Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-226-21.03.2013-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 104-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ կետով՝

«4) իր ամուսնուն կամ իր հետ արյունակցական՝ մինչեւ 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց դատավորի թեկնածությունների կամ առաջխաղացման ցուցակում ներառելուն:»:

2) 4-րդ մասում «դատավորների թեկնածությունների» բառերից առաջ լրացնել «, իր ամուսնուն կամ իր հետ արյունակցական՝ մինչեւ 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասում «սեպտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 15-ը» բառերով:

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայտերը ներկայացվում են Արդարադատության խորհրդի աշխատակազմ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում»:

3) 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Արդարադատության խորհրդի աշխատակազմը համապատասխան հարցումների միջոցով ճշտում է հայտատուի մոտ դատվածության առկայությունը կամ բացակայությունը:»:

4) 10-րդ մասում 1-ին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Արդարադատության խորհրդի աշխատակազմը կարող է հարգելի համարել դիմումը ներկայացնելու ժամկետի բացթողումը, եթե ուշացումը պայմանավորված է եղել անձի կամքից անկախ հանգամանքներով, եւ եթե դիմումը ներկայացնելուց պահից մինչեւ որակավորման քննության սկիզբը մնացել է ոչ պակաս, քան մեկ շաբաթ:»:

5) 13-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

6) Լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 14-րդ մաս.

«14. Որակավորման քննությանը մասնակցելու համար հայտատուից գանձվում է պետական տուրք` oրենքով uահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել նոր 115.1-րդ, 115.2-րդ եւ 115.3-րդ հոդվածներով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 115.1 Որակավորման քննությունների թափանցիկության ապահովումը

1.Որակավորման քննությունը անցկացվում է հայերենով:

2.Արդարադատության խորհրդի աշխատակազմը ապահովում է որակավորման գրավոր քննության ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը քննասենյակից դուրս գտնվող տարածքում:

3. Գրավոր քննությունների, ինչպես նաեւ Արդարադատության խորհրդում հարցազրույցի ողջ ընթացքը, բացառությամբ Խորհրդի անդամների միջեւ հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեuաձայնագրվում է Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից:

4. Հավակնորդը իրավունք ունի ստանալ գրավոր քննության ողջ ընթացքի, Արդարադատության խորհրդում հարցազրույցի՝ իրեն վերաբերող մասի տեuաձանագրության կրկնօրինակը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր քննության ստուգված ցանկացած աշխատանքի պատճենները՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5.Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը եւ արդարադատության նախարարը կարող են ցանկացած ժամանակ դիմել եւ եռօրյա ժամկետում ստանալ գրավոր քննության ընթացքի, Արդարադատության խորհրդում հարցազրույցի տեuաձանագրության կրկնօրինակը կամ, գրավոր քննության ստուգված աշխատանքների պատճենները:

6. Որակավորման գրավոր քննություններին եւ Արդարադատության խորհրդում հարցազրույցին (բացառությամբ Խորհրդի անդամների միջեւ հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման) ներկա կարող են գտնվել եւ դրանց ընթացքը հետեւել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի 1 ներկայացուցիչ, արդարադատության նախարարի կողմից նշանակված 1 ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից նշանակված մինչեւ 3 փաստաբան եւ որակավորման ստուգման անցկացումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ Արդարադատության խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչեւ հինգ ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության: Արդարադատության խորհրդի աշխատակազմը նշված անձանց պարտավոր է ապահովել քննությունների եւ հարցազրույցի ընթացքին հետեւելու համար անհրաժեշտ պայմաններով՝ այնպես, որ չխաթարվի դրանց բնականոն ընթացքը:

7. Որակավորման գրավոր քննությունների յուրաքանչյուր փուլի արդյունքներով հավակնորդների ստացած միավորներն արդյունքների ամփոփումից հետո անհապաղ հրապարակվում են հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում:

8. Որակավորման գրավոր քննության եւ Արդարադատության խորհրդում հարցազրույցի անցկացման ժամի եւ վայրի մաuին հայտարարությունը հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում՝ որակավորման գրավոր քննության կամ հարցազրույցի օրվանից առնվազն 10 օր առաջ:

Հոդված 115.2. Որակավորման գրավոր քննությունները եւ դրանց անցկացման կարգը

1. Որակավորման գրավոր քննությունները անցկացվում են հետեւյալ երկու փուլերով.

1) թեստ՝ ուղղված քաղաքացիական, վարչական, քրեական իրավունքի եւ դատավարության հիմնարար սկզբունքների եւ ինստիտուտների բնագավառում հավակնորդի տեսական իրավաբանական գիտելիքների ստուգմանը.

2) համապատասխանաբար քրեական, քաղաքացիական կամ վարչական մասնագիտացման ոլորտում հիպոթետիկ դատական գործի հիման վրա գործն ըստ էության լուծող դատական ակտի (ակտերի) կազմում (առանց դատական ակտին ներկայացվող ձեւական պահանջների պահպանման պահանջի)՝ ուղղված, բացի ակադեմիական գիտելիքներից, նաեւ հավակնորդի վերլուծական կարողությունների, բարդ տեքստերի համակարգված, արագ ըմբռնման կարողությունների ստուգմանը:

2. Սույն հոդվածի 1-ի մասի 1)-ին կետով նախատեսված թեստը պարունակում է բազմակի ընտրության հարցեր կամ իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը կիրառելու եւ վերլուծելու պահանջով: Այս դեպքում, խնդրում ներկայացված յուրաքանչյուր փաստական հանգամանք վեր հանելու, վերլուծելու եւ գնահատելու համար նախատեսվում է համապատասխան միավոր՝ կախված բարդությունից: Որակավորման գրավոր ստուգման այս փուլում հավակնորդը չի կարող օգտվել իրավական ակտերից: Հարցերի ոչ պակաս, քան 60, սակայն ոչ ավելի քան 70 տոկոսը պետք է վերաբերի այն մասնագիտացման ոլորտին, որով անձը դիմել է դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով նախատեսված գրավոր քննության ժամանակ հավակնորդին կարող են տրամադրվել գործի փաստական հանգամանքների վերաբերյալ նյութեր, ինչպես նաեւ գործի լուծման համար անհրաժեշտ տեսական գրականություն եւ իրավական ակտեր:

4. Հավակնորդը թույլատրվում է գրավոր քննության՝ սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով նախատեսված երկրորդ փուլին, եթե սույն հոդվածի 1-ին մասի 1)-ին կետով նախատեսված գրավոր քննության արդյունքներով ստացել է Արդարադատության խորհրդի կողմից սահմանված նվազագույն անցողիկ միավորը, որը չի կարող պակաս լինել այդ փուլի համար սահմանված առավելագույն միավորի 60 տոկոսից եւ ավել՝ 80 տոկոսից։

5. Որակավորման գրավոր քննության օրվանից առնվազն 10 օր առաջ Արդարադատության խորհրդի աշխատակազմը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որակավորման գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ:

Հոդված 115.3 Որակավորման գրավոր քննության արդյունքների ամփոփումը

1. Սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ի մասով նախատեսված որակավորման գրավոր քննությունների յուրաքանչյուր փուլի արդյունքների ստուգման եւ բողաքարկման հետ կապված հարցեր լուծելու նպատակով ձեւավորվում են գնահատման հանձնաժողով եւ բողաքարկման հանձնաժողով:

2. Գնահատման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում հինգ դատավոր եւ իրավունքի համապատասխան բնագավառի երկու իրավաբան-գիտնական:

3. Բողոքարկման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում 2 դատավոր եւ իրավունքի համապատասխան բնագավառի մեկ իրավաբան-գիտնական:

4. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար որակավորման գրավոր քննության համապատասխան փուլի անցկացումից ոչ շուտ, քան 4 օր առաջ Դատարանների նախագահների խորհուրդը առաջարկում է 10 դատավորի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ, իսկ արդարադատության նախարարը՝ իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն 4 իրավաբան-գիտնականի թեկնածություն: Որակավորման գրավոր քննության անցկացման օրը, քննությունների ավարտից անմիջապես հետո, նշված դատավորներից եւ իրավաբան-գիտնականներից վիճակահանությամբ ընտրվում են գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների անդամներ: Նույն անձը չի կարող միաժամանակ լինել բողոքարկման եւ գնահատման հանձնաժողովի անդամ:

5. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների աշխատանքն իրականացվում է գաղտնի եւ դռնփակ ընթացակարգով: Գնահատման եւ բողոքրակման հանձնաժողովի անդամների անունները ենթակա չեն հրապարակման համապատասխանաբար մինչեւ քննությունների կամ բողոքարակման արդյունքների հրապարակումը:

6. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների կազմում չեն կարող ընդգրկվել Արդարադատության խորհրդի անդամները եւ դատարանների նախագահները:

7. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են համապատասխանաբար իր թեկնածությունը առաջադրած Դատարանների նախագահների խորհրդի կամ արդարադատության նախարարի կողմից`

1) դատավորի պաշտոնում իր լիազորությունները դադարելու դեպքում.

2) եթե որակավորման ստուգմանը մասնակցում է իր ամուսինը կամ իր հետ արյունակցական՝ մինչեւ 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը.

3) եթե համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհուրդը կամ արդարադատության նախարարը, քննարկելով սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան ներկայացված փաստերը կամ հանգամանքները, գտնում է, որ դրանք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանը անձի մասնակցության անկողմնակալության մեջ:

8. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների անդամը պարտավոր է համապատասխանաբար իր թեկնածությունը առաջադրած Դատարանների նախագահների խորհրդին կամ արդարադատության նախարարին, ինչպես նաեւ Արդարադատության խորհրդին անհապաղ գրավոր հայտնել, եթե տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանը նրա մասնակցության անկողմնակալության մեջ:

9. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր անդամը նշանակվում է հանձնաժողովի համապատասխան անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված կարգով:

10. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովները ղեկավարում են հանձնաժողովի կազմից անդամների ձայների ընդհանուր մեծամասնությամբ ընտրված անձը:

11.Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովները լուծարվում են որակավորման գրավոր քննությունների արդյունքների ամփոփման եւ բողոքարկման ժամկետը լրանալուց հետո:

12. Սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով նախատեսված գրավոր քննությունների ստուգումն իրականացվում է գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու ստուգողների կողմից, որոնցից մեկը պետք է լինի դատավոր, իսկ մյուսը՝ իրավաբան-գիտնական:

13. Եթե սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան ստուգման արդյունքներով ստուգողների կողմից նշանակված միավորներում առկա է քսան տոկոսից ավելի շեղում, նշանակվում է լրացուցիչ ստուգում, որին մասնակցում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված համապատասխանաբար մեկ այլ դատավոր եւ մյուս իրավաբան-գիտնականը:

14. Որակավորման գրավոր քննության արդյունքների ստուգումը եւ գնահատումը գնահատման հանձնաժողովի կողմից իրականացվում է անանուն:

15. Բացառությամբ համակարգչային եղանակով ստուգման դեպքերի, գրավոր աշխատանքների ստուգման եւ գնահատման համար գնահատման հանձնաժողովը պետք է հնարավորինս ապահովված լինի աշխատանքների ուղղորդող տիպային պատասխաններով:

16. Արդարադատության խորհուրդը սահմանում է հավակնորդի կողմից սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով նախատեսված գրավոր քննության արդյունքներըգնահատելու չափորոշիչներ եւ դրանց հիման վրա կազմված ստուգաթերթ: Գրավոր քննությունների ստուգումն իրականացրած գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման ենթակա չափորոշիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կատարում է վերջնական գնահատականը հիմնավորող նշումներ համապատասխան ստուգաթերթում:

17. Ստուգված գրավոր աշխատանքները պետք է պարունակեն նաեւ դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կողմից կատարված համապատասխան նշումներ, որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անել գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:

18. Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալ ստուգված գրավոր աշխատանքի հետ եւ ներկայացնել իր նկատառումները:

19. Որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման (բացառությամբ համակարգչային եղանակով թեստավորման) արդյունքներով վերջնական գնահատականը որոշվում է գնահատման հանձնաժողովի կողմից՝ առնվազն 4 ձայնով ընդունված որոշմամբ: Գնահատման հանձնաժողովի որոշման մեջ նշվում են նաեւ սույն հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերով նախատեսված ստուգողների գնահատականները:

20. Եթե գնահատման հանձնաժողովը անհրաժեշտ ձայներով որոշում չի կայացնում վերջնական գնահատականի վերաբերյալ, այն որոշվում է համապատասխանաբար երկու, իսկ լրացուցիչ ստուգում նշանակված լինելու դեպքում՝ չորս ստուգողների նշանակած գնահատականների միջինով:

21. Արդյունքների հրապարակումից հետո հավակնորդի պահանջով անհապաղ, բայց ոչ ուշ, քան մինչեւ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, իրեն տրամադրվում է իր գնահատված գրավոր աշխատանքի պատճենը:

22. Հավակնորդը իրավունք ունի դիմել եւ գնահատման հանձնաժողովի անդամներից ստանալ իր գնահատականի վերաբերյալ լրացուցիչ բանավոր պարզաբանումներ:

23. Որակավորման գրավոր քննությունների անցկացման ընթացակարգը եւ քննության արդյունքները կարող են բողոքարկվել բողոքարկման հանձնաժողով՝ գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

24. Որակավորման գրավոր քննության արդյունքները բողոքարկելիս հավակնորդը պետք է հստակ նշի բողոքարկվող հարցերը եւ իր հիմնավորումները:

25. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո մեկ աշխատանքային օրվա ժամկետում Դատարանների նախագահների խորհուրդը առաջարկում է 4 դատավորի թեկնածություն, իսկ արդարադատության նախարարը՝ իրավունքի համապատասխան բնագավառի առնվազն 2 իրավաբան-գիտնականի թեկնածություն՝ բողոքարկման հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար: Նշված դատավորներից 2-ը, իսկ իրավաբան-գիտնականներից 1-ը վիճակահանությամբ ընտրվում են որպես բողոքարկման հանձնաժողովի անդամ:

26. Հավակնորդի գրավոր աշխատանքը եւ բողոքարկման դիմումը բողոքարկման հանձնաժողովին տրամադրվում են անանուն:

27. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված հարցեր քննարկելիս բողոքարկման հանձնաժողովի անդամները, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրել եւ լսել գնահատման հանձնաժողովի անդամներին, իրավունքի համապատասխան բնագավառի այլ իրավաբան-գիտնականների կամ հավակնորդին:

28. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են հավակնորդի բողոքը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

29. Որակավորման գրավոր քննության բողոքարկման արդյունքներով բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Դրանք անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում:

30. Հավակնորդը իրավունք ունի բողոքարկման հանձնաժողովից ստանալ լրացուցիչ բանավոր պարզաբանում հանաձնաժողովի որոշման վերաբերյալ:

31. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան միայն գրավոր քննությունների անցկացման կարգի, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման եւ բողոքարկման ընթացակարգային նորմերի խախտման հիմքով:

32. Որակավորման ստուգումը եւ արդյունքների ամփոփումը, այդ թվում` որակավորման արդյունքների բողոքարկումը, պետք է իրականացվեն սույն օրենսգրքի 115-րդ հոդվածին համապատասխան հայտերի ընդունման ժամկետի ավատին հաջորդող մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչեւ նոյեմբերի 25-ը:

33. Որակավորման ստուգումը պետք է կազմակերպվի այն հաշվով, որ սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով նախատեսված գրավոր քննության երկրորդ փուլի արդյունքների հրապարակումից հետո երաշխավորվի առնվազն 8 աշխատանքային օր ժամանակ՝ բողոքարկման համար:

34. Մինչեւ բողոքարկման հանձնաժողովի կողմից բողաքարկման արդյունքներով որոշման կայացումը, հավակնորդն իրավունք ունի մասնակցել որակավորման ստուգման հաջորդ փուլին, եթե այն արդեն սկսվել է:»:

Հոդված 4. Օրենսգրքի 116-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 116. Արդարադատության խորհրդում հարցազրույցի համար նյութերի նախապատրաստումը

1. Սույն օրենսգրքի 115.3-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ժամկետում, Արդարադատության խորհրդի աշխատակազմը սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որակավորման գրավոր քննությունների հանրագումարային արդյունքներով դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 5-ով գերազանցող թվաքանակի (բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան թվաքանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները) ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակը ներկայացնում է Արդարադատության խորհրդին` հարցազրույց անցնելու նպատակով։ Հավասար անցողիկ միավորի ունեցող հավակնորդների առկայության դեպքում բոլոր այդ հավակնորդները ընդգրկվում են ցուցակում:

2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների ցուցակը միաժամանակ հրապարակում է նաեւ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում: Հավակնորդների ցուցակի հետ մեկտեղ հրապարակվում են նաեւ յուրաքանչյուր հավակնորդի կրթության, հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

3. Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ դատավորի թեկնածուի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի հեղինակության եւ նրա կողմից դատավորի լիազորությունները պատշաճ իրականացնելու վերաբերյալ, պարտավոր են հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Արդարադատության խորհրդին:

4. Հավակնորդները ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրավունք ունեն Արդարադատության խորհուրդ ներկայացնել ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է հավաստել իրենց մասնագիտական փորձառությունը եւ նպաստել դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների եւ արժանիքների գնահատմանը Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ:

5. Արդարադատության խորհրդի աշխատակազմը իրավունք ունի գրավոր եւ բանավոր հարցումներ կատարել երաշխավորագիր-նամակներ տված անձանցից, հավակնորդի աշխատավայրից, բարձրագույն ուսումնական հաստատություններից եւ հավակնորդի հետ առնչվող այլ հաստատություններից՝ հավակնորդի մասնագիտական որակների եւ անձնական հատկանիշների վերաբերյալ:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը Արդարադատության խորհուրդ ուղարկելու օրվա հաջորդող մեկամսյա ժամկետում Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհուրդ է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է պարունակվեն սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, որակավորման գրավոր քննությունների արդյունքում ստացած միավորները եւ սույն հոդվածի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:

7. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ապահովում է, որ հավակնորդների անձնական գործին ծանոթանան Արդարադատության խորհրդի բոլոր անդամները:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել նոր 116.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 116.1. Արդարադատության խորհրդում հարցազրույցի անցկացումը

1. Արդարադատության խորհրդում հարցազրույցի նպատակը դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների եւ արժանիքների վերհանումն է՝ հավակնորդի մասնագիտական փորձառության, դատավոր դառնալու մոտիվացիայի, դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածության, նրա անձնական հատկանիշների, մասնավորապես՝ ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ եւ այլն, գնահատելու միջոցով:

2. Արդարադատության խորհրդում հարցազրույցը կազմված է երեք մասից.

1) յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործի եւ անցած մասնագիտական ուղու ուսումնասիրություն, որի ներկայացման համար Արդարադատության խորհրդի անդամներից մեկը խորհրդում հանդես է գալիս որպես զեկուցող: Հավակնորդը իրավունք ունի պարզաբանումներ տալ իր անձնական գործում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին՝ նրա մասնագիտական փորձառությունը, գիտական հետաքրքրությունները, դատավորի պաշտոնում նրա ակնկալիքները եւ մոտիվացիան, դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական որակները եւ արժանիքների գնահատելու համար.

2) դատավորի վարքագծի կանոններին վերաբերող հիպոթետիկ խնդրի վերաբերյալ հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն եւ դիրքորոշման ներկայացում՝ դատավորի վարքագծի հիմնարար կանոնների, դատավորին ներկայացվող պահանջների եւ որպես դատավոր գործելու համար կարեւոր այլ անձնական հատկանիշները գնահատելու համար.

3) համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի, այդ թվում՝ հիպոթետիկ իրավական նորմ, դատական ակտում արտահայտված դիրքորոշում, տեսության մեջ արտահայտված իրավական կարծիքներ եւ այլն) հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները եւ դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակները եւ արժանիքները գնահատելու համար: Թեկնածուին տրվող հարցերը չպետք է ունենան նրա նեղ մասնագիտական իրավաբանական գիտելիքները ստուգելու նպատակ:

3. Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ սույն հոդվածի 2-րդ մասի 2)-րդ եւ 3)-րդ կետով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ, որից հետո հավակնորդին ելույթին պատրաստվելու համար տրամադրվում է մինչեւ քսան րոպե ժամանակ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2)-րդ եւ 3)-րդ կետով նախատեսված հարցերի շուրջ հավակնորդի բանավոր ելույթը յուրաքանչյուրի հարցի վերաբերյալ տեւում է առավելագույնը 10 րոպե: Հավակնորդի ելույթին հետեւում է Արդարադատության խորհրդի անդամների հետ քննարկումը` յուրաքանչյուր հարցի շուրջ ոչ ավելի քան քսան րոպե տեւողությամբ:

5. Արդարադատության խորհրդում յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տեւողությունը մեկուկես ժամ է:

6. Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են Արդարադատության խորհրդի որոշմամբ սահմանված գնահատման ենթակա այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են եւ կարեւոր դատավոր դառնալու համար: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:

7. Բոլոր հավակնորդների հարցազրույցների ավարտից հետո Արդարադատության խորհրդի անդամների միջեւ տեղի է ունենում հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում:»:

Հոդված 6. Օրենսգրքի 117-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 117. Դատավորների թեկնածությունների ցուցակի կազմումը եւ հաստատումը

1. Արդարադատության խորհրդում հարցազրույցի եւ արդյունքների վերաբերյալ ամփոփիչ քննարկման ավարտից հետո յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ անց է կացվում բաց քվեարկություն, որի ժամանակ Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ «կողմ» կամ դեմ» է քվեարկում յուրաքանչյուր հավակնորդի:

2. Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքներով կազմվում է թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի թափուր տեղերի թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած թեկնածությունների ցուցակ: Ձայների հավասարության դեպքում նախապատվություն է տրվում այն հավակնորդին, որն որակավորման գրավոր քննությունների արդյունքներով ունի առավել բարձր հանրագումարային միավորներ: Եթե արդյունքում առկա են հավասար միավորներ ունեցող անձիք, ապա բոլոր նշված անձիք ընգրկվում են ցուցակում:

3. Ցուցակի կազմման ժամանակ հաշվի է առնվում սեռային (գենդերային) հավասարակշռությունը: Եթե որեւէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի քսանհինգ տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին ցուցակում կերաշխավորվի առնվազն հինգ տեղ:

4. Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հարցազրույցին մասնակցած յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհուրդը կազմում է զեկույց, որում Խորհրդի անդամների կողմից լրացված հարցաթերթերի եւ ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների հիման վրա՝ ընտրված հավակնորդների պարագայում մանրամասն ներկայացվում են այն հանգամանքները, որոնք պայմանավորել են հավակնորդի ընտրությունը, իսկ հարցազրույցի արդյունքում չընտրված հավակնորդների մասով՝ ներկայացվում են նրանց ընտրությունը մերժելու պատճառները:

5. Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցած անձինք իրավունք ունեն դիմել եւ Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո մեկշաբաթյա ժամկետում ստանալ սույն հոդվածի 4-րդ մասի համապատասխան իրենց վերաբերյալ կազմված զեկույցը:

6. Արդարադատության խորհուրդը դատավորների թեկնածությունների ցուցակը Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված փաստաթղթերը Արդարադատության խորհրդի կողմից ստանալու օրվանից քսանհինգօրյա ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան մինչեւ հունվարի 20-ը:

7. Դատավորների թեկնածությունների ցուցակի հետ միասին Հանրապետության Նախագահին են ուղարկվում հարցազրույցին մասնակցած բոլոր հավակնորդների անձնական գործերը եւ նրանց վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան կազմված զեկույցները:

8. Հանրապետության Նախագահը ցուցակը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում հաստատում է Արդարադատության խորհրդի կազմած ցուցակը` իր համար ընդունելի թեկնածություններով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 118-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի 1-ին նախադասությունից հանել «3-րդ,» բառերը, «10 տարվա ընթացքում» բառերից հետո լրացնել «առնվազն» բառը:

2. 3-րդ մասում « նոյեմբերի 20-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը » բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 150-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասում «վերաքննիչ դատարանի» բառերը փոխարինել «վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար» բառերով.

2. 4-րդ մասում «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 151-րդ հոդվածի.

1. 1-ին մասի 2-րդ նախադասությունում «պալատի դատավորները» բառերից հետո «վերաքննիչ դատարանի» բառերը փոխարինել «վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար» բառերով.

2. 3-րդ մասի 1-ին նախադասությունում «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

Հոդված 10. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սկսված դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման որակավորման ստուգումների վրա: