Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «հիսնապատիկը» բառը փոխարինել «երեսունհինգապատիկը» բառով,
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր երկրորդ պարբերություն.
«Քաղաքացիական գործերով վերաքննությունը թույլատրելի է անկախ սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված՝ վեճի առարկայի արժեքի չափից, այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
1.1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասը եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ եւ 19-րդ հոդվածներին համապատասխանեցնելու պահանջով:
1.2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասով վերաքննիչ բողոք բերելու շեմ է նախատեսվում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը եւ այդ դրույթից որեւէ բացառություն չի նախատեսվում:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն իր 2012 թվականի հուլիսի 18-ի ՍԴՈ-1037 որոշմամբ հոդվածի այդ մասը ճանաչել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ եւ 19-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր` այնքանով, որքանով չի նախատեսում բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, մասնավորապես, երբ չեն պահպանվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով եւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. նոյեմբերի 4-ի կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքները»: Նույն որոշման պատճառաբանական մասում նշվում է, որ բողոքարկման ոչ ենթակա գումարային սահմանը պետք է որոշվի նվազագույն ամսական աշխատավարձի, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի, քրեական օրենսգրքով սահմանվող հափշտակության զգալի չափի հետ արդարացի եւ ողջամիտ հարաբերակցություն ապահովելու նպատակից ելնելով:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով նվազագույն ամսական աշխատավարձ սահմանվում է 35 000 դրամը: Այսինքն վերաքննիչ բողոք ներկայացնելու շեմը 30%-ով գերազանցում է նվազագույն աշխատավարձը, ինչը տրամաբանական չէ, քանի որ պետք է լիներ հակառակը, այսինքն, կա՛մ այդ երկուսը պետք է լինեն հավասար, կա՛մ վերաքննիչ բողոքի շեմը պետք է նվազագույն աշխատավարձից պակաս լինի: Այսպիսով, հաշվի առնելով մի կողմից սոցիալական պետության հատկանիշները, մյուս կողմից Հանրապետությունում դատարանների գերբեռնվածության խնդիրը, նախագծով առաջարկվում է հավասարեցնել այս երկու կատեգորիաները:
Հաջորդ կարեւոր խնդիրը, որ լուծվում է սույն նախագծով՝ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալի առկայության դեպքում վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումը վերացնելն է: Ինչպես նշում է Սահմանադրական դատարանը, «վերաքննության իրավունքի սահմանափակումը կարող է իրավաչափ համարվել միայն այն դեպքում, երբ չի խաթարվում արդար դատաքննության իրավունքի բուն էությունը»:
1.3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Սույն նախագծով առաջարկվում է վերաքննիչ բողոք բերելու համար գործով վեճի առարկայի արժեքի հիսնապատիկը դարձնել երեսունհինգապատիկ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված է 35 000 դրամ; ինչպես նաեւ սահմանել վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումներից բացառություն, այն է՝ առաջին ատյանի դատարանի՝ արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալը:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական գործերով վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումներ եւ դրանցից բացառություններ սահմանելու հետ կապված իրավահարաբերությունները:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ մասը եւ դատական օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասը համահունչ կլինեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: