Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 68-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
2) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
3) 8-րդ կետը առաջին «դատապարտված» բառից հետո լրացնել «եւ փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.
«ե) ցմահ ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկում առնվազն երկու տարի պատիժը կրած դատապարտյալը.»,
2) 2-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) ցմահ ազատազրկման դատապարտված եւ կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկում առնվազն երեք տարի պատիժը կրած դատապարտյալը.»,
3) 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) ցմահ ազատազրկման դատապարտված եւ փակ տեսակի ուղղիչ հիմնարկում առնվազն վերջին հինգ տարին պատիժը կրած դատապարտյալը, եթե նա ազատազրկման ձեււով պատիժ է կրել առնվազն տասնհինգ տարի:»:
Հոդված 3. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում «ներկայացման հարցը» բառերը փոխարինել «ներկայացման` նույն հիմքով հարցը» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ցմահ ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն: Այս փոփոխությունը կվերացնի օրենսդրության մեջ առկա այն թերկարգավորումը, որի պատճառով ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո կարող են պայմանական վաղաժամկետ ազատվել պատիժը կրելուց, սակայն նույն ժամկետից հետո չեն կարող տեղափոխվել ավելի ցածր մեկուսացվածության աստիճան ունեցող ուղղիչ հիմնակ՝ պատիժը կրելու համար: Այսինքն՝ նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար կհեշտացվի բաց, կիսաբաց եւ կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու հնարավորությունը: Այսպես, ցմահ ազատազրկման դատապարտված եւ փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալները հնարավորություն ձեռք կբերեն փոխադրվելու կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն 15 տարին կրելուց հետո (ներկայումս սահմանված 20 տարվա փոխարեն), իսկ բաց ուղղիչ հիմնարկ՝ նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո( ներկայումս այն սահմանված չէ):
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվող փոփոխության արդյունքում հստակ տարբերակում կդրվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու եւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ անկախ հանձնաժողովներին ներկայացվող միջնորդագրերի միջեւ:
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախ եւ առաջ վերացվում են պատժի չկրած մասն ավելի մեղմ պատաժատեսակով փոխարինելիս տուգանքի եւ հանրային աշխատանքների նշանակման հնարավորության հետ կապված անհստակությունները եւ դրանք նախատեսող հոդվածներում հստակ նշվում է ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի կիրառման ժամանակ դրանց նշանակման հնարավորությունը:
Բացի այդ, առաջարկվում է էականորեն կատարելագործել պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի կիրառման հնարավորությունը՝ համապատասխան իրավական կարգավորումները զուգահեռ պահելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կառուցակարգին: Մասնավորապես, ի տարբերություն ներկայիս կարգավորման՝ ընդլայնվում են դրա կիրառման շրջանակները՝ ներառելով բոլոր ծանրության հանցագործությունները կատարած անձանց:
ՀՀ քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունների արդյունքում էականորեն կընդլայնվի ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված կառուցակարգի պրակտիկ կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ ի համեմատ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման: Բացի այդ, նախագծով յուրաքանչյուր ծանրության հանցագործության համար նախատեսվում է ազատազրկման ձեւով պատիժը կրելու փաստացի ժամկետ, որը կրելուց հետո միայն դատապարտյալի նկատմամբ կարող է կիրառվել պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը: Հստակ սահմանվում է նաեւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս տուգանքի եւ հանրային աշխատանքների հաշվարկման կարգը: