Armenian ARMSCII Armenian
Կ-226-21.03.2013-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . Հայաստանի Հանրապետության 2007 թվականի  փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 104-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) իր ամուսնուն կամ իր հետ արյունակցական՝ մինչեւ 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց դատավորի թեկնածությունների կամ առաջխաղացման   ցուցակում ներառելուն:».

2) 4-րդ մասը «դատավորի թեկնածությունների» բառերից առաջ լրացնել «, իր ամուսնուն կամ իր հետ արյունակցական՝ մինչեւ 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «սեպտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 15-ը» բառերով.

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հայտերը  ներկայացվում  են  Արդարադատության  խորհրդի աշխատակազմ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում:».

3) 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Արդարադատության խորհրդի աշխատակազմը համապատասխան հարցումների միջոցով ճշտում է հայտատուի դատվածության առկայությունը կամ բացակայությունը:».

4) 10-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արդարադատության խորհրդի աշխատակազմը կարող է հարգելի համարել  դիմումը ներկայացնելու ժամկետի բացթողումը, եթե ուշացումը պայմանավորված է եղել անձի կամքից անկախ հանգամանքներով, եւ եթե դիմումը ներկայացնելու պահից մինչեւ որակավորման քննության սկիզբը մնացել է ոչ պակաս, քան մեկ շաբաթ:».

5) 13-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ մասով.

«14. Որակավորման քննությանը մասնակցելու համար հայտատուից գանձվում է պետական տուրք` oրենքով uահմանված կարգով:»:

Հոդված 3.   Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 115.1-115.3-րդ հոդվածներով.

 «Հոդված 115.1. Որակավորման քննությունների թափանցիկության ապահովումը

1. Որակավորման քննությունն անցկացվում է հայերենով:

2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ապահովում է որակավորման գրավոր քննության ողջ ընթացքի ուղիղ հեռարձակումը քննասենյակից դուրս գտնվող տարածքում:

3. Գրավոր քննությունների, ինչպես նաեւ Արդարադատության խորհրդում հարցազրույցի ողջ ընթացքը, բացառությամբ Խորհրդի անդամների միջեւ հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեuաձայնագրվում է Արդարադատության խորհրդի աշխատակազմի կողմից:

4. Հավակնորդն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի, Արդարադատության խորհրդում հարցազրույցի իրեն վերաբերող մասի  տեuաձանագրության կրկնօրինակը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր քննության ստուգված ցանկացած աշխատանքի պատճենները՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը եւ արդարադատության նախարարը կարող են ցանկացած ժամանակ դիմել եւ եռօրյա ժամկետում ստանալ գրավոր քննության ընթացքի, Արդարադատության խորհրդում հարցազրույցի տեuաձայնագրության կրկնօրինակը կամ գրավոր քննության ստուգված աշխատանքների պատճենները:

6. Որակավորման գրավոր քննություններին եւ Արդարադատության խորհրդում հարցազրույցին (բացառությամբ խորհրդի անդամների միջեւ հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման)  ներկա կարող են լինել եւ դրանց ընթացքին հետեւել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի 1 ներկայացուցիչ, արդարադատության նախարարի նշանակած 1 ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նշանակած մինչեւ 3 փաստաբան եւ որակավորման ստուգման անցկացումից առնվազն 3 աշխատանքային  օր առաջ Արդարադատության խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչեւ հինգ ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության: Արդարադատության խորհրդի աշխատակազմը նշված անձանց պարտավոր է ապահովել քննությունների եւ հարցազրույցի  ընթացքին հետեւելու  համար անհրաժեշտ պայմաններով՝  այնպես, որ չխաթարվի դրանց բնականոն ընթացքը:

7. Որակավորման գրավոր քննությունների յուրաքանչյուր փուլի արդյունքներով հավակնորդների ստացած միավորներն արդյունքների ամփոփումից հետո անհապաղ  հրապարակվում են հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

8. Որակավորման գրավոր քննության եւ Արդարադատության խորհրդում հարցազրույցի  անցկացման ժամի եւ վայրի մաuին հայտարարությունը հրապարակվում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ որակավորման գրավոր քննության կամ հարցազրույցի օրվանից առնվազն 10 օր  առաջ:

Հոդված 115.2. Որակավորման գրավոր քննությունները եւ դրանց անցկացման կարգը

1. Որակավորման գրավոր քննություններն անցկացվում են հետեւյալ երկու փուլերով.

1) թեստ՝ ուղղված քաղաքացիական, վարչական, քրեական իրավունքի եւ դատավարության  հիմնարար սկզբունքների եւ ինստիտուտների բնագավառում հավակնորդի տեսական իրավաբանական գիտելիքների ստուգմանը.

2) համապատասխանաբար քրեական, քաղաքացիական կամ վարչական մասնագիտացման ոլորտում հիպոթետիկ դատական գործի հիման վրա գործն ըստ էության լուծող դատական ակտի (ակտերի) կազմում (առանց դատական ակտին ներկայացվող ձեւական պահանջների պահպանման պահանջի)՝ ուղղված, բացի  ակադեմիական գիտելիքներից, նաեւ հավակնորդի վերլուծական կարողությունների, բարդ տեքստերի համակարգված, արագ ըմբռնման կարողությունների ստուգմանը:

2. Սույն հոդվածի 1-ի մասի 1-ին կետով նախատեսված թեստը պարունակում է բազմակի ընտրության հարցեր կամ իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների  նկատմամբ իրավունքի նորմերը կիրառելու եւ վերլուծելու պահանջով: Այս դեպքում խնդրում ներկայացված յուրաքանչյուր փաստական հանգամանք վեր հանելու, վերլուծելու եւ գնահատելու համար նախատեսվում է համապատասխան միավոր՝ կախված բարդությունից: Որակավորման գրավոր ստուգման այս փուլում հավակնորդը չի կարող օգտվել իրավական ակտերից:  Հարցերի ոչ պակաս, քան 60, սակայն ոչ ավելի, քան 70 տոկոսը պետք է վերաբերի այն մասնագիտացման ոլորտին, որով անձը դիմել է դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու համար:

3. Սույն հոդվածի 1-ի մասի 1-ին կետով նախատեսված թեստի ժամանակ հարցերն ընտրվում են պատահականության սկզբունքով: Թեստի անցկացման համար նախատեսված հարցերի ընդհանուր քանակը, որի միջից կատարվում է հարցերի ընտրությունը,  պետք է առնվազն կրկնակի գերազանցի մեկ թեստի համար նախատեսված հարցերի քանակը:

4. Արդարադատության խորհուրդը սահմանում է սույն հոդվածի 1-ի մասի 1-ին կետով նախատեսված թեստի անցկացման համար մշակման ենթակա  հարցերի նվազագույն քանակը եւ դրանց հրապարակման կարգը, եթե Արդարադատության խորհրդի որոշմամբ դրանք ենթակա են հրապարակման:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր քննության ժամանակ  հավակնորդին կարող են տրամադրվել գործի  փաստական հանգամանքների վերաբերյալ նյութեր, ինչպես նաեւ գործի լուծման համար անհրաժեշտ տեսական գրականություն եւ իրավական ակտեր:

6. Հավակնորդին թույլատրվում է մասնակցել գրավոր քննության` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված երկրորդ փուլին, եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված գրավոր քննության արդյունքներով ստացել է Արդարադատության խորհրդի սահմանած նվազագույն անցողիկ միավորը, որը  չի կարող պակաս լինել  այդ փուլի համար սահմանված առավելագույն միավորի 60 տոկոսից եւ ավելի՝ 80 տոկոսից։

7. Որակավորման գրավոր քննության օրվանից առնվազն 10 օր առաջ Արդարադատության խորհրդի աշխատակազմը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որակավորման գրավոր քննության առաջադրանքների  առնվազն մեկ նմուշօրինակ:

Հոդված 115.3 Որակավորման գրավոր քննության արդյունքների ամփոփումը

1.  Սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ի մասով նախատեսված որակավորման գրավոր քննության յուրաքանչյուր փուլի աշխատանքների ստուգման եւ գնահատման նպատակով ձեւավորվում է համապատասխան գնահատման հանձնաժողով, իսկ քննության համապատասխան փուլի արդյունքների բողոքարկման հետ կապված հարցեր լուծելու նպատակով՝ բողոքարկման հանձնաժողով:

2.Գնահատման հանձնաժողովի  կազմի մեջ են մտնում հինգ դատավոր եւ իրավունքի համապատասխան բնագավառի  երկու իրավաբան գիտնական:

3. Բողոքարկման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում 2 դատավոր եւ իրավունքի համապատասխան բնագավառի  մեկ իրավաբան գիտնական:

4. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար որակավորման գրավոր քննության համապատասխան փուլի  անցկացումից ոչ շուտ, քան 4 օր առաջ Դատարանների նախագահների խորհուրդը առաջարկում է 10 դատավորի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ, իսկ արդարադատության նախարարը՝ իրավունքի համապատասխան բնագավառի  առնվազն 4 իրավաբան գիտնականի թեկնածություն: Որակավորման գրավոր քննության անցկացման օրը` քննությունների ավարտից անմիջապես հետո, նշված դատավորներից եւ իրավաբան գիտնականներից վիճակահանությամբ ընտրվում են գնահատման հանձնաժողովի անդամներ: Նույն անձը չի կարող միաժամանակ լինել եւ բողոքարկման, եւ գնահատման հանձնաժողովի անդամ:

5. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների աշխատանքն իրականացվում է գաղտնի եւ դռնփակ ընթացակարգով: Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովի անդամների անունները ենթակա չեն հրապարակման համապատասխանաբար մինչեւ քննությունների կամ բողոքարկման արդյունքների հրապարակումը:

6. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների կազմում չեն կարող ընդգրկվել Արդարադատության խորհրդի անդամները եւ դատարանների նախագահները:

7. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունները  վաղաժամկետ դադարեցվում են համապատասխանաբար իր թեկնածությունն առաջադրած Դատարանների նախագահների խորհրդի կամ արդարադատության նախարարի կողմից`

1)  դատավորի պաշտոնում իր լիազորությունները դադարելու դեպքում.

2) եթե որակավորման ստուգմանը մասնակցում է իր ամուսինը կամ իր հետ արյունակցական՝ մինչեւ 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը.

3) եթե համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհուրդը կամ արդարադատության նախարարը, քննարկելով սույն հոդվածի  8-րդ մասին համապատասխան ներկայացված փաստերը կամ հանգամանքները, կարծում է, որ դրանք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանը անձի մասնակցության անկողմնակալության մեջ:

8. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների անդամը պարտավոր է համապատասխանաբար իր թեկնածությունը առաջադրած Դատարանների նախագահների խորհրդին կամ արդարադատության նախարարին, ինչպես նաեւ Արդարադատության խորհրդին անհապաղ գրավոր հայտնել, եթե տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանը նրա մասնակցության անկողմնակալության մեջ:

9. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր անդամը նշանակվում է հանձնաժողովի համապատասխան անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված կարգով:

10. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովները ղեկավարում են հանձնաժողովների կազմից անդամների ձայների ընդհանուր մեծամասնությամբ ընտրված անձինք:

11. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովները լուծարվում են որակավորման գրավոր քննությունների արդյունքների ամփոփման եւ բողոքարկման ժամկետը լրանալուց  հետո:

12. Սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր աշխատանքների ստուգումն իրականացնում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու ստուգողներ, որոնցից մեկը պետք է լինի դատավոր, իսկ մյուսը՝ իրավաբան գիտնական:

13. Եթե սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան` ստուգման արդյունքներով ստուգողների նշանակած միավորներում առկա է քսան տոկոսից ավելի շեղում, նշանակվում է լրացուցիչ ստուգում, որին մասնակցում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված համապատասխանաբար մեկ այլ դատավոր եւ մյուս իրավաբան գիտնականը:

14. Որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգումը եւ գնահատումը գնահատման հանձնաժողովն իրականացնում է անանուն:

15. Գրավոր աշխատանքների ստուգման եւ գնահատման համար գնահատման հանձնաժողովը պետք է հնարավորինս ապահովված լինի աշխատանքների ստուգումն ուղղորդող տիպային պատասխաններով:

16. Արդարադատության խորհուրդը  սահմանում է սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր աշխատանքները գնահատելու չափորոշիչները եւ դրանց հիման վրա՝  գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձեւը: Գրավոր աշխատանքի ստուգումն իրականացրած գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման ենթակա չափորոշիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կատարում է վերջնական գնահատականը հիմնավորող նշումներ գրավոր քննության արդյունքների ստուգաթերթում:

17. Ստուգված գրավոր աշխատանքը պետք է պարունակի  դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումներ, որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:

18. Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին  եւ ներկայացնելու իր նկատառումները:

19. Որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման  արդյունքներով վերջնական գնահատականը որոշում է գնահատման հանձնաժողովը՝ առնվազն 4 ձայնով ընդունված որոշմամբ: Գնահատման հանձնաժողովի որոշման մեջ նշվում են նաեւ սույն հոդվածի 12-րդ եւ 13-րդ մասերով նախատեսված ստուգողների գնահատականները:

20. Եթե գնահատման հանձնաժողովը անհրաժեշտ ձայներով որոշում չի կայացնում վերջնական գնահատականի վերաբերյալ, ապա այն որոշվում է համապատասխանաբար երկու, իսկ լրացուցիչ ստուգում նշանակված լինելու դեպքում՝ չորս ստուգողների նշանակած գնահատականների միջինով:

21. Արդյունքների հրապարակումից հետո հավակնորդի պահանջով անհապաղ, բայց ոչ ուշ, քան մինչեւ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, տրամադրվում է իր գնահատված գրավոր աշխատանքի պատճենը:

22.Հավակնորդն իրավունք ունի դիմելու եւ գնահատման հանձնաժողովի անդամներից ստանալու իր գնահատականի վերաբերյալ լրացուցիչ բանավոր պարզաբանումներ:

23. Յուրաքանչյուր հավակնորդ գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննությունների անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:

24. Քննության ընթացակարգը կամ գնահատականը բողոքարկելիս հավակնորդը հստակ նշում է բողոքի հիմքում ընկած հանգամանքները եւ իր հիմնավորումները:

25. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված Դատարանների նախագահների խորհրդի եւ արդարադատության նախարարի առաջարկած թեկնածուներից վիճակահանությամբ ընտրվում է 2 դատավոր եւ 1 իրավաբան գիտնական  անդամներից կազմված բողոքարկման հանձնաժողով:

26. Հավակնորդի գրավոր աշխատանքը եւ բողոքը բողոքարկման հանձնաժողովին տրամադրվում են անանուն:

27. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված հարցեր քննարկելիս բողոքարկման հանձնաժողովի անդամները, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրել եւ լսել գնահատման հանձնաժողովի անդամներին, իրավունքի համապատասխան բնագավառի այլ իրավաբան գիտնականների կամ հավակնորդին:

28. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են հավակնորդի  բողոքը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

29. Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են: Դրանք անհապաղ  հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

30. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել վարչական դատարան միայն գրավոր քննությունների անցկացման ընթացակարգի, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման եւ բողոքարկման ընթացակարգային նորմերի խախտման հիմքով:

31. Որակավորման ստուգումը եւ արդյունքների ամփոփումը, այդ թվում` որակավորման արդյունքների բողոքարկումը, պետք է իրականացվեն սույն օրենսգրքի 115-րդ հոդվածին համապատասխան հայտերի ընդունման ժամկետի ավատին հաջորդող մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչեւ նոյեմբերի 25-ը:

32. Որակավորման ստուգումը պետք է կազմակերպվի այն հաշվով, որ սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով  նախատեսված գրավոր քննության երկրորդ փուլի արդյունքների հրապարակումից հետո երաշխավորվի առնվազն 8 աշխատանքային օր ժամանակ բողոքարկման համար:

33. Մինչեւ բողոքարկման հանձնաժողովի կողմից որոշման կայացումը հավակնորդն իրավունք ունի մասնակցելու որակավորման ստուգման հաջորդ փուլին, եթե այն արդեն սկսվել է:»:

Հոդված 4. Օրենսգրքի  116-րդ  հոդվածը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 116. Արդարադատության խորհրդում հարցազրույցի համար նյութերի նախապատրաստումը

1. Սույն օրենսգրքի 115.3-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Արդարադատության խորհրդի աշխատակազմը սույն օրենսգրքի                        115.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որակավորման գրավոր քննությունների հանրագումարային արդյունքներով դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 5-ով գերազանցող թվաքանակի (բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան թվաքանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները) ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակը ներկայացնում է Արդարադատության խորհուրդ` հարցազրույց անցնելու նպատակով։ Հավասար անցողիկ միավոր ունեցող հավակնորդների առկայության դեպքում բոլոր այդ հավակնորդներն ընդգրկվում են ցուցակում:

2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների ցուցակը միաժամանակ հրապարակում է հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում  եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Հավակնորդների ցուցակի հետ հրապարակվում են նաեւ յուրաքանչյուր հավակնորդի կրթության, հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

3. Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ դատավորի թեկնածուի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի հեղինակության եւ նրա` դատավորի լիազորությունները պատշաճ իրականացնելու վերաբերյալ, պարտավոր են հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Արդարադատության խորհրդին:

4. Հավակնորդները ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրավունք ունեն Արդարադատության խորհուրդ ներկայացնելու ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է հավաստել իրենց մասնագիտական փորձառությունը եւ նպաստել դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների եւ արժանիքների գնահատմանը Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ:

5. Արդարադատության խորհրդի աշխատակազմն իրավունք ունի գրավոր եւ բանավոր հարցումներ կատարելու երաշխավորագիր-նամակներ տված անձանցից, հավակնորդի  աշխատավայրից, բարձրագույն ուսումնական հաստատություններից եւ հավակնորդի հետ առնչվող այլ հաստատություններից՝ հավակնորդի մասնագիտական որակների  եւ անձնական հատկանիշների վերաբերյալ:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը Արդարադատության խորհուրդ ուղարկելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհուրդ է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է ներառվեն սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, որակավորման գրավոր քննությունների արդյունքում ստացած միավորները եւ սույն հոդվածի 3-րդ,  4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:

7. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ապահովում է, որ հավակնորդների անձնական գործին ծանոթանան Արդարադատության խորհրդի բոլոր անդամները:»:

Հոդված 5. Օրենսգիրքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 116.1-ին  հոդվածով.

«Հոդված 116.1.  Արդարադատության խորհրդում հարցազրույցի անցկացումը

1. Արդարադատության խորհրդում հարցազրույցի նպատակը դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների եւ արժանիքների վերհանումն է՝ հավակնորդի մասնագիտական փորձառության, դատավոր դառնալու մոտիվացիայի, դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածության, նրա անձնական հատկանիշների (մասնավորապես ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ եւ այլն) գնահատման միջոցով:

2. Արդարադատության խորհրդում հարցազրույցը կազմված է երեք մասից.

1) յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործի եւ անցած մասնագիտական ուղու ուսումնասիրություն, որը ներկայացնելու համար Արդարադատության խորհրդի անդամներից մեկը խորհրդում հանդես է գալիս որպես զեկուցող: Հավակնորդն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր անձնական գործում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին՝ նրա մասնագիտական փորձառությունը, գիտական հետաքրքրությունները, դատավորի պաշտոնում նրա ակնկալիքները եւ մոտիվացիան, դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական որակները եւ արժանիքները գնահատելու համար.

2) դատավորի վարքագծի կանոններին վերաբերող հիպոթետիկ խնդրի վերաբերյալ հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն եւ դիրքորոշման ներկայացում՝ դատավորի վարքագծի հիմնարար կանոնների, դատավորին ներկայացվող պահանջների եւ որպես դատավոր գործելու համար կարեւոր այլ անձնական հատկանիշները գնահատելու համար.

3) համապատասխան մասնագիտացման ոլորտում մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի, այդ թվում՝ հիպոթետիկ իրավական նորմ, դատական ակտում արտահայտված դիրքորոշում, տեսության մեջ արտահայտված իրավական կարծիքներ եւ այլն) հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները եւ դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակները եւ արժանիքները  գնահատելու համար: Թեկնածուին տրվող հարցերը չպետք է ունենան նրա նեղ մասնագիտական իրավաբանական գիտելիքները ստուգելու նպատակ:

3. Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ, որից հետո ելույթին պատրաստվելու համար հավակնորդին տրամադրվում է մինչեւ քսան րոպե ժամանակ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հարցերի շուրջ հավակնորդի բանավոր ելույթը  յուրաքանչյուրի հարցի վերաբերյալ տեւում է առավելագույնը 10 րոպե: Հավակնորդի ելույթին հետեւում է Արդարադատության խորհրդի անդամների հետ քննարկումը`  յուրաքանչյուր հարցի շուրջ ոչ ավելի, քան քսան րոպե տեւողությամբ:

5. Արդարադատության խորհրդում յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տեւողությունը մեկուկես ժամ է:

6. Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են Արդարադատության խորհրդի որոշմամբ սահմանված գնահատման ենթակա այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են եւ կարեւոր դատավոր դառնալու համար: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:

7. Բոլոր հավակնորդների հարցազրույցների ավարտից հետո Արդարադատության խորհրդի անդամների միջեւ տեղի է ունենում հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում:»:

Հոդված 6. Օրենսգրքի  117-րդ  հոդվածը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 117. Դատավորների թեկնածությունների ցուցակի կազմումը եւ հաստատումը

1. Արդարադատության խորհրդում հարցազրույցի եւ արդյունքների վերաբերյալ ամփոփիչ քննարկման  ավարտից հետո յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ անցկացվում է բաց քվեարկություն, որի ժամանակ Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկում յուրաքանչյուր հավակնորդի:

2.Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքներով կազմվում է թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի թափուր տեղերի թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած թեկնածությունների ցուցակ: Ձայների հավասարության դեպքում նախապատվություն է տրվում այն հավակնորդին, որը որակավորման գրավոր քննությունների արդյունքներով ունի առավել բարձր հանրագումարային միավորներ: Եթե արդյունքում առկա են հավասար միավորներ ունեցող անձինք, ապա բոլոր նշված անձինք ընդգրկվում են ցուցակում:

3. Ցուցակը կազմելու ընթացքում հաշվի է առնվում սեռային (գենդերային) հավասարակշռությունը: Եթե որեւէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի քսանհինգ տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին ցուցակում կերաշխավորվի առնվազն հինգ տեղ:

4. Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հարցազրույցին մասնակցած յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհուրդը կազմում է զեկույց, որում խորհրդի անդամների կողմից լրացված հարցաթերթերի եւ ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների հիման վրա՝ ընտրված հավակնորդների պարագայում մանրամասն  ներկայացվում են այն հանգամանքները, որոնք պայմանավորել են հավակնորդի ընտրությունը, իսկ հարցազրույցի արդյունքում չընտրված հավակնորդների մասով՝ ներկայացվում են նրանց ընտրությունը մերժելու պատճառները:

5. Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցած անձինք իրավունք ունեն դիմելու եւ Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ստանալու սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան իրենց վերաբերյալ կազմված զեկույցը:

6. Արդարադատության խորհուրդը դատավորների թեկնածությունների ցուցակը  Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ մասով  նախատեսված փաստաթղթերը Արդարադատության խորհրդի կողմից ստանալու օրվանից քսանհինգօրյա ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան մինչեւ հունվարի  20-ը:

7. Դատավորների թեկնածությունների ցուցակի հետ Հանրապետության Նախագահին են ուղարկվում հարցազրույցին մասնակցած բոլոր հավակնորդների անձնական գործերը եւ նրանց վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան կազմված զեկույցները:

8. Հանրապետության Նախագահը ցուցակը ստանալու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում, հաստատում է Արդարադատության խորհրդի կազմած ցուցակը` իր համար ընդունելի թեկնածություններով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 118-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունից հանել «3-րդ,» բառը, իսկ նույն մասը «10 տարվա ընթացքում» բառերից հետո լրացնել «առնվազն» բառով.

2) 3-րդ մասի «նոյեմբերի 20-ը» բառերը փոխարինել «հուլիսի 1-ը» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «վերաքննիչ դատարանի» բառերը փոխարինել  «վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար» բառերով.

2) 4-րդ մասի «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

Հոդված 9 . Օրենսգրքի 151-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ նախադասության «պալատի դատավորները» բառերից հետո «վերաքննիչ դատարանի» բառերը փոխարինել  «վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար» բառերով.

2) 3-րդ մասի առաջին նախադասության «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

Հոդված 10.   Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետով, 3-րդ հոդվածով լրացվող 115.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 115.2-րդ հոդվածի 6-րդ մասով, 7-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչեւ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 115.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուժի մեջ մտնելը որակավորման գրավոր քննությունները անցկացվում են միայն  115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված եղանակով: