Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-197-Ն օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Մանկական սննդի եւ հարակից ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը սահմանվում է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության
Միավորված Ազգերի Կազմակերպության Հազարամյակի հռչակագրով սահմանված Հազարամյակի մարտահրավերների 8 նպատակներից 1-ը վերաբերում է մանկական մահացության նվազեցմանը: Հայաստանի ստանձնած պարտավորությունը` այն է նվազեցնել մանկական մահացությունը 2/3-ով, առկա ռեսուրսների պայմաններում գնահատվել է դժվար հասանելի, իսկ գործուն միջոցառումների բացակայության դեպքում այն կարող է գնահատվել նույնիսկ անհասանելի:
Բազմաթիվ հետազոտություններ փաստում են, որ կրծքով կերակրման տարածումը կարող է աշխարհում տարեկան միլիոնավոր մանուկների կյանք փրկել: ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի գնահատականներով մինչեւ 6 ամսական տարիքը բացարձակ կրծքով կերակրում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխա: Կրծքի կաթը գերադասելի է երեխային տրվող ցանկացած այլ սննդից, այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութերը` լավագույն փոխհարաբերությամբ, ինպես նաեւ գործոններ, որոնք պաշտպանում են մանկանը հիվանդություններից: Հետազոտությունները ցույց են տվել, որ շշով կերակրվող մանուկներն ավելի հաճախ են ծանր տարափոխիկ հիվանդություններով վարակվում եւ հիվանդանում: Կրծքով կերակրվող երեխաները շշով կերակրվողների համեմատությամբ 25 անգամ ավելի փոքր հավանականություն ունեն կյանքի առաջին երկու ամիսների ընթացքում փորլուծությունից մահանալու: Ալերգիաները, մաշկային հիվանդությունները, ասթման եւ շատ այլ հիվանդություններ ավելի քիչ են հանդիպում կրծքով կերակրվող երեխաների շրջանում: Բոլոր փաստերը վկայում են, որ մանուկները պետք է կերակրվեն կրծքով, սակայն 20 -րդ դարում կրծքով կերակրումն անկում է ապրել:
Կրծքով կերակրման խրախուսման նախաձեռնությունը Հայաստանում սկսվել է դեռեւս 1993թ-ին: Ծրագիրը, որը 1994թ-ին հաստատվել էր ՀՀ ԱՆ կողմից, ենթադրում էր կրծքով կերակրման խրախուսման եւ աջակցման գործելակերպի խթանում բուժաշխատողների ու ծնողների շրջանում եւ հիմնարար կազմակերպա-կառուցվածքային փոփոխությունների իրականացում ծննդօգնության հաստատությունների մակարդակով: Ծրագրի առաջընթացը ակնհայտ էր, սակայն 2000թ.-ին հաջորդող տարիների ցուցանիշի աճի տեմպերը զգալիորեն նվազել են, իսկ 2006թ. նկարագրվել է նույնիսկ որոշակի իջեցում: Մանկական սնունդ արտադրողները եւ բաշխողները, մանկական սննդի պահանջարկը մեծացնելու նպատակով, ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում, օգտվելով օրենսդրության անկատարությունից կիրառում են խրախուսման եւ վաճառահանման այնպիսի եղանակներ, որոնք բացասաբար են ազդում կրծքով կերակրման ցուցանիշների վրա:
1981 թ. ԱՀԿ-ն եւ ՅՈւՆԻՍԵՖ-ն ընդունել են «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգիրքը», որը խորհրդատվական եւ ոչ պարտավորեցնող բնույթ ունի, բայց կառավարությունները եւ կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները ստորագրել են այն: Օրենսգիրքը պարտադրում է, որ բոլոր մայրերը ճշգրիտ տեղեկատվություն ստանան կրծքով կերակրման առավելությունների եւ արհեստական սնուցումից բխող հնարավոր հիվանդությունների եւ բարդությունների մասին: Սույն օրենսգիրքը ադապտացրել եւ իրենց ազգային օրենսդրության մեջ են ներառել եվրոպական տարածաշրջանի երկրներից մեծամասնությունը:
Հայաստանը նույնպես միացել է «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքին», սակայն միայն որոշ դրույթներ են ընդունվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքով, եւ որեւէ այլ ազգային օրենսդրություն, որը կապահովեր օրենսգրքի իրականացման անհրաժեշտ վերահսկում, դեռեւս չի ընդունվել:
«Երեխաների կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» եւ դրան հարակից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը նպատակ է հետապնդում կարգավորել երեխաների կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի եւ հարակից ապրանքների շրջանառության հետ կապված հարաբերությունները: Օրենքի ընդունմամբ նաեւ կկարգավորվեն մանկական սննդի եւ հարակից ապրանքների արտադրության, պիտակավորման, վաճառքի, բաշխման, գովազդի եւ որեւէ այլ ձեւով խրախուսման, ինչպես նաեւ դրանց մասին իրազեկման եւ տեղեկությունների տարածման հետ կապված հարաբերությունները:
ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի երեխայի սնուցման ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը եւ այն գործոնների վերացմանը, որոնք խոչընդոտում են կրծքով կերակրման խրախուսումն` օրենսդրորեն ամրագրելով այդ բնագավառին առնչվող միջազգային փորձն ու պահանջները: