Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում`
5-րդ կետում` «Բազային եկամուտ» հասկացությունից հանել «, այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեությունից» բառերը, միաժամանակ «ստացման ենթակա եկամուտ» բառերը շարադրել ««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստացման ենթակա հարկվող եկամուտ»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ եւ 6-րդ հոդվածի 1-ին մասում`
«բազային եկամուտ» բառերից հետո լրացնել «, կամ սույն Օրենքի 7-րդ հոդվածի 1-ի մասի 3-րդ կետի 1-ին պարբերության համաձայն իրականացնում են «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության որեւէ տեսակ»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում`
1. «մասնակիցների համար» բառերից հետո լրացնել «,բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի առաջին պարբերությունում նշված անձանց,» բառերը,
2. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար 5000 դրամի չափով, որը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն, իսկ ամսական 5000 դրամի չափով մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից:
Սույն կետի առաջին պարբերության մեջ չներառված անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6000000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել կուտակային վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: