Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-230-29.03.2013-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-474-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 12-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերով.

«12) բեղմնականխում` անցանկալի հղիության կանխում տարբեր միջոցների եւ (կամ) մեթոդների կիրառմամբ.

13)  անպտղություն` զույգի մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու եւ բեղմնականխման միջոցներ եւ (կամ) մեթոդներ չօգտագործելու դեպքում կնոջ հղիության բացակայություն, բացառությամբ կրծքով կերակրման կամ դաշտանադադարով պայմանավորված դեպքերի.

14) հարազատ` ազգական (ազգակցական կապի մեջ գտնվող եւ մինչեւ նախապապը կամ նախատատն ընդհանուր նախնիներ ունեցող անձ):»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «մեթոդները» բառը փոխարինել «միջոցները եւ (կամ) մեթոդները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի`

1) վերնագրում «բեղմնականխման միջոցների» բառերը փոխարինել «բեղմնականխման միջոցների եւ (կամ) մեթոդների» բառերով.

2) 1-ին մասում «բեղմնականխման արդյունավետ միջոցներից» բառերը փոխարինել «բեղմնականխման արդյունավետ միջոցներից եւ (կամ) մեթոդներից» բառերով.

3) 2-րդ մասում «բեղմնականխման առկա միջոցների»  բառերը փոխարինել

«բեղմնականխման առկա միջոցների եւ մեթոդների» բառերով.

4) 3-րդ մասում «պտղաբերության կարգավորման միջոցների» բառերը փոխարինել «պտղաբերության կարգավորման միջոցների եւ (կամ)  մեթոդների» բառերով.

5) 4-րդ մասում «բեղմնականխման միջոցները» բառերը փոխարինել

«բեղմնականխման միջոցները եւ մեթոդները» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4 . Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասում «միջոցների ընտրության» բառերը փոխարինել «միջոցների եւ մեթոդների» բառերով: 
  
ՀՈԴՎԱԾ 5 . Օրենքի 15-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «18-35 տարեկան» բառերը փոխարինել «նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20-35 տարեկան» բառերով.

2) 2-րդ մասում «18 տարեկանից սկսած» բառերը փոխարինել «նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20 տարեկանից սկսած» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 
««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է գործող օրենքում օգտագործվող մի շարք  հասկացությունների սահմանման եւ Հայաստանի Հանրապետությունում փոխնակ մայր հանդիսանալու ցուցումների վերանյման եւ դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցման անհրաժոշտությամբ:

Այսպես` օրենքի տեքստում օգտագործվում են «բեղմնականխում»,  «անպտղություն» եւ «հարազատ»  հասկացությունները, որոնց սահմանումները, սակայն, նշված չեն հիմնական հասկացությունների մեջ: Ներկայացվող նախագծով առաջարկվում է վերոնշյալ հասկացությունների ձեւակերպումները ներառել հիմնական հասկացությունների մեջ:

««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված է` «փոխնակ մայր լինելու իրավունք ունեն 18-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ»: Նշված ձեւակերպմամբ հաշվի չի առնվում կենսաբանական ծնողներին երեխային հանձնելու փոխնակ մոր հոգեբանական պատրաստվածությունը: Միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ փոխնակ մայր կարող են դառնալ նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք, ինչը կարեւոր է երեխային  կենսաբանական ծնողներին հանձնելու հոգեբանական պատրաստվածության, ինչպես նաեւ փոխնակ մայր դառնալու ցանկացող կնոջ առողջության համար, քանզի նախկին հղիության ընթացքն ուղեցույց է հանդիսանում բժիշկների համար տվյալ հղիության վարման եւ հնարավոր բարդություների կանխարգելման համար: Ելնելով վերոնշյալից` անհրաժեշտ է գործող օրենքում ներառել դրույթ, որ փոխնակ մայր կարող են դառնալ միայն նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ անձը համարվում է երեխա մինչեւ 18 տարեկանը եւ որ փոխնակ մայր կարող են դառնալ միայն նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք, ապա անհրաժեշտություն է առաջանում, որ փոխնակ մայր դառնալու թույլատրելի տարիքի ստորին շեմը բարձրացվի, ինչը եւ առաջարկվում է ներկայացվող նախագծով:

Հաշվի առնելով օրենքում առկա որոշ հասկացությունների սահմանման եւ փոխնակ մայր հանդիսանալու ցուցումների վերանայման անհրաժեշտությունն` առաջարկում ենք կատարել համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: