ՀՈԴՎԱԾ 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վերահսկողության նպատակով լիազորված մարմինն իրականացնում է ուսումնասիրություններ եւ տեսչական գործառույթներ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Անհրաժեշտությունը
Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրականացնում է պետական վերահսկողություն՝ ուսումնասիրությունների, քննությունների, թեստերի, որակավորման ու տեսչական գործառույթների միջոցով, միաժամանակ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի՝ Գլխավոր վարչությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ավիացիայի ոլորտում իր լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնող մարմին:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային քաղաքացիական ավիացիայի ոլորտում ստուգումները, տեսչական գործառույթները, ուսումնասիրությունները, թեստերը (այսուհետ՝ ստուգում) իրականացվում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականին Չիկագոյում ստորագրված կոնվենցիայի եւ դրանից բխող՝ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից սահմանված ստանդարտներով, մեթոդաբանությամբ եւ ընթացակարգերով անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում կատարել համապատասխան փոփոխություն, որից բխում է, որ քաղաքացիական ավիացիայի բնագավառում ստուգումների գործընթացը կարգավորվելու է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն կատարել նաեւ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944 թվականին Չիկագոյում ստորագրված կոնվենցիայի եւ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների Գլխավոր վարչությունը թռիչքային եւ ավիացիոն անվտանգության ապահովման համար քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտներում իրականացնում է ստուգումներ եւ մշտական վերահսկողություն նրանց գործունեության նկատմամբ:
Գլխավոր վարչության կողմից ստուգումներ են իրականացվում նաեւ օտարերկրյա սուբյեկտներում, մասնավորապես դեպի Հայստանի Հանրապետություն թռիչքներ իրականացնող օտարերկրյա օդանավ շահագործողներ, օտարերկրյա օդանավեր, օդանավերի տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպություններ, նշանակետ հանդիսացող օտարերկրյա օդանավակայաններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած, սակայն արտերկրներում տեղակայված եւ գործունեություն իրականացնող կազմակերպություններ:
Ըստ գործունեության տեսակների նշված վերահսկողությունը եւ ստուգումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության անդամակցած քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների (ICAO, EASA, ECAC, EUROCONTROL) կողմից սահմանված ստանդարտներով՝ որոնք ներառում են ստուգումների մեթոդաբանությունը, ընթացակարգերը, հարցաթերթերը եւ այլն:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում մշտապես իրականացվում է թռիչքային եւ ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղված գործընթաց, որը առավելագույնս համապատասխանեցվում է միջազգային չափանիշներին:
4.Կարգավորման նպատակը եւ բնույթը
«Ավիացիայի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում փոփոխություն կատարեոլւ մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի ընդունումը հնարավորություն կտա քաղաքացիական ավիացիայի ոլորտում իրականացվող ստուգումների գործընթացը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված միջազգային չափանիշներին, միաժամանակ ապահովելով դրանցով ստանձնած պարտավորությունների կատարումը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Գլխավոր վարչության աշխատակազմում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների աշխատանքային խմբի մասնակցությամբ:
6. Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում ստուգումների գործընթացի համապատասխանեցում միջազգային չափանիշներին: