Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի «178-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «178-178.6-րդ հոդվածների 1-ին մասերով» բառերով
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում տնտեսական հարաբերությունների, բանկային համակարգի, ապահովագրական սեկտորի, ներդրումային գործունեության, տեղեկատվական եւ արդյունաբերական տեխնոլոգյաների զարգացմանը զուգահեռ ուրիշի գույքի հափշտակման կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունքի ձեռքբերման նոր ձեւերի առաջացման պայմանավորվածությամբ՝ նկատի ունենալով, որ նման հանցագործությունների կատարումը պահանջում է պետության կողմից հակազդեցության համապատասխան քրեաիրավական միջոցներ: Այդ են վկայում, վերջին տարիներին ՀՀ քրեական օրենսգրքի միայն սեփականության, տնտեսության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների բաժնում բազմաթիվ նոր հանցակազմերի ավելացումը: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից՝ նկատի ունենալով, որ նախատեսված հանցագործությունների վերաբերյալ, մասնավորապես, նշված հոդվածների 1-ին մասերով, գործերը կարող են հարուցվել միայն տուժողի բողոքի հիման վրա:
2. Ընթացիկ իրավիճակը.
Որպես սեփականության դեմ ուղղված հանցագործություն, խարդախությունը հանդիսանում է ամենատարածված ոտնձգություններից մեկը՝ ամենատարբեր ոլորտներում: Սակայն ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրված խարդախության հանցակազմը ամբողջովին չի ներառում այս կամ այն տնտեսական հարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաեւ թույլ չի տալիս պատշաճ մակարդակով ապահովել խարդախությունից տուժած քաղաքացիների գույքային իրավունքների պաշտպանությունը:
3. Առաջարկվող լուծումները:
Նախագծով առաջարկվող լրացումները էականորեն կձեւափոխեն խարդախության մասին հանցակազմերը, որոնք ուղղված են խարդախության տարբեր ձեւերի տարբերակմանը: Նախ, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված հանցագործությունները կատարվում են հասարակական հարաբերությունների ամենատարբեր ոլորտներում, առնչվում են ինչպես առանձին քաղաքացիների, այնպես էլ քաղաքացիների մեծ խմբերի հետաքրքրություններին, իսկ հասարակական հարաբերություններին պատճառում են էական վնաս:
Նախագծով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասը լրացվել է նոր կետով՝ խարդախության հետեւանքով բնակարանի նկատմամբ քաղաքացու իրավունքի կորստին: Նման հատկանիշի ներդրումը մեր կարծիքով արդարեցված է՝ ելնելով խարդախության հասարակական եւ սոցիալական վտանգավորությունից:
Առաջինը` նման գործողություններով խախտվում է մարդու սեփականության եւ բնակարան ունենալու սահմանադրական իրավունքը:
Երկրորդը` բնակելի տարածքի արժեքից կախված եւ ելնելով հասցված վնասի չափից` գործողությունները կարող են որակավորվել ինչպես 178-րդ հոդվածի 2-րդ` խոշոր չափերով, այնպես էլ 3-րդ մասերով` առանձնապես խոշոր չափերով: Նշվածի հետեւանքով առաջանում է նորմերի մրցակցության հիմնախնդիր: Հետեւաբար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասը նոր 4րդ կետով լրացնելու անհրաժեշտությունը բխում է նաեւ իրավական որոշակիության սկզբունքից:
ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է նաեւ 178.1-178.6-րդ հոդվածներով, որոնք պատասխանություն են նախատեսում խարդախության նոր ձեւերի համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 178.1-րդ հոդվածում ամրագրված է վարկավորման ոլորտում խարդախության համար պատասխանատվություն սահմանող հատուկ նորմ, այսինքն վարկառուի կողմից դրամանական միջոցների հափշտակումը, բանկին կամ այլ վարկատուին ակնհայտ սուտ կամ ոչ հավաստի տեղեկությունների տրամադրման միջոցով: Խարդախության այս ձեւը բավականին տարածված է եւ կարող է առաջացնել ծանր հետեւանքներ, նույնիսկ հասցնել ընդհուպ ճգնաժամային իրավիճակների բանկային ոլորտում: Այդ պատճառով էլ այս գործողության քրեականացումը առանձին հանցակազմով հիմնավորված է:
ՀՀ քրեական օրենսգրքի 178.2-րդ հոդվածը նախատեսում է պատասխանատվություն օրենքով եւ այլ նորմատիվ ակտերով սահմանված նպաստներ, փոխհատուցումներ, սուբսիդիաներ եւ այլ սոցիալական վճարումներ ստանալուց դրամական միջոցների կամ այլ գույքի հափշտակման համար, որը կատարվել է սուտ կամ ոչ հավաստի տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաեւ նման վճարումների դադարեցման մասին վկայող տեղեկատվությունը թաքցնելու միջոցով: Այս նորամուծությունը թույլ է տալիս անհատականեցնել նման խարդախության համար պատասխանատվությունը:
Վարկային քարտերի շուկայի զարգացման հետ շատ մարդկանց համար կրեդիտային քարտերը դարձել են գումարները պահելու սովորական միջոց: Այսպիսով, ուրիշի գույքի հափշտակումը, որը կատարվել է ուրիշին պատկանող կամ կեղծ վարկային քարտի կամ այլ վճարային քարտի օգտագործմամբ` վարկային, առեւտրային կամ այլ կազմակերպության իրավասու աշխատողի խաբեության միջոցով, սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 178.3-րդ հոդվածում:
Ձեռնարկատիրական գործունեության ոլորտում խարդախությունը սահմանված է ՀՀ քրեական օրենսգրքի 178.4-րդ հոդվածում: Այն արտահայտվում է ձեռնարկատիրական գործունեությունում պայմանագրային պարտականությունները կանխամտածված չկատարելով: Խարդախության այս ձեւը էականորեն տարբերվում է մյուս նորամուծություններից, քանի որ այն չունի մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարվելու ծանրացուցիչ հանգամանք, ինչպես նաեւ կազմակերպված խմբի կողմից կատարվելու ծանրացուցիչ հանգամանք:
Ապահովագրության ոլորտում կարելի է նշել հատկապես խոցելի ոլորտներ, որտեղ խարդախությունը հասնում է հսկայական չափերի: Դրանք են բժշկական, տրանսպորտային միջոցների, սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացվող եւ այլ տեսակի ապահովագրությունը: Խարդախության այս ձեւի նախատեսումը ՀՀ քրեական օրենսգրքի 178.5-րդ հոդվածում կբարձրացնի ապահովագրության շուկայում խարդախության դեմ պայքարելու որակը:
ՀՀ քրեական օրենսգրքի 178.6-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն՝ խարդախության համար, որը կատարվում է համակարգչային ոլորտում տարբեր միջամտությունների հետեւանքով: Այդպիսի գործողությունները կատարվում են ոչ թե կոնկրետ անձի նկատմամբ խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով, այլ համակարգչային համակարգին հասանելիություն ստանալու միջոցով, որն էլ արդյունքում բերում է ուրիշի գույքի կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունքի ձեռք բերման:
4. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը:
Խարդախության բաժանումը մի քանի նեղ խմբերի արդարացված է նաեւ նշված հոդվածների հատկանիշներով դատավճիռների թափանցիկության եւ օբյեկտիվության տեսանկյունից՝ նկատի ունենալով, որ դատավճիռ կայացնելիս հաշվի կառնվի նաեւ կոնկրետ տնտեսական հարաբերությունների յուրահատկությունը:
Ելնելով դրանից, կարելի է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումները դրական քայլ են հասարակական հետաքրքրությունների պատշաճ քրեաիրավական պաշտպանության, հանցագործությունների ճիշտ որակման, սխալների եւ խարդախության հանցակազմով քրեական գործերի հարուցման ժամանակ չարաշահումների նվազեցման ոլորտներում? հաշվի առնելով խարդախության վերաբերյալ իրավակիրառ փորձը, մասնավորապես ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումները:
Ներկայացված լրացումները կխթանեն նման հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, կօգնեն ավելի հստակ տարանջատել քրեորեն պատժելի արարքները քաղաքացիաիրավական գործարքներից, որոնք հիմնավորվում են նաեւ միջազգային փորձի ուսումնասիրությամբ: Մասնավորապես, Գերմանիայի քրեական օրենսգրքի «Խարդախությունը եւ վստահության հանցավոր չարաշահումը» վերտառությամբ 22-րդ բաժինն իր մեջ ներառում է 10 հանցակազմ: Այսպես, Խարդախության հիմնական հանցակազմի հետ մեկտեղ սահմանվում են նաեւ նրա բազմաթիվ տեսակները, օրինակ` համակարգչային խարդախություն (263ա), խարդախության միջոցով սուբսիդիաների ստացում (264), ներդրումների ժամանակ խարդախություն (264ա): Նման մոտեցում է որդեգրել նաեւ Ռուսաստանի Դաշնությունը փոփոխություններ եւ լրացումներ կատարելով քրեական օրենսգրքի «Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ 21-րդ գլխում, ինչպես նաեւ Իսպանիան (248), Իսրայելը (439-446) եւ այլն: Նախագծի մշակման աշխատանքները համակարգել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտ Սամվել Յուզբաշյանը: