսկ «նվիրատվության կարգով տրամադրված» բառերը փոխարինել «նվիրաբերության կամ վարկի տեսքով տրամադրվող» բառերով.

3) 9-րդ մասից հետո լրացնել նոր 9.1-ին եւ 9.2-րդ մասեր` հետեւյալ բովանդակությամբ.

«9.1. «Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ կետի «ա» ենթակետում նշված արտաբյուջետային հաշիվներին տվյալ տարվա ընթացքում ստացվող` տվյալ տարվա հաստատված պետական կամ համայնքի բյուջեում չնախատեսված մուտքերի եւ դրանց հաշվին կատարվելիք ելքերի ծրագրային ցուցանիշները ենթակա են համապատասխանաբար կառավարության կամ համայնքի ավագանու (համայնքի արտաբյուջետային հաշվի մուտքերը նվիրաբերված գումարների հաշվին ձեւավորվելու դեպքում` համայնքի ղեկավարի) որոշմամբ ներառման համապատասխանաբար պետական կամ համայնքի բյուջե, իսկ այդ միջոցների շրջանառությունը եւ բյուջեների կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.2. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ կետի «բ» - «ը» ենթակետերում նշված արտաբյուջետային հաշիվների մուտքերը եւ ելքերը պետական եւ համայնքների բյուջեներում եւ դրանց կատարման հաշվետվություններում չեն արտացոլվում:».

4) 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի

1) 2-րդ մասի «ա» կետում «իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ այդ բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերը» բառերը` հանել,

2) 2-րդ մասը «գ»  կետից հետո լրացնել  նոր «դ» կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«դ) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային (սույն օրենքի 6.1-ին գլխում ներկայացված դրույթների իմաստով) ձեւաչափով ներկայացնող փաստաթուղթը:».

3) 3-րդ մասի`

ա. «գ» եւ «ժա» կետերն ուժը կորցրած ճանաչել,

բ.  «դ» կետի «ոչ հարկային» բառը հանել:

Հոդված 8 . Օրենքի 17-ին հոդվածի

1) 2-րդ մասի

ա. «մաքսային տուրքը» բառերը փոխարինել «մաքսատուրքերը» բառով,

բ.«թ1», «թ5» եւ «թ6» կետերն ուժը կորցրած ճանաչել,

գ. «ժ» կետից առաջ լրացնել նոր «թ7» եւ «թ8» կետեր հետեւյալ բովանդակությամբ.

  «թ7) արտոնագրային վճարները,

թ8) շրջանառության հարկը»,

դ.«ժ» կետից հետո լրացնել նոր «ժա» կետ հետեւյալ բովանդակությամբ`

  «ժա) օրենքով պետական բյուջեին ամրագրված այլ հարկային եկամուտներ»,

2) 5-րդ մասի «ժա» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 17.1-րդ հոդվածի վերնագրում «Ոչ ֆինանսական» բառերը փոխարինել «Պետական բյուջեի ոչ ֆինանսական» բառերով, «բ» կետի «բարձրարժեք» բառը փոխարինել «պետական սեփականություն համարվող բարձրարժեք» բառերով, «գ» կետի «պետական պահուստներում» բառերը` «պետական ռազմավարական պահուստներում» բառերով, իսկ «դ» կետի «հողի եւ ոչ նյութական չարտադրված ակտիվների» բառերը հանել:

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի

1) 2-րդ մասի առաջին նախադասությունում «եւ մաքսային պետական մարմնի» բառերը փոխարինել «մաքսային պետական մարմնի, ինչպես նաեւ այլ պետական մարմինների համար ստեղծվող» բառերով:

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության «բյուջեում չկանխատեսված» բառերը փոխարինել «բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, պետական բյուջեում չկանխատեսված ելքերի» բառերով, իսկ «ծախսերի» բառը` «ելքերի» բառով:

Հոդված 12 . Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության «հաշվարկվում է` հիմք ընդունելով տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի ոչ պակաս, քան 4 տոկոսը»» բառերը փոխարինել «սահմանվում է ոչ պակաս, քան տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի 4 տոկոսը» բառերով:

Հոդված 13 . Օրենքի 21-րդ հոդվածի

1) 2.3-րդ մասի «որոշման» եւ «որոշմամբ» բառերից առաջ լրացնել «Հայաuտանի Հանրապետության վարչապետի» բառերը,

2) 2.4-րդ մասի «կարգով եւ» բառերը հանել,

3) 2.11-րդ մասի «սկսվում է» բառից հետո լրացնել «ոչ ուշ, քան» բառերը,

4) 3-րդ մասի

ա. առաջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«3.Պետական լիազորված մարմինը մշակում եւ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն uկuելու մաuին Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշմամբ uահմանված ժամկետում պետական մարմիններին է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանuավորման հայտերը (նաեւ բյուջետային ելքերը ծրագրային` սույն օրենքի 6.1-ին գլխում ներկայացված դրույթների իմաստով, ձեւաչափով) կազմելու եւ դրանք պետական լիազորված մարմին ներկայացնելու մեթոդական ցուցումները (դրանց մեջ արտացոլելով այն իրավական ակտերի ցանկը, որոնցով նախատեսված դրույթների համաձայն պետք է հաշվարկվեն բյուջետային ծախսերը, հաշվարկման ձեւերը, դրանց լրացման ցուցումները եւ այլ նյութեր ու ցուցումներ, որոնք պետական լիազորված մարմինը կգտնի անհրաժեշտ տրամադրել պետական մարմիններին առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու համար):»,

բ. երկրորդ պարբերության երկրորդ նախադասության «լիազորված» բառը փոխարինել «պետական լիազորված» բառերով,

5) 4.2-րդ, 4.3-րդ եւ 4.4-րդ մասերի «լիազորված» բառը փոխարինել «պետական լիազորված» բառերով,

6) 10-րդ մասի «անկախ մարմինների» բառերից հետո լրացնել «(սույն մասում այսուհետ` հայտատու մարմին)» բառերը եւ  նույն մասը վերջում լրացնել նոր նախադասությունով` հետեւյալ բովանդակությամբ.

«Եթե որեւէ հայտատու մարմնի կողմից ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտի շուրջ այդ մարմնի եւ պետական լիազորված մարմնի միջեւ ծագած տարաձայնությունները մինչեւ պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողով ներկայացնելը համաձայնեցվել են, ապա պետական բյուջեի նախագծի հետ Ազգային ժողով է ներկայացվում փոխհամաձայնեցված ցուցանիշներ պարունակող հայտատու մարմնի կողմից կազմված բյուջետային ֆինանսավորման հայտի պատճենը:»,

7) 14-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 15-րդ մասով`

«15. Եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է տվյալ բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա կառավարությունն ապահովում է այդ օրենքների նախագծերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ մինչեւ պետական բյուջեի նախագծի ներկայացումը:»:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի «պետական բյուջեի մասին օրենքի» բառերը փոխարինել «պետական բյուջեի» բառերով:

Հոդված 15 . Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասում «համամասնությունները» բառից հետո լրացնել «եւ հաստատում սույն օրենքի 41.2-րդ հոդվածում նշված տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթուղթը:» բառերը:

Հոդված 16. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը «դ» կետից հետո լրացնել նոր «դ1» կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«դ1) պետական մարմինների կողմից պետական լիազորված մարմնին ներկայացված տարեկան հաշվետվությունների համապատասխան տեղեկություններն այդ մարմինների գծով հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված փաստաթղթի մաս կազմող գերատեսչական տարեկան ծրագրերով նախատեսված արդյունքների կատարման վերաբերյալ.»:

Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածի «գ» կետում «համամասնությունները» բառից հետո լրացնել «եւ տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթուղթը» բառերը:

Հոդված 18. Օրենքի 28.1-րդ հոդվածի 1.1-րդ կետի

1) «ա» ենթակետի «հարկերից» բառը փոխարինել «հարկեր» բառով եւ «-տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ» բառերը` «-օրենքով համայնքների բյուջեներին ամրագրված այլ տեղական հարկեր» բառերով,

2) «դ» ենթակետի «հողի հարկի եւ գույքահարկի» բառերը փոխարինել «տեղական հարկերի» բառերով:

Հոդված 19. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում «եռամյա» բառը փոխարինել «քառամյա» բառով, իսկ 7-րդ մասի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 20. Օրենքը 6-րդ գլխից հետո լրացնել նոր 6.1-ին գլխով` հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ  6.1
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ «Դ» ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԼՔԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓԻ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 41.1. Սույն օրենքի 6.1-ին գլխի դրույթների գործողության շրջանակը

Սույն գլխում բերված դրույթները վերաբերում են բացառապես սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով, 23-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթղթերի կազմման գործընթացին:

Հոդված 41.2 . Պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով, ինչպես նաեւ պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթղթի բաղկացուցիչ մասերը

Պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսված բյուջետային ելքերը Հայաստանի Հանրապետության կառավարության բյուջետային ուղերձի կազմում ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթուղթը, ինչպես նաեւ  պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող փաստաթուղթը բաղկացած է երկու մասից`

ա) առաջին մասում ներկայացվում են բյուջետային ելքերը` ծրագրային (ծրագրերի  միջոցառումների մակարդակով) դասակարգմամբ,

բ) երկրորդ մասում ներկայացվում են գերատեսչական տարեկան ծրագրերը, որոնք պարունակում են յուրաքանչյուր գերատեսչության ռազմավարական նպատակների համառոտ շարադրանքը եւ գերատեսչության կողմից իրականացվող միջոցառումների ծրագրային խմբավորումը` պետական կառավարչական հիմնարկի գործունեության արդյունքները բնութագրող կատարողական չափորոշիչներով:

Հոդված 41.3.  Ծրագրերի միջոցառումները

1. Ծրագրերի միջոցառումները ըստ դրանցով նախատեսվող գործողությունների պատկանելիության տարբերակվում են` ընթացիկ, կապիտալ, հանրային սեփականության կառավարման եւ ֆինանսական ակտիվների կառավարման քաղաքականությունների:

2. Ընթացիկ միջոցառումներն են այն միջոցառումները, որոնք իրենցից ներկայացնում են`

ա) պետական մարմնի կողմից ապրանքների տրամադրում եւ ծառայությունների մատուցում,

բ) կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց տրանսֆերտների տրամադրում,

գ) պետական պարտքի սպասարկման (տոկոսավճարների) գծով ծախսերի կատարում:

3. Կապիտալ միջոցառումներն են այն միջոցառումները, որոնք իրենցից ներկայացնում են հանրության կողմից օգտագործման նպատակով այնպիսի կապիտալ (ոչ ֆինանսական) ակտիվների հետ գործառնություններ (ձեռքբերում, կառուցում, հիմնանորոգում եւ այլն), որոնք չեն հանդիսանում պետական հիմնարկի կողմից կամ իր անունից անմիջականորեն մատուցվող ծառայությունների համար օգտագործվող կապիտալ ակտիվներ:

4. Հանրային սեփականության կառավարման միջոցառումներն են այն միջոցառումները, որոնք իրենցից ներկայացնում են պետական հիմնարկի կամ պետական սեփականություն հանդիսացող այլ կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների համար օգտագործվող կապիտալ ակտիվների հետ գործառնություններ (ձեռքբերում, կառուցում, հիմնանորոգում եւ այլն),

5. Ֆինանսական ակտիվների կառավարման եւ պետական պարտքի մարման միջոցառումներն են այն միջոցառումները, որոնք իրենցից ներկայացնում են`

ա) ֆինանսական ակտիվների ձեռքբերում, այդ թվում` պետության կողմից կազմակերպություններին կամ ֆիզիկական անձանց վարկերի տրամադրում, ինչպես նաեւ կազմակերպությունների բաժնետոմսերի կամ կապիտալում այլ մասնակցության ձեռքբերում,

բ) պետական պարտքի գծով պարտավորությունների մարման, այդ թվում` պետությանը տրամադրված վարկերի, ինչպես նաեւ պետության կողմից թողարկված մուրհակների մարում եւ արժեթղթերի հետգնում:

Հոդված 41.4. Բյուջեների ելքերի եւ ծախսերի ըստ ծրագրերի միջոցառումների դասակարգումը

1. Բյուջեների ելքերի ըստ ծրագրերի միջոցառումների դասակարգումը (սույն գլխի իմաստով նաեւ ծրագրային դասակարգում) դա պետական բյուջեի ելքերի խմբավորումն է` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի եւ դրանց միջոցառումների սույն գլխով սահմանված տեսակների:

2. Բյուջեների ելքերի ըստ ծրագրերի միջոցառումների դասակարգումն ունի հետեւյալ կառուցվածքը.

ա) ընթացիկ միջոցառումներ,

բ) կապիտալ միջոցառումներ,

գ) հանրային սեփականության կառավարման միջոցառումներ,

դ) ֆինանսական ակտիվների կառավարման եւ պետական պարտքի մարման  միջոցառումներ:

3. Բյուջեների ծախսերի ըստ ծրագրերի միջոցառումների դասակարգումը դա պետական բյուջեի ծախսերի խմբավորումն է` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի եւ դրանց միջոցառումների` սույն հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» եւ «գ» կետերով սահմանված տեսակների:»:

Հոդված 21. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթի ընդունման

1)  Անհրաժեշտություն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների փաթեթի (այսուհետ` նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`

ա. հանրապետության պետական ֆինանսների կառավարման համակարգում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ներկայիս ձեռք բերված արդյունքներն ամրագրելու, զարգացնելու եւ բարեփոխումները շարունակելու համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելու,

բ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում սահմանված որոշ հասկացություններ հստակեցնելու կամ նոր սահմանումներ տալու,

գ. պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվների ոլորտում առաջացող հարաբերությունների կանոնակարգման,

դ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները ներկայումս գործող հարկային օրենսդրությանը համաձայնեցնելու, ինչպես նաեւ

ե. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում որոշակի զուտ խմբագրական բնույթի ճշգրտումներ կատարելու անհրաժեշտությամբ:

2)  Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2.1) Տարիներ շարունակ հանրապետությունում ձեւավորված պետական ծախսերի կառավարման համակարգի գնահատման հիմքում դրված էին համապատասխան ծրագրի իրականացման համար պահանջվող, հատկացված եւ օգտագործված ռեսուրսների ցուցանիշները (թեեւ վերջին տարիներին դրան զուգահեռ սկսեցին կիրառվել նաեւ մի շարք ոչ ֆինանսական ցուցանիշներ): Նման ցուցանիշները եւ դրանց համադրումները ի վիճակի չեն եղել տալ լիարժեք տեղեկատվություն ինչպես վերլուծողին, այնպես էլ` որոշումներ ընդունող քաղաքական պաշտոնյաներին ծրագրի նպատակների, դրանց հասնելու համար առաջարկվող ուղիների, սպասվելիք արդյունքների եւ ընդհանրապես ծրագրի տնտեսական եւ սոցիալական արդյունավետության մասին: Ուստի եւ, պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացման եւ դրա հիման վրա ռազմավարական որոշումների որակը բարելավելու տեսանկյունից անչափ կարեւորվում է պետական գործառույթների իրականացման համար տրամադրվող ֆինանսական (բյուջետային) ռեսուրսների ծախսման ցուցանիշների դիտարկումից ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեության եւ ստացվող արդյունքների դիտարկմանն անցում կատարելու խնդրի լուծումը, քանի որ դա հնարավորություն է ընձեռում արդեն այլ դիրքերից քննության առնել պետական մարմինների կողմից ներկայացվող բյուջետային հայտերով առաջարկվող ծրագրերի իրականացման համար պահանջվող որեւէ ծախսատեսակի ֆինանսավորման նպատակով հատկացումների նախատեսման անհրաժեշտության հարցը կամ գնահատել արդեն իսկ հատկացված միջոցների օգտագործման արդյունավետությունը: Այսինքն` բյուջետային ծրագրերի կազմման եւ կատարման ժամանակ դրանց ներկայացման ձեւաչափը պետք է արտացոլի ոչ այնքան ծրագրային ծախսերի կառուցվածքն ըստ դրանց տեսակների (աշխատանքի վարձատրություն, ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերում եւ այլն), որքան այդ ծրագրերի իրականացումից սպասվելիք (ստացված) արդյունքները: Նման մոտեցումների կիրառումը նախատեսող բյուջետավորման մեթոդները ընդհանրացված կրում են «ծրագրային բյուջետավորում» անվանումը:

Վերը նշված խնդրի լուծման շահառուների շրջանակը շատ լայն է եւ ընդգրկում է ինչպես պետությանը (կառավարություն, Ազգային ժողով, այլ մարմիններ, հասարակական եւ այլ կազմակերպություններ, քաղաքացիներ), այնպես էլ` օտարերկրյա պետություններին, միջազգային կազմակերպություններին եւ այլն:

Պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով արդեն մի քանի տարի է, ինչ հանրապետությունում իրականացվում են ծրագրային բյուջետավորման տարրերի ներդրման հետ կապված լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ, ինչպես նաեւ փորձնական ներդրման ծրագրեր` հաշվի առնելով համաշխարհային փորձը եւ տեղական առանձնահատկությունները: Հարկ է նշել, որ 2012 թվականին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված է շարունակել ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ բարեփոխումները, որոնց արդյունքում այն կլինի իրավական հիմքերով ապահովված գործուն համակարգ: Դրան համապատասխան աշխատանքների այս ուղղությունն ամրագրվել է որպես առաջնահերթություն եւ արդյունքում տարեցտարի ընդլայնվում են ինչպես ծրագրային բյուջետավորման տարրերի ներդրման շրջանակները, այնպես էլ` այդ գործընթացում բյուջետային ծրագրեր իրականացնող պետական մարմինների ընդգրկվածությունը:

Ուստի, այս ոլորտում արդեն իսկ ձեռքբերված նվաճումները պահպանելու եւ դրանց նոր ընթացք տալու համար վերը նշված գործողությունների տրամաբանական շարունակություն պետք է դառնա ծրագրային բյուջետավորման ներդրման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումը, մասնավորապես, օրենքի ուժով ծրագրային բյուջետավորման համակարգը բյուջետային գործընթացի բաղկացուցիչ եւ անբաժանելի մաս դարձնելը: Հակառակ դեպքում, ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ բարեփոխումների ընթացքը, չունենալով հստակ իրավական հիմք, պարզապես աստիճանաբար կմարի, ինչը լուրջ խոչընդոտ կհանդիսանա այս ոլորտում համալիր փոփոխությունների համար:

2.2) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում եւ բյուջետային բնագավառին վերաբերող մի շարք այլ իրավական ակտերում կիրառվող հասկացությունների ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դրանց մի մասը կարիք ունի սահմանման «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով կամ էլ արդեն իսկ սահմանված լինելով նշված օրենքով` հստակեցման կարիք ունի: Մասնավորապես, սահմանման կարիք ունեն բյուջետային օրենսդրության մեջ կիրառվող սակայն մինչ օրս սահմանում չստացած «նպատակային բյուջետային մուտքեր», «նպատակային բյուջետային ֆոնդեր», «արտաբյուջետային հաշիվներ», «բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ» եւ մի շարք այլ հասկացությունները: Մյուս կողմից, արդեն իսկ օրենքով տրված հասկացությունների սահմանումներից հստակեցման կարիք ունեն «բյուջետային մուտքեր», «բյուջետային ելքեր», «բյուջետային եկամուտներ», «բյուջետային ծախսեր» եւ «բյուջետային հատկացումներ» հասկացությունների սահմանումները` դրանք ավելի ընդգրկուն, օրենքի այլ դրույթներին կամ գործող իրավապրակտիկային համապատասխանող դարձնելու համար:

2.3) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում ներկայացված բյուջետային համակարգի հիմքում դրված բյուջեների մուտքերի եւ ելքերի արտացոլման լրիվության սկզբունքի համաձայն բյուջեների մուտքերը եւ ելքերը պարտադիր կարգով եւ ամբողջ ծավալով ենթակա են արտացոլման բյուջեում:  Միաժամանակ, նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն պետական հիմնարկները կարող են ՀՀ կառավարության որոշմամբ գանձապետարանում կամ որեւէ բանկում բացել արտաբյուջետային հաշիվներ: Հաշվի առնելով նշված հանգամանքը եւ հիմք ընդունելով վերը նշված սկզբունքը` սկսած 2006 թվականից յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանվել է, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն բացված արտաբյուջետային հաշիվների միջոցների շրջանառությունն իրականացվում է, եւ այդ հաշիվների մուտքերի եւ ելքերի նախահաշվային ցուցանիշները, ինչպես նաեւ փաստացի ցուցանիշները, արտացոլվում են պետական բյուջեի կատարման հաշվետվություններում` որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր եւ ելքեր` կառավարության սահմանած կարգով: Սակայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը չի պարունակում որեւէ դրույթ, որը հստակորեն կկարգավորի այդ արտաբյուջետային հաշիվների մուտքերի եւ ելքերի համապատասխան բյուջեին պատկանելիության եւ դրանում արտացոլման հարցերը:

2.4) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները ներկայումս ենթակա են համապատասխանեցման գործող հարկային օրենսդրությանը:

2.5) օրենքի որոշ դրույթներում, դրանք ավելի պարզ եւ հստակ դարձնելու համար, խմբագրական բնույթի ճշգրտումների անհրաժեշտություն կա:

3) Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

Թեեւ նախագծերի փաթեթը չի նախատեսում բյուջետավորման բնագավառում կառավարության կողմից արդեն իսկ իրականացվող բյուջետային բարեփոխումների քաղաքականության սկզբունքային փոփոխություններ, փաթեթի ընդունումը իրավական հիմքեր կստեղծի այդ քաղաքականության խորացման եւ զարգացման համար:

4) Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի փաթեթի հիմնական նպատակը ՀՀ կառավարության իրավասության շրջանակներում ՀՀ սահմանադրության դրույթների իրագործման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար պետական ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումն է` այդ միջոցների օգտագործման հասցեագրվածության, նպատակայնության, հրապարակայնության, հաշվետվողականության բարելավման, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տնօրինվող միջոցների եւ դրանց հաշվին կատարվող ծախսումների համապատասխան բյուջեներում ամբողջական արտացոլման շնորհիվ: Նախագծերի փաթեթը նպատակ ունի նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում արդիականացնել օրենքով արդեն իսկ տրված սահմանումներն ու հասկացությունները եւ առանձին այլ դրույթներ` դրանց հստակեցման եւ լրացման կամ զուտ խմբագրական ճշգրտման շնորհիվ, բյուջետային օրենսդրությունն առավել ամբողջական, ընկալելի եւ կիրառելի դարձնելու համար:

Վերը նշված նպատակներին հասնելու համար նախագծերի փաթեթում զետեղված պահանջների ամրագրումը օրենքով մի կողմից պարտադիր է դարձնում դրանց կատարումը կառավարության համար, իսկ մյուս կողմից հիմքեր է ստեղծում այդ ուղղությամբ կառավարության կողմից առաջիկայում հետեւողական քայլեր իրականացնելու համար:

Մասնավորապես, վերը նշված նպատակներին հասնելու նկատառումով նախագծերի փաթեթով առաջարկվում են հիմնական հետեւյալ քայլերը (նպատակին հասնելու ձեւերը)`

4.1) Ծրագրային բյուջետավորման ներդրման համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելու, մասնավորապես, օրենքի ուժով ծրագրային բյուջետավորման համակարգը բյուջետային գործընթացի բաղկացուցիչ եւ անբաժանելի մաս դարձնելու խնդիրը, նկատի ունենալով ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման գործընթացի իրականացման բարդությունը, կարող է իր լուծումն ստանալ աստիճանաբար իրականացվող քայլերի միջոցով: Ուստի, նշված խնդրի լուծման նպատակով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է.

ա. որպես առաջին քայլ ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացվող տվյալ տարվա պետական բյուջեի նախագծի բաղկացուցիչ մաս հանդիսացող ՀՀ կառավարության բյուջետային ուղերձը լրացնել կառուցվածքային նոր մասով` տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթղթով եւ

բ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը լրացնել նոր 6.1 գլխով, որում տրվում են ՀՀ կառավարության բյուջետային ուղերձի վերոհիշյալ նոր մասում բյուջետային ելքերի ներկայացման ծրագրային ձեւաչափի հիմքում դրվող դրույթները: Մասնավորապես, այդ նոր գլխով առաջարկվում է սահմանել.

(i) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթղթի կառուցվածքը,

(ii) ծրագրերի իրագործման քաղաքականության միջոցառումների տեսակները, բյուջետային ելքերի եւ ծախսերի ըստ ծրագրերի միջոցառումների դասակարգումը,

(iii) որ տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթուղթը հաստատում եւ հրապարակում է ՀՀ կառավարությունը` նույն տարվա պետական բյուջեի կատարման համամասնությունների սահմանման համար օրենքով նշված նույն ժամանակահատվածներում, ինչպես նաեւ այն, որ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներառում է տեղեկություններ հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձեւաչափով ներկայացնող փաստաթղթով նախատեսված արդյունքների կատարման վերաբերյալ:

Դրա հետ մեկտեղ, նախագծով սահմանվում են ծրագրային բյուջետավորման գործընթացում կիրառվող մի շարք հասկացություններ (ծրագիր, ծրագրի միջոցառում, վերջնական արդյունքներ, տրանսֆերտներ):

4.2) արտաբյուջետային հաշիվների բացման բնագավառում պարզություն մտցնելու, հաշիվների միջոցների շրջանառության եւ արտացոլման հարցերն օրենքով հստակորեն կարգավորելու նպատակով նախագծերի փաթեթով առաջարկվում է` բյուջետային գործառնությունների (բյուջեի կատարման) հետ ուղղակի առնչություն ունեցող արտաբյուջետային հաշիվների համապատասխան մուտքերի եւ ելքերի բյուջեներում արտացոլման պահանջն ամրագրել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով` վերջինումս «արտաբյուջետային հաշիվներ» հասկացությունը, ինչպես նաեւ արտաբյուջետային հաշիվների եւ բյուջեների միջեւ ուղղակի կապը հաստատող դրույթներ սահմանելու ճանապարհով: Այդ նպատակով առաջարկվում է օրենքով սահմանել ինչ նպատակների համար են նախատեսվում եւ բացվում արտաբյուջետային հաշիվները եւ, մասնավորապես, ամրագրել, որ արտաբյուջետային հաշիվները նախատեսվում են նաեւ առանձին դեպքերում նպատակային բյուջետային մուտքերի եւ դրանց հաշվին կատարվող ելքերի կատարման եւ առանձնացված հաշվառման համար: Ընդ որում, առաջարկվում է օրենքով ամրագրել, որ նպատակային բյուջետային մուտքերը եւ դրանց հաշվին կատարվող ելքերը (ներառյալ նպատակային բյուջետային ֆոնդերինը)` դասվում են բյուջետային մուտքերին եւ ելքերին, ինչպես նաեւ սահմանել, որ

(i) այդ մուտքերը եւ ելքերը տարվա ընթացքում ենթակա են ներառման բյուջե, իսկ այդ միջոցների շրջանառությունը եւ բյուջեների կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ շատ են դեպքերը, երբ նպատակային բյուջետային մուտքերի եւ դրանց հաշվին կատարվող ելքերի առանձնացված հաշվառման համար արտաբյուջետային հաշիվները բացվում են բյուջետային տարվա ընթացքում եւ այդ իսկ պատճառով դրանց մուտքերը եւ ելքերը հաստատված բյուջեով նախատեսված չեն լինում: Ընդ որում, պետական եւ համայնքային հիմնարկների համար նման նպատակով բացված արտաբյուջետային հաշիվների մուտքերը եւ ելքերը պետական կամ համայնքի բյուջեում ներառվում են` համապատասխանաբար կառավարության կամ համայնքի ավագանու որոշմամբ (իսկ համայնքի արտաբյուջետային հաշվի մուտքերը նվիրաբերված գումարների հաշվին ձեւավորվելու դեպքում` համայնքի ղեկավարի որոշմամբ),

 (ii) պետական լիազորված մարմնի համաձայնությամբ եւ համայնքի ավագանու որոշմամբ գանձապետարանի արտաբյուջետային միջոցների հաշիվներում կամ որեւէ բանկում համայնքին ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից տրամադրված դրամական միջոցներն այդ անձանց պահանջով կարող են տեղադրվել միայն, եթե դրանք կարելի է դասակարգել որպես համայնքի բյուջեի նպատակային մուտքեր,

(iii) բյուջեի կատարման հետ ուղղակի առնչություն չունեցող գործառնությունների իրականացման նպատակով նախատեսված արտաբյուջետային հաշիվների մուտքերը եւ ելքերը պետական եւ համայնքների բյուջեներում եւ դրանց կատարման հաշվետվություններում չեն արտացոլվում:

Որպես վերը նշվածի տրամաբանական շարունակություն, «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններով հստակեցնել գանձապետարանի կողմից վարվող գանձապետական միասնական հաշվի ենթահաշվի կազմը, պետական համայնքային մարմինների եւ այլ կազմակերպությունների կողմից տնօրինվող ենթահաշիվների տեսակները):

4.3) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները ներկայումս գործող հարկային օրենսդրությանը համաձայնեցնելու նպատակով առաջարկվում է`

ա. «Պարզեցված հարկի մասին» եւ «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյուհանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» ՀՀ օրենքները համապատասխանաբար 2009 թվականի հունվարի 1-ից եւ 2012 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչվելու եւ «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգիրքը, «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում  2011 թվականի նոյեմբերի 28-ին կատարված փոփոխությունը 2012 թվականի հունվարի 1-ից,  «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքը 2010 թվականի հունվարի 30-ից եւ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ  մտնելու հանգամանքով պայմանավորված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանվող պետական բյուջեի հարկային եկամուտների աղբյուրների

- կազմից հանել պարզեցված հարկը, ուսումնասիրության կամ հանքարդյունահանման լիցենզառուի, ինչպես նաեւ ուսումնասիրության կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզառուի կողմից վճարվող կոնցեսիոն վճարը, մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող ռոյալթիները (ռոյալթիները հանդիսանում են հարկային եկամուտների աղբյուրների կազմում արդեն իսկ ներկայացված բնօգտագործման վճարի տեսակ եւ հետեւաբար հարկային եկամուտների կազմում դրանք առանձնացված ներկայացնելու անհրաժեշտություն չկա),

- կազմում լրացնել արտոնագրային վճարները եւ շրջանառության հարկը,

բ. «Բենզինի եւ դիզվառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքը 2011 թվականի հունվարի 1-ից ուժը կորցնելու հանգամանքով պայմանավորված ուժը կորցրած ճանաչել նաեւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը, որում հղում է կատարվում ներմուծվող բենզինի եւ դիզվառելիքի գծով հաստատագրված վճարների վրա:

Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1-ին հոդվածում տեղական հարկերի կազմում ներկայացված է տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկը: Սակայն, իրականում տրանսպորտային միջոցների կայանատեղի համար գանձվող վճարը համապատասխան օրենքով սահմանված է որպես տեղական տուրք: Ուստի, ելնելով այդ հանգամանքից, անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 28.1-ին հոդվածում կատարել համապատասխան ճշգրտում.

4.4) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում սահմանված որոշ գործընթացներ գործող իրավապրակտիկային համապատասխանեցնելու, առանձին հասկացությունները հստակեցնելու կամ նոր սահմանումներ տալու նպատակով առաջարկվում է`

ա. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանել տվյալ օրենքում եւ այլ իրավական փաստաթղթերում կիրառվող սակայն բյուջետային օրենսդրության մեջ չսահմանված «նպատակային բյուջետային մուտքեր», «նպատակային բյուջետային ֆոնդեր», «արտաբյուջետային հաշիվներ», «բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ», «բյուջեն հաստատող իրավական ակտ», «փոխառու միջոցներ», «ոչ ֆինանսական ակտիվներ» եւ «ֆինանսական ակտիվներ» հասկացությունները, ինչպես նաեւ գործող բյուջետային դասակարգմանը եւ վերը նշված նոր մտցվող սահմանումներին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությամբ պայմանավորված հստակեցնել «Բյուջետային մուտքեր», «բյուջետային ելքեր», «բյուջետային եկամուտներ», «բյուջետային ծախսեր» եւ «բյուջետային հատկացումներ» հասկացությունների օրենքով արդեն իսկ տրված սահմանումները,

բ. համապատասխանեցնել իրողությանը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով սահմանված այն դրույթը, համաձայն որի Կառավարության բյուջետային ուղերձը, անհրաժեշտության դեպքում, ներառում է առաջիկա տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերը: Վերը նշված օրենքների նախագծերը, որպես բյուջետային ուղերձի կառուցվածքային մաս հանդես գալու դեպքում, չեն կարող քվեարկության դրվել Ազգային ժողովում, քանի որ բյուջետային ուղերձը չի դրվում քվեարկության եւ հետեւաբար դրանք պետք է ներկայացվեն առանձին: Այդ կապակցությամբ առաջարկվում է օրենքից հանել վերը նշված դրույթը` միաժամանակ օրենքով սահմանելով, որ եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է տվյալ բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա կառավարությունը ապահովում է այդ օրենքների նախագծերի ներկայացումը Ազգային ժողով` պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ մինչեւ պետական բյուջեի նախագծի ներկայացումը.

գ. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով եւ 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները համանման դարձնելու նպատակով սահմանել, որ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցները կարող են օգտագործվել ոչ միայն տվյալ տարվա պետական բյուջեով չկանխատեսված ելքերի ֆինանսավորման այլ նաեւ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ համայնքի բյուջեի պահուստային ֆոնդը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար, սակայն պետական բյուջեի դեպքում պահուստային ֆոնդի օգտագործման ուղղությունները սահմանափակվում են միայն տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ելքերի ֆինանսավորմամբ):

Նախագծերի փաթեթի հիմնական նպատակի իրագործման վերը նշված ձեւրը հնարավոր է ապահովել միայն գործող օրենսդրության բարելավման եղանակով եւ դրա փոխարեն նպատակի իրագործումն որեւէ այլընտրանքային ձեւով (օրինակ` հանրային իրազեկում, գործող օրենսդրության կիրարկման արդյունավետության բարձրացում, իրավական ակտերի կասեցում, ֆինանսավորման ավելացում կամ «ոչինչ չանել») տվյալ դեպքում կիրառելի չէ:

5) Նախագծերի փաթեթի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերի փաթեթի նախագծմանը ներգրավված է եղել ՀՀ ֆինանսների նախարարությունը:

6) Ակնկալվող արդյունքը

Բյուջեների կազմման եւ կատարման գործընթացների կատարելագործմանը եւ արդյունավետության բարձրացմանը նպաստող բարելավված իրավական դաշտի առկայություն:

7) Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը.

ՀՀ Ազգային Ժողովում օրենքների նախագծերի փաթեթների ընդունումից հետո այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

8) Հանրային քննարկում

Նախագծերի փաթեթը սահմանված կարգով դրվել է հանրային քննարկման, սակայն փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չեն ստացվել: