Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակվում են տեղամասային կենտրոնները փակվելուց անմիջապես հետո: Դրանք կարող են լուսապատճենվել, լուսանկարվել եւ տեսանկարահանվել:»:
Հոդված 2. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 3-րդ պարբերությամբ. «Ընտրությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում ըստ տեղամասերի որոնման եւ ներբեռնման հնարավորությամբ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 13-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով. «4. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմած ընտրողների լրացուցիչ ցուցակների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմում է ընդհանուր լրացուցիչ ցուցակ, որում ընդգրկվում են՝
1. ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից դուրս եկած եւ քվեարկության վայրի ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողները,
2. ընտրական տեղամաս գործուղվող եւ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից դուրս եկած ոստիկանության ծառայողները,
3. ստացիոնար բուժման մեջ գտնվող եւ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից դուրս եկած ընտրողները:
Ըստ տեղամասերի (հաշվառման վայրի եւ քվեարկության վայրի) կազմած ընդհանուր լրացուցիչ ցուցակը՝ որոնման հնարավորությամբ տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետից հանել «(բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների)» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետից հանել «(բացառությամբ ընտրողների ստորագրած ցուցակների)» բառերը:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Ընտրական օրեմնսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն ձեւավորել հասարակության վստահությունը ընտրական գործընթացների եւ արդյունքների նկատմամբ:
Ընտրական օրենսգրքի 11-րդ, 31-րդ եւ 33-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները կատարվել են հիմնվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2012թ. մայիսի 5-ի թիվ 1027 որոշման վրա, որտեղ մասնավորապես ասվում է. «...որեւէ սահմանափակում չի կարող խոչընդոտել ընտրական գործընթացի վերահսկմանն օրենքով սահմանված կարգով մասնակցող իրավասուբյեկտների գործունեությունը, ինչի արդյունավետ իրականացումով է մեծապես պայմանավորված հանրային վստահությունն ընտրական գործընթացի հանդեպ: Հետեւաբար, ընտրական իրավունքի պաշտպանության օրենքով նախատեսված գործընթացների շրջանակներում վերահսկողական համապատասխան իրավասությամբ օժտված իրավասուբյեկտների համար ընտրական իրավունքի պաշտպանությանը վերաբերող որեւէ տեղեկատվության մատչելիությունը չի կարող արգելափակվել՝ առավել եւս նման տեղեկատվությունը դատարաններին տրամադրելու առնչությամբ:»:
Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությանը, ապա այն նպատակ ունի կանխարգելել ընտրացուցակներում լրացումների կատարման հետ կապված չարաշահումները: