Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-113-09.10.2012,15.03.2013-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

2008Թ. ՄԱՐՏԻ 1-2-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԱՍԸ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՈՒ ԱՅԼ ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ՊԱՏՃԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, նկատի ունենալով, որ՝

1. դեռեւս բացահայտված չեն Երեւան քաղաքում 2008թ. մարտի 1-2-ին կատարված տասը սպանությունները, բացահայտված չեն նաեւ բազմաթիվ անձանց հրազենյաին (գնդակային ու բեկորային) եւ այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերը.

2. թեեւ սպանությունների եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերով հարուցված քրեական գործերը կասեցված ու կարճված չեն, սակայն դրանցով որեւէ առաջընթաց չի արձանագրվել, ինչի արդյունքում սպանվածների իրավահաջորդները, մարմնական (այդ թվում ծանր) վնասվածքներ ստացած անձինք մինչեւ օրս չեն օգտվել ՀՀ Սահմանադրությամբ ունեցած դատական պաշտպանության իրավունքից եւ չեն ստացել օրենքով նախատեսված համապատասխան փոխհատուցում.

3. թե՜ Ազգային ժողովում ներկայացված եւ թե՜ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, ողջ հասարակությունը ու  միջազգային կառույցները շահագրգիռ են 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունները բացահայտելու, բոլոր մեղավորներին ի հայտ բերելու եւ պատժելու հարցում.

4. 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի բացահայտմանը նոր թափ հաղորդելու իրավապահ մարմիններին ու ՀՀ գլխավոր դատախազությանը ուղղված՝ ՀՀ Նախագահի հանձնարարականից ավելի քան մեկ տարի անց էլ այդ սպանությունների, այլ ծանր հանցագործությունների բացահայտման հարցում որեւէ տեղաշարժ արձանագրված չէ.

5. դեռեւս կատարված չեն ԵԽԽՎ թիվ 1609, 1620, 1643 եւ 1677 բանաձեեւերի՝ Մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց հանգամանքների անկախ, անկողմնակալ եւ վստահելի հետաքննություն անցկացնելու, մահվան բոլոր դեպքերը բացահայտելու Հայաստանի Հանրապետությանն ուղղված պահանջները.

6. միջազգային այլ կարեւոր կառույցներ իրենց փաստաթղթերում,մասնավորապես Եվրոպայի Միությունն իր 2012թ. մայիսի 15-ի տարեկան զեկույցում պահանջում են անցկացնել 2008թ. մարտիմեկյան դեպքերի լիարժեք հետաքննություն, բացահայտել այդ բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան պատճառները:

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, որոշում է՝

1) Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին եւ զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության ու ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության հարցը ուսումնասիրելու եւ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար,

2)        Հանձնաժողովի խնդիրներն են, ուսումնասիրել՝

ա) 2008թ. Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում կատարված սպանությունների, հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, դրանց պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած առնչությունները,

բ) ՀՀ ոստիկանության, ՀՀ հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

3) Հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրները իրականացնելիս՝

ա) ծանոթանում է քրեական գործերի նյութերին՝ պահպանելով նախաքննության տվյալների գաղտնիությունը.

բ) հարցումներով դիմում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում հետաքննության եւ նախաքննության մարմիններին, ՀՀ գլխավոր դատախազությանը, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է տրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն.

գ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրում է պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների, իսկ քաղաքացիների համաձայնությամբ նաեւ քաղաքացիների՝ հանձնաժողովում քննարկվող հարցերի վերաբերյալ նրանցից պարզաբանումներ ստանալու նպատակով.

դ) իր աշխատանքներում ներգրավում է համապատասխան մասնագետների եւ փորձագետների:

4) Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ, կարող են այցելել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել ազատազրկման ձեւով պատիժ կրող անձանց հետ:

5) Հանձնաժողովը կազմված է 7 անդամից: «Հանրապետական» խմբակցությանն ունի Հանձնաժողովի կազմում 2, իսկ մյուս խմբակցությունները՝ մեկական անդամ ներկայացնելու իրավունք:

6) Խմբակցությունները Հանձնաժողովի կազմում իրենց անդամներին ներկայացնում են սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, իսկ Հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող առաջին երկուշաբթի օրը՝ ժամը  11-ին:

7) Ազգային ժողովի աշխատակազմը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ պայմաններ:

8) Հանձնաժողովը 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին եւ զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության ու ՀՀ ոստիկանության ձեռնարկած գործողությունների ու միջոցառումների օրինականության ու հիմնավորվածության իր գնահատականի վերաբերյալ գրավոր եզրակացությունն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է մինչեւ 2013 թվականի նոյեմբերի 29-ը: Եզրակցության վերաբերյալ դիտողություններ եւ առարկություններ ունեցող Հանձնաժողովի անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է Հանձնաժողովի եզրակացությանը:

9) Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: