Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-2281-26.03.2013-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 51-րդ հոդվածի 1-ին մասը «մասով» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը «նկատմամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 77-րդ հոդվածով նախատեսված դեպքերում» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 76-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի եւ փաստորեն» բառերը փոխարինել «եթե դատապարտյալը փաստացի» բառերով,

2) 6-րդ մասի առաջին պարբերության «չկրած մասի» բառերը փոխարինել «չկրած մասի (ցմահ ազատազրկման դատապարտվածի դեպքում՝ պայմանական վաղաժամկետ ազատվելուց հետո՝ 15 տարվա)» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 77-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 77. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը

1. Որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով պատիժ կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով` հաշվի առնելով պատիժը կրելու ժամանակահատվածում նրա դրսեւորած վարքագիծը, հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելը կամ վերացնելը, տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված այլ գործողությունները: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից:

2. Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, եթե դատապարտյալը փաստացի կրել է`

1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.

2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.

3) առանձնապես ծանր հանցագործության, բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների, համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը.

4) սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասով, 132-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 132.2-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 138-րդ հոդվածի երրորդ մասով, 139-րդ հոդվածի երրորդ մասով, 175-րդ հոդվածի երրորդ մասով, 217-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 218-րդ հոդվածի երրորդ մասով, 221-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 222-րդ հոդվածի առաջին մասով, 266-րդ հոդվածի երրորդ մասով, 269-րդ հոդվածի երրորդ մասով, 299-րդ հոդվածի առաջին մասով, 305-րդ հոդվածով, 384-րդ հոդվածի երկրորդ մասով, 387-րդ հոդվածի երկրորդ մասով, 388-րդ հոդվածի երկրորդ մասով, 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, 391-րդ հոդվածի հոդվածի երրորդ մասով, 392-րդ, 393-րդ եւ 394-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը:

3. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող երեք ամսից պակաս լինել:

4. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս դատարանը կարող է ընտրել տուգանքը՝ եթե սույն օրենսգրքի Հատուկ մասով տվյալ հանցանքի կատարման համար նախատեսված է տուգանք պատիժ կամ հանրային աշխատանքները: Ընդ որում՝ ազատազրկման մեկը օրը փոխարինվում է՝ ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափով տուգանքով կամ 3 ժամ հանրային աշխատանքներով: Սույն հոդվածով սահմանված կարգը չի գործում ներման ակտով պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու դեպքում: Ընդ որում, ներման ակտով պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս կարող է ընտրվել սույն օրենսգրքի 49-րդ հոդվածով նախատեսված ցանկացած ավելի մեղմ պատժատեսակ` յուրաքանչյուր պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում:

5. Եթե պատժի չկրած մասի ընթացքում դատապարտյալը՝

1) կատարում է անզգույշ հանցանք, ապա պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը պահպանելու կամ վերացնելու հարցը լուծում է դատարանը.

2) կատարում է դիտավորյալ հանցանք, ապա դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Նույն կանոններով պատիժ է նշանակվում, եթե կատարվել է անզգույշ հանցանք, եւ դատարանը վերացնում է պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը:»:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը վերացվելու դեպքում որպես տուգանք վճարված գումարները հետ չեն վերադարձվում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ցմահ ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն: Այս փոփոխությունը կվերացնի օրենսդրության մեջ առկա այն թերկարգավորումը, որի պատճառով ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո կարող են պայմանական վաղաժամկետ ազատվել պատիժը կրելուց, սակայն նույն ժամկետից հետո չեն կարող տեղափոխվել ավելի ցածր մեկուսացվածության աստիճան ունեցող ուղղիչ հիմնակ՝ պատիժը կրելու համար: Այսինքն՝ նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար կհեշտացվի բաց, կիսաբաց եւ կիսափակ ուղղիչ հիմնարկ տեղափոխվելու հնարավորությունը: Այսպես, ցմահ ազատազրկման դատապարտված եւ փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալները հնարավորություն ձեռք կբերեն փոխադրվելու կիսափակ կամ կիսաբաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն 15 տարին կրելուց հետո (ներկայումս սահմանված 20 տարվա փոխարեն), իսկ բաց ուղղիչ հիմնարկ՝ նշանակված պատժի առնվազն 20 տարին կրելուց հետո( ներկայումս այն սահմանված չէ):

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվող փոփոխության արդյունքում հստակ տարբերակում կդրվի քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու եւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ անկախ հանձնաժողովներին ներկայացվող միջնորդագրերի միջեւ:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախ եւ առաջ վերացվում են պատժի չկրած մասն ավելի մեղմ պատաժատեսակով փոխարինելիս տուգանքի եւ հանրային աշխատանքների նշանակման հնարավորության հետ կապված անհստակությունները եւ դրանք նախատեսող հոդվածներում հստակ նշվում է ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի կիրառման ժամանակ դրանց նշանակման հնարավորությունը:

Բացի այդ, առաջարկվում է էականորեն կատարելագործել պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտի կիրառման հնարավորությունը՝ համապատասխան իրավական կարգավորումները զուգահեռ պահելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կառուցակարգին: Մասնավորապես, ի տարբերություն ներկայիս կարգավորման՝ ընդլայնվում են դրա կիրառման շրջանակները՝ ներառելով բոլոր ծանրության հանցագործությունները կատարած անձանց:

ՀՀ քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունների արդյունքում էականորեն կընդլայնվի ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված կառուցակարգի պրակտիկ կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ ի համեմատ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման: Բացի այդ, նախագծով յուրաքանչյուր ծանրության հանցագործության համար նախատեսվում է ազատազրկման ձեւով պատիժը կրելու փաստացի ժամկետ, որը կրելուց հետո միայն դատապարտյալի նկատմամբ կարող է կիրառվել պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը: Հստակ սահմանվում է նաեւ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս տուգանքի եւ հանրային աշխատանքների հաշվարկման կարգը: